ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 18.18-27
Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս. եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծոյ արքայութիւնը կմտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ: Այսօրվա Ավետարանը մեզ հիշեցնում է մի հարուստ իշխանավորի մասին, որը Հիսուսի մոտ էր եկել մի հարցով: Հարուստ էր, պաշտոն ուներ, պատվիրանապահ էր, նաև խոնարհություն ուներ, որ լսելով Վարդապետի մասին, Նրա մոտ էր եկել, իրեն հետաքրքրող հարցի համար և հավատում էր, որ իր հարցի պատասխանը ունի բարի Վարդապետը: Հարուստ իշխանավորը բացի իր ունեցած նյութական հարուստ ժառանգություից, կամենում էր ունենալ նաև հոգևոր հարուստ ժառանգություն՝ հավիտենական կյանք: Երիտասարդը ազնիվ էր, քանի որ համոզված էր, որ պատվիրանապահությամբ չէր կարող ժառանգել հավիտենական կյանքը; Ուրեմն ի՞նչ էր մնում անել այդ երիտասարդին:
Սիրելիներ տիեզերքի բոլոր մարդիկ Աստծու առջև հավասար են որպես արարչագործության կատարյալ ստեղծագործություն, սակայն Աստծու պահանջը բոլոր մարդկանցից նույնը չէ: Օրինակ՝ այս երիտասարդին Տէրն ասաց,- վաճառիր քո ունեցվածքը և բաժանիր աղքատներին, ինչը որ չասա՛ց Պետրոսին, այլ ասա՛ց արի Իմ հետևից; Նիկոդեմոսին, որ հրեա վարդապետ էր, ասաց պետք է վերստին ծնվել, իսկ օրենսգետներին ու կրոնական առաջնորդներին ասաց,- վա՛յ ձեզ կո՛ւյր առաջնորդներ:
Մաքսավորին ասաց քո տանը փրկություն եղավ, իսկ հարսանիքի հրավերը մերժողների համար ասաց, որ Իր ընթրիքից չեն ճաշակելու երբեք: Աստծու աչքի առջև բոլոր մարդիկ հավասար են, անկախ նրանց հանգամանքից, իսկ Աստծու պահանջները՝ տարբեր են ըստ նրանց կարողությունից; Սակայն պատվիրանները բոլորին հավասարապես է վերաբերվում:
Հարուստը չի կարող օգտվել հատուկ արտոնությունից և զանց առնել պատվիրանը: Աղքատը չի կարող խղճահարություն առաջացնել և ազատվել պատվիրանապահությունից: Երկրի ղեկավարը ազատված չէ՛ որևէ պատվիրան պահելու պարտականությունից, եթե ինքն իրեն կամավոր չի ազատել դրանից, որի համար ավելի մեծ պատասխանատվության է կանչվելու; Նույնը վերաբերում ցանկացած մասնագիտության, տարիքի, սեռի և ազգության:
Իսկ շնորհները Աստված պարգևում է յուրաքանչյուրին ըստ իր ընդունակության և ընկալելու կարողության:
Աստված մարդկանց տարբեր է ստեղծել, ինչպես մտավոր, այնպես էլ արտաքին տվյալներով, և շնորհներն էլ տարբեր է տվել, որպեսզի մարդիկ միմյանց օգտակար լինեն: Մեկին տվել է հմայիչ խոսելու ունակություն, մյուսին տվել է ուշադիր լսելու հատկություն: Տեսեք Պողոս առաքյալի խոսքը ինչքան համոզիչ է, վստահ է, հասանելի է: Մեկ ուրիշ առաքյալի օժտել է անսահման նվիրումով և նահատակվոլու պատրաստակամությամբ;
Վերադառնանք մեր հարուստ իշխանավորի մոտ, որը տրտմեց, երբ իմացավ, որ պետք է իր ունեցվածքը վաճառի և բաժանի աղքատներին; Նա ակնթարթորեն վերհիշեց իր հարստությունը և այդ պահին հեռացավ՝ հարստությունը վեր դասելով հավիտենական կյանքից: Մեզ ուրիշ տեղեկություններ տրված չէ այդ հարուստ երիտասարդի մասին, գուցե հետագայում ավելի լավ հասկացավ Տէր Հիսուսի այդ պարզ առաջարկը՝ հարստությունը բաժանելու մասին, և ինչ որ քայլեր արեց, մենք չգիտենք: Բայց մենք մեր օրինակից գոնե լավ գիտենք, որ երիտասարդը հաստատ չի վաճառել ու չի բաժանել իր ունեցվածքը: Մենք այդպիսի դեպքերի մասին կարդում ենք միայն սրբերի վարքում: Օրինակ բոլորիս հայտնի և երեխաների սիրելի սուրբ Նիկողայոս սքանչելագործը իր ամբողջ հարստությունը, որը ժառանգել էր ծնողներից, վաճառել և բաժանել է աղքատներին և իր ողջ կյանքը զբաղվել է միայն բարեգործություն անելով; Իր բարեգործության շնորհիվ նա խորհրդանշում է մերօրյա Ձմեռ Պապին;
Աստծու բերանից դուրս եկած որևէ խոսք անկատար չի մնացել և չի մնում նաև մեր օրերում: Երբ Աստված ասում է, վաճառի՛ր քո ունեցվածքը և տուր աղքատներին, Նա կանխավ գիտե, որ ինքն է պարգևել հարստանալու շնորը, որպեսզի ծառայեցնի այլոց կարիքների համար նույնպես: Իսկ երբ հարուստը կառչում է իր հարստությունը և չի օգնում ոչ մեկին, շուտով մի դիպվածով կորցնում է իր ունեցածը, բայց ո՛չ թե Աստված է պատժում իրեն, այլ՝ իր ագահությունը:
Սիրելիներ եթե բոլոր պատվիրանները մանկությունից պահած հարուստ իշխանավորը չկամեցավ բաժանել իր հարստությունը կարիքավորներին, ի՞նչ կարելի է սպասել մի օլիգարխից, որը լուր չունի պատվիրաններից ու առհասարակ Սուրբ Գրքից; Երբեմն Աստված միջամտում է, այսպիսիների հարստության կուտակմանը, որպեսզի հանկարծ այդ հարստությունը չդառնա նրանց կորստյան պատճառ;
Դուք որևէ պատվիրան կամ խոստում չեք գտնի Ավետարաններում, որտեղ մեր Տերը խոստացած լինի, որ հավատացյալ մարդը այս աշխարհի վրա պետք է առանց նեղությունների ապրի, կամ պետք է վայելքների մեջ ապրի; Քրիստոնյայի ողջ կյանքը նեղություններով է անցնում, քանի որ նա խոստում ունի հավիտենական կյանքի երջանկության: Իր անձը ճշմարտապես ճանաչող հավատացյալը չի կարող Աստծու առջև արդար ներկայանալ: Իսկ երբ մարդը մեղքի մեջ է, նա չի կարող լիարժեք ուրախ լինել, հատկապես երբ չի կարողանում պայքարել իր անձի մեղքերի դեմ:
Սրբերից մեկն ասել է,- պատերազմների մեջ զորեղ պատերազմը մեղքերի դեմ մղած պատերազմն է: Իսկ հաղթանակների մեջ մեծագույնը՝ սեփական անձը հաղթելու հաղթանակն է; Հետևաբար սիրելիներ անկարելի է զգալ կյանքի վայելքը՝ առանց Աստծու խոսքի կատարման: Աստված մեզնից պահանջում է մեր ժամանակի մեկ- յոթներորդը, իսկ ունեցվածքի՝ մեկ- տասներորդը: Մենք չենք կարող հրաժարվել այս պահանջից՝ առանց ժամանակի ու ունեցվածքի կորստի: Այսինքն եթե հրաժարվենք ու անտեսենք այս պատգամը, մի գեղեցիկ օր մեր ողջ ժամանակը պիտի տրամադրենք զղջալու՝ մեր ունեցվածը միայն կուտակելու համար: Մենք մեր լավագույնը պետք է նվիրաբերենք Աստծուն՝ ինչպես ժամանակի, այնպես էլ ունեցվածքի, որպեսզի հավիտենական կյանքի հույսն ունենանք:
Շատ հաճախ մարդիկ հրաժարվում են կիրակի օրվա Պատարագից այս պարզ պատճառով: Քանի որ կիրակին հանգստյան օր է, քնելու օր է, հյուր ընդունելու և գնալու օր է, և միակ օրն է որ մեր տրամադրությնա տակ և մենք կարող ենք տնօրինել: Դա մեր միակ լավ բանն է, որի մի քանի ժամը պետք է տրամադրենք Աստծու հրավերին, դարձյալ մեր օգուտի համար;
Հարուստ երիտասարդին տված պատգամը այսօր ուղղված է մեզ՝ ինչի մեջ որ հարուստ ենք: Սպառիր քո ունեցած լավագույն՝ այլոց օգտակար լինելու համար: Պարտադիր չէ, որ մենք միլիոնատեր լինենք, որ կարողանանք մեկին օգնել: Սգակիր մեկին համբերությամբ լսելը հավասար է օգնության: Մի անօգնական ծերի մոտ գնալ և նրան զբաղեցնելը հավասար է օգնության; Ամեն ինչ կապված չէ դրամի հետ, այլ՝ ուրիշի ցավը և կարիքը տեսնելու և օգնելու մեջ է: Ժամանակը նպատակային օգտագործելու մեջ է;
Այսօր հավատացյալ հոտը ծուլության պատճառով չի կամենում առաջին դասարանից փոխադրվել երկրորդ դասարան: Բավական չէ եկեղեցի գնալ միայն; Պողոս առաքյալը նույն խոսքը եբրայեցիներին է ասում շատ մտահոգված, թե՝
«Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ:
Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ինչ են Աստծոյ պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ՝ պինդ կերակրի. քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ»:
Պետք է մի հոգևոր բան վերցնել եկեղեցուց: Բավական չէ վերցնել միայն, այն պետք է կիրառել նաև կյանքի մեջ, որպեսզի եկեղեցի չգնացողները տեսնեն մեր կյանքի դրական տեղաշարժերը և իրենք էլ ձգտեն կապվել եկեղեցուն; Շատ հաճախ ենք լսում պատճառաբանություններ, որ եկեղեցում այս կամ այն թերություն կա; Այ՛ո կա: Մի՞թե ձեր տներում կատարյալ վիճակ է: Անշուշտ ո՛չ: Բայց դուք եկեղեցում կարող եք սովորել Աստծու գործելաոճը և դրանով վերացնեք նաև ձեր տան թերությունները; Սիրելի հավատացյալներ, դուք ուրիշ տեղում չեք կարող լսել ձեր հոգու համար կարևոր թեմաներ, ուրիշ տեղում չեք կարող ազատվել ձեր մեղքերից, չկա ուիշ մի վայր, որտեղ կարողանաք Սուրբ հաղորդություն ստանալ:
Աստծու Արքայությունը և հավիտենական կյանքը ժառանգելը հեշտ չէ, այնպես, ինչպես պարանը չի մտնի ասեղի անցքից:
Այսօրվա Ավետարանի հնչած հարցը թող մեզ էլ մտահոգի, թե՝ «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: Իսկ Աստված, որ տեսնի մեր մտահոգությունը, կասի. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»:
Մնացեք սիրով՝ արժանացեք Աստծու այս պատասխանին, ձեր հնազանդությամբ և Ատսծո խոսքի կատարման մեջ ժրաջան լինելով;
Այսօրվա հարցը. Աստվածածնին նվիրված քանի՞ տոն է նշում մեր եկեղեցին, և որոնք են դրանք:
Աղօթենք միասին
Մարդասե՛ր Տեր, գիշեր ու ցերեկ և ամեն ժամանակ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզնից, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, լսի՛ր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինեն մեր ջանքերը, այլ ընդունի՛ր դրանք որպես արդարության գործ և աստվածպաշտության պտուղ։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքն ու երկրպագությունը և Քո ողորմությամբ վարձատրիր մեզ առատապես։ Պահպանի՛ր մեզ Քո ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրու մեզ, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր մեզ աչքի բիբի պես և բարությունդ ցույց տուր մեզ՝ քո Սուրբ անվան գովաբանության և փառաբանության համար։ Որովհետև բոլոր արարածների մշտնջենական փառաբանությունը բարձրունքներում Քո փառքի համար է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։