ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 18.1-8
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: 2 Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: 3 Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տե՛ս”: 4 Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»: 6 Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: 7 Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կլինի: 8 Այո՛, ասում եմ ձեզ. նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ. Այսօրվա մաղթանքս ձեզ այն է, որ դուք օրվա Ավետարանից մեկ կարևոր տող անգիր անեք, քանի որ միշտ չէ, որ Ավետարանը ձեր ձեռքի տակ է լինում: Ձեր խոսակցությունը գեղեցիկ դարձնելու համար համապատասխան տեղերում մեջբերումներ անեք Ավետարանից: Եվ խոսքը գեղեցիկ կստացվի, և լսողի ականջին հաճելի կլինի, և դուք կհմտանաք Աստծո խոսքի մեջ: Այսօրվա Առակը, որ պատմում է Տէր Հիսուս, մեր եկեղեցիներում կարդացվում է Մեծ Պահքի հինգերորդ կիրակին և խորհրդանշում է անձանձիր աղոթքի անհրաժեշտությունը: Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը արձանագրել է միայն Ղուկաս ավետարանիչը: Ո՞ւմ էր պատմում այս առակը Հիսուս Քրիստոս: Նախորդ սերտողությունների ժամանակ մենք իմացանք, որ Տէր Հիսուս հավաքվածների համար խոսում էր Աստծու Արքայության մասին, և ասում էր փարիսեցիներին, որ դրսում մի փնտրեք, Աստծու Արքայությունը ձեր ներսում է: Աստծու Արքայությունը հասցե չէ, այլ՝ հոգեվիճակ է, որին կարող է հասնել ամեն ոք, որ ձգտում ունի հոգևոր կյանքի մեջ առաջ գնալու: Այդ հոգեվիճակին հասնելու գլխավոր պայմաններից մեկը աղոթքն է:Հիսուս Քրիստոս առակը պատմելուց առաջ արդեն ներկա գտնվող մարդկանց նկարագրել է մարդու Որդու գալու կերպը և այն համեմատել էր Նոյի օրերի, երբ մարդիկ ուտում, խմում, կին էին առնում, և մարդի էին գնում մինչև այն օրը, երբ Նոյը Տապան մտավ, և ջրհեղեղը կործանեց մարդկանց:
Նույնը եղավ Ղովտի օրով, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ և ծծումբ տեղաց, ու բոլորին կորստյան մատնեց: Նույնը կլինի նաև մարդու Որդու հայտնվելու ժամանակ:
Այնուհետև նրանց պատմում է այս հաշվետու առակը՝ անիրավ դատավորի և այրի կնոջ պահանջի մասին: Առակը կարելի է հասկանալ ինչպես որ ուղիղ իմաստով, այնպես էլ՝ խորհրդաբար: Ուղիղ իմաստով կարելի հասկանալ առակը՝ համեմատելով մեր օրերի դատական համակարգի անարդարության, անօրենության, անպատժելիության և մարդկանցից չամաչելու և Աստծուց չվախենալու իրականությամբ:
Իսկ խորհրդաբար՝ ինչպես որ Ավետարանի մեկնիչներն են համեմատում քաղաքը մարդու՝ և դատավորը՝ մարդու մտքի հետ: Այլապես ցանկացած քաղաքում շատ դատավորներ կան, ոչ թե մեկ, և շատ այրի կանայք կան, ոչ թե մեկ: Առակի մեջ մեր դասը պետք է լինի նպատակասլացությունը, ձգտումը, նախանձախնդրությունը՝ նպատակին հասնելու համար՝ արդար ճանապարհով;
Պետք է պահանջել այնպես, ինչպես որ այրի կինն էր պահանջում դատավորից՝ իր դատը տեսնել:
Ցանկացած մեղք գործելիս, նախ մտքում է առաջանում մեղքի թեման: Հետո տեղափոխվում է սրտի մեջ: Միտքը և սիրտը հանցավոր համաձայնության են գալիս, և ցանկական զորությունը իշխում է բանականությանը և մեղքը գործվում է, որովհետև մարդը երկյուղ չունի Աստծուց, և չի ամաչում մարդկանցից:
Իսկ երբ մարդու միտքն ու սիրտը լցված են աստվածային խորհուրդներով, խոսքերով ու աղոթքով,և ներդաշնակ են գործում, այդ դեպքում բանական զորությունը միշտ առաջին տեղում է և ինքն է իշխողը:
Այս պարագայում մարդը զերծ է մնում մեղքից: Մինչև աստվածճանաչողությունը ցանկացած մարդու մոտ հավանականությունը փոքր է մեղքից հեռու մնալու հարցում, իսկ աստվածճանաչողությունից հետո հավանականությունը փոքրանում է մե՛ղք գործելու հարցում: Առակի ավարտին Տէր Հիսուս ասում է, որ Աստված արդարությամբ կլսի Իր այն ծառաներին, որոնք գիշեր ու ցերեկ այրի կնոջ պես աղաղակում են աղոթքով: Այրի կինը առանց ձանձրանալու ամեն օր գալիս է դատավորի մոտ, ներկայացնում է իր խնդիրը և ասում է,- իմ ոսոխի դեմ իմ դատն արա: Այնքան է կրկնում, որ չամաչող ու չվախեցող դատավորը ստիպված է լինում այրի կնոջ դատը տեսնել, որ այլևս չանհանգստացնի իրեն; Այրի կնոջ թախանձագին խնդրանքը փոխեց անիրավ դատավորի որոշումը; Այսինքն առակում խոսում է աղոթքի ուժի մասին, որ կարող է նաև որոշումներ փոխել: Մենք Ավետարանից գիտենք նաև, որ մեր Տէրն ասում է,- Աղոթեցեք, որ ձմեռ ժամանակ չլինի: Նշանակում է, որ աղոթքը կարող է ազդել նաև տարվա եղանակի վրա:
Կամ դարձյալ Տերն ասում է,- աղոթեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի հնձի համար: Աղոթքը ոչ թե Աստծուն է պետք, այլ հենց մարդուն: Աղոթող մարդը խոնարհ է, քանի որ Աստծուն է դիմում իր տկարության համար: Աղոթքը բուժում է սեփական անձին, եթե անկեղծ է, ուշադիր է, նպատակային է:
Սակայն աղոթքի թեման այնքան ծավալուն է, որքան որ աղոթողների թիվը: Աղոթքները տարատեսակ են, փառաբանական, գոհաբանական, բարեխոսական և այլն: Մեր հայրերը աղոթել են և գրել են լավագույն աղոթքները, և մենք այսօր գործածում ենք այդ աղոթքները մեր ժամերգությունների և Պատարագների ժամանակ: Այդ աղոթքները մեր Հայրերի կողմից գրվել են որոշակի հոգեվիճակներում, հոգևոր որոշակի աստիճանի հասած, այսինքն նրանք իրենց ներսում հասել են Աստծու Արքայությունը և նրանց տրվել է այդ շնորհը՝ իրենց ապրումները բառերով արտահայտելու: Այդ աղոթքները գրվել են ճգնակեցությամբ, վանքերում, ծոմապահությամբ և Աստծու հետ հարատև կապի մեջ լինելու պայմաններում: Աղոթքները չեն գրվել գրասենյակներում, համակարգչի առջև նստած: Պատահում է, որ ա՛յս կամ այ՛ն մեծանուն Վարդապետի աղոթքը կարդում ենք, բայց մեր սրտի հետ ներդաշնակ չէ, մենք ուղղակի կրկնում ենք նրանց խոսքերը, որովհետև սիրում ենք այդ աղոթքը: Դա նրանից է, որ մենք այդ հոգեվիճակում չենք, ինչպիսին եղել է աղոթքը գրողը: Չի բացառվում, որ մեր սրտից բխած անկեղծ մի հառաչանքը ավելի անկեղծ լինի, քան օրինակ՝ հարկադրաբար կարդացած Ներսես Շնորհալու 24 աղոթքները:
Աղոթքի առաջին պայմանը ուշադրությունն է: Առհասարակ քրիստոնյա հավատացյալը պետք է մասնակցի առավոտյան կամ երեկոյան ժամերգություններին, որպեսզի հասկանա աղոթի տրամաբանությունը, թեման, խնդրանքի ձևը և այլն: Որպեսզի հետագայում ինքը կարողանա իր մտքում աղոթք ստեղծել ամեն պարագայի համար:Օրինակ՝
Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Բարձրյա՛լ Աստծո Որդի, ողորմի՛ր մեզ՝ մեղավորներիս և արժանացրու Քո առջև աղոթքի կանգնելիս չլինենք շատախոս, և չլինենք միայն Քեզնից խնդրող, այլ՝ մեր մեղավոր սրտերը բերենք Քե՛զ, որպեսզի Դու մաքրես ամեն տեսակ անպետք բաներից և բնակվես մեր սրտում՝ որպես տաճար և որպես Սուրբ Սեղան, որի վրա Բազմում ես Դու փառավորված:
Հնարավոր չէ մարդուն ստիպելով աղոթել սովորեցնել, կամ ստիպել որ մարդը աղոթի: Աղոթքը բխում է սրտի խորքից, հնչում է շրթներից՝ ուշադիր մտքի շնորհիվ և ականջները լսում են այդ խոսքերը և աչքերը լացում ենք այդ անկեղծությունից, որ Աստծու առջև է կատարվում; Սա է պարզ աղոթքի գաղտնիքը: Աղոթքը նաև շատ անհատական է: Մեկը սիրում է երկար աղոթել, մյուսը՝ հակիրճ է աղոթում, մեկը ուշադիր է աղոթում, մյուսը ցրված է աղոթքի պահին: Մեկը ակնկալիքով է աղոթում, մյուսը հպարտանում է իր երկար աղոթքից: Նա՛խ պետք է սովորել աղոթել: Կատարյալ աղոթքը, որ սովորեցրեց մեզ՝ մեր Տերը, տեսեք ինչքան հակիրճ է, ինչքան բովանդակալից է, և ինչքան պատասխանատու աղոթք է: Աղոթքի համար հատուկ տեղ ու ժամ չկա, քրիստոնյայի միտքը հարատև աղոթքի մեջ պետք է լինի: Յուրաքանչյուրս մեր փորձառությունից գիտենք մեր մտքի ցրվածության մասին՝ հատկապես աղոթքի պահին; Ոսկեբերան Հայրապետն ասում է. Դու ինքդ չե՛ս լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ: Այսպես կարող է պատահել բոլորիս հետ:
Աղոթքի մեջ էլ պետք է վարժվել, պետք է սկսել քչից, բայց անկեղծ: Թեկուզ մեկ տող, բայց ուշադիր: Երբ չկա աղո՛թք, չկա՛ ուղղափառություն, չկա՛ եկեղեցի.
Սիրելիներ, մեր Տիրոջ պատմած առակը հասկանալի էր: Հարատև աղոթքի պահանջը նույնպես հասկանալի էր, սակայն առակի ավատին մի միտք է արտահայտում Հիսուս Քրիստոս, որը շատ մեծ մտահոգության առիթ է տալիս քրիստոնյաներիս, որ կարծում ենք, թե մենք բավականաչափ հավատք ունենք, բավականաչափ աղոթում են, բավականաչափ ապրում ենք քրիստոնեաբար:
«Իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞», ասում է Տէր Հիսուս: Մենք գիտենք, որ նույնիսկ մի տառ չի կորչելու Աստվածաշնչից, և ոչ մի բառ ավելորդ գրված չէ այնտեղ: Ի՞նչ պետք է պատահի մեր հավատքի հետ: Ի՞նչ պետք է անենք, որ մեր հավատքը չսասանվի, մինչև նշանակված օրը: Նայենք մեր ապրած օրերին, փորձություններին դիմակայելու մեր փորձառությանը, մեր աղոթքի հարատևությանը, Սուրբ Գրքի սերտողությանը, մեր գործերի արդյունքին: Այս բաներին հետևելը պետք է լինի մեր ամենօրյա պարտադիր աշխատանքը: Ղուկասի Ավետարանում նկարագրվում է մի այլ այրի կնոջ մասին, որը մինչև խորը ծերություն չէր հեռանում տաճարից, այլ պահքով ու աղոթքով գիշեր ցերեկ ծառայում էր Աստծուն: Այս կինը Աննա մարգարեուհին էր, որը Սիմեոն ծերունու հետ արժանացան տեսնել ու գրկել Հիսուս Մանկանը: Ովքեր կատարում են այս բոլոր բաները, նրա՛նց է Երկնքի Արքայությունը, որի մասին խոսեցինք սկզբում, նրանք են երկիրը ժառանգում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, որովհետև նրանց վարձը շատ է այս կյանքում և հանդերձյալում՝ ըստ մեր Քրիստոս Աստծու անսուտ խոստման; Այս համառոտ բացատրությունը թող լինի այսօրվա դասը ձեզ՝ աղոթքի մասին: Մնացեք սիրով՝ կրոնական առաքինությունների մեջ հաստատակամ, մեղքից ու գայթակղություններից հեռու:
Այսօրվա հարցը թող լինի օրվա թեմայից: Հավատք կգտնի՞ Մարդու Որդին երբ գա Իր փառքով՝ ըստ ձեզ:
Աղօթենք միասին
Տե՛ր Աստված՝ Փրկի՛չ մեր, որ ողորմած ես և գթած, երկայնամիտ,
բազումողորմ, ցավում ես մարդկանց չարիքների համար, չես կամենում
մեղավորի մահը, այլ կամենում ես նրա դարձը չար ճանապարհից և ապրելը:
Դու, Տե՛ր, Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր Քո ծառաներին
և տո՛ւր նրանց ապաշխարության հնարավորություն: Հաշտվի՛ր
Քո մարդասիրությամբ և դարձրո՛ւ նրանց Քո սուրբ Եկեղեցու
անդամները: Որպեսզի հոգով առողջացածները` խոստովանությամբ
և ապաշխարությամբ մտնեն Քո սուրբ Եկեղեցին, Քո ժողովրդի
հետ միասին Քեզ առաքեն օրհնություն և փառք Հորը և Որդուն և
Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: