ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 6.6-13
Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: 7 Նա իր մօտ կանչեց տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց: 8 Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն՝ ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 9 այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»: 10 Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէք, մինչեւ որ այնտեղից ելնէք: 11 Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թափ տուէք իբրեւ նրանց դէմ վկայութիւն»: 12 Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն: 13 Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ, Շնո՛րհ և խաղաղությո՛ւն ձեզ, մեր Հայր Աստծուց և մեր Տէր Հիսուս Քրիստոսից:
Առաքելական հաջորդականությամբ իշխանություն ստացած ամեն քահանա կոչված է Աստծու ժողովրդին բերելու հավատի և ճշմարտության ճանաչմանը, այն ճշմարտության, որը ձեռք է բերվում աստվածպաշտությամբ: Որպեսզի Քրիստոսի հոտը հավիտենական կյանքի հույսը ունենա: Իսկ Քրիստոսի հոտը կանչված է լսելու իր հովվից Աստծո խոսքը, հասկանալու և այն կյանքի կոչելու: Եթե ես իմ ծառայության մեջ թերանամ, դուք ձեր լսելու մեջ թերանաք, Քրիստոսի խոսքը տարածում չի գտնի և մարդկանց փրկության հարցը վտանգի տակ կդրվի: Իսկ Քրիստոսի նպատակը մարդկանց փրկությունն է:
Ավետարանն ասում է,- Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն: Վերստին ծնվելու գաղափարը և նոր մարդ դառնալու ցանկությունը առաջանում է ապաշխարությունից, ինչը մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի քարոզության սկզբում: Հովհաննես Մկրտչի քարոզության սկզբում: Աշակերտներին մարդկանց մեջ քարոզելու առաքելության սկզբում և մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրը, երբ երկինք էր համբարձվում, պատվիրեց, որ մարդկանց սովորեցնեն այն ամենը ինչը Ինքը սովորեցրել էր աշակերտներին; Որովհետև քրիստոնեության թագն ու պսակը զղջումն է, դարձն է, ու նոր մարդ դառնալու շնորհն է:
Ապաշխարության թեման մեր ժողովրդի մոտ մի տեսակ չմարսված նյութ է, լավ չընկալված թեմա է, բայց քանի որ քահանա- հավատացյալ կապը շատ թույլ է, կարելի է ասել կտրված է, դրա համար դրական տեղաշարժ չի նկատվում հոգևոր կյանքի մեջ: Այս երևույթը շատ վտանգավոր է, երբ Սուրբ Գրքի խոսքը դառնում է սովորական՝ ինչպես քարոզողի բերանում, այնպես էլ լսողի ականջում; Աստծո խոսքի հանդեպ կորում է պատասխանատվությունը և լուրջ մոտեցումը; Ամեն վտանգ գալիս է այստեղից: Եթե Ավետարանը քարոզողը լուրջ է վերաբերվում Աստծուն և մարդկանց փրկության գաղափարին, ապա հաջորդ քայլը լինում է այն, որ նա ջանադրաբար քարոզում է Աստծու խոսքը: Իսկ եթե չկա այդ ցանկությունը, ուրեմն Աստծո խոսքի նկատմամբ չկա լուրջ վերաբերմունք; Կամ քարոզողը իր սրտում չունի Քրիստոսին:
Նույնը վերաբերում է հավատացյալին, եթե նա իր ամեն լսած խոսք կյանքի կոչի, և իր սրտում Քրիստոսին ունենա, ապա շուտով կդառնա Քրիստոսի խոսքի փոստատար: Ուրիշ ի՞նչ կերպ կարող է տարածվել Ավետարանի բարի պատգամը, եթե ոչ ասողի և լսողի միջոցով:
Պողոս առաքյալը իր Տիմոթեոս աշակերտին ասում է,- Հիսուս Քրիստոսի առաջ քեզ վկայել եմ տալիս, որ դու քարոզես Աստծու խոսքը շարունակ՝ ժամանակին լինի այն, թե տարաժամ; Հանդիմանի՛ր, - ասում է առաքյալը, սաստիր, հորդորիր կատարյալ համբերությամբ սովորեցնելով: Որովհետև կգա մի ժամանակ, երբ մարդիկ չեն կամենա լսել ողջամիտ վարդապետությունը, այլ յուրաքանչյուրը կկամենա լսել իր ականջին հաճելի բաներ, և մոլորվելով կգնան առասպելների հետևից; Լիուլի կատարիր քո պաշտոնը, և համբերող եղիր նեղությունների ժամանակ: Մեր օրերում կարծես թե եկավ այդ ժամանակը, որ մարդիկ չեն ուզում լսել ողջամիտ վարդապետություն, այլ լսում են իրենց ականջին հաճելի բաներ; Համոզվելու համար կարող եք ստուգել, համեմատելով մի հոգևոր տեսանյութի դիտողականությունը՝ օրինակ՝ Լեդի Գագայի հոլովակներից մեկի հետ:
Մի ուրիշ տեղում ավելի վտանգավոր բան է ասում առաքյալը, թե՝ Աւետարանը ծածկուած է կորստեան մատնուածների համար: Հետևաբար բոլորս նույն լուրջ վերաբերմունքը պետք է ունենանք Աստծո խոսքի նկատմամբ; Քանի որ նրա զորությամբ է, որ պետք է սիրով հանդիմանենք, խրատենք, սաստենք և համբերությամբ ուսուցանենք; Քրիստոնյան իրավունք չունի մեղքը տեսնելիս լռի, եթե Քրիստոսի խոսքը նրա սրտում արժեք ունի: Սակայն դա պետք է անի սիրով՝ շտկելու համար սխալը, ոչ թե մարդուն նեղացնելու, այլ Աստծու խոսքի իշխանությունը ցույց տալու անհրաժեշտությամբ; Աստծու խոսքը պետք է հասցեագրված լինի, որպեսզի սխալված մարդը դառնա իր նախկին վիճակին: Դարձյալ եմ կրկնում որ ամեն քննադատություն պետք է արվի սիրով և համբերությամբ: Տէր Հիսուս Քրիստոսն էլ հանդիմանում էր մարդկանց ներկայությամբ, սաստում էր փարիսեցիներին բոլորի մոտ, քանի որ վտանգ էր տեսնում սխալը թաքցնելու մեջ:
Այդ վտանգը տեսանք նաև մենք մեր Հայրենիքում, երբ մեզ ամե ինչ փայլուն էին ցույց տալիս, ամեն ոլորտի ցուցադրական հատված էին ներկայացնում, և նույնիսկ բանակի կարգ ու կանոնի մասով թերությունները թաքցնում էին: Հաշվի չառնելով, որ Ավետարանը բացահայտում է ամեն բան իր ժամանակին և իր տեղում: Այնպես որ ծածուկ ոչինչ չի մնում, որ չբացահայտվի: Հետևաբար մեղքը, սխալը, թերությունը պետք է բարձրաձայնվի պատկան մեկի կողմից, լուծում ստանա և կարգավորվի: Այլապես սխալները կուտակելով և թաքցնելով դեմ ենք դուրս գալիս Ավետարանական ճշմարտությանը, որ ասում է,- սաստի՛ր:
Աստծու խոսքը պետք է քարոզվի ամենուր՝ թագավորների և կուսակալների առջև, ինչպես ասում է Տէր Հիսուս, մի՛ վախեցեք խոսելուց, քանի որ այդ ժամին ձեզ կտրվի բերան և իմաստություն, որին չեն կարողանա հակառակվել ձեր հակառակորդները: Բայց մի՛ վախեցեք, ասում է Տէր Հիսուս, քանի որ ձեր գլխից մազ անգամ չի պակասի, քանի որ դուք Իմ մասին եք վկայելու նրանց:
Սիրելիներ, սա շատ նորմալ երևույթ է, ուղղակի մարդիկ սովոր չեն, որ իրենց ճշմարտությունն ենք ասում, քանի որ իրենց շուրջ գտնվող մարդիկ միշտ մարդահաճությամբ ծածկել են իրենց սխալները հանրության աչքից: Դրա համար էլ այսօր ունենք մի ողբալի վիճակ, որը շտկելու համար՝ ո՛չ դուռն է երևում, ո՛չ պատուհանը: Այս բոլորի պատճառը մեղքը ծածկելն է նենգությամբ: Սրտում սեր ունեցողը չի կարող մեղքի կողքից անտարբեր անցնել, աչքերը փակելով; Այո, կան որոշ բաներ, որոնք տեսնելիս կարելի է աղոթել ծածուկ այդ մարդու համար, բայց կան մեղքեր, որոնք վնասում են հանրությանը ժամանակի ընթացքում, եթե չբարձրաձայնվի: Հավատացյալների շրջանում շատ հարցեր են առաջանում այս կամ այն սխալը տեսնելիս: Ոմանք քաջություն են դրսևորում և բարձրաձայնում են, ոմանք չեն բարձրաձայնում, սակայն այդ երևույթը իրենց խանգարում է հոգևոր աչքերով նայելիս: Գայթակղությունների պատճառ է դառնում մարդկանց համար տեսնելը և լռելը:
Սիրելի ունկնդիրներ ես բազում նամակներ եմ ստանում մեր հավատացյալներից՝ երկրի տարբեր ծայրերից ամենատարբեր հարցերով ու հարցադրումներով, ինչո՛ւ չէ նա՛և խելացի առաջարկություններով; Հավատացյալը իր աչքով տեսնում է մի երևույթ լրատվամիջոցներով, քննում է այդ երևույթը Ավետարանի լույսի ներքո, հակասության է հանդիպում և չի կարողանում կողմնորոշվել դրա ճիշտ կամ սխալ լինելը:
Շնորհակալ եմ մեր հավատացյալներին, որոնք իրենց անհանգստացնող հարցերի մասին բարձրաձայնում եմ, այլապես ինչպես կարող են հասկանալ Աստծու խոսքը՝ իրենց կյանքից ներս: Հարցերը շատ շատ են, բայց ես թերևս երկուսը ներկայացնեմ ձեր ուշադրությանը, որոնք վերաբերում են վերջին իրադարձություններին և պատասխան են ակնկալում: Հարցերը ուղարկված են ինձ, բայց քանի որ նրանք հասցեատեր ունեն, հետևաբար ես մեր եթերից դիմում եմ Վեհափառ Հայրապետին՝ հարցերի պատասխանը ավելի ստույգ լսելու համար: Գուցե Վեհափառը ունենա ավելի համոզիչ պատասխան, քան ես:
Աստված օգնական Վեհափա՛ռ Տեր, խնդրում եմ պատասխանեք հավատացյալների այս հարցերին, քանի որ հարց տվողները հետևում են մեր հանապազօրյա Հաց հաղորդաշարի ուղիղ եթերներին:
Մի եթերաժամ էլ հավանաբար տրամադրեմ հետաքրքիր հարցերին, որպեսզի դուք էլ լսեք, թե հանրությանը ինչպիսի հարցեր են հետաքրքրում: Ուղիղ եթերը չծանրաբեռնելու համար այսօր միայն երկու հարց ներկայացրի;
Հավատացյալը գրում է. Օրհնեցեք Տեր Հայր, խնդրում եմ անաչառ լինեք պատասխանի մեջ և բացատրեք ինձ հուզող հարցի պատասխանը՝ հիմնավորելով այն Ավետարանի պատգամով: Կիրակի օրը՝ Նոյեմբերի 29 ին, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս բերվեց Սուրբ Գեղարդը՝ ի տես մարդկանց և որպես բժշկություն շատերի համար: Զարմանքս շատ մեծ եղավ, երբ նկատեցի, որ Վեհափառ Հայրապետը այդ Խոշոր Սրբությունը պահել է իր ձեռքում և իր դեմքը փակել է դիմակով: Անմիջապես գլխումս հարց առաջացավ, եթե ձեր ձեռքին Սրբություն է, և դուք այն հանել եք որպես բժշկություն՝ հանրության համար, ուրեմն ի՞նչի համար է ձեր դիմակը: Մի՞թե դուք չեք հավատում այդ սրբության զորությանը: Իսկ եթե ձեր ձեռքինը սրբություն և զորություն չէ, ուրեմն ինչպե՞ս եք ուզում որ մենք հավատանք դրան: Տեր Հայր, այս հարցը ինձ երկար ժամանակ մտահոգեց և մի տեսակ հակասություն առաջացավ իմ մեջ: Խնդրում եմ պատասխանեք, եթե կարելի է: Որովհետև խորին հարգանք ունեմ սուրբ մասունքների նկատմամբ.
Մեկ ուրիշ հավատացյալ հարցնում է. Տէր Հայր Ավետարանն ասում է,- «Երբ մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, թե քո եղբոր հանդեպ ոխ ունես, թող պատարագը սեղանի առաջ, գնա հաշտվիր քո եղբոր հետ և ապա արի մատուցիր քո պատարագը» (Մատթ. 5:23-24) նոյեմբերի 22 ին պատերազմի նահատակների համար հոգեհանգիստ կատարվեց Էջմիածնում՝ բաց խորանի վրա, որին ներկա էր նաև վարչապետը : Վարչապետի և կաթողիկոսի վատ հարաբերությունները բացահայտ են հանրությանը, և նրանք միասին աղոթում են: Ինչպե՞ս հասկանալ Ավետարանի այս համարը և ինչպե՞ս հասկանալ այդ միմյանց ատող երկու մարդու համատեղ աղոթքը; Երկու անհաշտ մարդ աղոթում են նահատակ զինվորների համար: Ես ուզում եմ հասկանալ այս աղոթքը ընդունելի կլինի՞, թե առավել կհարուցի Աստծու բարկությունը՝ Ավետարանը անտեսելու համար: Խնդրում եմ պատասխանեք այս հարցին, քանի որ երբեմն Ավետարանի խոսքը չեմ կարողանում կյանքի մեջ ճիշտ հասկանալ:
Մնանք հարցերի պատասխանին սպասող. դուք էլ կարող եք նախապատրաստել ձեր հարցերը՝ հակիրճ ձևակերպմամբ: Քրիստոնյաներիս մեջ պետք է կոտրվի այն սառույցը, որ չի կարելի անհասկանալի հարցը բարձրաձայնել: Սիրելի հավատացյալներ մնացեք խաղաղությամբ, վստահեցնում եմ ձեզ, եթե Վեհափառը պատասխանի հարցերին, անպայման կտեղադրեմ էջում: Իսկ այսօրվա մեր դասը թող լինի լուրջ վերաբերմունք և ամենայն պատասխանատվություն Աստծու խոսքի նկատմամբ, որպեսզի այդ խոսքի զորությամբ կարողանաք օգտակար լինել մեկին՝ իր սխալը սիրով շտկելու համար:
Այսօրվա հարցը. Քահանայական ցեղը ո՞ւմ սերնդից էր. (Հուդա, Ղևի, Դան, Գադ):
Աղօթենք միասին
Տե՛ր, ինձ հաղո՛րդ դարձրո՛ւ Քո աստվածային սիրուն` որ սիրեմ պատվիրաններդ և գնամ Քո ճանապարհով, չարչարվեմ մինչ ի մահ Քո անվան համար, մտնեմ Քո փառքի մեջ, դասվեմ սրբերիդ շարքում և մշտապես ուրախանամ Քո կամարարների հետ: