ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.32-40
Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք նորից միասին ենք այս եթերաժամով, սա ևս բարի է, քանի որ թեկուզ հեռավորության վրա, բայց հնարավորություն կա մեկ ժամ խոսենք և խորհենք Աստծու պատգամներից, ինչի շնորհիվ բոլորիս սրտերում կայուն ուրախություն է առաջանում, իսկ այդ խոսքի զորությամբ կարողանում ենք որոշումներում ավելի կայուն լինել:
Օրվա Ավետարանից մեզ քիչ բան է պետք իմանալ, սակայն մեր իմացածի մեջ՝ հաստատակամ լինել, դրանով ապրել, դրանով աշխատել: Քանի որ Աստծո խոսքի վրա կառուցած ամեն բան ամուր հիմք ունի:
Այս գիտակցությամբ է, որ մենք տեսնելով ամեն անարդարություն, հանձնում ենք Աստծո արդար դատաստանին՝ միայն աղոթքով ու առանց չարանալու:
Միաբանվենք Հիսուս Քրիստոսի շուրջ, որպես փոքրիկ հոտ և տեսնենք ի՞նչ ասում մեզ՝ այսօրվա պատգամով, որպեսզի բոլոր հոգևոր հաղթանակները մերը լինեն;
Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: Այս մխիթարիչ խոսքով է սկսվում այսօրվա պատգամը: Նախ՝ մեզ իրավունք տվեց Իրեն Հայր կոչել, ապա հայրաբար հորդորում է մեզ՝ չվախենալ: Մենք արդեն գիտենք, որ Տէր Հիսուս աշակերտներին առանձին էր ուսուցանում, մարդկանց բազմությանը՝ առանձին; Ինչ որ բազմությանն էր ասում, հետո առանձի տեղում աշակերտներին բացատրում էր հանգամանալից: Ժողովրդի բազմության մեջ շրջելիս Քրիստոս տեսնում էր, որ պարզ ժողովուրդը մտահոգ է իր օրվա ապրուստի համար, հարուստը կառչած է իր հարստությանը, փառամոլը կառչած է իր փառամոլությունը, կեղծավորները իրենց արտաքին տեսքի վրա էին կենտրոնացած, և ոչ ոք իր հոգու համար մտահոգ չէ: Ոչ ոք հետամուտ չէ Աստծու արքայությանը; Այսինքն մարդիկ ինչպես որ ընտելացել էին մեղքին, այնպես էլ հաշտ ապրում էին մեղքի հետ ճիշտ այնպես, ինչպես որ այսօր ապրում ենք մենք՝ ճանաչելով Նրան, որը մեզ խոստացավ Աստծու Արքայությունը: Տեսավ այդ փոքիկ հոտի կյանքի դժվարությունները և քաջալերելով ասաց, որ նրանք չվախենան:
Մենք նույն փոքրիկ հոտն ենք այսօր մեր Հայաստան աշխարհով և հայ ազգով: Չվախենալու պատգամը տրված է նաև մեզ: Եթե կուզեք իմանալ ավելի շատ մեզնից է պահանջվելու, քան՝ նրանցից, որոնց առաջին անգամ էր ասում այս խոսքերը; Իսկ մենք շատ վաղուց գիտենք, որ Երկնքի արքայությունը մոտեցել է, և պետք է ապաշխարել; Մենք Հիսուս Քրիստոսի աստվածությանը հավատում ենք երեք կարևոր բաների համար: Նախ, որ ներեց մեղավորին, բուժեց հիվանդին, և հարություն տվեց մեռածին և խոստացավ բոլորին: Հիսուս Քրիստոս հարություն տվեց մեռած Ղազարոսին՝ միաժամանակ վերականգնելով նրա վնասված մարմինը, մեզ փաստելու համար, որ համայն մարդկությունը կարող է արժանանալ այս աստվածային հրաշքին՝ որոշակի պայմաններ կատարելու դեպքում: Այսօր բոլոր հարցերն ու պատգամները ուղղված է ո՛չ թե անհատներին, այլ փոքրիկ հոտին՝ այսինքն՝ նաև մեզ, որ այդ հոտի մի մասնիկն ենք և ամեն օր լսում ենք Ավետարանի պատգամները ուղղված առանձին անհատներին, աշակերտներին, փարիսեցիներին, մաքսավորներին, իսկ այսօ՛ր արդեն՝ փոքրիկ հոտին:
Սիրելիներ, եթե ես երե՛ք օր շարունակ այս հաղորդման շրջանակներում ձեզ խոսեմ միևնույն թեման, ձեզնից թերևս մեկը ինձ կասի, թե՝ Տեր Հայր, նույն բանն եք ասում՝ արդեն երրորդ օրն է:
Իսկ եթե ես ձեզ հարցնեմ,- երեք անգամ լսելուց հետո կատարե՞լ եք ձեր լսածը: Պատասխանը բացասական կլինի: Մեր ամբողջ խնդիրները այստեղից են առաջանում:
Փոքրիկ հոտին նույն խոսքերը ասվել է 2000 տարի առաջ, ասվում է հիմա, սակայն փոքրիկ հոտի կյանքը գնալով ավելի է դառնանում և դժվարոնում: Որովհետև փոքրիկ հոտը ուզում է չվախենալ, բայց չի ուզում ենթարկվել չվախենալու պայմաններին:
Տէր Հիսուս Քրիստոս մե՛կ անգամ ասաց,- ես էլ եմ քե՛զ ներում, գնա, այլև՛ս մի մեղանչիր: Մե՛կ անգամ ասաց,- մի՛ վախեցեք նրանցից, որ ձեր մարմինն են սպանում, այլ վախեցեք Ինձնից, որ գեհեն նետելու իրավուքը ունեմ; Նաև մե՛կ անգամ ասաց,- մի՛ վախեցիր փոքրիկ հոտ, որովհետև ձեր հայրը ձեզ ավելի թանկ բան է տվել, քան ձեր ունեցածն է, որը կորցնելու համար վախենում եք: Իսկ եթե դեռ շարունակում եք վախենալ, ու տագնապի մեջ եք ապրում, ուրեմն չեք ենթարկվել չվախենալու կանոներին: Փարիսեցիների նման դուք էլ այսօր նշան եք փնտրում, հրաշք եք ուզում ու տեսնելիս էլ չեք հավատում, իսկ Իմ Անդրեաս առաքյալը եկավ, տեսավ, հավատաց, հետևեց, քարոզեց, և խաչվե՛ց Իմ անվան համար: Այսպես կպատասխաներ մեզ մեր Տէրը, եթե մենք լսեինք Իր ձայնը՝ մեր տված հարցերից հետո:
Վաճառեցեք,- ասում է,- ձեր ինչքերը, և ողորմություն տվեք: Նախորդ հաղորդումների ժամանակ այս պատգամին անդրադառնալու ժամանակ, ես ձեզ ասել եմ, որ այս համարը չհասկացված համար է մեր իրականության մեջ: Քանի որ մարդը ողորմության իմաստը չի հասկացել: Իսկ ողորմության նպատակը չհասկանալ, նշանակում է չհասկանալ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը: Վաճառել և բաժանել ամենևին չի նշանակում սեփական անձը աղքատության և սովի մատնել: Ո՛չ, այդպես չէ; Չնայած այդպես վարվել են սրբերից շատերը՝ Ավետարանի այս տողը կարդալուց հետո և մենք հիմա տեսնում ենք, որ նրանց գանձերը երկնքում են դիզվել: Մենք՝ մեղավորներս այդ սրբերին ենք խնդրում, որպեսզի բարեխոս լինեն մեզ՝ այս կամ այն խնդրանքի դեպքում: Մեզնից պահանջվում է ընդամենը մեր աչքի առջև եղած կարիքավոր մարդուն չանտեսել: Եթե նա կարիք ունի հագուստի, սննդի, դրամի, ապա քո ունեցած երեքից մեկը տուր նրան, որպեսզի նրա գոհության աղոթքը երկինք հասնի, և քեզ համար գանձեր դիզվեն այնտեղ; Ողորմությունը շահ է միայն տվողի համար, թեպետ բավարարում է կարիքավորի պահանջը: Դու օգնում ես կարիքավորին, ուրախանում է կարիքավորը, իսկ Աստված քեզ համար գանձեր է պատրաստում երկնքում; Իրականում աշխարհում երե՛ք անձ են ապրում ու գործում՝ դո՛ւ, մերձավո՛րդ, և Աստվա՛ծ:
Այս պատգամը մեզնից յուրաքանչյուրինն է: Սակայն ողորմությունն էլ իր պայմաններն ունի, որի մասին դարձյալ մեզ զգուշացում կա; Ծածուկ ողորմությունը ընդունելի է Աստծու առջև, չի՛ ամաչեցնում կարիքավորին, և այդ ծածուկ ուրախությունը շա՛հ է տվողի համար: Այս եռակողմ կապն է, որ մարդու սրտում ուրախություն է առաջացնում, հոգում խաղաղություն է առաջացնում, մտքում պայծառություն է առաջացնում: Իսկ երբ խաղաղ է մարդու հոգին, ուրախ է սիրտը, լուսավոր է միտքը, մարդը հետամուտ է լինում Աստծու Արքայությանը՝ նույնիսկ այս անիրավ աշխարհում;
Սա նշանակում է, որ մեր ճրագները միշտ վառած են: Սա նշանակում է, որ երկրի վրա նմանվում ենք այն ծառային, որը գիշեր, թե ցերեկ արթուն սպասում է իր Տիրոջը: Ո՛ր ժամին, որ բախի դուռը, պատրաստ ծառան անմիջապես կբացի և Տէրը նրան կվարձատրի լավ ծառայության համար; Ինչպես որ Հայտնության գրքում ասում է,- Ահավասի՛կ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա ինձ հետ: Քանի որ պահեցիր իմ համբերության խոսքը, Ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին;
Սիրելիներ, իրականում ավելի հեշտ է պատվիրանապահությունը, քան մեղանչումը; Որովհետև երբ մեծահարուստը կեղեքում է ժողովրդին, հարուցում է Աստծու բարկությունը, ավելացնում է ժողովրդի դժգոհությունը, և իր խիղճը դառնում է իր դատավորը և նա կորցնում է իր հանգստությունը այդ հարստության պատճառով: Իսկ երբ իր ունեցվածքից բաժին է հանում աղքատին ու տնանկին, ուրախացնում է Աստծուն, թողնվում են իր մեղքերը, ապահովում է կարիքավորը և խաղաղություն է գտնում բարեգործը; Տէր Հիսուս մեզ ասում է,- Դուք էլ պատրաստ եղեք, քանի որ ձեր չսպասված ժամին կգա մարդու Որդին:
Երբ ասում է մի՛ վախեցիր փոքրիկ հոտ, նկատի ունի այս բոլոր բաները որի մասին խոսեցինք: Իսկ մենք ուզում ենք չվախենանք, առանց բաժանվելու մեր մեղքերից; Ուզում ենք առողջ լինել՝ մեղքերի մեջ կորած: Ուզում ենք հարուստ մնալ, առանց մեկին օգնելու, բայց երկնքում էլ բաժին ենք ուզում: Այդպես չի՛ լինում; Որովհետև այդպես չարեց Ինքը՝ Տէր Հիսուս Քրիստոս: Նախ ներեց մեղքը, բուժեց մարդուն, և ասաց մի՛ կրկնիր, որպեսզի վախերը քո մեջ վերանան:
Սիրելիներ, այսօրվա մեր դաից սովորեցինք, որ ամեն բարիք ստանալու համար պայման կա դրված; Այնպես, ինչպես մարդկության փրկության համար պայման էր, որ Հիսուս Քրիստոս խաչվի:
Ուզո՞ւմ ես հավերժ ապրել, ապրիր որպես մարդ...
Սա երազանք չէ, այլ ջանք հանուն հավիտենականության: Աշխարհը իր այդչափ վայելքներով հանդերձ չունի այն ուրախությունը, որն ունի չափավորության մեջ ապրող՝ Քրիստոսին ճանաչող մարդը:
Այսքան զվարճությունների մեջ աշխարհը չի կարող մարդուն հավիտենական զվարճություն տալ, սակայն ճշմարտությունը ճանաչող մարդը հավիտենական զվարճության մեջ է:
Մնացեք սիրով՝ կատարեք պայմանները, ստացեք բարիքները, և թող ձեր գանձերը հավաքվեն երկնքում; Իսկ ձեր ականջները թող միշտ բաց լինեն դռան թակոցի համար՝ անկախ ժամից ու ժամանակից:
Այսօրվա հարցը՝ . Ինչ՞ սուտ խոսեց Աբրահամը.
Աղօթենք միասին
Գոհանում ենք Քեզնից, Տէր Աստված մեր, որ Քո երևելի լույսով զվարճացրիր Քո բոլոր արարածներին և Քո իմանալի լույսով լուսավորեցիր Քո պատվիրաններով բոլոր Քեզ հավատացողներին: Զորացրու նաև մեզ Տէր, պատվիրաններիդ պահպանության մեջ ցերեկ, թե գիշեր և ամեն ժամ, որպեսզի լուսավորվի մեր միտքը և հաճելի կյանք վարենք Քո առջև, ինչպես բոլոր սրբերը, Քո մարդասիրությամբ և շնորհով, մեր Տեր Հիսուս Քրիստոս Փրկիչ: