ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սորվեցո՛ւր մեզի, ո՜վ Տէր, որ տեսնենք եւ օգտագործենք ծառայութեան ամէն պատեհութիւն. տանք՝ առանց փոխարժէքը հաշուելու, պայքարինք՝ առանց վիրաւորուելու, աշխատինք՝ առանց հանգիստ փնտռելու, ծառայենք՝ առանց վարձատրութիւն ակնկալելու. այն գիտակցութեամբ՝ թէ Քու կա՛մքդ է որ կը կատարենք: Ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 17.1-10
Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւնը չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգայ: Նրա համար լաւ կլինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղէր: Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար: Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան: Եւ եթէ եօթ անգամ մեղանչի քո դէմ եւ եօթ անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէք՝ “Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ”, նա իսկ կհնազանդուի ձեզ: Իսկ ձեզնից ո՞վ է, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկոյն. “Անցիր, սեղա՛ն նստիր”. այլ նրան չի՞ ասի. “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ ու խմեմ, եւ ապա կուտես եւ կխմես դու”: Մի՞թէ տէրը շնորհապարտ կլինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ “Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, այն արեցինք”»:
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ: Առաջին գործը, որ պետք է կատարի ամեն քրիստոնյա, արթնանալուց հետո, Աստծուն փառաբանելն է: Հրեա ազգի մեջ գեղեցիկ սովորություն կա, որ արթնանալիս ասում են.- Փա՛ռք Քեզ Աստված, որ իմ հոգին նորից վերադարձրիր ինձ: Եթե Աստված մեր հոգին վերադարձրել է մեզ, ուրեմն դեռ ակնկալիք ունի մեզնից, գիտի, որ մի անավարտ գործ ունենք թողած, մի մեղք ունենք չխոստովանած, մեկը կա որին չենք ներել, կամ մեկին պետք է օգնեինք, անտեսել ենք: Յուրաքանչյուր օր մի նպատակի համար է տրվում մարդուն:
Այս առավոտ ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր ճանապարհներում Աստծուն ունենաք ձեր աչքի առջև, և ինչ գործ էլ որ անեք, Սուրբ Գրքի վկայությամբ նախաձեռնեք, որպեսզի ձեր այսօրը Աստծուն հաճելի լինի և ձեզ խաղաղություն բերի:
Այսօրվա Ավետարանի պատգամը նույնպես բավական խիստ պատգամ է: Վա՛յ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը, որի գալը անխուսափելի է: Զգո՛ւյշ եղեք,- ասում է Տէրը,- ձեր անձերի համար: Զգո՞ւյշ ենք մենք մեր անձերի նկատմամբ: Երբե՛ք:
Սիրելիներ, քանի որ այսօր կիրակի է, Տերունական օր է, խոսենք կիրակի օրվա մեր պարտականությունների մասին, թե որքանո՞վ ենք մենք զգույշ մեր անձերի համար: Տէր Հիսուս Քրիստոս խոսում է գայթակղությունների մասին, և զգուշացնում է նաև մեզ: Կիրակի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Ձեզնից շատերը մասնակցում են Պատարագին, ժողովրդի մեծամասնությունը անտեսում է Պատարագը՝ իր կենցաղային գործերի պատճառով և իրեն մերժված է համարում Տիրոջ ընթրիքի սեղանից: Խորհրդավոր ընթրիքի կատարումը Տիրոջ պատվերն է, և հրավերն էլ Տիրոջից է: Նախորդ կիրակի մենք անդրադարձանք մեծ խնջույքի առակին, որտեղ հրավիրվածները հերթով մերժում էին ընթրիքի հրավերը և տան տերը բարկացած կանչեց քաղաքի և հրապարակների կաղերին ու կույրերին, աղքատներին ու խեղանդամներին, և պատահական մարդկանցով լցրեց իր տունը, որպեսզի ճաշակեն իր ընթրիքից, քանի որ ընթրիքը բարի նպատակով էր պատրաստած: Բարկացած տանտերը խոստացավ, որ հրավերը մերժողներից և ո՛չ մեկը չի ճաշակելու իր ընթրիքից:
Հրավերը մերժողների մասին իմացանք, որ զրկվեցին տիրոջ ընթրիքը ճաշակելու երանությունից: Հիմա անդրադառնանք նրանց, որոնք ամեն կիրակի Պատարագին ներկա են Տիրոջ Խորհրդավոր ընթրիքին, գիտեն ավետարանական այդ դրվագները, հիշում են, որ սեղան նստելուց Տէր Հիսուս ասաց.- «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»։
Եկեք միասին անդրադառնանք այս մտքին և միասին վերլուծենք, հասկանալու համար, պատարագի մասնակիցները որքանով են կենտրոնանում այս տողի վրա, որը առնչվում է ամեն քրիստոնյայի, որը ներկա է պատարագին:
Տէր Հիսուս այս խոսքերը ասաց իր մտերիմներին, Իր աշակերտներին՝ որոնք Իր շուրջն էին և իրեն հավատում ու սիրում էին; Այսինքն Հիսուս Քրիստոսի մտավախությունը իր մտերիմներից էր, ոչ թե դրսի մարդկանցից; Քանի որ չասաց, թե փարիսեցիներից մեկն ինձ մատնելու է, այլ ասաց ձեզնից մեկն ինձ մատնելու է: Երբևէ մտածե՞լ ենք, որ այդ մեկը մեզնից յուրաքանչյուրն է, որը հավատում է, սիրում է, Տէր Հիսուսին, նույնիսկ ամեն կիրակի պատարագին մասնակցում է; Պատարագի ընթացքում երբևէ ասո՞ւմ եք ձեր մտքում, «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»։ Չէ որ Հիսուս Քրիստոս վտանգը տեսնում էր իրեն հավատացողների մեջ: Սա շատ կարևոր պատասխանատվություն է, որ պետք է ունենա ամեն քրիստոնյա, որը հաղորդվում է Տիրոջ Սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ; քանի որ մեր Տերն ասում է, ով իր ձեռքը ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է, որ մատնելու է ինձ: Նաև նա կարող է մատնել, որը Սուրբ Գրքերը գիտի: Այլ խոսքով ասած, թշնամին երբեք չի մատնում, մատնում է ընկերը, բարեկամը, որը որ Իր կողքին է: Իր արյունով փրկվածները կարող են իրեն մատնել: Թշնամին պայքարում է դեմ առ դեմ, որովհետև թշնամի է: Իսկ ընկերն ու բարեկամը մատնում է թիկունքում, ծածուկ, երբ մենք քնած ենք: Եվս մի կարևոր զգուշացում է անում Տէր Հիսուս Քրիստոս, ասելով,- Մարդու Որդին գնալու է այս աշխարհից, ինչպես որ գրված է, բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի մարդու Որդին: Ավելի լավ կլիներ, որ նա ծնված չլիներ: Այս խոսքերը մենք իրավունք չունենք մոռանալ, ո՛չ միայն Պատարագի պահին, այլ առհասարակ մեր ողջ կյանքում: Նույնիսկ Հուդան հարցրեց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր։
Մարդու Որդին մատնվում է նաև այսօր այնքան անգամ, որքան անգամ, որ անտեսվում է Ավետարանի խոսքը: Մատնվում է ո՛չ թե այլոց, այլ քրիստոնյաների ձեռքով:
Հիշենք, որ մենք մի փոքրիկ աղոթք էինք անում Ավետարան ընթերցելիս: Աղոթենք.
Տէ՛ր մեր և Աստվա՛ծ մեր, ների՛ր մեր մեղքերը, և ամենօրյա մեր մատնությունը, որ կատարում ենք Քո հանդեպ, անտեսելով Քո խոսքը, մոռանալով, երբեմն գիտակցաբա՛ր, երբեմն՝ ա՛նգիտակցաբար: Ների՛ր մեզ, Տէր, քանի որ ամեն անգամ, երբ զգում ենք մեր մեղանչումը հայտնվում ենք խղճուկ վիճակի մեջ: Բայց Քոնն ենք մենք: Միայն Դո՛ւ կարող ես մեզ ներել 70 անգամ 7 և նույնիսկ առավել: Մենք ո՛չ միայն մատնում ենք, այլ երբեմն կրկին խա՛չն ենք հանում Քեզ: Օրհնի՛ր մեզ, որպեսզի Քեզ հիշենք ո՛չ միայն կիրակի օրերը՝ Պատարագին, այլ ամեն ժամ ու ամեն վայրկյան: Մաքրիր մեր սրտեր Քո կամքով, և մնա մեզ հետ Քո հավիտենական սիրով, որը չի վերջանում, աղաչում ենք Քեզ, մեր Տէր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս:
Տէր Հիսուս գիտեր, որ Իրեն մատնելու են, բայց օրհնեց և տվեց բաժակը բոլորին խմելու, որոնք պիտի մատնեին և ո՛չ միայն մեկ անգամ: Հնարավորություն է տալիս, որպեսզի այս խորհուրդով միշտ հիշեն Իր խոսքերը:
Նույնպես և մեզ է տալիս այդ հնարավորությունը՝ ամեն կիրակի, որպեսի հիշենք Իր խոսքերը, և զգույշ լինենք մեր անձերի համար, որ զգուշացնում է մեր Տերը այսօրվա Ավետարանում: Որքանո՞վ ենք մենք պատասխանատու այս խոսքերի հանդեպ, և որքանով ենք մենք զգույշ մեր անձերի հանդեպ: Նոր ուխտի արյունը թափվել է համայն մարդկության մեղքերի թողության համար, և համայն մարդկությունը այսօ՛ր հնարավորություն ունի գտնելու փրկության դուռը, որովհետև դրան սպասում է տիեզերքի Արարիչը՝ և սպասում է ամեն մարդու փրկության: Թափվեց Անարատ արյունը, որպեսզի մենք այլ կյանքով ապրենք՝ փրկվելու համար: Իսկ մենք ճաշակում ենք Մարմինը, ըմպում ենք Արյունը, և շարունակում ենք ապրել մեղքերի մեջ: Այստեղ մի հարց տանք մեզ: Մեզ վերաբերո՞ւմ է Տիրոջ ասած վա՛յը, որ տվեց նրան, որի ձեռքով գալու է գայթակղությունը: Ամենքս մեր մտքում պատասխանենք և զգույշ լինենք մեր անձերի նկատմամբ:
Ինչո՞ւ ես ձեզ խոսեցի այսօր այս թեմայի շուրջ, քանի որ շատ քրիստոնյաներ սովորության ուժով մասնակցում են Պատարագին, հաղորդվում են առանց խորը վերլուծության, առանց այս ծանր խոսքերը հիշելու: Եվ որ ամենավտանգավորն է, Պատարագից անմիջապես հետո շարունակում են ապրել նույն կյանքով ինչ որ Պատարագից առաջ: Ամեն մի բառը որ գրված է Ավետարանում, այսօ՛ր պետք է կատարել, այսօ՛ր պետք է թողնել մեղքը, քանի որ վաղվա Տերն է Աստված: Ամենակալ Աստված գիտեր, որ մենք մատնելու ենք Իր Որդուն, բայց մարդուն բարիք պարգևելու համար արտոնեց, որ Իր Որդին խաչը բարձրանա: Որպեսզի մենք միմյանց սիրեն և Աստծուն սիրենք:
Ապա նայենք մեր շուրջը, ի՞նչ է կատարվում: Ինչի՞ ենք մենք արժանի այսօր, որ այսքան տրտնջում ենք:
Հրապարակներում, փողոցներում, տներում, եկեղեցիներում մարդիկ աղմկում են և չեն լսում Աստծու ձայնը, որն ասում է, Հայ՛ր, ների՛ր նրանց, քանի որ չեն հասկանում ինչ են անում:
«Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»։ Այս խոսքերը այսօր էլ մեզնից պահանջվում է: Աստված պահահջում է որ արթուն մնանք հոգևոր կյանքի մեջ, որպեսզի փորձության մեջ չընկնենք:
Իսկ մենք խորը քնից չենք արթնանում, բավական չէ, արթուն ժամանակ էլ մերժում ենք Աստծու խոսքը, ականջները տրամադրելով ստին, կեղծիքին, խաբեությանը, անարդարության քարոզիչներին:
Սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք նորից վերլուծեք ձեր այսօրվա լսածը, վերհիշեք ձեր պատարագների մասնակցությունը, ձեր անձերի նկատմամբ ցուցաբերած զգուշությունը և Աստծու խոսքի հանդեպ ունեցած ձեր պատասխանատվությունը: Իմ պարտքն է ձեզ բացատրել այս բոլորը, ձեր պարտքն է մտապահել և կատարել, Աստծու պարտքն է տեսնել և ներել: Իսկ բոլորիս պարտքն է փառաբանել Աստծու Սուրբ Անունը, որը այսչափ ողորմած է մեր հանդեպ՝ այսքանից հետո:
Աստված հոգևոր Դոնոր է աշխարհի համար, Որի կենսական Արյունը համընկնում է բոլոր կարգի արյունների հետ, և բուժում է բոլոր հիվանդությունները: Աստված փնտրում է իր հիվանդներին, սակայն հիվանդ մարդիկ քնած են այնպես, ինչպես որ Գեթսեմանի պարտեզում չկարողացան արթուն մնալ աշակերտները: Աստված այսօր էլ փնտրում մարդկանց, որոնք կընդունեն Իր Փրկչական Արյունը, և կբուժվեն:
Այսօր էլ մեր եկեղեցում նույն քնած վիճակն է՝ ինչպես ժողովրդի, այնպես էլ հոգևոր դասի մեծամասնության մոտ: Հոտը կորցրել է փարախի դուռը, և նույնիսկ անհանգիստ չէ դրա համար: Հովիվն էլ չի փնտրում կորած ոչխարը:
Հարցեր կան, որոնք օդում կախված են մնացել. Օրինակ՝ Ինչո՞ւ խաչվեց Քրիստոս: Իմ կյանքը նմա՞ն է Քրիստոսի կյանքին: Ես հետևո՞րդ եմ Քրիստոսին: Ես մտահո՞գ եմ իմ փրկության համար: Այսօրվա մեր դասը զգուշությունն է՝ մեր անձերի նկատմամբ:
Մնացեք սիրով՝ օրական մի նախադասություն կարդացեք Ավետարանից, բայց հասկացեք, թե ի՞նչ է ուզում ձեզնից ձեր Տէրը, և դուք որքանով եք պատրաստ կատարելու:
Այսօրվա հարցը. Գրե՛ք, որո՞նք են եկեղեցու յոթ խորհուրդները: