ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Ողորմի՛ր, Տե՛ր, մեղավորիս, անթիվ բազմությամբ հանցավորիս, և ապաշխարությամբ դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ ինձ արքունական փառքի մեջ: Առաջնորդի՛ր ինձ՝ Քեզ մոտ գալ վերին ճանապարհով, քանզի եթե Դու չառաջնորդես ինձ, ես չեմ կարողանա գալ:
Որովհետև Դո՛ւ իսկ հրամայեցիր, թե՝ «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չկանչի նրան»: Եվ արդ, Տե՛ր իմ գթած, մի՛ հիշիր իմ բազում պիղծ մեղքերը և մի՛ անտեսիր մնալ նույն չարիքի մեջ և դեգերել աշխարհիկ կյանքում, այլ, ինչպես փախած ծառայի ետևից ընթանալով, այնպես ինձ ե՛տ բեր և թողությո՛ւն տուր իմ հանցանքներին ու հաղո՛րդ դարձրու Քո սուրբ կամարարներին, և նրանց հետ գոհանալով պիտի փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 15.1-7
Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ:
Բարի լույս ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ, հայրեր և մայրեր, Աստված մեզ պարգևեց բարի լույսը, մենք էլ մեր հերթին մի բարիք գործենք մարդկանց համար, թող երկրի օդը ատելությունից փոխվի սիրո:
Սա է մեր Տիրոջ կամքը իր բոլոր խոսքերի մեջ: Այսօր Ղուկաս ավետարանիչը մեզ պատմում է, որ Հիսուս Քրիստոսին դարձյալ հանդիմանում են փարիսեցիներն ու օրենսգետները այն բանի համար, որ Նա ընդունում է մեղավորներին և մաքսավորներին, բավական չէ, նաև հաց է ուտում նրանց հետ: Իսկ օրենքի ուսուցիչներին հակառակ, մեղավորներն ու մաքսավորները ձգտում էին մոտենալ և լսել Հիսուս քրիստոսին: Զարմանալի հակասություն է տեղի ունենում այստեղ: Նրանք, որոնք կարդացած են և տեղյակ են գրքերին ու մարգարեություններին, գիտեն Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, նրանք են խանգարում նպատակի իրագործմանը: Տէր Հիսուս աշխարհ էր եկել կորած ոչխարը գտնելու համար: Կորած ոչխարները կամավոր գալիս են իրենց փնտրողի մոտ, իսկ նրանք, որ կոչված են ոչխարներին առաջնորդելու խանգարում են այդ հանդիպումը:
Իսկ Պողոս առաքյալն ասում է, աղոթեք մեզ համար, որպեսզի Աստծու խոսքը առաջ գնա, և փառավորվի ամեն տեղ, որպեսզի փրկվենք անօրեններից և անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հավատ ունեն: Պողոս առաքյալը իր անձը անտեսելով կամենում է Աստծու խոսքը առաջ տանել և փառավորել ամեն տեղ: Իսկ օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները հակառակն են անում: Իրենց փառքը առաջ տանելու համար, չեն ուզում, որ Աստծու խոսքը փառավորվի մեղավոր մարդկանց բերանով և նրանց դարձի միջոցով: Ավետարանիչն ասում է մեղավորներն ու մաքսավորները Նրա մոտ էին եկել, որ լսեն Նրան; Հիմա անդրադառնանք մեղավորին ու մաքսավորին: Մաքսավորի աշխատանքը բոլորիդ էլ ծանոթ է, եկամտաբեր աշխատանք է, կարծես թե ապես ապահովված մեկն է, իր կարիները առանց դժվարությամբ կարող է հոգալ: Պարզվում է նյութապես ապահովված լինել, դեռ բավական չէ խաղաղ և ուրախ ապրելու համար, մի ուրիշ բան է պակասում իրենց, որ փնտրում են Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ՝ մխիթարվելու համար;
Սա է կորած ոչխարը, որին փնտրելու էր եկել Հիսուս Քրիստոս: Կամ այն մեղավոր մարդը, որը եկել էր Հիսուսին լսելու: Մենք չգիտենք Ավետարանը ինչո՞ւ է նրան մեղավոր անվանում, հավանաբար նա ևս հավաքական կերպար է, որ պետք է հասկանալ այդ ձևով;
Մեկ այլ գլխի մեջ ասում է քաղաքում մի մեղավոր կին կար: Այսինքն մեղավորը այն մարդն է, որը ապրում է իր կամքով, իր հաճույքի համաձայն, ինչ որ կամենում է անել, անում է առանց հաշվետու լինելով որևէ մեկին; Սակայն այս տեսակ մարդն էլ ուրախ չէ իր ապրած կյանքով, սրան էլ մի բան չի հերիքում որ ուրախ լինի, խաղաղ լինի և իր հետ ներդաշնակ լինի: Այդ ներդաշնակությունը փնտրում և գտնում են Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ, այդ խոսքը դարձնում են իրենց սեփականությունը և այդ խոսքի զորությամբ է, որ ազատվում են իրենք մեղքերից, հրաժարվում են իրենց ունեցվածքից, ինչպես Զաքեոսը արեց՝ ունեցվածքը բաժանելով, և Տէր Հիսուս ասաց, – այսօր այս տանը փրկություն եղավ:
Սա է Հիսուս Քրիստոսի նպատակը, որպեսզի մեղավոր մարդիկ լսեն իրեն, դառնան իրենց սխալ ընթացքից և այդ տանը փրկություն լինի: Հարուստ մարդը եթե մի աղքատ ընտանիքի հոգսը վերցնի իր վրա և ապրեցնի նրանց, նրա վարձը չի կորի և իր արածի համար կփառավորվի Աստծու անունը, ինչպես որ ասաց Պողոս առաքյալը:
Սիրելիներ, Պողոս առաքյալը փայլուն օրինակ է մեզ համար և՛ մեղավորների մեջ, և դարձի եկածների մեջ: Կրթված էր Պողոս առաքյալը, բայց հալածում էր քրիստոնյաներին: Չէր զգում իր սխալը և հաստատվել էր այդ մեղքի ու անօրենության մեջ, չնայած որ լսել էր Հիսուս Քրիստոսի մասին: Տեսել էր նաև Ստեփանոս նախավկային ու լսել էր նրա ճառը, բայց հիմնավոր չէր համարել այնքան ժամանակ, մինչև Տէրը հայտնվեց իրեն դամասկոսի ճանապարհին: Կտրուկ շրջադարձ եղավ նրա կյանքում: Սա է վերստին ծնունդը, սա է նոր մարդը՝ Քրիստոսով, որի կրթությունը նպաստեց, որ դառնա ընտրյալ անոթ՝ Քրիստոսին քարոզելու համար: Իսկ օրենքի ուսուցիչները և քահանայապետները թեպետ անձամբ էին լսում Քրիստոսին, ներկա էին Նրա քարոզությանը, բայց նրանց սրտում չկատարվեց այդ շրջադարձը: Հիմա պարզ դարձավ, որ Հիսուս Քրիստոս կրթություն չի փնտրում, այլ մաքուր սիրտ: Գիտություն կարելի է ձեռք բերել ջանքերի շնորհիվ, բայց մաքուր սիրտ ունենալու համար զորավոր հավատք է պետք:
Գրիգորի Պալաման, որը եպիսկոպոս աստվածաբան և փիլիսոփա էր Թեասղոնիկեի եկեղեցում 13 րդ դարի, շատ տպավորիչ միտք է ասում Աբրահամի հավատքի վերաբերյալ:
Աստված, – ասում է եպիսկոպոսը,- մարդկության մեջ գտավ մի մարդ, որը իր զավակին չխնայեց զոհաբերել Աստծուն: Հետևաբար Աստված այլ բան չարեց, քան Իր Միածին Որդուն տվեց զոհաբերության մարդկության փրկության համար: Աբրահամը կոչվեց ազգերի Նախահայր: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, – ասում է եպիսկոպոսը,- որոնք ասում են, թե՝ այս կամ այն գիտությունը չեն հասկանում, կամ բարձրագույն մաթեմատիկան չեն հասկանում: Դո՛ւ, ով մարդ, անտեսիր բոլոր այդ գիտությունները, որոնք ջանքերի շնորհիվ հասկանալի կդառնան: Եթե կարող ես, դու Աբրահամին հասկացիր, եթե՛ կարող ես;
Հետևաբար սիրելիներ, մեզ՝ այսօրվա քրիստոնյաներիս պետք է խորապես հասկանալ քրիստոնեության առավելությունը մյուս կրոնների համեմատ և մաքուր սիրտ ունենալ Հայր մեր աղոթքի մեջ խնդրածներիս վերաբերյալ: Եթե Աստվածաշունչը բոլորը չեն կարդում ամեն օր, ապա վստահ եմ, որ բոլոր Հայր մեր աղոթքը ասում են մի քանի անգամ նույնիսկ:
Քրիստոնեությունը հայրության կրոն է, ինչպես ասում են հայրերը, իսկ Հայր մեր աղոթքը՝ աղոթքն բոլոր աղոթքների, որը նաև շնչառություն է, սրտի բաբախ է, և ուղիղ կապ է աղոթքը սովորեցնողի հետ, իսկ աղոթքից հետո զգում ենք Հարազատություն, վստահություն, հավատ, մտերմություն, և ջերմություն.
Մենք Սուրբ բառը հաճախակի չենք օգտագործում, և ասում ենք բացառիկ դեպքերում, երբ աննկարագրելի մի բան է: Երբ ասում ենք թող Քո անունը սուրբ լինի, նշանակում է կամենում ենք որ Աստծու անունը սուրբ տեսնենք ամեն ինչի մեջ ինչ որ շրջապատում է մեզ: Ո՛չ միայն կրկնեմ այս խոսքերը, այլ թող իմ մեջ ամեն ինչ սուրբ պահեմ Քո անունով:
Աստվածաշունչը առաջինը խոսում է Աստծու արքայության մասին համարյա բոլոր առակներում, և ասում է մոտեցել է Աստծո Արքայությունը. Մենք կորցրել ենք այդ արքայությունը; Նաև ասում է ձեր մեջ է Աստծու արքայությունը. Սա հանդիպում է մարդու և Աստծո միջև: Աստված կամենում է, որ ամեն միայնակ մարդ իր սրտում ունենա Աստծու թագավորությունը:
Մենք ուզում ենք որ երկրի վրա էլ մեզ թագավորի Աստծու կամքը, ոչ թե մեր: Նույնիսկ հավատացյալը, որ հավատում է, երբեմն մոռանում է այս տողը: Քրիստոս ասում է մոռացիր ամեն ինչ՝ իմ հետևից գալու համար, դրա համար հեռանում էին նրանից, որ չէր կատարում իրենց կամքը: Նա կերավ, խմեց մեղավորի ու մաքսավորի հետ, ներեց պոռնիկին ,մենք էլ բոլորս ուզում ենք որ Աստված կատարի մեր ցանկությունները, մեր կամքը, իսկ եթե հանկարծ չի կատարվում, կարող ենք հեռանալ նրանից: Իրապե՞ս մենք ուզում ենք Աստծու կամքը: Որտ՞եղ են մեր գանձերը այսօր: Որտե՞ղ է մեր սիրտը՝ գանձե՞րի մոտ, թե՞ Աստծու:
Մարդը սնվում է Աստծու պարգևով, նա չի ապրում ուտելու համար, այլ Աստծու պատկերը պահելու համար և տիրելու աշխարհին; Սնունդով մտավ մեղքը, Ադամը հավատաց, որ կդառնա Աստված և կազատվի Աստծուց, և դարձավ ծառա մեղքին: Ոչ միայն հացիվ, ասաց Տէրը. Նա նոր ուտելիք տվեց մարդուն, որն իր Մարմինն ու Արյունն է:
Տէր Հիսուս ասում է մինչև դուք չթողնեք, ձեզ չի թողնվի երկնքում. Մարդը կարող է ոչ մի մեղք չգործել, բայց խիղճը հանգիստ չլինի, անվերջ մեղքի զգացումը հանգիստ չտա մարդուն. բավական չէ, միայն վատ բան չանել, այլ բարություն չանելը իրական մեղք է: Սա մեր ամենավտանգավոր մեղքն է, որ ասում ենք վատ բան չեմ արել, և չենք ասում որ լավ բան էլ չեմ արել: Մեր աղոթքները նրա համար են, որ Աստված մեր խիղճը մաքրի և բարոյական մաքրում լինի մեր խղճին և մենք ունենանք ներող հոգի ու մաքուր սիրտ:
Քրիստոսի փորձությունը հաղթանակ էր չարին. մենք նույնպես օգնությունն ենք խնդրում Աստծուց, որ ուղարկի մեզ՝ փորձության մեջ եղած ժամանակ. Եթե ամեն ինչ խնդրում ենք Աստծուց, ուրեմն առանց երկմտության պետք է հետևենք Նրա խոսքին, Որը եկավ թագավորությամբ, հաղթեց մահին, հաղթեց աշխարհին և գալու է կրկին նույն փառքով:
Սիրելիներ, մենք լինեք այն ապաշխարող մարդկանց մեջ, որոնց մասին մեր Տէրը խոսում է այսօրվա ընթերցվածքի մեջ:.
«Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ»:
Մնացեք սիրով՝ մաքուր խղճմտանք ունեցեք, ներող սիրտ ունեցեք և կապրեք խաղաղ՝ նույնիսկ խառնաշփոթի մեջ: Այս վստահությունը մեզ փոխանցել է մեր Տէր Հիսուս Քրիստոս:
Այսօրվա հարցը. Ո”վ ասաց,- Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ: (Դավի՞թը, Կայե՞նը, թե՞ Հովսեփ).