ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 17.11-19
Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով: 12 Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 13 բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ»: 14 Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէք, դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին: 15 Նրանցից մէկը երբ տեսաւ, որ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 16 երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր: 17 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 18 որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»: 19 Եւ ասաց նրան. «Վեր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ մեր եթերին մշտապես հետևողներին, ուրախ եմ նրանց համար, որ եթերից հետո են լսում, մտահոգ եմ նրանց համար, որոնք կարծում են, թե իրենց պետք չէ լսել հոգևոր թեմաներ: Քանի որ առաքյալն ասում է. մենք ինչպէ՞ս պիտի ազատվենք, եթէ անհոգ գտնվենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակուեց Տիրոջ կողմից: Իսկ մենք շարունակենք մեր ճամփորդությունը Աստվածաշնչում՝ հետևելով այսօրվա ընթերցվածքին:
Ղուկաս ավետարանիչը այսօր մեզ պատմում է տասը բորոտների մասին, որոնց բուժեց Հիսուս Քրիստոս հեռավորության վրա, քանի որ ընդունված կարգ կար, որ բորոտներին քահանայի կարգադրությամբ մեկուսացնում էին իրենց բնակավայրից, մինչև մաքրվեին: Բորոտության մասին մանրամասն նկարագրություն կա Ղևտական գրքի 12 րդ գլխում, մանրամասների մասին կարող եք կարդալ այնտեղ: Ըստ նկարագրության սա բավական տհաճ հիվանդություն էր, քանի որ մաշկը ամբողջ վերքերով էր պատվում, հավանաբար նաև ցավոտ էր, և բացի այս անհարմարություններից, նաև ընտանիքից հեռացվում էր բորոտությամբ տառապողը՝ նվազագույնը յոթ օր, մինչև կրկին ստուգման արդյունքը հայտնի դառնար: Ընդ որում հիվանդության ախտորոշումը և մեկուսացնելու իրավունքը բացառապես քահանային էր վերաբերում: Տէր Հիսուս Քրիստոս քաջ գիտեր հրեական օրենքները, դրա համար տասը բորոտներին ասաց, որ գնան և իրենք իրենց քահանային ցույց տան:
Բորոտները գիտեին, որ քահանան է զբաղվում այդ հարցով, բայց երբ լսել էին, որ Հիսուսն է անցնում իրենց գյուղով, համարձակվեցին մեկուսացած վայրից դուրս գալ և ընդառաջ գնալ Հիսուսին;
Պետք չէր, որ որևէ մեկը Հիսուսին ասեր, որ նրանք բորոտներ են, քանի որ ընդունված կարգ կար, որ բորոտները պետք է հագնեին պատառոտված հագուստ և փակեին իրենց բերանները, որպեսզի դա նշան լիներ մյուս մարդկանց համար՝ չմոտենալու նրանց: Դա էր պատճառը, որ բորոտները չմոտեցան Հիսուսին, որքան էլ որ մեծ էր իրենց ցանկությունը շուտ բժշկվելու: Նրանց թախանձագին աղերսին, թե՝ «Յիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ», Տէր Հիսուս ասաց նրանց. «Գնացէք, դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Որովհետև քահանաներն էին մեկուսացնողն ու արձակողը:
Բորոտները հավանաբար հուսահատ հեռացան, քանի որ չլսեցին Հիսուսի խոսքը, թե գնացե՛ք բուժված եք, կամ գնացե՛ք ձեր հավատը ձեզ բուժեց: Որովհետև նրանք սամարացի էին: Ճանապարհին նրանցից մեկը նկատեց, որ ինքը մաքրվել է վերքերից և ուրախությունից անմիջապես վերադարձավ որպեսզի շնորհակալություն հայտնի կատարված հրաշքի համար: Իննը ես մաքրվել էին, ինչը հասկանում ենք Հիսուս Քրիստոսի այն հարցից, որ ասում է,- «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են»: Ինչո՞ւ չվերադարձան մնացածը: Այս հարցը այսօր էլ արդիական է, և այսօր էլ այդ իննին է փնտրում Աստված: Ինչևէ:
Ի տարբերություն մնացած հիվանդների, այս մեկին, որը վերադարձավ և երեսի վրա ընկավ, Տէրն ասաց,. «Վեր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»: Սամարացին հավատաց և արժանացավ Տէր Հիսուսի ուշադրությանը և գովեստին: Մենք Ավետարանից գիտենք բարի սամարացու առակը և նաև սամարացի կնոջ հանդիպումը Հիսուսի հետ, որի միջոցով շատեր դարձի եկան, չնայած, որ հրեաների և սամարացիների միջև ավանդական երկպառակտություն կար: Տէր Հիսուս խոսելով սամարացի կնոջ հետ, կամենում էր այդ բաժանումը վերացնել նրանց մեջ, հասկացնելով, որ հավատքը բաժանում չի ճանաչում, այն միայն միացնում է մարդկանց, եթե իրապես հավատում են Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը և պահում են Նրա խոսքը:
Ի՞նչ է բորոտությունը, ի՞նչի արդյունք է բորոտությունը: Ծննդոց գրքից մեզ հայտնի է նաև, որ բորոտությամբ հիվանդացավ նաև Մովսես Մարգարեի քույր Մարիամը՝ եղբորը բամբասելու պատճառով:
Այսինքն բորոտությունը, ինչպես նաև մնացած հիվանդությունները մեղքի արդյունք են: Ավանդությունը պատմում է, որ բորոտությունը տարածված հիվանդություն է եղել մինչև Մարիամ Աստվածածնի մահը: Պատմում են որ Մարիամ Աստվածածինը մահվան մահճում պատվիրում է, որպեսզի աշակերտները իրենից մի բան խնդրեն: Աշակերտները խնդրում են Աստվածածնին, որպեսզի բորոտությունը որպես հիվանդություն, վերանա մարդկանց միջից; Աստվածածնի աղոթքով և իր Որդուն բարեխոսությամբ, իր մահից հետո, ժողովրդից իսպառ վերանում է բորոտությունը: Քանի որ ըստ Սբ.Գրքի նկարագրության շատ սոսկալի վերքերով հիվանդություն էր; Երանի աշակերտները Սուրբ Կույսին խնդրեին, որ մարդկությունը զրկվեր մեղք գործելու հնարավորությունից, քանի որ մարդը չի գնահատում իր ազատ կամքը և անվերջ հայտնվում է մեղքի մեջ, և այդ մեղքը բորոտության նման վարակում է իր հետ շփվողին: Մեր օրերի կորոնայի նման արագ տարածում է ստանում շփումից:
Այսօրվա պատգամից մեզ համար որպես դաս վերցնենք մեր Տիրոջ տված հարցը, թե՝ «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են»: Աստված միշտ փնտրում է կորած ոչխարը, մոլորված ոչխարը, և հենց իր աշխարհ գալու նպատակն էլ կորսվածին գտնելու առաքելությունն էր: Այս հարցը բերենք մեր օրեր և ուղղենք մեզ: Քանի՞ հազար անգամ ենք դիմել Աստծուն, ասելով՝ «Յիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ»: Ստացել ենք Աստծու ողորմությունը, ուրախացել ենք, վայելել ենք: Մեր շարունակական կապը չի հաստատվել Աստծու հետ, ո՛չ Պատարագով, Ո՛չ Սուրբ Գրքով, ո՛չ էլ անձանձիր աղոթքով;
Մենք մեր Հայրենիքում Սուրբ Հովհաննես ուխտավայր ունենք, և խաչքարերի բազմությունից գիտենք, որ մարդիկ ուխտ են անում մի նպատակի համար, խոստանում են, որ նպատակը կատարվի, իրենք վարձահատույց կլինեն: Նպատակը կատարվում է, իրենք իրենց խոստումը կատարում են, խաչքարը տեղադրում են սրբավայրում և համարում են իրենց առաքելությունը ավարտված:
Կամ հազարավոր մատաղներ են խոստանում և անում, որևէ փորձանքից ազատվելու համար, և դարձյալ մշտական կապը Աստծու հետ չի շարունակվում: Ես բացառությունները նկատի չունեմ, իմ խոսքը մեծամասնության մասին է; Կա նաև մեկ ուրիշ կռապաշտության հասնող սովորություն շատերի մետ: Իրենք իրենց որոշումով ուխտ են անում, որ իրենց զավակը պետք է Երուսաղեմ տանեն մկրտելու:
Մենք գիտենք, որ դա դժվարությունների հետ կապված հարց է, և երեխայի մկրտությունը անհիմն պատճառով հետաձգվում է տարիներով; Վերջապես ստացվում է, տանում են երեխային Հորդանանի մեջ կատարվում է մկրտության խորհուրդը, և այդտեղ ավարտվում է իրենց ուխտի պայմանագիրը: Բայց ոչ ոք չի անհանգստանում մկրտված երեխայի հոգևոր դաստիարակության, նրան եկեղեցուն ընտելացնելու և նրան իր կարողության չափով բացատրելու հոգևոր արժեքների մասին; Այս բոլոր երևույթները նպատակ չեն, այլ միջոցներ են գլխավոր նպատակին հասնելու համար: Իսկ գլխավոր նպատակը ամեն մարդու համար անկախ տարիքից, Աստծուն դառնալն է, Նրան ծառայելն է, Նրան մշտապես սրտում ունենալն է, և Նրա հետ կյանքը ավարտելն է; Բորոտներն էլ այդ պահին շատ ուրախացան, որ մաքրվեցին, որովհետև մաքրվելուց հետո քահանան նրանց արտոնում էր տուն վերադառնալ, որից զրկված էին նվազագույնը երկու շաբաթով, կախված իրենց վերքերի բուժումից: Սակայն նրանց հավատքը մանանեխի հատիկի չափ չեղավ, որ վերադառնան, գտնեն իրեն Բժշկին, որը հայացքով բուժեց իրենց, խոնարհվեն և մշտապես կապված մնան Նրա հետ:
Պատերազմական օրերին մարդիկ լցնում էին եկեղեցիները իրենց ներկայությամբ, քանի որ ամենքը պատերազմի դաշտում հարազատ ուներ: Ավարտվեց պատերազմը, դատարկվեց եկեղեցիները, վերացավ աղոթքը: Մեր խնդիրը նաև այստեղ է, որ մեր հավատքը որոշակի ժամանակի համար է, որոշակի խոստման պահին է, որոշակի ակնկալիքի նպատակով է: Եթե բոլոր ուխտ անողները մշտապես կապվեին եկեղեցու հետ՝ Աստծուց գոհանալու համար, հավատացնում եմ ձեզ, որ մեր եկեղեցիներում տեղ ու դադար չէր լինելու մարդկանց բազմությունից: Միայն եթե մկրտվածներն ու պսակվածները ամեն կիրակի եկեղեցի գան, դարձյալ տեղ չի լինի եկեղեցում; Իսկ եկեղեցի գալով է, որ ամեն անգամ մի բան պետք է սովորեն, ամեն անգամ Ավետարանական մի հատվածի մեկնություն լսեն, որպեսզի իմանան, որ երբ մարդը մաքրվում է բորոտությունից, դառնում է մաքրված բորոտ, սակայն ապահովագրված չէ երբեք, որ դարձյալ չի հայտնվի նույն մեղքի մեջ, նույն հիվանդությամբ, նույն պատճառով:
Ավարտելով միտքս վստահեցնում եմ ձեզ, որ այս մտածելակերպով մենք չենք գոհացնի Աստծուն, առավել ևս չենք նպաստի մեր հոգու փրկության գործընթացին: Բացահայտ արհամարհանք է Աստծու նկատմամբ՝ լսել Իր խոսքը և չկատարել: Խնդրել Աստծուց, ստանալ և չգնալ գոհություն հայտնելու: Ազգի համար ճակատագրական պահին ամբողջությամբ մոռանալ Աստծուն և առաջնորդվել սեփական ես ի քմահաճույքով: Աստված հարցնում է ամեն օր Իր Փրկության Ավետարանի միջոցով, «Սրանք բոլորն էլ չէի՞ն խնդրում պատերազմի օրերին, իսկ ո՞ւր են կիրակի օրերին, չեմ տեսնում ոչ մեկին Իմ ընթրիքի հրավերին»:
Այսօր էլ այս հարցը հիշենք, որպես դաս, որ տրվում է մեզ: Եթե հիշենք մեր բոլոր սովորածները, ինչ որ կարդացինք ու լսեցինք, աստիճանաբար կփոխարինենք մեր սրտում եղած անորակը՝ որակյալի հետ. և՛ Աստծուն կգոհացնենք, և՛ մեր փրկության ճանապարհի հիմքը կդնենք; Մնացեք սիրով, նմանվեցեք այն մե՛կ մաքրված բորոտին, և դուք էլ փնտրեք ձեր միջավայրում այն իննին, որոնք չվերադարձան:
Այսօրվա հարցը. . Լրացրեք նախադասությունն ամբողջությամբ և նշեք հեղինակին, «Անզգամն իր սրտում ասաց...»:
Աղօթենք միասին
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, սատանայի գաղտնաձիգ նետերից, որ բազում մեքենա-
յություններով պատելով պաշարում է ինձ, հափշտակելով իմ միտքը՝ տանում է
մեղքերի ցանկության՝ գերության՝ թշնամական ծաղր ու ծանակի ենթարկելով:
Դադարեցրու՛ ինձ, Տե՛ր, իմ չարաչար խորհուրդներից և իմ մտքի և մարմնի
կամքը գործելուց, Քո Գալստյան ահեղ Օրը պատկերի՛ր իմ աչքերի առջև, Տե՛ր,
որ դողամ և սարսեմ Քո Դատաստանից:
Ցո՛ւյց տուր, Տե՛ր, Քո շնորհները՝ Քո գութն ու ողորմությունը Քո ծառային և
տաճարացրո՛ւ ինձ՝ Ամենասուրբ Հոգուդ բնակարան լինելու, այլևս մի՛ թող, որ
ծառայեմ մեղքի և ապականության:
Ձեր հարցումները
Օրհնեցեք Տեր Հայր. խնդրում եմ օգնեք ճիշտ կողմնորոշվել, մեր ժողովրդի մեջ առաջացած ատելության, անհանդուրժողականության, հայհոյանքի, և պառակտման պատճառը առավել քաղաքակա՞ն է, թե՞ հոգևոր տկարությունից ենք այս վիճակի մեջ: