ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.26-33
26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ Հանապազօրյա Հաց հաղորդաշարի ուղիղ եթերի հին ու նոր մասնակիցներ, և բոլոր ունկնդիրներ:
Մենք կրկին միասին ենք Աստծու կամքով, լսելու և հասկանալու համար, թե ի՞նչ է պատվիրում մեզ Աստված, և ի՞նչ է պահանջում մեզնից այսօր: Ինչպե՞ս ենք մենք լսում Աստծու խոսքը և ինչպե՞ս ենք հասկանում և ինչպե՞ս ենք այն կատարում մեր կյանքում:
Բայց մի բան հստակ է, որ մենք միշտ տրտնջում ենք, դժգոհ ենք մեր կյանքից և Աստծուն փառաբանողների թիվը շատ չէ: Նշանակում է, որ կամ չենք հասկացել Աստծու խոսքը, կամ չենք կատարել:
Ուղղափառ սրբերից մեկը գեղեցիկ մի նկարագրություն ունի, որտեղ ինքը խոսում է Աստծու անունից և հարցեր է տալիս մարդ արարածին: Աստված հարցնում է մարդուն,- Մարդ արարած ինչո՞ւ դու ինձ թողեցիր, հանուն ինչի՞ դու սկսեցիր համագործակցել Իմ թշնամու հետ, Ինչո՞ւ դու իմ կամքը չես կատարում, այլ կատարում ես կամքը Իմ և քո թշնամու: Ին՞չ ես փնտրում դու, որ չես գտնում Իմ մեջ: Հարստությո՞ւն ես փնտրում, Ես ամենահարուստն եմ, քանի որ աշխարհում ամեն ինչ Ինձ է պատկանում: Բարեկամությո՞ւն ես փնտրում, ե՛ս եմ հավատարիմ բարեկամը, որը երբե՛ք չի դավաճանում: Գեղեցկություն ես փնտրում, ես ամենագեղեցիկն եմ մարդկանց որդիների մեջ: Վեհությո՞ւն ես փնտրում, Ես եմ Վե՛հը, որ ծնվել եմ Սուրբ Կույսից և Աստծու Սուրբ Հոգուց: Իմաստությո՞ւն ես փնտրում, Ես եմ Աստծու իմաստությունը, և աշխարհում ամեն ինչ իմ իմաստւթյամբ է շարժվում; Այդ ի՞նչ է քո փնտրածը, ո՛վ մարդ արարած, որ ես չունեմ: Ինչո՞ւ ես ուրեմն ինձնից խուսափում: Դու մեծ պարտքեր ունեիր, ե՛ս քո պարտքերը մարեցի: Դու դատապարտված էիր մահվան, ես քո փոխարեն կրեցի քո մահապատիժը: Դու գեհենի ենթակա էիր, ես քո փոխարեն մտա այնտեղ: Այդ ի՞նչ զարմանալի բան ես փնտրում, որ իմ մեջ չես գտնում: Ինձ հետաքրքիր է, կա՞ արդյոք մի բան, որ քեզ պետք է, և ես չունեմ: Չկա՛: Իսկ ո՞վ է քեզ սիրում ինձնից բացի և կամ ո՞ւմ ես դու պետք բացի ինձնից: Ո՛չ ոքի: Իսկ ես քեզ սիրում եմ և դու ինձ պետք ես:
Այսպիսի հարցեր է տալիս Աստված քրիստոնյաներին և վստահ եմ, որ քրիստոնյաները չեն կարողանալու պատասխանեն այս հարցերին, երբ դեմ առ դեմ կանգնեն Հիսուս Քրիստոսի առջև:
Իսկապես ի՞նչ է մեզ պետք իրականում, որ այսքան փնտրում ենք և չենք գտնում, քանի որ սխալ տեղում ենք փնտրում: Այդ պատճառով են մեր բոլոր դժգոհությունները և անհաշտությունները:
Հուսամ ուշադիր եղաք այսօրվա Ավետարանի ընթերցանության ժամանակ, և մտապահեցիք լսածը: Տեսանք, թե մեր Տերը ինչքան գեղեցիկ պատգամներ է տալիս մեզ, ինչպես է գոտեպնդում մեզ, որ չվախենանք մեզ սպանողներից, քանի որ Ինքն է մեր անմահ հոգու Տէրը: Որքան բարձր է գնահատում մեզ, տեղյակ է նույնիսկ մեր գլխի մազերից: Մխիթարում է մեզ, ասելով՝ արարչագործության մեջ պատվավոր տեղը քոնն է ո՛վ մարդ: Ի՞նչ է քեզ պետք որ ես չե՛մ կարող ապահովել:
Սիրելիներ, այս վերջին մեկ ամսվա ընթացքում հավանաբար հինգ կամ վեց անգամ կրկնվեց այսօրվա Ավետարանի առաջին տողը՝ թե չկա ծածուկ բան, որ չհայտնվի: Երբեմն մենք ասում ենք, Աստված լռում է, Աստված չի պատասխանում մեր աղոթքներին, Աստված չի միջամտում որևէ կերպ, այսքան անարդարություն կա, և այլևս անկարող ենք համբերել մեր աչքի տեսածները: Բայց չենք անդրադառնում, որ օրվա ընթերցվածքով է Աստված խոսում մեզ հետ, օրվա ընթերցվածքով է Աստված պատասխանում մեր աղոթքներին ու հարցերին: Մենք կարդում ենք օրվա պատգամը և մոռանում ենք, մեր աղոթքի ու մեր տված հարցերի մասին: Մենք այլ կերպ ենք սպասում պատասխան՝ Աստծուց: Սակայն Աստված մեր բոլոր հարցերին պատասխան ունի տված Սուրբ Գրքում: Նույնիսկ այն հարցերին, որոնք դեռ մեր մտքով չի անցել: Պատգամներ կան Սուրբ Գրքում, որոնք պետք է առաջինը հիշենք: Օրինակ՝ գրված է,- զգո՛ւյշ եղիր, թե՝ ինչպե՞ս ես կարդում գրվածը:
Մենք, որ այսքան հարց ու հանձնարարություն ենք տալիս Աստծուն, երբևէ մտածո՞ւմ ենք, որ Աստված էլ կարող է մեզ ցանկացած պահի հարց տալ, երբ բացենք Սուրբ Գիրքը: Չէ, մենք չենք ուզում բացել Ավետարանը, մենք միայն ուզում ենք լսել Աստծու ուղիղ պատասխանը՝ որոշակի իրադարձության համար: Այսքան անարդարություն, որ մենք տեսնում ենք մեր երկրի մեջ, միթե ժողովրդիս մեղքով չի եղել: Քրիստոնյաներս քաջ գիտակցում ենք, որ առանց Աստծու կամքի, ծառի տերևը չի շարժվում տեղից: Ուրեմն պետք է նաև հասկանանք, որ Աստծու թույլատու կամքով է, որ այսքան բացահայտումներ եղան, որոնք նախկինում ծածկված էր մեզնից: Հիմա ամեն ինչ բացված է մեր առջև, որպեսզի մենք սովորենք Աստծուն հարց չտա՛լ, այլ՝ իրավիճակին գնահատական տալ; Երբեմն նույնիսկ քրիստոնյաները կուրորեն են մոտենում շատ անձերի և երևույթների ու չեն կարողանում իրական գնահատական տալ եղածին: Ես ձեզ տարբեր առիթներով ասել եմ, որ դատելը ուրիշ բան է, իսկ գնահատական տալը և քննարկելը ուրիշ բան է: Քրիստոնյա հավատացյալը, որն Աստվածաշունչ է կարդում պետք է ավելի համարձակ լինի քննարկումների ժամանակ: Ես պատրաստ եմ բաց քննարկումներ անելու ձեզ հետ, բայց դո՛ւք պատրաստ չեք, քանի որ ձեզ չեն սովորեցրել, որ կարելի է առողջ քննադատություններ անել՝ բարեկարգման նպատակով, ոչ թե վիրավորել՝ զայրույթը բավարարելու համար:
Ավետարանի գիտությունը այնքան պետք է հարազատ լինի մեզ, որ մենք խոսենք Ավետարանի լեզվով, որովհետև այդ խոստումն էլ ունենք, թե մի վախեցեք, այդ ժամին ձեզ կտրվի բերան և իմաստություն, պատասխան տալու համար: Այսօրվա պատգամի մեջ ասում է,- Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է:
Հիշենք դարձյալ վերջին օրերի մեր հայրենիքում տեղի ունեցող անասելի դեպքերը: Կարող եք հիշել մի ելույթ, մի հորդոր, մի ճառ, մի հայտարարությունը, որի մեջ ուղղակի ժողովրդին արթնության կոչ արվեր և շատ պարզ լեզվով բացատրվեր, որ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ կոտորվելու եք: Կամ հանրային մի մարդ, Աստծուն խոստովաներ մարդկանց առաջ, որպեսզի Աստված էլ մարդկանց խոստովաներ Իր Հոր Առաջ, որ երկնքում է; Վարչապետին դեմ ու կողմ մարդիկ գոռում են առանց Աստծու կամքը հաշվի առնելու, քանի որ Աստված բանական է ստեղծել մարդուն, որպեսզի խոսելով իրար հասկանան: Ազգային ժողովում իրար վիրավորում են առանց Աստծուն գեթ մի պահ հիշելու, չասելու համար հավատալու: Հայրապետները կոչ անում՝ արդարությունը մոռացած: Վարչապետ, որ մի ժամանակ Աստվածաշունչ էր մեկնում, ոչ մի բառ չի խոսում Աստծու մասին: Նախագահը, որ շատ հաճախ մոմ է վառում, միթե հակացուցված է իրեն, որ Աստծու անունը տա մարդկանց առջև: Մարդիկ ամաչում են բարձրաձայն Աստծու անունը տալ: Իսկ Աստված ասում է, ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ. Որ երկնքում է: Քառասուն տարի Աստված Մովսեսին պտտեցրեց անապատում, մինչդեռ կարող էր կարճ ճանապարհով տանել:
Բայց նպատակ կար, որ մարդիկ դառնային Աստծուն՝ թողնելով իրենց մեղքերը: Ինչո՞ւ մեր Արցախի հարցը ո՛չ մի լուծում չի ստանում 30 տարի շարունակ, որովհետև երկրի ղեկավարները չեն հորդորում ժողովրդին միաբերան աղոթել նույն խնդրի համար: Որովհետև նախագահներին չեն զգուշացնում հայրապետները, որ անկարելի է մեղքի մեջ մնալ և հաղթանակ տանել:
Ավետարանը մեզ հստակ ասել է, որը ինչից հետո է լինելու: Ասել է որ գալու է ժամանակը, և արդեն իսկ եկել է, որ մարդիկ չեն ուզելու լսեն ողջամիտ վարդապետություն:
Ուղղափառ սրբերից մեկն ասում է,- կգա ժամանակ, երբ քրիստոնյաները կաղավաղեն Ավետարանի և սուրբ առաքյալների ու մարգարեների աստվածային գրքերը:Այդ ժամանակ շատեր սերը կնվազի, շատ նեղություններ կլինեն, հեթանոսների հարձակումներ, և ժողովուրդների խռովումներ, թագավորների անհաստատություն, և իշխանների անկարգություն, քահանաներն՝ այպանող, և կրոնավորները հեղգ կլինեն, և եկեղեցու հայրերն իրենց և իրենց հոտերի փրկության արհամարհողներ կլինեն,փութաջան և առաջինը վազող՝ դեպի սեղանները, կռվազան և ծույլ՝ աղոթքների մեջ, պատրաստակամ՝ շատախոսության և համարձակ՝ հայրերի կարգն ու խոսքը դատապարտելու մեջ: Ոչ հայրերին նմանվել կցանկանան, և ոչ էլ նրանց խոսքը լսել: Եպիսկոպոսներն այն օրերին կլինեն բռնակալների պահանջները կատարող, դատաստանը կանեն կաշառքով, և չեն ողորմի աղքատին դատաստանի ժամին: Այրիների կտրտմեցնեն և որբերին կկսկծացնեն: Անհավատություն կգա նաև ժողովուրդների վրա, անառակություն, ատելություն, թշնամություն, նախանձ, արբեցողություն, պոռնկություն, շնություն, սպանություն և գողություն;
Հարց է առաջանում այստեղ,- իսկ ի՞նչ կանեն այն մարդիկ, որոնք հայտնվեն այդ օրերի ու ժամանակների մեջ: Պատասխանը մեկն է.- կապրի նա, ով կապրեցնի իր հոգին, և նա մեծ կկոչվի երկնքի Արքայության մեջ: Իսկ մենք, որ կարծես թե այդ ժամանակների մեջ ենք գտնվում, խնդրենք, որ Աստված ավելացնի մեր հավատը, մենք էլ չզլանանք մեր պարտականությունների մեջ, որպեսզի համբերող լինենք նեղությունների և փրկենք մեր հոգին Տիրոջ առջև:
Մնացեք սիրով՝ խոստովանեք Աստծուն, երբ զգում եք պահը հարմար է, մի ամաչեք Աստծու անունը բարձրաձայնելուց, եթե հարկ կա այդ անելու:
Այսօրվա հարցը՝ Ովքեր Պատարագը ամբողջությամբ հասկանում են, թող պլյուս դնեն: Իսկ ովքեր չեն հասկանում, թող մինուս դնեն:
Աղօթենք միասին
Ջնջի՛ր, Տե՛ր, իմ անօրենությունները, ամրացրո՛ւ միտքս բարի հույսով
և Քո երկյուղով՝ սիրով լցված սպասելու և ակնկալելու Քո մեծ Գալուստը:
Հասցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո արդարների օթևանը և պարգևի՛ր ինձ սուրբ
հայրերի ճգնության բնակավայրը, անտեսի՛ր իմ հանցանքները
և պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սուրբերի և Քո անվան սիրելիների հետ:
Մի՛ հապաղիր տալ ինձ հոգու փրկություն և սիրո ջերմություն,
կերակրի պարկեշտություն և մարմնի ժուժկալություն, արտասուքների
բխում, անդադար աղոթք, հնազանդություն և լույսի համբերություն:
Ցո՛ւյց տուր, ինձ, Տե՛ր, Քո շնորհները՝ Քո գութն ու ողորմությունը Քո
ծառային և տաճարացրո՛ւ ինձ՝ Ամենասուրբ Հոգուդ բնակարան լինելու,
այլևս մի՛ թող, որ ծառայեմ մեղքի և ապականության: