ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 18.9-14
Այս առակն էլ ասաց ոմանց, ովքեր իրենց ներսում պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10 «Երկու մարդ տաճար ելաւ աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղօթքն էր ասում. “Աստուա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս յափշտակողները, անիրաւներն ու շնացողները եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12 այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”: 13 Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”: 14 Ասում եմ ձեզ. սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ՝ միւսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօրվա Ավետարանի առակի ընթերցումից կարծում եմ արդեն ձեզ հայտնի դարձավ, թե մենք այսօր ի՞նչ դաս ունենք սովորելու: Մեր թեման այսօր հպարտությունն ու խոնարհությունն է:
Որպեսզի մենք հստակ իմանանք մեր Տիրոջ կարծիքը այս մասին, բավական է հիշենք առակի վերջին տողը, երբ ասում է՝ «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»:
Դավիթ մարգարեն, որը Տէր Հիսուսից շատ առաջ էր, իր սաղմոսներից մեկում ասում է,- Տէրն ընդունում է հեզերին, եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։ Սաղմոս 146
Փարիսեցու և մաքսավորի առակը մենք կարող ենք կարդալ միայն Ղուկասի Ավետարանում, մյուս ավետարանիչները չեն անդրադարձել Քրիստոսի պատմած այս առակին, որը խորքի մեջ բնությագրում է առհասարակ աղոթող մարդկանց երկու տեսակին: Մենք գիտենք, որ երուսաղեմի տաճարը շատ մեծ էր, և անկարելի է, որ տաճարում միայն այս երկու մարդիկ լինեին: Ուրեմն փարիսեցին և մաքսավորը դարձյալ հավաքական կերպար է, որը ներկայացնում է աղոթող մարդկանց երկու խմբին, և նրանց տրվող գնահատականը՝ Տիրոջ կողմից:
Առհասարակ Ավետարանում մեր Տէրը շատ հաճախ է նման համեմատություններ անում, առավել բնութագրելու մարդկանց տեսակները: Օրինակ՝ տասը կույսերի առակը ևս նկարագրությունն է մարդկանց հոգևոր նախապատրաստության, երկու պարտապանները, Սերմնացանի չորս տեսակի հողերը, ընթրիքի կանչվածները, մեծահարուստն ու աղքատ Ղազարոսը, կամ երկու որդիները: Նմանատիպ առակների պատմությունը առավել ճշգրտությամբ է նկարագրում մարդու այդ տեսակը: Վստահ եմ, որ նշված առակները բոլորն էլ կարդացել եք, հիմա դրանց չանդրադառնանք: Վերադառնանք տաճար, տեսնենք, թե ի՞նչ էր խնդրում փարիսեցին, կամ մաքսավորը ինչո՞ւ էր իր կուրծքը ծեծում: Փարիսեցիները իրենց վարքագծով մեզ արդեն ծանոթ են: Նրանք սիրում են ներկայանալի տեղերում իրենց աղոթքները միտումնավոր երկարացնել, որպեսզի ջերմեռանդ աղոթող երևան, սիրում են մարդկանց աչքին երևալ իրենց հատուկ զգեստներով՝ հարգանքի արժանանալու համար, և այլն: Տաճարում էլ նույն կերպ կանգնել էր աղոթքի փարիսեցին և Աստծուն փորձում էր համոզել, որ ինքը բարեպաշտ է, այլոց նման չէ, և ըստ իրեն բնութագրելու ձևից, կարելի է կարծել, որ Աստծուց ավելին էր ակնկալում, քան մյուսները: Իր վարձը կամ պարգևը Աստծուց՝ առավել պետք է լինի, քան օրինակ մաքսավորինը: Իմիջիայլոց, փարիսեցիների համար ասվում է, որ նրանք իրականում տասանորդի հարցում պարտաճանաչ են, օրենքի գրքերը կարդալու մեջ ջանասեր են, շնությունը նրանց համար մեծագույն մեղք է: Սակայն այս դրական կողմերը ունենալով հանդերձ, անվերջ արժանանում էին Հիսուս Քրիստոսի քննադատությանը, իրենց ցուցամոլության պատճառով, իրենց հպարտության ու կեղծավորության պատճառով:
Այդքան կարդացած և ուսյալ փարիսեցիները չէին հասկացել սուրբ գրքերը, և իրենց վրա կրում էին մահացու մեղքերից առաջինը՝ հպարտությունը: Այստեղից կարելի է ենթադրել, որ գիտությունը կարող է մարդուն մղել հպարտության, եթե այն չի ծառայում աստծո փառքի համար: Իսկ երբ Աստծո փառքի համար չէ, անմիջապես առաջ է գալիս մարդու փառքը և ինքնաերկրպագությունը: Փարիսեցիների թերությունը իրենց մեծամտությունն էր, որը ոչնչով նվազ չէ, քան մաքսավորի որևէ մեղք, որի համար կուրծ էր ծեծում Աստծո առջև: Փարիսեցին շնորհակալ էր Աստծուն, որ Աստված իրեն մյուս մարդկան պես չի ստեղծել, բայց ափսոս, որ Աստված շնորհակալ չէր փարիսեցու կեղծավորությունից և ամեն հանդիպման ժամանակ հանդիմանում էր նույն մեղքի համար: Ամե՛ն ոք կարող է Աստծուց շնորհակալ լինել, և ո՛ չ միայն կարող է, այլ՝ պարտավոր է շնորհակալ լինել, քանի որ Աստծու տված բարիքները կատարյալ են՝ մարդուն կատարյալ դարձնելու համար: Սակայն երբ մարդը այդ բարիքները գործադրում է սեփական անձը բարձրացնելու, այլոց աչքին առավել երևալու համար, շատ շուտով հայտնվում է հպարտության, և կեղծավորության մեղքի մեջ, և Աստված նրան խոնարհեցնում է հարմար առիթների ժամանակ: Հետևաբար միայն շնորհակալ լինել Աստծուց, բավարա չէ՛, պետք է որ Աստված էլ շնորհակալ լինի՝ իր պարգևները հավուր պատշաճի՝ մարդկանց ծառայեցնելու համար: Երբ փարիսեցին բարձրաձայն ասում է Աստծուն, որ ինքը նման չէ շնացողին կամ հափշտակողին, նշանակում է, որ ինքը զերծ է այդ մեղքերից, և այստեղ է սխալը, որ մատնացույց է անում նրանց, որոնք այդ մեղքի մեջ են: Խուսափել է շնության մեղքից և այդ առաքինության պատճառով ընկել է մեկ այլ արատավոր մեղքի՝ հպարտության մեջ:
Սիրելիներ, մենք այստեղ շատ մեծ դաս ունենք սովորելու: Բավական է մի քայլ արած լինենք հոգևոր կյանքում, անմիջապես սկսում ենք նկատողություն անել նրանց, որոնք դեռ չգիտեն: Այս արատավոր երևույթը նկատվում է հատկապես եկեղեցում՝ Պատարագի ժամանակ: Պատարագի մշտական մասնակիցներից շատերը անհիմն նկատողություն են անում նորեկներին՝ օրինակ՝ գլխաշորի, կանգնելու կամ նստելու, աղոթքի ժամանակ ձեռքեր ինչպես պահելու և էլի շատ ուրիշ անհեթեթ բաների համար: Սրանք պատճառ են դառնում նորեկների հիասթափության համար: Նույնիսկ Պատարագի գիտակը իրավունք չունի նկատողություն անելու, եթե զուրկ է սիրով զգուշացնելուց; Շատ պարագաներում նորահավատը ներկաներից է սովորում; Իսկ երբ ներկաներն են սխալներ թույլ տալիս, ապա այդ սխալները շարունակվում են՝ մեկը մյուսից սովորելով: Սիրելիներ շատ կարևոր է կարդացածը հասկանալ, մտապահել և կիրառել: Միայն իմանալը կտանի դեպի փարիսեցիություն: Բարեպաշտը իր բարեպաշտությունը Տիրոջից է ստացել, ուրեմն ո՞ւմ առջև կարող է հպարտանալ: Նույնն է, թե՝ հիվանդը հպարտանա բժշկի առջև, թե դեղերը խմում է ժամանակին;
Մի՞թե դեղերը հիվանդի օգտի համար չեն: Եթե հիվանդը չխմի իր դեղերը, վնասը հիվանի՞ն է, թե բժշկին: Նույնն էլ հոգևոր բարեպաշտության պարագայում է: Այդ բարեպաշտությունը ո՛չ թե հպարտանալու համար է, այլ՝ հարգանք վայելելու, խոսքը իշխանությամբ ասելու, հեղինակությունը բարձր պահելու, ինչի դեֆիցիտը ունենք այսօր ամեն բնագավառում, սկսած քաղաքական դաշտից , մշակութային, առողջապահական, հոգևոր և բոլոր ոլորտներում: Որովհետև այս առակը չի կարդացվում, կամ էլ կարդացվում է՝ ու չի ընկալվում շատերի կողմից:
Ավետարանի ճշմարտությունը սխալ ընկալելու դեպքում, մարդը կհայտնվի հպարտության և կեղծավորության մեղքի մեջ, նաև կհաստատվի անզեղջ հոգեվիճակում: Առանց Քրիստոսի օրինակը աչքի առջև ունենալու, անկարելի հասկանալ Իր խոսքը:
Տէր Հիսուս Քրիստոս, Բարձրյալ Աստծո Որդի, Դու որ մեզ ամեն տեսակ առակ պատմեցիր, ամեն պատգամ ու պատվիրան տվեցիր, և նա՛և զգուշացրիր, թե՝ ինչպես լսենք: Շնորհ արա մեզ, որպեսզի մեր գիտելիքը չդառնա մեծամտության պատճառ և մեր աղոթքի մեջ կանգնենք Քո առջև որպես փարիսեցի:Այդ տուր մեզ շնորհ՝ մեր գիտելիքը ծառայեցնելու Քո փառքի համար և այլոց բարիքի համար՝ անտեսելով մեր անձի բարեպաշտությունը:
Փարիեսեցու մասին բավական երկար խոսեցինք, և մեր դասը սովորեցինք՝ հեռու մնալ ցուցադրաբար աղոթքի վտանգից:
Այժմ տեսնենք, թե ի՞նչ ունենք սովորելու մաքսավորից, որը մեզ պես մեղավորի մեկն է: Ի՞նչ էր խնդրում մաքսավորը Աստծուց: Միայն ներում էր հայցում, և ուրիշ ոչի՛նչ: Մ՞իթե մաքսավորը ո՛չ մի առաքինություն չուներ, որ չէր ցուցադրում Աստծու առջև: Անշո՛ւշտ կունենար, քանի որ ամեն մարդու մեջ կա առաքինության մի լույս, ուղղակի մարդը նախընտրում է մեղքը և այդ առաքինությունը խամրում և մնում է մեղքի ստվերում:
Ավետարանիչը ասում է, մաքսավորը չէ՛ր կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուծքը, և ասում,- Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս: Այո, մաքսավորը թեպետ մեղավոր, բայց հավատում էր, որ կանգնած է Կենդանի Աստծու առջև, և այլևս կարիք չկա Աստծուն ներկայացնել իր դրական ու բացասական կողմերը, քանի որ Աստված սրտերն է քննում: Մաքսավորը ինքը գիտեր իր գործած մեղքերի մասին, այդ մասին գիտեր նաև Աստված:Մաքսավորը հավատում էր իր աղոթքին, այնպես, ինչպես Դավիթ թագավորն էր ասում իր սաղմոսում, թէ՝ Իմ անօրենությունները ես անձամբ գիտեմ, և իմ մեղքերն իմ առջև են միշտ:
Մենք մի ուրիշ օրինակ էլ ունենք Ավետարանից՝ Զաքեոսի մասին, որը Քրիստոսին իր տուն՝ ճաշի հրավիրելուց հետո, խոստացավ կրկնակի ու եռակի հատուցել նրանց, որոնց կեղեքել էր: Զաքեոսի այդ արարքը Հիսուս Քրիստոսի կողմից գնահատվեց մեկ բառով՝ փրկություն: Փրկություն եղավ այդ տանը, և փրկություն կլինի բոլոր այն տներում, որոնք կլսեն ու սրտով կհասկանան Աստծու խոսքը և իրենց կուտակած հարստությունը ոչինչ կհամարեն իրենց գտած աստվածային հարստության հանդեպ: Մեր առակի մաքսավորը հավանաբար իր մտքում հիշում էր իրենից կեղեքվածների մասին և ներում էր հայցում Աստծուց: Ավետարանը մեզ չի ասում, և մենք չգիտենք, արդյո՞ք այս մաքսավորն էլ Զաքեոսի պես բաժանեց իր ունեցվածքը, որ մարդկանց զրկելով էր հավաքել, թե՞ ոչ: Բայց մենք ավելի կարևոր բան իմացանք, իմացանք, որ այս մաքսավորը արդարացած գնաց իր տուն:
Իսկ այն փարիսեցին, որը տասանորդը երբեք չէր ուշացնում, չարդարացվեց Տիրոջ կողմից: Որովհետև իր անձը բարձրացնում էր իրեն Ստեղծողի առջև: Իսկ մեր մեղավոր մաքսավորը նույնիսկ աչքերը վեր չէր բարձրացնում, և արդարացվեց Տիրոջ կողմից: Սա է ամբողջ բացված գաղտնիքը՝ Քրիստոսի խոսքը լսող քրիստոնյայի համար՝ որպես լավագույն օրինակ:
Շա՛տ ուսուցողական առակ է՝ ամենքի՛ս վերաբերող: Եթե մենք էլ խոնարհություն ունենանք մեզ կգտնենք առակի մեջ՝ թե ինչպես երբեմն մենք էլ մեծամտության և ցուցամոլության մեջ ենք հայտնվում: Հետևաբար չլինենք մեծամիտ, եթե նույնիսկ բարեպաշտ ենք, և խոնարհ լինենք Աստծու առջև, քանի որ ամեն րոպե կարող ենք հայտնվել մեղքի մեջ: Եթե ոչ ֆիզիկապես, ապա մտքով ու խոսքով:
Սիրելիներ, սխալ է այն մտավախությունը, որ ասում են, թե դժվար է պահել Տիրոջ պատվիրանները, քանի որ մեր օրերում գայթակղությունները շատացել են: Գայթակղություններ և մեղքեր եղել են բոլոր ժամանակներում: Փարիսեցիներ և մաքսավորներ եղել են ու կան բոլոր ժամանակներում: Ուղղակի մարդը անհնարին է դարձնում պատվիրանի կատարումը, քանի որ սիրում է մեղքը, սիրում է իր հեղինակությունը, սիրում է առաջինը և ներկայանալի լինելու փառքը: Անկարելի է լինել հպարտ բարեպաշտ, անկարելի է լինել հպարտ մեղավոր:
Մենք շատ օրինակներ ունենք, երբ մարդը հպարտանում է իր գործած մեղքերով, և երբեմն էլ ոմանք նախանձով են նայում նրա հաջողություններին, որոնք ձեռք են բերվում մեղքի պատճառով: Աստծու աչքի առջև առավել ընդունելի է զղջացող մեղավորը, քան հպարտ բարեպաշտը: Աստծու խոսքի ճիշտ ընկալումը մարդուն դարձնում է խոնարհ, զղջացող և մեղքից հնարավորինս խուսափող մարդ: Աստված թող շնորհի ամենքիս՝ մեղքի գիտակցություն և խոնարհաբար զղջում՝ մեղքի համար: Աստված եկավ կորսված մեղավորին գտնելու և փրկելու հավիտենական մահից: Հպարտության պատճառով դուրս չմնանք Աստծու փրկության ծրագրից:
Մնացեք սիրով՝ առակի հերոսների դրական գծերը վերցնելու ակնկալիքով:
Այսօրվա հարցը՝ Ըստ այսօրվա առակի տրամաբանության, դու Տիրոջից արդարացա՞ծ կգնաս տուն աղոթքից հետո:
Աղօթենք միասին
Ցերեկվա Տէր և գիշերվա Ստեղծիչ, Դու որ ստեղծեցիր ցերեկը բարիք գործելու մեր փրկության համար, իսկ գիշերը՝ մեր տկարացած մարմինների հանգստության համար, այժմ Քեզ երկրպագողներս բացելով մեր բերանները օրհնաբանում ենք Ահավոր և Փառավորյալ Սուրբ Անունդ: Ընդունիր և այժմ մեր աղաչանքները և առաջնորդիր մեզ ուղիր հավատով և առաքինասեր վարքով պաշտել քեզ անդադար: Սաղմոսներով և հոգևոր երգերով անդադար փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից: