ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին:
Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 9.39-10.10
Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհ, որպէսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. «Մի՞թէ մենք էլ կոյր ենք»: 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք, եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: 6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի. կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի: 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ առաւել եւս ունենան:
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ: Իմ առավոտյան մաղթանքը ձեզ նույնն է, ուղղակի տարբեր ցանկություններով:
Այսօր մաղթում եմ ձեզ երեք բարի գործ, որոնք պատվական են Տիրոջ առջև: Առաջին՝ գոհությամբ ընդունեք փորձությունները, նրանք համբերություն են առաջացնում: Երկրորդ՝ սրբությամբ կատարեք ձեր գործը Տիրոջ առջև, ո՛չ թե մարդահաճությամբ: Երրորդ՝ ամբողջովին հրաժարվեք ձեր կամքից՝ փնտրելով Տիրոջ կամքը: Իմ ծրագրերի գլխավոր նպատակն է ձեր հոգում արթնացնել սերը՝ Աստծու խոսքի նկատմամբ:
Եթե դա հաջողվի գոնե մի քանիսի մոտ, որից հետո արդեն դուք կիմանաք ինչպես ապրել կյանքը՝ Քրիստոսի կամքի համաձայն և կլինեք հոգևոր զինված: Քանի որ թշնամին գիշեր ու ցերեկ պատերազմ է մղում մեր դեմ, ցանկանալով վնասել մեր անմահ հոգին: Այլ խոսքով ասած՝ կատարենք Աստծու պատվիրած գործերը, քանի դեռ ցերեկ է, կգա գիշերը, երբ ո՛չ ոք չի կարող գործել: Եթե աշխարհի խոսափողը մեկ րոպեով տրամադրվեր ինձ, ապա ես միայն մի նախադասություն կասեի .- Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։
Այսօրվա Ավետարանի պատգամը բավական խիստ է, բայց շատ տեղին: Տէր Հիսուս ասում է, «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չե՛ն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են կուրանան»;
Այս խոսքերը ասաց ի ծնե կույրին բժշկելուց հետո; Կույրը շրջում էր և մարդկանց ցույց էր տալիս իրեն՝ որ կույր էր, իսկ հիմա տեսնում է: Բոլորը ճանաչում էին ի ծնե կույրին, տեսան որ նրա աչքերը բացվել է, քանի որ իրենք կույր չէին: Բայց երբեմն ավելի լավ է կույր լինել աչքերով, քան հոգով ու մտքով: Փարիսեցիներից շատերը հարց ու փորձ արեցին բժշկված կույրին և իմացան նրանից, որ Հիսուսն է բուժել և ասացին, որ այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրով է բուժել այս կույրին: Տեսեք, քանի անգամ է նույն սխալը թույլ են տալիս փարիսեցիները՝ շաբաթը գերադասելով մարդուց; Չնայած որ միշտ հիշեցնում էր Տէր Հիսուս:
Տեսնո՞ւմ եք ինչ է նշանակում տեսողություն ունենալ և չտեսնել: Կույրը չէր տեսնում, բայց ազնիվ էր, և բոլորին ասում էր որ ինքն է նախկին կույրը և հիմա տեսնում է և փառավորում է Աստծուն:
Աչքերը բացվելուց հետո նա խոսեց Տէր Հիսուսի հետ դեմ դիմաց, երբ Հիսուս նրան հարցրեց,- հավատո՞ւմ ես Աստծու Որդուն: Իսկ բուժված կույրը, որն արդեն տեսնում էր, ասաց,- Տէ՛ր, ո՞վ է որ հավատամ;
Անկեղծ հարցերին տրվում է անկեղծ պատասխան: Նա է, ով խոսում է քեզ հետ, – ասաց Տէր Հիսուս: Եկավ մեր Տէրը, որպեսզի կույրի աչքերը բացի և բացեց: Բայց նրանք, որոնք իբրև տեսնում էին, փակեցին իրենց աչքերը կամավոր որպեսզի չտեսնեն Աստծո Որդուն; Եվ Հիսուս նրանց ասաց ավելի վտանգավոր է ձեր տեսողությունը, քան այն կույրինը, որ չէր տեսնում, քանի որ դուք տեսնելով հանդերձ հաստատ եք մնում ձեր մեղքի մեջ:
Մենք ստիպված ենք ավետարանական ամեն խոսք, որ դուրս է եկել մեր Տիրոջ բերանից, բերենք մեր կյանքի մեջ, որպեսզի կարողանանք մեր կուրությունը փաստել; Եթե անկեղծ լինենք, ինչքա՞ն կեղծիքի վրա ենք աչք փակել ու փակում, հանո՛ւն ինչ որ մեկի, կամ ինչ որ բանի: Եթե մեկը մեզ այդ պահին ասեր կո՛ւյր, մենք կնեղանայինք, բայց կամավոր կույրի տեղ դրեցինք մեզ: Նույնիսկ նրանք, որոնք այս կույրի բժշկության հրաշքի մասին ժամերով գեղեցիկ քարոզներ են խոսել Սուրբ սեղանից, ինչքա՞ն կեղծիք են տեսնում և լռում, հանուն ինչ որ մեկի, կամ անձնական շահի: Սա էլ կամավոր կուրություն է:
Երկու ամսից ավելի է հայ ժողովուրդը տառապանքի ճանապարհով անցնում է մենակ իր ահավոր ցավի հետ: Հայ ազգը ունի երկու հայրապետ, երկուսն էլ փակել են իրենց աչքերը ժողովրդի ցավի վրա և լռում են դարձյալ հանունների: Ի՞նչ է սա: Չե՞ն հիշում, որ Տէր Հիսուս ասաց, ավելի լավ է կույր լինեիք, քան որ տեսնում եք և հաստատված եք ձեր մեղքերի մեջ:
Եթե հոգևոր առաջնորդները, որոնք ուսյալ, կրթյալ և օծյալ են ու չեն ուզում տեսնել իրականությունը, ապա ի՞նչ սպասել ժողովրդից, որը առավել հաստատված է իր մեղքի մեջ՝ չիմացության պատճառով;
Փորձում ես բարձրաձայնել ցավի մասին, ասում են նրանք օծյալ են նրանց մասին չի կարելի խոսել: Փորձում ես ժողովրդին ասել, որ բացեք ձեր աչքերը և նայեք ճշմարտությանը, քանի որ Հիսուս Քրիստոս հանդիմանեց կույր ձևացողներին, ասում են գայթակղություն կլինի ժողովրդի համար, մի խոսիր: Իսկ Տէր Հիսուս ասում է,- Ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում,
նա գող է ու ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների:
Սիրելիներ, ամեն օր մենք լսում ենք Ավետարանի այս կամ այն պատգամը, մեր լսածը չենք կատարում և հաստատված ենք մնում մեր մեղքի մեջ, չնայած որ լսողություն ունենք, բայց մեզ դնում ենք խուլի տեղ:
Ամեն օր հազարավոր սխալների վրա ենք աչք փակում, չնայած որ տեսողություն ունենք, պատճառաբանելով, որ սա՛ կնեղանա, նրա՛ն դուր չի գա, ինձ ճիշտ չեն հասկանա և այլն:
Իսկ դատաստանի ժամանակ հարցը ուղղվելու է անձամբ մեզ, ասելով՝ եթե կույր կամ խուլ ծնված լինեիր, մեղքը քոնը չէր լինի, բայց դու տեսել ես և քեզ դրել ես չտեսնողի տեղ: Պատասխանիր, ինչո՞ւ:
Ավետարանը մեզ Սուրբ Հոգու տաճար է անվանում: Ըստ Ավետարանի ամեն քրիստոնյա հավատացյալի նպատակը պետք է լինի ձգտել դառնալ տաճար, որտեղ պետք է ապրի Աստված:
Մենք, որ այսչափ կեղծիք ենք ամբարում մեր մեջ ամեն օր, ինչպե՞ս կարող ենք դառնալ տաճար Սուրբ Հոգու համար: Իսկ եթե մենք մեր մեղքերի պատճառով տաճար չենք, ինչո՞ւ ենք մեզ խաբում ամեն վայրկյան Աստծու անունը տալով; Սրանք հարցեր են, սիրելիներ, որոնք դուրս են մեր ուշադրությունից այն պատճառով, որ մենք չենք սիրում հիմնավոր ճշմարտությունը լսել, այլ սիրում ենք, որ մեզ խաբում են ժամանակավոր կեղծիքներով, փափուկ բարձը դնելով մեր գլխի տակ: Բայց մեր փրկության համար ինքներս պետք է պայքարենք և մեր մեղքի համար անձամբ պետք է հատուցենք:
Ամեն օր կարդում ենք, որ չկա ծածուկ բան որ չբացահայտվի և գաղտնի բան որ չիմացվի: Ո՞ւմ է պետք մեր կարդալը, երբ մենք չենք անհանգստանում մեր ծածուկ գործերից: Երբեմն հավատացյալներից հնչում են անմիտ հարցեր. Եթե Աստված կա, ինչո՞ւ է թույլ տալիս, որ այսքան տառապանք կրի մարդը փորձությունների պատճառով; Այս հարցի պատասխանը շատ հստակ է: Աստված նախապես քեզ ասել է, եթե տեսողություն ունես, կույր մի ձևացիր: Իսկ եթե դու կույր ես ձևանում, ու փոսն ես ընկնում, ապա ընկնելուց հետո զղջա արածիդ համար: Եթե չես ուզում զղջալ, մի նեղվիր փոսի մեջ ընկնելուդ պատճառով:
Աստված մարդուն չի պատժում երբեք, եթե մարդը իրեն չպատժի իր անհնազանդությամբ և կամակորությամբ; Միթե որևէ մեկը լոգանք կընդունի 60 աստիճան ջրում, անշուշտ ո՛չ: Ինչո՞ւ: Որովհետև այրվածք կստանա; Ուրեմն Աստված աչք է տվել որ տեսնենք Իր ստեղծագործությունները և հիանանք, իսկ մեր աչքը նայում է պիղծ բաների և ընկնում է գայթակղության և մեղքի մեջ: Մեզ ականջ ականջ է տվել, որ լսենք Իր խոսքը և ներդաշնակ ապրենք Իր հետ: Մեր ականջը առավոտից երեկո լսում է բամբասանք և հայհոյություն և մնում է մեղքի մեջ, մոռանալով, որ առաջին մեղքը ականջով մտավ: Այսպես շարունակ մեր մնացած զգայարաններով մեղանչում են և չենք տեսնում, չնայած որ աչքեր ունենք: Ամեն օր լուրերից լսում ենք աշխարհի արհավիրքների մասին, պատերազմների մասին, դավաճանությունների և կեղծիքների մասին:
Լսում ենք և չենք անհանգստանում Ավետարանի զգուշացումների համար, որովհետև ամեն ինչ մեզ համար դառնում է սովորական, նույնիսկ Աստծու խոսքը: Առաքյալն ասում է, քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն, լցված լինեն ամենայն անիրավությամբ; Որովհետև Աստծու խոսքը լսողները չեն, որ արդար են Աստծու առջև, այլ խոսքը կատարողները պիտի արդարանան: Ես հույս ունեմ, որ մեզ լսողների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք ամենայն լրջությամբ կխորհեն այս մտքերի մասին և ժամ առաջ քննության կդնեն իրեն անձերը և ժամ առաջ կշտկեն իրենց հոգու զորությունների դասավորությունը՝ բանականությունը միշտ պահելով նախապատիվ տեղում, իսկ ցասմնականն ու ցանկականը նրանից ներքև:
Մնացեք սիրով՝ ձեր մյուռոնով օծված աչքերն ու ականջները ծառայեցնելով իրենց նպատակին: Առաջնորդվենք սաղմոսի խորհրդով, որն ասում ՝ Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք։
Այսօրվա հարցը՝ Սադուկեցիները ինչի՞ն չէին հավատում.