ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12
1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ: Մենք, որ այսօր արթնացանք կրկին, ուրեմն մի առաքելություն ունենք անելու, որ Աստված մեզ այսօր էլ կյանք պարգևեց: Մեր առաջին պարտականությունը Աստծուն փառաբանելն է, գոհություն հայտնելն է, և Իր կամքը խնդրելն է՝ մեր առաջիկա օրը սկսելու համար: Հիշո՞ւմ եք Ծննդոց գրքից, որ Նոյը Տապանից դուրս եկավ, նրա առաջին գործը եղավ զոհասեղան շինելը՝ և Աստծուն զոհ մատուցելը: Նոյը գնահատեց Աստծու ծրագիրը իր կյանքի մեջ և փառաբանեց Աստծուն: Այսօրվա մեր ընթերցվածքը Մատթևոսի Ավետարանից է: Մատթևոսը չորս ավետարանիչներից մեկն է, որի գրած Ավետարանը առաջինն է Գրքում: Նախորդ սերտողության մեջ մենք անդրադարձանք, որ Մատթևոսը մաքսավոր էր և Հիսուս նրան ընտրեց, որպեսզի մարդկանց քարոզի Իր վարդապետությունը:
Թե ի՞նչ դժվարությունների հանդիպեց Մատթևոսը քարոզության ժամանակ, իր միջավայրում, Ավետարանը մեզ բան չի ասում, բայց մենք կարդում ենք հենց իր ավետարանում, երբ Տէր Հիսուս աշակերտներ է ընտրում, իր անվան դիմաց գրված է Մատթևոս՝ մաքսավոր: Չի թաքցրել իր մաքսավոր լինելու հանգամանքը իր գրած Ավետարանում;
Մաքսավոր անունը գրել է իր անվան կողքին, որպեսզի կարդացողի համար պարզ դառնա, որ ինքը թողել է իր նախկին եկամտաբեր աշխատանքը, մաքսավորից դարձել է ավետարանիչ: Մատթևոսը միակն է, որ իր Ավետարանում այդքան մանրամասն ներկայացնում է Հիսուսի ազգաբանությունը;
Մատթևոսի Ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ազգաբանությամբ, այնուհետև պատմում է Նրա ծնունդը, մոգերի երկրպագությունը, փախուստը Եգիպտոսից, Հովհաննես Մկրտչի քարոզությունը, Հիսուսի մկրտությունը, փորձությունը՝ անապատում և Գալիլիայի քարոզությունը: Այս բոլոր իրադարձությունների մասին գրված է շատ համառոտ, ընդամենը առաջին չորս գլուխներում է պատմում այս բոլոր դեպքերի մասին; Սակայն մենք հետագայում հասկանում ենք, որ ամեն մի իրադարձության մասին կարելի էր մի առանձին գիրք գրել: Բայց Մատթևոսի, ինչպես նաև մյուս ավետարանիչների գլխավոր նպատակն է ներկայացնել Հիսուս Քրիստոսին, Նրա աշխարհ գալու նպատակը, Նրա ծառայությունը, չարչարանքը, խաչելությունը, թաղումը, հարությունը, համբարձումը և Նրա Երկրորդ Գալուստը:
Բոլոր ավետարանիչների գրքերում, ինչպես նաև Հին Կտակարանում կարմիր թելի պես երևում է Հիսուս Քրիստոսի եկած ճանապարհը, որը տանում է դեպի մարդկության փրկություն: Քրիստոնյայի կյանքի կարևոր նպատակը պետք է լինի այն, որ իր արարքների պատճառով չկտրի այդ փրկության թելը՝ որ տանում է դեպի Հիսուս Քրիստոս: Համայն մարդկությունը Մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը սպասման փուլում է գտնվում Աստծու մեծ ողորմության շնորհիվ, ո՛չ թե իր քրիստոնեական կյանքի, և այս սպասման ժամանակահատվածը բխում է միայն մարդու շահերից: Տէր Հիսուս Իր փրկագործական ծրագիրը իրականացրել է, և դրան հասնելու ճանապարհները ցույց է տվել մեզ, սպասման ժամանակը անհայտ է թողել մեզնից: Բայց երանելի է անվանել նրան, որը միշտ պատրաստ կլինի Տիրոջը դիմավորելու ցերեկ, թե՛ գիշեր:
Ավետարանիչը պատմում է, որ Հովհաննես Մկրտիչը արդեն բանտարկվել էր, բոլորիս հայտնի պատճառով, և Տէր Հիսուս լսելով այդ լուրը, թողնում է Իր բնակավայր՝ Նազարեթը և մեկնում է Գալիլիա՝ և բնակություն հաստատում Կափառնաում քաղաքում: Հիսուս Քրիստոս զգաց պահի լրջությունը: Հովհաննես Մկրտիչը ձեռբակալված է, ժողովուրդը կարիք ունի արդարության խոսքի, իսկ չարագործների համար պիղծ է արդարությունը և սուրբ գործը: Ժամանակն էր, որ կատարվեր Եսայի Մարգարեությունը այն մասին, որ խավարի մեջ նստած ժողովուրդը պետ է լույս տեսներ, և լույսը պետք է ծագեր նրանց վրա, որոնք նստած էին մահվան ստվերների մեջ: Իսկ Գալիլիայի մասին ասվում է, որ նրանում բնակվող մարդիկ անուս էին և Գալիլիան հեթանոսների քաղաք էր:
Մեր Տէրը սկսեց իր քայլերը Գալիլիայի ծովեզերքով, որտեղ և հանդիպեց Սիմոն Պետրոսի և նրա եղբորը՝ Անդրեասին, որոնք ձկնորսներ էին; Լույսը հասավ նաև այս եղբայրներին, և նրանք լուռ հետևեցին Նրան: Այնուհետև շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերում, քարոզում էր արքայության Ավետարանը, բժշկում էր ժողովրդի մեջ եղած հիվանդությունները, միաժամանակ ընտրելով իր համար աշակերտներ:
Ժողովրդի բազմությունը տեսանելի էր Իր համար, նրանց հոգևոր կարիքները նույնպես տեսանելի էր: Նա լեռը բարձրացավ, ու սկսեց ուսուցանել նրանց; Սա այն քարոզն էր, որը կոչվեց Լեռան քարոզ և դարձավ մարդկության համար բարոյական կյանքի օրենսդրություն: Պատկերացրեք մի միջավայր, ուր ժողովուրդը անուս են, գերակշռող մասը հեթանոսներ են և խավար է տիրում այդտեղ հոգևոր իմաստով: Քարոզում էր ժողովրդի բազմության համար և նրա ձայնը լսելի էր ամենքին; Մենք նախորդ անգամ լեռան քարոզի սերտողության ժամանակ անդրադարձանք, որ ոչ մի հատուկ պայման չկար քարոզելու համար, ոչ բարձրախոս, ոչ աթոռ, ոչ ամբիոն, բայց ձայնը լսելի էր ամենքին, և արդարության և ճշմարտության ծարավ ժողովուրդը լուռ լսում էր Նրա լուսավոր խոսքերը: Սկսեց Իր խոսքերը ինը Երանիների շարքով, որը կարդացի ձեզ համար սկզբից;
Այս կյանքում ոչ ոք չի կարող համոզված լինել իր փրկության մեջ, առանց Աստծո մասնավոր հայտնության: Բայց նաև ոչ ոք իրավունք չունի հույսը կտրել իր փրկությունից, քանի որ փրկության բոլոր դռները բաց են մեր առջև այս պահին: Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս բոլոր այն նշանները, որոնցով Աստծու ընտրյալները տարբերվում են մեղքի մեջ հաստատված մարդկանցից: Փրկվում է նա, որը գնում է փրկության ճանապարհով, այսինքն չի կտրում այն կարմիր թելը, որի մասին խոսեցինք վերևում; Քրիստոնյա հավատացյալը եթե խորությամբ ուսումնասիրի ինը երանիներից յուրաքանչյուրը և ձգտելով կամենա ապրել այդ բարոյական օրենքներով, ապա նրանից կպահանջվի իր ողջ կյանքը: Քանի որ սկսած առաջին երանիից, մարդը պետք է քննի իր մեղավոր անձը, ողբա իր մեղքերով լի կյանքի վրա, խոնարհություն ձեռք բերի իր տկար վիճակի համար, փնտրի արդարությունը, որից հեռու է գտնվել, սկսի նկատել ու սիրել իր շրջապատի մարդկանց, սիրտը մաքրի անառողջ մտքերից ու մտածումներից, ներդաշնակություն գտնի իր, Աստծու և մերձավորի միջև, կարողանա իր քրիստոնյա ապրելակերպի համար նախատվել և համբերել: Այս ամենը ձեռք բերելուց հետո կարող է ուրախանալ ու ցնծալ, որովհետև բոլոր արդարները այդ ճանապարհով են հասել աստվածսիրության և արժանացել են Աստծո ուշադրությանը: Մի խոսքով ուղիղ հավատ և աներկբա հույս է պետք այս բոլորին հասնելու համար:
Հավատացյալներ կան, որոնք մեկ երկու աղոթք սովորելուց հետո, կարծում են որ արդեն հավատացյալ են; Հավատացյալի ողջ կյանքը բավական չէ Աստվածաշնչի պատվիրաններով ապրելու համար; Բայց բայց բավական է ձգտել դեպի այդ ճանապարհը, և Աստված հերթականությամբ բացում է մուտքի դռները, հեշտացնելու համար: Այսօրվա խառնաշփոթի մեջ մեզ համար բաց են փրկության դռները, բայց քանի որ ժողովրդի մեծամասնությունը աստվածաշնչյան իմացություն չունի, պատվիրանների նկատմամբ պատասխանատվություն չունի, հայտնվել է մի քաոսային իրավիճակի մեջ և չի կարողանում դուրս գալ շուրջը տիրող աղմուկի պատճառով: Լեռան վրա Հիսուս խոսում էր և բազմությունը լսում էր առանց տեխնիկայի միջամտության, իսկ այսօր ամենուրեք խոսքը բարձրախոսներից է հնչում և միմյանց չեն հասկանում; Որովհետև մոռացել են, կամ նույնիսկ չգիտեն, որ Քրիստոս խոսում էր հինգ հազար մարդու համար և լսելի էր: Չգիտեն նաև, որ ցանկացած գաղափարախոսություն, որի հիմքում չկա Աստծու բարոյական օրենքը, այն ենթական է փլուզման;
Աստված թույլ է տվել, որ բացվեն աշխարհի բոլոր փակ դռները և մարդկանց հնարավորություն է տվել տեսնելու այն, ինչը մինչև հիմա փակ է եղել: Ժողովրդին ցույց է տալիս իր իշխանության իրական կերպարը: Իշխանությանը ցույց է տալիս իր «սպիտակեցրած գերեզման» ի կարգավիճակը: Ողջ հանրությանը ցույց է տալիս միջազգային կառույցներին ապավինելու իրենց անօգուտ ջանքերը: Միջազգային հանրությանը ցույց է տալիս իր կեղծ դիմակների բազմազանությունը: Խաբվածներին ցույց է տալիս իրեն խաբողներին, թշնամիներին ու դաշնակիցներին բացահայտել է տալիս, և այդպես շարունակ: Աշխարհը հայտնվել է մեծ բեմի վրա՝ իր դերով: Աստված սպասում է, որ յուրաքանչյուրը ճանաչի իրեն և հետ կանգնի իր սխալ ընթացքից: Խորագետ մարդը այստեղից շատ դասեր ունի սովորելու իր կյանքի դպրոցում: Իսկ դուք, որ Աստծու խոսքին ծանոթ եք, մնացեք սիրով և միշտ հիշեք Հակոբոս առաքյալի խոսքը, որ ասում է,- ով որ գիտե, թե ի՛նչ է բարին և չի՛ անում, նրա համար այդ մեղք է: Նայենք մեր շուրջը և հասկանալի կլինի թե ինչո՞ւ է մեր ազգը այս վիճակի մեջ հայտնվել: Քանի որ գիտեն բարին ու չեն անում;
Այսօրվա հարցը՝ Լրացրեք նախադասության թերի բառերը. «Երանի խաղաղարարներին...»:
Աղօթենք միասին
«Մարդասե՛ր Տեր, գիշեր ու ցերեկ և ամեն ժամանակ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզնից, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, լսի՛ր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինեն մեր ջանքերը, այլ ընդունի՛ր դրանք որպես արդարության գործ և աստվածպաշտության պտուղ։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքն ու երկրպագությունը և Քո ողորմությամբ վարձատրիր մեզ առատապես։ Պահպանի՛ր մեզ Քո ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրու մեզ, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր մեզ աչքի բիբի պես և բարությունդ ցույց տուր մեզ՝ քո Սուրբ անվան գովաբանության և փառաբանության համար։ Որովհետև բոլոր արարածների մշտնջենական փառաբանությունը բարձրունքներում Քո փառքի համար է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
հարցեր
Օրհնեցեք Տեր Հայր. ներողամիտ գտնվեք, եթե հարցս մի փոքր երկար ստացվի, քանի որ իմ ներսի ընդվզումը պետք է կարողանամ բացատրել:
Դեկտեմբերի 7 ին Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել արքեպիսկոպոսի պատասխանը լրագրողին ինձ խորը մտածելու տեղիք տվեց: Ո՛չ թե նրա համար, որ ինքը չարեց հոգեհանգիստը, ո՛չ, հոգեհանգստի կարգը կատարեց մեկ այլ քահանա, Ինձ զարմացրեց նրա պատասխանը, թե նա իմ վարչապետը չէ՛, որ ես նրա առջև հոգեհանգիստ կատարեմ: Հարց. Իր անձը առավել վե՞ր դասեց նահատակների հիշատակությունից, չհանդուրժելով վարչապետի ֆիզիկական ներկայությունը՝ պատճառաբանելով, որ իր համար հաճելի չէ նրա ներկայությունը; Մի՞թե միայն հաճելի մարդկանց ներկայությամբ եք աղոթում դուք: Բազմաթիվ հոգևորականներ հավանության արժանացրին Արքեպիսկոպոսի այսպես ասած՝ խիզախ քայլը: Դարձյալ հարց է առաջացավ ինձ մոտ. Ապա ինչպե՞ս են մեզ քարոզում, որ աղոթենք իշխանավորների համար, քանի որ նրանք Աստծուց են: Եթե Աստծուց են, ինչո՞ւ դուք չեք աղոթում նրանց համար, այլ՝ բացահայտ ցույց եք տալիս ձեր ատելությունը և ասում եք, որ ձեր իրավունքն է այդպես վարվել: Եթե նրա արարքը սխալ է, ինչու առանձին չեք խրատում որպես հոգևոր հայր: Մենք ի՞նչ դաս կարող ենք սովորել իրենց քարոզից: Այդպես քմահաճ վերաբերվեցին իրենց հոտի հետ, և դարձրին ոչխար, և քշում են ուր որ ուզում են: Տեր հայր, Կուզեմ իմանալ ձեր կարծիքը, գուցե մի փոքր կողմնորոշվեմ, և մխիթարվեմ: