ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սաղմոս 42
Դա՛տ արա ինձ, Աստուա՛ծ, եւ իրա՛ւ արա ինձ ի դատաստանի իմում:
Յազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա՛ զիս:
Դու, Աստուա՛ծ, հզօրիչ իմ ես. ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ:
Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս Քո եւ զճշմարտութիւն Քո, զի առաջնորդեսցեն ինձ եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս Քո:
Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ:
Խոստովան եղէց Քեզ օրհնութեամբ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ:
Արդ, ընդէ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ Նմա. փրկիչ երեսաց իմոց Աստուած է:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 9.32-36
Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: 33 Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ով է մեծը: 34 Եւ երբ նստեց, կանչեց տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: 35 Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36 «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալ համայնք, այսօր երկուշաբթի է, և նոր շաբաթը սկսելու համար այսօրվա իմ մաղթանքը ձեզ սա է. Աստված բոլոր մարդկանցից երեք բան է պահանջում. Բերանի ճշմարտացիություն, մարմնի սրբություն, և ուղիղ հավատք: Վստահեցնում եմ ձեզ, եթե ձեր օրը սկսեք այս երեք գլխավոր առաքինություններով, փորձությունը ձեզ չի մոտենա, եթե նույնիսկ մոտենա էլ, դուք պատվով դուրս կգաք փորձությունից: Եթե մենք չհետևենք խրատներին, անխուսափելի է վեճը, կռիվը, անհամաձայնությունները, հակառակությունները, ինչի մեջ հայտնվել է մեր ամբողջ ազգը, և դեռ տեսանելի չեն լուծման տարբերակները: Իսկ ավետարանի խրատներին հետևելու պարագայում, արդարը համարձակ կարող է կանգնել իրեն հալածողների դիմաց և պաշտպանել իր արդարությունը: Այսօրվա իրականության մեջ ինչո՞ւ արդարությունը չի հաղթում, որովհետև յուրաքանչյուրը արդարություն պահանջում է ուրիշներից, և չկա մեկը, որը կարողանա հանրության առջև իր արդարությունը մինչև վերջ պաշտպանի, քանի որ ինքը չի առաջնորդվում արդարությամբ: Այդ պատճառով է, որ իրենց հնչեցրած խոսքը հեղինակություն և իրավունք չունի, և հանգրվան չի գտնում լսողի ականջում և սրտում; Տիրոջ ճանապարհները չճանաչող անձը մխրճվում է անօրենության և կորստյան շավիղների մեջ, որովհետև նրա գործերը մութ են, ծածուկ են, և չար են:
Այսօրվա Ավետարանի մեջ մի շատ կարևոր հարց կա, ուղղված աշակերտներին և առավել մեզ, հատկապես այս օրերին:
«Իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: Այս նույն հարցը Տէր Հիսուս երկո՛ւ անգամ տվեց աշակերտներին: Առաջին անգամ տվեց, երբ հեռվից նկատեց, որ փարիսեցիների ներկայությամբ աշակերտները վիճում են: Իսկ երկրորդ անգամ նույն հարցը տվեց աշակերտներին, երբ արդեն տուն վերադարձան: Աշակերտները լռում էին, և չէին պատասխանում, քանի որ վիճում էին միմյանց հետ, թե ո՞վ է իրենցից մեծը: Անշուշտ իրենց Վարդապետը գիտեր վեճի թեման, բայց երկու անգամ հարցնելով առիթ տվեց նրանց՝ անդրադառնալու իրեն անհեթեթ վեճի թեմանին; Այդ նույն աշակերտները մշտապես շրջում էին իրենց Վարդապետի հետ և երբեք չէին տեսել, որ Տէր Հիսուս Իրեն ո՛րևէ տեղ կամ ո՛րևէ կերպ որպես առաջինը ներկայանա մարդկանց մեջ: Հակառակը՝ անվերջ մեղադրում էր փարիսեցիներին, իրենց ցուցադրական կեցվածքը՝ իբրև գլխավոր և կարևոր մարդ ներկայացնելու համար: Ուրեմն աշակերտները դեռ լիովին չէին հասկացել, որ առաջինը լինելու համար, պետք է սիրով ծառայել մարդկանց, որպեսզի մարդի՛կ քեզ համարեն առաջին, ո՛չ թե ներկայանալ մարդկանց առջև որպես առաջին՝ առանց ծառայության գործերի, և ժողովրդի գնահատականով հատնվել վերջին տեղում: Այս պարզ բաներն էր ուսուցանում մեր Տէրը և Իր օրինակով ցույց տալիս և աշակերտներին և հանրությանը:
Սիրելիներ, այսօրվա Ավետարանում էլի շատ կարևոր շեշտեր կան, որոնց կարելի է անդրադառնալ, բայց ես կուզեմ, որ մենք վերցնենք այս հարցը, որ տվեց Հիսուս Քրիստոս աշակերտներին, թե՝ «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում», վերցնենք այս հարցը և տեղափոխվենք մեր հայրենիք՝ մայր Հայաստան, որտեղ ոչ միայն ճանապարհին են վիճում, այլ նաև տներում, աշխատավայրերում, հրապարակներում, քաղաքներում, և նույնիսկ եկեղեցիներում: Այս հարցին այսօ՛ր էլ ո՛չ ոք շիտակ պատասխան չի տալիս վիճողներից և ո՛չ մեկը, որովհետև իրենց նպատակը «առաջին» լինելն է, ոչ թե ժողովրդին ծառայելը:
Համարյա մեկ ամիս է անցել այն օրից, երբ վիճաբանողները դուրս եկան փողոց և սկսեցին բղավել արդարության լոզունգներով, բարոյական ուղերձներով և հռետորական ճառերով; Այս գոռացող մարդիկ անտեսում են հանրության այն մեծամասնությանը, որոնք իրենց կողքին չեն, ա՛յն պարզ պատճառով, որովհետև ժամանակին խաբվել են իրենց իշխանության ժամանակ, որովհետև իրենք միայն «առաջին» էին անունով, և ծառայում էին միմյանց շահերին, ոչ ժողովրդին:
Իշխանական թևում նույնպես վիճաբանություն է, արդեն նույնքան ժամանակ: Այս թևում էլ ո՛չ ոք շիտակ չի պատասխանում նույն հարցին, թե ինչի՞ համար եք վիճում միմյանց հետ: Գիտեք ինչո՞ւ շիտակ չեն պատասխանում; Որովհետև պատերազմի աղետից հետո բացահայտվեց, որ իրենք էլ «առաջին» էին միայն իրենց աթոռներով, պաշտոններով, երևելի տեղերում հանդես գալով, բայց ո՛չ երբեք ժողովրդին ծառայելու մեջ են եղել առաջինը: Իշխանական թևն էլ իր արդարացման ճառերի մեջ անտեսում է հանրության այն մեծամասնությանը, որը իր կողքին չէ նույն պարզ պատճառով, քանի որ հասկացել է, թե՝ իրենց իշխանության գալու նպատակը ոչ թե ժողովրդին ծառայելն է, այլ՝ «առաջին» ը լինելու բաղձանքն է, ինչ համար հուսանք, որ շուտով պետք է կրկնեն իմաստունի խոսքերը, թե՝ Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը:
Վիճում են նաև իրար մեջ բաժանված հասարակության երեք խմբերը միմյանց հետ: Տեսնե՛նք, թե ա՛յս մարդիկ ինչո՞ւ են վիճում:
Նրանք անշուշտ չե՛ն կարող «առաջին» դառնալ, սակայն կարո՛ղ են վիճել, որպեսզի իրենց համակիրը դառնան «առաջին», գուցե, երբ դառնան «առաջին», իրենք էլ մի թեթև պաշտոն կստանան, կամ մի կլորիկ գումար կստանան, կամ պաշտոնյա բարեկամ կունենան և այլն; Հասարակության այս խավն էլ անմասն չէ աթոռային վեճերից: Գիտե՞ք որոնք են այս երեք մասերի բաժանվածները; Ներկա իշխանության կողմնակիցներ և հակառակորդներ, և նախկին իշխանության համակիրներ:
Ուրեմն մենք վիճողների մեջ տեսանք իշխանություն, ընդդիմություն, և բաժանված ժողովուրդ:
Մեր հասարակության մեջ կա ևս մի շատ կարևոր ինստիտուտ՝ Հայ Առաքելական Եկեղեցին, որը պետք է լիներ առաջինը՝ ինչպես աթոռով, այնպես էլ ժողովրդին ծառայելու իր առաքելահիմն գործերով;
Ավաղ, այս կառույցն էլ չկարողացավ պահպանել Հիսուս Քրիստոսի վարդապետությունն այն մասին, որ «Եթէ մէկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»:
Եկեղեցուն էր վերապահված ժողովրդին հասցնել Քրիստոսի բոլոր այն պատգամները, որոնցով ժողովուրդը պետք է առաջնորդվեր իր փրկության ճանապարհին՝ ապաշխարությամբ, բարի գործերով և Աստծու հետ ներդաշնակությամբ: Ո՛չ թե հրապարակներում և փողոցներում հանուն մարդապաշտության անտեսեին Աստծու խոսքը և իրենց անվայել վարքով անարգեին նախ՝ մեր նահատակերի ցավասիրտ ծնողներին, մոլորված ծնողներին, որոնք խենթացել են իրենց գերված զավակների համար, այն ծնողներին, որոնք իրենց վիրավոր զավակների վերքերից են ցավում: Ինչու չէ նաև ողջ հասարակությանը, որը մասնակից եղավ այս ամենին և ամենքի հետ հավասար ցավ ապրեց;
Այո՛ եկեղեցու սպասավորին է վերապահված այս ծառայությունը ժողովրդին, որպեսզի ժողովուրդն էլ այսօր փառաբաներ Աստծուն՝ այսպիսի մշակների համար և խնդրեր, որ հնձի համար դարձյալ այսպիսի մշակներ հանի: Ժողովուրդը պառակտվել է, մոլորվել է, կորցրել է իր շիտակ ճանապարհը, չի կողմնորոշվում իր քայլերում; Ա՛յո, մարդիկ սխալ են, որ դրամ են վերցնում մեկի շահերը պաշտպանելու համար, սխալ են, որ մարդապաշտությամբ են զբաղված, սխալ են, որ միաբան չեն, սխալ են, որ հայհոյում են միմյանց, սխալ են, որ թողել են աղոթքը և հայտնվել են քաղաքականության մեջ: Այ՛ո սխալ են: Ո՛չ ոք չի առարկում, բայց ցույց տվեք ինձ մի դարաշրջան, որտեղ ժողովուրդը ինքնուրույն ինքնակառավարվել է և ինքնադրսևորվել է շիտակ ճանապարհով; Ժողովուրդը միշտ առաջնորդ է ունեցել և այդ առաջնորդներին Աստված է կարգել, որպեսզի ժողովրդի մեջ լինի և հարցնի, թե՝ «Իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: Այնպես հարցնի, ինչպես Հարցրեց Հիսուս Քրիստոս՝ հայրաբար, որպեսզի հետագայում չսխալվեին աշակերտները:
Կա նաև մի վերջին խավ, որը հրապարակներում չէ, ընդդիմության հետ չէ, իշխանության հետ չէ, նախկին իշխանության համակիրը չէ, այլ չի կողմնորոշվում, թե՝ այս մեծ թատերաբեմում, ո՞վ է սցենարը գրել, ո՞վ է գլխավոր դերակատարը և քանի՞ գործողությունից է այս ներկայացումը, որի վերջ չի երևում: Այս խավը, որը լուր ունի այսօրվա Ավետարանից և առհասարակ ճանաչում է Մեծ Վարդապետին և Նրա փրկության ծրագիրը գիտե, փնտրում է նրան, որը չի վիճի, այլ՝ կծառայի ժողովրդին՝ առանց «առաջին» ը լինելու պատերազմով: Այս խավի քանակը ո՛չ ոք չգիտե, քանի որ նրանք հանրային աղմկոտ վայրերում չեն պայքարում, առաջինը լինելու համար, այլ՝ ծածուկ պայքարում են իրենց մեղքերի դեմ, պայքարում են Երկնքի Արքայությունում հետին տեղը ունենալու համար: Այս խավը քաջ գիտե, որ երկրի վրա չկա՛ մի աթոռ, որն անշահախնդիր կծառայի ժողովրդին: Ժողովրդին ծառայե՛լ է, ծառայո՛ւմ է և պի՛տի ծառայի Միակ Արդարը, Միակ Անշահախնդիրը, Միակ Փրկիչը՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսը՝ Բարձրյալ Աստծո Որդին;
Այսքանն էր, սիրելիներ, որ կամեցա ձեզ բացատրել այսօրվա Ավետարանից՝ այն հարցի վերաբերյալ, որ տվեց մեր Տերը աշակերտներին և այսօր տալիս է մեզ՝ անհիմն վիճաբանողներիս՝ թե «Իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում», որ Իմ ձայնը չէիք լսում այդ աղմուկի մեջ, որ ասում էի՝ առաջինները վերջիններ պիտի լինեն:
Իսկ ես՝ ձեզ ասում եմ, մնացեք սիրով, երբեք մի վիճեք առաջինը լինելու համար, դուք ձեր ծառայությունը բերեք ձեր աշխատանքի մեջ, Աստված է, որ ձեր տեղերը որոշում է:
Այսօրվա հարցը՝ Հիսուս Քրիստոս ի՞նչ ասաց աններելի մեղքի համար, ո՞րն է այդ մեղքը, որ չի ներվելու: