ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Մի՛ հապաղիր ողորմել ինձ, Տե՛ր. առանց Քո ազդման բարին երբեք չի գործում իմ մեջ, և սերմանվածը չի բուսնում հոգուս անդաստանում, քանզի իմ մեջ գցված Քո խոսքի սերմը քաղեց չար թշնամին, և բուսածը չորացավ տապից, իսկ մյուսը, փշերի մեջ ընկնելով, խեղդվեց ու չորացավ: Տե՛ր, լծի՛ր աչքերս, ինչպես մշակն ամոլին, որ անդադար արտասվագոչ պաղատեմ Քեզ, արժանի լինել ողորմությանդ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 14.25-27
25 Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց. 26 «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. 27 որովհետեւ ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալները: Այսօրվա Ավետարանի պատգամը թող մխիթարի և հաստատ պահի ձեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մէջ: Մեր կյանքի օրերը սահմանափակ են, և մենք իրավունք չունենք գե՛թ մեկ օրը աննպատակ և անօգուտ անցկացնելու: Հոբը, որ երկրի վրա ապրեց 248 տարի, ասում է,- Իմ օրերը սուրհանդակի պես արագ ընթացան, նրանք անցա՛ն ինչպես արագընթաց նավերը;
Իսկ ի՞նչ ասենք մենք, որ Հոբի փորձության պես մի մեծ փորձության մեջ ենք հայտնվել հայերս, ու ելքը դեռ հայտնի չէ: Ողջ աշխարհի հարստությունն ու շքեղությունը կանցնեն փոշու հատիկի պես, բայց գեղեցիկ աշխարհ ստեղծող Աստված պիտի մնա հավիտյան հաստատ՝ Իր փառքի մեջ: Ամեն անգամ, երբ պատերազմները, աղետները և մեր կյանքի կարճ լինելը տագնապեցնում է մեզ, մենք պարտավոր ենք հիշել, որ Աստծու շնորհով ապրող մարդը հավիտյան է ապրում Աստծու հետ՝ ինչպես երկրի վրա՝ իր կարճ կյանքը, այնպես էլ մահից հետո՝ հավիտենականության մեջ: Բայց որպեսզի այս բաների մեջ կայուն և հաստատակամ լինենք, Աստվածաշունչը պետք է մաշվի մեր ձեռքերի մեջ: Որքան որ Աստվածաշունչը մաշվի ու հնանա մեր ձեռքերի մեջ, այնքան մենք կնորոգվենք ու կթարմանանք հոգևոր կյանքի մեջ;
Լավ կլինի, որ ամեն քրիստոնյա հավատացյալ տաս տարին մեկ իր համար նոր Աստվածաշունչ գնի, նախորդի մաշված լինելու պատճառով:
Հիսուս Քրիստոսի խոսքերը այնքան պետք է կարդանք, որ թափանցի մեր արյան մեջ և շրջանառվի մեր երակներում՝ բուժելով մեր ներքին որակները, որպեսզի այն արտացոլվի մեր արտաքին դրսևորումների միջոցով: Բարեպաշտ քրիստոնյան կարիք չունի ամեն րոպե մեջբերում անել Աստվածաշնչից; Երբեմն մի հայացք, մի բառ, մի կարծիք բավական է, որ Քրիստոս քարոզվի միջավայրում: Սա է մեր հաղթանակի զենքը ամեն իրավիճակում; Մեր իրականության մեջ ո՞ւմ խոսքն է ավելի շատ հավատ ներշնչում: Ո՞վ կարող է հանրության ուշադրությունը հրավիրել իր խոսքի վրա և խոսքը տեղ հասցնել: Անշո՛ւշտ նա, որը ապրել է իր արտաբերած խոսքերի կյանքը: Տէր Հիսուս Քրիստոս իր ուսուցման ժամանակ իշխանությամբ էր խոսում, և երբեք չէր անհանգստանում, որ մեկը ժողովրդի միջից դուրս կգար և կասեր, թե՝ մենք Քո կյանքի մեջ չենք տեսնում քո խոսքերը, որ սովորեցնում ես մեզ:
Այսօրվա Ավետարանի մեջ մեր Տէրը ասում է,- Մեկը չի կարող Իմ աշակերտը լինել, եթե նախ ամեն ինչից առավել չնախընտրի Ինձ, նույնիսկ ի՛ր անձից առավել: Սա շատ գեղեցիկ մարտահրավեր է այսօրվա մարդուն՝ ստուգելու համար, որքանո՞վ է մարդը պատրաստ ամեն ինչից առավել ընտրել Հիսուս Քրիստոսին; Թողնել մոլուցքը հարստության և փառքի նկատմամբ՝ նախընտրելով Քրիստոսին;
Ովքե՞ր արժանացան լինել Քրիստոսի աշակերտները: Քրիստոս ընտրեց ձկնորսի և դարձրեց մեծ քարոզիչ, ապացուցելու համար, որ Քրիստոսին նախընտրողը կարող է դառնալ աշակերտ:
Երբեք չանհանգստացավ Տէր Հիսուս, այն բանի համար, որ ձկնորսի խոսքը հեղինակություն չի ունենա և նրան չեն լսի մարդիկ: Կարևորն այն էր, որ Պետրոսը ընդունեց մարտահրավերը և վեր դասեց Հիսուսին ամեն բանից; Կարդում ենք Ավետարաններում, որ Պետրոսը ամեն օր և ամբողջ օրով անցկացնում էր Քրիստոսի հետ և շրջում էին քաղաքներ ու գյուղեր: Նա թողել էր տունը, կնոջը, զոքանչին, որի մասին կարդացել ենք: Գուցե տան անդամները նեղսրտում էին այդ փաստից, մենք չգիտենք; Բայց մենք մի կարևոր բան գիտենք, որ Հոգեգալստից հետո Պետրոսի առաջին քարոզից երեք հազար մարդ դարձի եկան՝ նրան լսելով ներկաները զղջացին իրենց սրտերում և հարցրին Պետրոսին, - Ի՞նչ պիտի անենք մենք:
Պետրոսը նրանց ասաց,- ապաշխարեցեք, և ձեզնից յուրաքանչյուրը թող մկրտվի Տէր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը: Ոչ ոք Պետրոսին չասաց, դու ձկնորս ես եղել, ինչո՞ւ պետք է քեզ լսենք: Հիսուս Քրիստոս նրան արդեն արժանացրել էր հեղինակավոր խոսքի շնորհին:
Սիրելիներ, բայց մեր Տիրոջ աշակերտները միայն ձկնորս չէին: Չմոռանանք, որ Հիսուս ընտրեց նաև Մատթևոս մաքսավորին, ինչի համար նաև հանդիմանվեց փարիսեցիներից՝ մեղավորների հետ ճաշի նստելու համար: Մաքսավորը հարգված չէր հանրության մեջ և հեղինակություն չուներ: Նույնիսկ տաճարում նրանց մուտքը շատ հաճելի չէ; Հիշենք փարիսեցու և մաքսավորի առակը, որտեղ մաքսավորը արդարացած է գնում իր տուն, իր անկեղծ աղոթքի պատճառով; Մատթևոս մաքսավորին ընտրելով Տէր Հիսուս սովորեցրեց հանրությանը, որ մաքսավորը կարող է զղջալ, արդարանալ և դառնալ ավետարանիչ: Մատթևոսն էլ Պետրոսի պես թողեց իր մաքսատունը, իր եկամուտը և իրենից ու իր ունեցածից վեր դասեց Քրիստոսին: Մաքսավորը նույնպես արժանացավ աշակերտ լինելու և քարոզելու, այն էլ հրեաների մեջ, որտեղ նախկինում հարգանք չէր վայելում; Ինչո՞ւ օրենսգետներից որևէ մեկին չկամեցավ ընտրել, կամ փարիսեցիներց: Որովհետև Աստված նայում է մարդու սրտին, և պատրաստակամությանը, ո՛չ թե գրագիտությանը և ուսմանը:
Նույնիսկ Պողոս առաքյալը, որը լավագույն կրթություն էր ստացել, գիտակ փարիսեցի էր, սակայն չէր արժանացել Քրիստոսի աշակերտը լինելու պատվին այնքան ժամանակ, մինչև Քրիստոս երևաց նրան:
Տեսե՛ք, թե ո՞ւմ ընտրեց իրեն ծառայելու համար, Իր խոսքը քարոզելու համար, մարդկանց դարձի բերելու համար: Մեկի՛ն, որը մինչ այդ պահը քարկոծում, հալածում, բանտարկում և սպանում էր քրիստոնյաներին: Ընտրեց Պողոսին, որպեսզի հանրությանը սովորեցնի ներելու մեծագույն առաքինությունը, և չարը բարու գործակից դարձնելու կարողությունը: Այս երեք աշակերտների ընտրությունն էլ անհավանական կթվար՝ Աստծու խոսքը մարդկանց հասցնելու կարողության հարցում, եթե Հիսուս Քրիստոս նրանց չդարձներ մեկական հեղինակություն՝ սուրբ Հոգու շնորհներով:
Տէր Հիսուս Քրիստոս այսօր էլ է Իրեն արժանի աշակերտ փնտրում, այսօ՛ր էլ Նա պատրաստ է ցանկացողին դարձնել Իր խոսքը տարածող, իր կյանքով քարոզող մի աշակերտ: Սակայն այսօր մեր հանրության մեջ հայտնվում են կեղծ բարեպաշտներ, որոնք ասում են մենք արժանի չենք այս կամ այն բանը անելու, մենք մեղավորներ ենք Քրիստոսի առջև, երբեմն նույնիսկ ասում են մենք արժանի չենք Սուրբ Հաղորդություն ստանալու: Մի՞թե ընտրված աշակերտները անմեղ էին: Ո՛չ, անմեղ չէին և մարդկային պատմության մեջ միա՛կ անմեղն ու կատարյալը Հիսո՛ւս Քրիստոսն է: Իսկ մենք անկատար ենք, և մեր անկատար լինելով հանդերձ չենք լսում Կատարյալին, որը աշխարհ եկավ մկրտվեց, նույնացավ մեզ հետ, խաչվեց մեզ համար, կանչում է մեզ նա՛և այսօր: Իսկ մենք՝ կարծես մեկական սառցաբեկոր հաստատվել ենք աշխարհի ծովի մեջ՝ մեր մեղքերի սառնությունից, և չենք վախենում:
Այսօր եկեղեցիներում հանդիպում ենք հավատացյալների, որոնք բարեպաշտ են միայն եկեղեցում: Լուռ են միայն Պատարագի ժամանակ: Աղոթում են, երբ կարիքի մեջ են, օգնում են մարդկանց, երբ տեսախցիկի առջև են և այլն; Իսկ Հիսուս Քրիստոս ասում է.- եթե մեկը Ինձ մոտ գա, և չնախընտրի Ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից: Սիրելիներ անկարելի է Քրիստոսի անունը կրել, և ապրել Հուդայի անվան տակ:
Ավելի քիչ բան է պահանջվում Քրիստոսին աշակերտ դառնալու համար, քան ծառայել աշխարհի մեղքին, ինչի համար ավելի թանկ ենք վճարելու:
Աստվածաշնչում երբեմն խիստ խոսքեր ենք հանդիպում և սարսռում ենք կարդալուց: Սակայն երբ մարդկանց արարքներն ենք տեսնում, համոզվում ենք, որ շատ մեղմ է գրված Աստվածաշնչում:
Ողորմա՛ծ Աստված, լավ է, որ մենք ամեն բան չենք տեսնում, այլ տեսնում ես միայն Դո՛ւ, Ով Համբերատար Ներողամիտ և Անհիշաչար Բարեգութ:
Եթե դու Հիսուս Քրիստոսին այլ կերպ ես հավատում, քան Տիեզերական Ժողովում Հայրերի հաստատած Հավատամքը, ուրեմն դու ա՛յլ Քրիստոս ես հավատում: Գլխավորը միայն Քրիստոսին ճանաչելը չէ, այլ կարևոր է, թե ինչպե՞ս ես ճանաչում Նրան: Ողջ աշխարհը նույն Աստվածաշունչն է կարդում, ուրեմն ինչո՞ւ են այսքան բաժանումները: Քանի որ սխալ են ճանաչում: Քրիստոսի Եկեղեցին եղել է, կա և շարունակում է մնալ աշխարհի աղն ու լույսը` Սուրբ Հոգու ներգործությամբ և Շնորհով: Եթե Աստված վերցնի եկեղեցին աշխարհի երեսից, աշխարհը կդառնա անհամ և խավար: Առաջին դարերում սրբերը կամավոր նահատակության էին գնում արիությամբ, ներքին համոզմամբ և կատարյալ սիրով, որ ունեին Քրիստոս Հիսուսի հանդեպ, նրանց նպատակը Քրիստոսին միանալն էր: Դժվար թե նրանք նահատակության պահին մտածեին իրենց անունները սրբացնելու մասին: Նրանց սրբությունը դաս և օրինակ է մեզ համար, մեզ՝ որ երբե՛ք հալածանք չտեսանք քրիստոնեության համար, սակայն երբե՛ք էլ չունեցանք նույն նախանձախնդրությունը Քրիստոսի եկեղեցու հանդեպ: Քանի դեռ մենք չենք գնահատում եկեղեցու աղ և լույս լինելու հանգամանքը, մեր կյանքը անհա՛մ է և խավա՛ր առանց կենդանի հաղորդակցության:
Սուրբ Հովհան Մանդակունին հորդորում է քահանաներին հոգ տանել բանական հոտի համար` Աստծո հանդեպ ունեցած սիրո, հոտի փրկության և սեփական անձի սրբության համար: Հորդորում է նաև հանդիմանել հոտին` ուղղության համար:
Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին, որ այդչափ սիրված է իր խիստ հորդորների համար. ասում է, որ, քահանաներն էլ, հավատացյալներն էլ բաժանվում են չորս տեսակի: Քարոզողների մասին ասում է.
1. Ասում են, բայց չեն անում իրենց ասածը.
2. Անում են, բայց չեն ասում այդ մասին.
3. Ոչ ասում են, ոչ էլ անում են…
4. Ե՛վ քարոզում են ջերմագին և՛ ապրում են իրեն քարոզածը ըստ կարողության, ըստ Տիրոջ այն խոսքի, որն ասում է. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ, Արածացրո՛ւ իմ ոչխարներին»։ Հովն.21:17
Հավատացյալների մասին էլ նույնն է ասում.
1. Լսում են Աստծու խոսքը, բայց չեն գործադրում իրենք կյանքում.
2. Գործադրում են լսածը, բայց չեն ասում ուրիշներին.
3. Ո՛չ լսում են, ո՛չ էլ կատարում են:
4. Ե՛վ լսում են սիրով, և՛ ջանում են կյանքի կոչել Աստծո խոսքը իրենց փրկության համար, ըստ Տիրոջ այն խոսքի որ ասում է. «Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք»։ Հովհ.15:4
Սիրելիներ այս կյանքում ինչ որ կա, կարիքի ու պետքի համար է, ո՛չ թե վայելելու: Վայելչականը՝ երկնքում է, Տիրոջ ներկայության մեջ: Իսկ մենք ուզում ենք վայելել երկրի՛ վրա, անտեսելով երկնայինը: Այդպես չի՛ լինում, հիշե՛նք Աղքատ Ղազարոսին և մեծահարուստին, ու կհամոզվենք: Մնացեք սիրով՝ Քրիստոսի աշակերտ դառնալու կամք ունեցեք:
Այսօրվա հարցը . Քանի՞ գիրք կա Աստվածաշունչ մատյանում.
Հարցեր
Օրհնեցեք Տեր Հայր, խնդրում ձեր կարծիքը՝ երկու Հայրապետների միասնական հայտարարությունը վարչապետի հրաժարականի վերաբերյալ, այն վճռական օրով, երբ առանց այդ էլ լարված էր պառակտված ժողովուրդը հրապարակում.
Մի՞թե հայրենիքի մի մասը «կորցնողին» կարելի է ուղղակի ասել հրաժարվի՛ր և գնա քո տուն: Նախորդ իշխանություները հայրենիքը թալանեցին, ու հանգիստ հեռացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի մի մասը «կորցրեց» ու բավարարվի միայն հրաժարականով: Այսինքն կարելի է հայրենիքի նկատմամբ վարվել այսքան անարդար և չպատժվել: Հարց եմ ուղղում ձե՛զ հայոց հայրապետներ, քանի որ դուք միասնաբար հանդես եկաք հրաժարականի պահանջով: Ձեր խոսքը պետք է լինի անկողմնակալ ժողովրդի բոլո՛ր խավերի համար հավասարապես:
Հայրենիքը թալանողները ազատ ապրում են, հայրենիքի մի մասը «կորցնող դավաճան»ից պահանջում եք միայն հրաժարական, իսկ հայրենիքի պաշտպանության համար հաշմանդամ դարձած Պավել Մանուկյանը այսօր դատվում է: Որտե՞ղ փնտրենք արդարությունը, եթե այն բացակայում է եկեղեցու պատերից ներս՝ Արդարություն քարոզողների մոտ: Ժողովուրդը քսան տարի է տագնապի մեջ է: Այնքան մեծ է վիհը ժողովրդի և հոգևորականի միջև, որ այսօր ժողովուրդը չի զգում հոգևորականի կարիք իր կյանքից ներս: Աստվածաշունչը այլ բան է ասում, դուք այլ բան եք անում, ժողովուրդը այլ կերպ է ընկալում: Պառակտման պատճառներից մեկն էլ թերևս սա է: Ու՞ր է Ավետարանի 70 անգամ 7 պատվիրանի կիրառությունը: