ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 7.1-10
Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ: 2 Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր: 3 Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային: 4 Եւ նրանք, Յիսուսի մօտ գալով, թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5 որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»: 6 Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկուի. 8 որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»: 9 Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: 10 Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Ամեն բացվող առավոտի համար երախտապարտ ենք Աստծուն: Աստվածային գիտելիք ունենալու համար շնորհակալ ենք Աստծուն: Այդ գիտելիքը մարդկանց փոխանցելու շնորհի համար գոհություն ենք հայտնում Աստծուն: Բոլոր լսող ականջների ու հոգիների համար փառք ենք տալիս Աստծուն: Տեսնո՞ւմ եք սիրելիներ, ինչ լավ բան,որ ունենք, բոլորը Աստծուց է, և ո՛չ մեզնից: Սա արդեն բավական մեծ ապացույց է, որ մենք պարծենալու ոչի՛նչ չունենք: Եթե ամեն լավ բան Աստծուց ենք ստացել, ուրեմն մեր ամեն օրը պետք է սկսենք Իր պատգամի տրամաբանությամբ: Ի՞նչ է ասում մեզ այսօրվա Ավետրանը: Ո՞րն է մեր դասն այսօր.
Մեր Տէրը այն բոլոր հարցերը ուղղում է բազմությանը և այսօր էլ ուղղում է մեզ, այնքան պարզ են, որ նույնիսկ մեկնության կարիք չունեն: Հարյուրապետի պատգամաբերների հետ հանդիպելուց Նա առաջ խոսում է բազմության հետ և հարցեր էր տալիս մարդկանց պարզ ու հասարակ: Օրինակ հարցնում է,- Ինչո՞ւ Ինձ Տէ՛ր, Տէ՛ր եք կոչում, իսկ ինչ ասում եմ չեք անում:
Այս հարցը ուղղված մեզ հե՛նց այսօր, այս փորձությունների ժամանակահատվածում:Միթե մեծամասնությունը կարող է պատասխանել այս հարցին: Հավանաբար այն ժամանակ էլ խոսքը լսում էին ու չէին պահում, որ հարցում էր: Մենք չգիտենք այդ մասին, բայց մենք լավ գիտենք մեր մասին: Որևէ աստվածաբանական միտք չկա այս հարցի մեջ, հարցը տողատակ չունի, ուղղակի հարցնում է, - ինչո՞ւ եք Ինձ կանչում, եթե իմ ասածը չեք անելու: Ինչո՞ւ եք կանչում բժիշկ, եթե նրա տված դեղը չեք խմելու: Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, Տէր Հիսուս չի հանդիմանում, իր խոսքը չպահելու համար, ուղղակի ասում է,- եթե Իմ խոսքը պահեք կնմանվեք այն մարդուն, որը իր տունը կառուցեց ժայռի վրա, և հեղեղը գալով չվնասեց նրա տունը, քանի որ ժայռի վրա էր:
Իսկ եթե Իմ խոսքը լսեք և չպահեք, կնմանվեք այն մարդուն, որը իր տունը կառուցեց ավազի վրա, և երբ հեղեղը բարձրացավ, տունը փուլ եկավ և այդ տան կորուստը շատ մեծ եղավ: Աստվածաշնչում մի օրինակ էլ կա, երբ մեծ ջրհեղեղ եղավ, և կորուստը շատ մեծ եղավ, բայց, ով լսել էր և պահել էր Աստծու խոսքը, նրա տունը չքանդվեց, այլ դարձավ ազգերի նախահայր:
Մենք սովորաբար կատարում ենք նրա խոսքը, ումից վախենում ենք. Ով որ կարող է մեզ պատժել, զրկել մեզ դրամական միջոցներից, և այլն: Մենք չենք պահում Նրա խոսքը, Ով սիրում է մեզ, Ով Իր Կյանքը չխնայեց մեզ համար, որպեսզի մենք ուրախ ապրենք:
Զարմանալի հակասություն կա մարդու մտածելակերպի և իր վարած կյանքի միջև: Մարդը կամավոր չի կատարում իր պարտականությունները, հայտնվում է վատ իրավիճակում և սկսում է գանգատվել իր կյանքի ու բախտից:
Մարդու կյանքի պարտականությունների օրենսգրքում գրված է, որ աշխարհի վայելքները քեզ ժամանակավոր կուրախացնեն և քեզնից կխլեն քո հավիտենական ուրախությունը, սակայն ընտրության մեջ ազա՛տ ես, ո՛վ մարդ; Աշխարհը քեզ խաղաղություն չի կարող տալ, քանի որ այս աշխարհի իշխանը չարն է: Դու չես կարող ծառայել չարին և ուրախ ապրել:
Սակայն դու կարող ես ժամանակավոր կյանքիդ մեջ ապրել չափավոր և ընտրել հավիտենական ուրախությունն ու հավիտենական կյանքը:
Սիրելիներ, ինչպես որ պարզ են մեր Տիրոջ տված հարցերը, այնպես էլ պարզ են Նրա առաջարկած պայմանները՝ լավ կյանքի համար: Միթե պարզ չէ ասված, թե՝ երկու Տիրոջ չես կարող ծառայել, մեկին կսիրես, մյուսին կատես: Ուղղակի մեզ ձեռնտու չէ հասկանալ մի բան, որը մեզ կզրկի մեր սիրելի մեղքերից:
Ավետարանն ասում է,- և ժողովուրդը Նրան լսեց: Լսեց, բայց միայն այդ պահի համար ուրախացավ, հիացավ Նրա խոսքից և գնաց իր ճանապարհով: Բայց բազմության մեջ կար մեկը, որը լսել էր Քրիստոսին, հավատացել էր Նրան, մտապահել էր Նրա խոսքը և Իր սիրելի ծառայի հիվանդանալուն պես, պատգամավորներ է ուղարկում Հիսուսի մոտ, որպեսզի գա և բժշկի իր ծառային:
Ղուկաս ավետարանիչը հարյուրապետի նկարագրության մեջ չի մոռացել նշել նրա քրիստոնեական առաքինությունները: Ծառան սիրելի էր հարյուրապետի համար; Սա հազվագյուտ երևույթ է մեր օրերում, սովորաբար մենք տեսնում և լսում ենք, որ գործատերը հալածում, վիրավորում և ոտնահարում է իր ծառայողի իրավունքները, իսկ հարյուրապետը իր սիրելի հավանդ ծառայի համար Տեր Հիսուսին է կանչում: Հարյուրապետի բարեպաշտությունը փաստում են նաև նրա ուղարկած պատգամավորները, որոնք թախանձագին խնդրում էին, ասելով,- արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետև նա սիրում է մեր ազգը, և ժողովարան շինեց մեզ համար:
Մարդիկ երախտապարտ են և գնահատում են մեկին, որը իրենց համար ժողովարան է շինել: Մեզ համար այդքան եկեղեցիներ են կառուցվում, այդքան պատարագներ են մատուցվում, այդքան աղոթքներ են արվում, մենք աղոթո՞ւմ ենք արդյոք կառուցողների համար, թե միանգամից ասում ենք՝ փողելը լվալու տեղ էր՝ եկեղեցի կառուցեց: Կամ ասում ենք եկեղեցի կառուցելով իր մեղքերը չի ներվի և այլն: Ատսծու դատն ու դատաստանը վերցնում ենք մեր ուսերին ու ծանրությունից չենք կարողանում քայլել: Մինչդեռ կարող ենք ասել, մե՛զ համար կառուցեց եկեղեցին որ աղոթք անենք, փառք Աստոծուն այս բարի գործի համար:
Տէ՛ր Աստված, Դու ես Միակ շնորհներ պարգևողը, տո՛ւր մեզ տեսնելու և գնահատելու շնորհը, գնահատելու և սրտով աղոթելու շնորհը:Մենք նույնիսկ լավ բաների համար չենք աղոթում, էլ ո՞ւր մնաց թե ամբարիտ ղեկավարի համար կարողանանք աղոթել:Մինչդեռ Դու կամենում ես, որ աղոթքով ինքներս մեր սիրտը մաքրենք նախանձից ու չարությունից, իսկ իշխանավորի դատ Քո մոտ է: Ողորմիր մեզ, Տէ՛ր:
Հարյուրապետի երկրորդ առաքինությունն է ի հայտ գալիս, երբ Տէր Հիսուս մոտենում է նրա տանը՝ ծառային բժշկելու նպատակով:
«Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես», ասում է հարյուրապետը: Բայց մենք քիչ առաջ տեսանք, թե ինչպես էին նրան մեծարում և նրա համար ինչպես էին խնդրում նրա պատգամաբերները:
Իսկ ինքը համեստորեն ասում է՝ արժանի չեմ; Այո, մարդ կա, որի ամեն արարքը ավետարանական մի խոսք է հիշեցնում իր խորանհության պատճառով: Հարյուրապետի այս պատասխանը, թե՝ արժանի չեմ, մեզ հիշեցնում է առակաց գիքի խոսքը, թե՝ «Թող քեզ քո ընկե՛րը գովի և ոչ թե քո բերանը, օտա՛րը և ոչ թե քո շուրթերը»:Առակաց 27 Սա այն մարդն էր, որը զարմանք պատճառեց Հիսուս Քրիստոսին՝ իր հավատքի պատճառով, և Տէրը ասաց,- «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած:
Մենք էլ ենք ուրախանում բոլոր նրանց հետ, ում առաջնորդում է իմաստությունը, բայց մենք մեր կյանքի համար չենք խնդրում իմաստություն, որը ամեն բանի ծնունդ տվողն է:Իմաստություն ունեցող մարդը սովորում է առանց նենգության և բաշխում է առանց նախանձի, որովհետև նա չի թաքցնում Աստծու հարստությունը, և առատորեն բաժնեկից է անում ամենքին: Եթե մեր սրտերը մաքուր լինի և մեր մտքերը ազատ լինի ամեն տեսակ պղծությունից, Աստված մեզ էլ կտա Իր անսխալ գիտությունը, որպեսզի ճանաչենք աշխարհի հաստատման կարգը, ժամանակների սկիզբն ու վախճանը և նաև մեր ապրած ժամանակները: Իսկ եթե իմաստություն չունենանք և Աստծու խոսքն էլ մեր սեփականությունը չդարձնենք, չենք կարող հասկանալ այն պարզ հարցերը, որ մեզ տալիս է մեր Տէր Հիսուս Քրիստոս, թե ինչո՞ւ եք իմ անունը տալիս, եթե իմ խոսքերը չեք պահում:Որևէ հիմնավոր պատասխան չկա այս հարցին, եթե մենք էլ վերը նշած մարդու նման մեր տունը կառուցել ենք ավազի վրա: Տէր Հիսուս Քրիստոս հստակ ասում է,- փշերից թուզ չե՛ն քաղում, ո՛չ էլ մորենուց՝ խաղող: Ամեն ծառ իր պտուղն է տալիս: Իսկ չոր ծառը կտրվում է, և հնոցն է նետվում:
Սիրելիներ, մենք, որ սկսել ենք միասին այս հաղորդաշարը, ինքնանպատակ չէ անշուշտ: Իմ նպատակն է Աստծու անսահմանափակ հարստության մասին ո՛չ միայն ձեզ տեղեկացնել, այլ՝ առատորեն բաժանել ձեզ՝ ըստ ձեր ցանկության և վերցնելու ունակության, քանի որ այն ձեր բարիքի համար է: Իսկ ես կանչված եմ Աստծու հարստությունը ձեզ բաժանելու համար, ինչը անում եմ սիրով, ոչ թե հոգոց հանելուվ:
Քանի որ մեզնից յուրաքանչյուրը Աստծու թագավորության դաշտում մի պաշտոն է կատարում, և Աստծու Ամենատես աչքը հսկում է օրնիբուն մեր ծառայությունը, որպեսզի վարձատրի, կամ հաշվետվություն պահանջի, ասելով՝ այլևս չես կարող տնտես լինել, քանի որ քո մասին ամբադտանություն եղավ: Մեզ պատվիրված է աղոթել մեր (հարյուրապետերի համար), մանավանդ՝ երկրի ղեկավարների համար, քանի որ նրանց սխալ որոշումից կարող են ազգեր կործանվել:
Տէ՛ր Աստված, Դու ազատիր իշխանավորների հոգին չարի ձեռքից, որպեսզի բարի օրենքներ ընդունեն և մենք խաղաղության մեջ ապրենք մեր կյանքը և փառավորենք Քո Սուրբ Անունը, քանի ու Դու բոլոր մարդկանց փրկությունն ես ուզում:
Անշուշտ լավ է բարեպաշտ առաջորդ ունենալ, աստվածավախ ղեկավարներ ունենալ, բայց մեզ պատվիրված է աղոթել նաև հատկապես ամբարիշտ ղեկավարների համար, որոնց դատաստանը Աստծունն է, ժողովրդին հալածելու համար: Իմաստունի խոսքերը ուղղված են հենց իշխանավորներին, որ ասում է,- Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք. սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ: Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները: Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծոյ կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը: Հզօրներն աւելի խիստ են դատուելու, որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ: Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք: Իմաստ.6:10
Սիրելիներ, շնորհակալ ենք Աստծուն՝ այստեղ ներկա գտնվող բոլոր ունկնդիրների համար և հատկապես այն բանի համար, որ բոլորս միասին մեր նոր սկսվող օրվա առաջին մեկ ժամը անցկացրինք Աստծուն հաճելի մի գործի մեջ, և խոսում էինք Իր մասին, և Աստված մեզ հետ էր, ըստ Իր խոսքի, թե որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես նրանց հետ եմ; Իսկ եթե մեր միտքը, սիրտը և հոգին էլ ներդաշնակ էր այս եթերաժամին, ուրեմն առավել ուրախացրինք Աստծուն՝ գոնե այս մեկ ժամով:
Այսօրվա հարցը . Ովքե՞ր կրակի հնոցի մեջ նետվեցին և ինչո՞ւ.
Աղօթենք միասին
Հիշիր Տէր, Քո պաշտոնյաներին, որոնք մեր հոգևոր ծնողներն են, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, մեզ կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, վաստակավորներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, բանտարկյալներին. իշխաններին, չարիք գործողներին, բարիք գործողներին, մեր թշնամիներին, մեզ ատողներին, և բոլոր նրանց, որոնք պատվիրեցին մեզ հավատով: Հիշիր Տէր և ողորմիր: