ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-25
Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: 18 Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: 22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: 23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: 25 Եւ այդ՝ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս եմ մաղթում բոլորիդ՝ սիրելի ունկնդիրներ: Սկսենք մեր եթերաժամը սաղմոսի գեղեցիկ բառերով, քանզի մեր խոսքը տպավորիչ կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ համեմված է սուրբգրային անգին գոհարներով: Սաղմոսերգուն ասում է,- Քո խոսքերը սրտումս թաքցրի, որպեսզի չմեղանչեմ Քո դեմ: Օրհնեալ ես Դու Տեր: Այս տողերը գրողը մի պարզ մարդ չէր, այլ՝ մարգարե, թագավոր և սաղմոսերգու: Եթե թագավորը Աստծու խոսքը պահի իր սրտում, որպեսզի չմեղանչի Աստծու առջև, նրա թագավորության մեջ անիրավություն չի լինի, և նրա թագավորության մեջ ապրող ժողովուրդն էլ կսովորի Աստծուն փառաբանել և Աստծու խոսքը փնտրել՝ չմեղանչելու համար: Պայմանները շատ պարզ են առաջադրված մարդու համար, երբեմն մարդը ինքն է դրանք բարդացնում ու հայտնվում ծուղակի մեջ:
Աստված չի բարկանում մեղք գործողի վրա, մենք դրանում համոզվում ենք Ավետարան կարդալով, Աստծու բարկությունը մարդկանց վրա հասնում է այն ժամանակ, երբ մարդը մեղանչում է, և արդարացնում է իր գործած մեղքը: Աստծու բարկությունը մարդկանց վրա հասնում է այն ժամանակ, երբ մեղքը դառնում է կյանքի ու կենցաղի բաղկացուցիչ մաս, և մարդը հակվում է դեպի մեղքը՝ Աստծուն ճանաչելով հանդերձ: Մեզանում՝ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը չներվելու պատգամը սխալ է հասկացվում: Մեր Տէրն ասում է.- Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի՝ ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում: Մատթ. 12:31 Պատգամը հստակ է, կամ բարի եղեք և ձեր գործերը բարի կլինի, կամ չար եղեք, ձեր գործերը չար կլինի: Քանի որ ձեր տված պտուղն է կարևոր: Դուք չեք կարող չար լինել և բարի պտուղ տալ, կամ բարի ներկայանալ, երբ ձեր պտուղը չա՛ր է: Ավետարանի պահանջը մարդուց նույնն է բոլոր ժամանակների համար: Անկարելի է երկու տիրոջ ծառայել: Երբ լսում ենք Աստծու խոսքը և անտեսում ենք, դա և՛ս հայհոյանք է, քանի որ արհամարհանք է Աստծո խոսքի նկատմամբ: Երբ կարդում ենք Աստծու խոսքը և քարոզում ենք այլոց, բայց մենք չենք կատարում, սա ևս հայհոյանք է:
Ճանաչել Աստծուն, տեղյակ լինեն Նրա խոսքից և չպահել պատգամը, նշանակում է չսիրել Աստծուն, բայց Նրա անունը զուր տեղը բերանը առնել: Քրիստոսն է մեր փայլուն օրինակը՝ ամեն բանի մեջ:
Նա՛ ասաց, ով սիրում է ինձ, կպահի Իմ պատվիրանը:
Աստված ստեղծեց մարդուն և ամեն ինչ նրա համար ստեղծեց նախապես: Մարդը մատնեց Աստծուն՝ հանուն դրամի: Իսկ Աստված մատնեց Իր անձը մահվան՝ մեղավոր մարդու փրկության համար:
Մարդուն մնում է միայն քա՛յլ անել՝ հավատալու և փրկվելու համար: Բայց միայն հավատալը մարդուն փրկության չի տանի, եթե շարունակի մնալ մեղքի մեջ: Քրիստոնյան պետք է հավատա Հիսուս Քրիստոսի խաչելությանն ու Հարությանը՝ իր մեղքի համար, որպեսզի կարողանա դադարել մեղանչելուց: Քանի դեռ մարդը ապրում է մեղքի հետ համերաշխ, և չունի մեղքի գիտակցություն, նրա սրտում Քրիստոս չկա; Քրիստոնյայի խոսքը և գործը եթե չհամապատասխանեց Ավետարանի ճշմարտությանը, նրա սրտում Քրիստոս չկա:
Մենք գրեթե ամեն օր և ամենուր լսում ենք նմանատիպ հայտարարություններ, որ պե՛տք է ստեղծենք մի մարմին, որը կզբաղվի ժողովրդի սոցիալական հարցերով: Պետք է ստեղծենք մի մարմին, որը կզբաղվի սգակիր ծնողներին այցելության հարցերով: Տարիներ շարունակ անվերջ լսում ենք, որ պե՛տք է արվի, պե՛տք է ասվի, պե՛տք է տարվի, պե՛տք է բերվի:
Իսկ հոգևոր դաշտում՝ եկեղեցու քարոզներում անվերջ լսում ենք,- մենք պետք է սիրենք Աստծուն, մենք պետք է սիրենք մեր մերձավորին, մենք պետք է ողորմություն անենք և դարձյալ նույն պայմանական պետքերը: Վերադառնանք Ավետարանին:
Հիսուս Քրիստոս չասաց պե՛տք է խաչվել մեղավոր մարդու փրկության համար: Այլ՝ խաչվեց:
Հիսուս Քրիստոս չասաց պե՛տք է լվանալ աշակերտների ոտքերը: Այլ՝ լվաց:
Հիսուս Քրիստոս չասաց, եկել եմ ծառայություն ընդունելու, այլ ծառայեց մարդկանց:
Հիսուս Քրիստոս չասաց կեղծավորության վրա աչք փակեք, այլ հանդիմանեց կեղծավորներին, և Իր կյանքով փաստեց, որ դա սխալ է:
Այսօրվա Ավետարանի պատգամը և մեր դասն այն մասին է, որ խոսքը և գործը չի կարող տարբեր լինել, եթե տարբեր է, ուրեմն անտեսված է Աստծու պատգամը: Տէր Հիսուս Քրիստոս պարզ լեզվով ասում է,- Իմ պատվերն այս է, որ սիրե՛ք միմյանց, ինչպես որ ես ձե՛զ սիրեցի: Նա Իր սերը մեր հանդեպ փաստեց խաչի վրա: Ինչպե՞ս ենք մենք փաստում մեր սերը, Իր և Իր խոսքի նկատմամբ, եթե մեր խոսքը մեր գործի հետ չի համապատասխանում հիմնականում:
Մեր Տէրը աշակերտներին ասում է, որ աշխարհը ձեզ կատի, որովհետև դուք աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից: Այդ նույն աշխարհում էին ապրում Հիսուս Քրիստոս, աշակերտները և նրանց հալածողները: Հիսուս այդ աշխարհից զատեց լուսավոր մարդկանց, և երբ նրանք առանձնացան աշխարհից, խավար աշխարհը սկսեց նրանց ատել: Քանի որ լույսի մի շողը բավական է թափանցի խավարի մեջ և բացահայտվում է ամեն գաղտնի բան: Խավարը ատում է լույսին, որովհետև լույսը ցրում է խավարը: Ողջ Ավետարանը և առաքելական թղթերը մեզ խրատում են, որ հեռու մնանք ամեն տեսակ պղծությունից, և դրանց անունը նույնիսկ մեր մեջ չհիշվի: Հատկապես խրատում են մեզ հեռու մնալ զազրախոսությունից, հիմար խոսք ասելուց և հատկապես խեղկատակությունից, քանի որ ամեն պիղծ մարդ կամ ագահ՝ Աստծու թագավորության մեջ ժառանգություն չունի: Սա դեռ Աստծու թագավորության մասին է խոսում, իսկ ի՞նչ է սպասվում մեզ երկրի վրա, երբ զազրախոսությունը և սնոտի խոսքերը 12 ժամյա ներկայություն ունեն մեր տներում, հրապարակներում, Ազգային ժողովում, եկեղեցականների էջերում, և հանրահայտ ֆեյսբուքյան իրականության մեջ:
Պողոս Առաքյալը լավ հիշեցում ունի մեզ, այս առումով, և ասում է զազրախոսությունից և սնոտի խոսքերից է գալիս Աստծու բարկությունը: Մենք, որ առավոտից մինչ երեկո զազրախոսությամբ ենք զբաղված ամենատարբեր հարթակներում, երբևէ մեզ հաշիվ տալի՞ս ենք, որ հարուցում ենք Աստծո բարկությունը: Երբևէ մտածե՞լ ենք, թե ինչու մարդիկ իրար չեն հասկանում, ինչո՞ւ թողած մեր մեծ կորստի ցավը, զբաղված ենք միմյանց վրա ցեխ շպրտելով: Աստված թույլ տվեց, որ մեզ հետ պատահի այս ամենը, որպեսզի մենք գնահատենք իրավիճակը, և հասկանանք, որ իրավիճակի Տէրը Ասված է:
Մենք ամեն ինչի համար ողբացինք, բացի Աստծու ստեղծագործություն՝ մարդու համար: Անասելի մարդկային կորուստ ունեցանք պատերազմում, անսահման վիրավորներ ունեցանք, բազմաթիվ գերիներ ու կորածներ ունեցանք, մասնատված ու գազազած հանրություն ունեցանք: Այս բոլորի մասին մոռացանք դեռ քիչ է, նաև անտեսեցինք ննջեցյալների հարազատների վիշտը՝ հանրային խուլիգանությունների պատճառով: Աստծու բարկության մասին ո՞վ պետք է մեզ զգուշացներ: Բնականաբար նա, որը իրավասու է դա անելու և որը լծակ ունի, լրատվամիջոց ունի, խոսքը տեղ հասցնելու միջոցներ ունի:
Պետրոս Առաքյալն ասում է. Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։ Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող: Իսկ ինչ կանենք մենք, որ այսքան փորձությունների մեջ դարձյալ անպատրաստ ենք գտնվելու, ինչպես որ անպատրաստ էինք փորձություններից առաջ եղած ժամանակահատվածում:
Սիրելիներ մենք արդեն սովորեցինք, որ ամեն օրվա պատգամը ասելիք ունի ամեն օրվա համար: Մենք այդ պատգամները լսում ենք ամեն օր և մենք իրավունք չունենք հայտնվելու փորձությունների կիզակետում:
Այսօր Տէր Հիսուս մեզնից յուրաքանչյուրին՝ որպես դաս հիշեցնում է այն մասին, որ, եթե Ինքը եկած և զգուշացրած չլիներ մեզ այս ամենի մասին, մենք մեղք չէինք ունենա: Սակայն հիմա, - ասում է Տէրը,- ձեր մեղքի համար արդարացում չկա: Ով Ինձ է ատում, ատում է Հորը: Մենք մեր եթերը սկսեցինք սաղմոսերգուի խոսքով,- եթե հիշում եք,- թե՝ Քո խոսքերը սրտումս թաքցրի, որպեսզի չմեղանչեմ Քո դեմ:
Հետևաբար ով որ իր սրտում թաքցնի Աստծո խոսքը, նա էլ զերծ կլինի մեղքից:
Նեղությունները մեզ փորձելու համար են, որոնց պետք չէ տարօրինակ համարել, մենք պետք է մասնակից լինենք չարչարանքներին, բայց ո՛չ որպես գող կամ ավազակ ու մարդասպան, այլ Քրիստոսի անվան համար, որպեսզի համբերություն ձեռք բերենք: Իսկ ով համբերի, նա կփրկվի՝ ըստ Տիրոջ խոսքի:
Մնացեք սիրով՝ խոսքի և գործի ներդաշնակությամբ;
Այսօրվա հարցը . Ի՞նչ էր գրված Հիսուս Քրիստոսի խաչափայտի վրա և ո՞վ էր գրել:
Աղօթենք միասին
Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղիր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղիր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ոչ նեղություն քաշելու, ո´չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:
Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստվա՞ծ լսի: Ծնրադրեցի, ասում ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:
Հովհան Ոսկեբերան