ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՜ր Աստված մեր, Դո՛ւ մեզ սովորեցրիր, որ ճշմարտության վկան ճշմարտությունը կարող է լինել, հետևաբար մենք ահա Քո առջև կանգնած ճշմարտությամբ խոստովանում և աղերսում ենք առավոտյան այս ժամին:
Ո՜վ Տեր, Եթե Դու նայես մեր մտքի մտածումներին և մեր անցած գործերին, ապա մեր բաժինը գեհենում կլինի միայն: Այլ Դու նայի՛ր մեզ ինչպես Աբրահամի դստերը նայեցիր և բժշկեցիր, որը տասնութ տարի կռացած էր, մենք էլ մեր մեղքերի բեռից կռացած նայում ենք միայն երկրավոր բաներին և երկինք չենք նայում Քեզ փառաբանելու համար, ազատի՜ր մեզ այդ կորությունից, որպեսզի Քո պարգևած քանքարները ավելացնեք Քո փառքի համար միայն: Օգնի՜ր մեզ, մեր Հույս ու Ապավեն, որ իմաստուն կույսերի պես պարզ երեսով դուրս գանք Քո առջև մեր ողորմության գործերով: Տո՜ւր մեզ Տէ՛ր, Քո իմաստությունը, որպեսզի մեր տունը ժայռի վրա կառուցենք: Օրհնի՜ր մեր խլացած ականջները, որպեսզի Քո խոսքի միջոցով թույլ չտանք, որ մեր ցորենը որոմ դառնա: Մշակիր մեր հողը, որպեսզի անպտուղ թզենի չլինենք և անառակ որդու նման վերադառնաք Քո գիրկն ընկնենք և դու ներես մեզ՝ ավազակի պես վերջին պահին:
Արժանացրո՜ւ մեզ Երկնքի Արքայության և Քո երանավետ ձայնը լսելուն: Որպեսզի ընդունելով Քեզնից մեր խնդրանքները միշտ վայելչական մեծ փառաբանություն մատուցենք Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն ամենայն ժամ: Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ և հատկապես բացականեր, որոնց ներկայությունը հոգևոր զրույցների ժամանակ ինչպես հաճելի է մեզ համար, այնքան էլ օգտակար է իրենց համար: Բայց առայժմ չեն միանում մեզ, հուսանք, որ մի օր մեր ունկնդիրների թիվը այնքան կավելանա, որ ներկաները այլևս կարիք չեն ունենա տեսանյութը տարածելու:
Այսօր դեկտեմբերի յոթն է, ևս մեկ տխուր թվական, երբ Հայաստանը հայտնվեց մեծ աղետի առջև, և մինչ օրս երկրաշարժի հետքերը դեռ երևում են աղետի գոտում: Կարծես աղետի գոտին վերականգնվեց, կարծես մարդկային կորստի վերքերը սպիացան, բայց մի տխուր դիմակ գաջվեց հայ մարդու դեմքին և դա երբեք չի վերականգնվի:
Մեր չսպիացած վերքի վրա մի այլ, ավելի խորը վերք բացվեց, որը դեռ տաք է, դեռ արնահոսում է, և որի ամբողջական պատկերը դեռ հայտնի չէ: 1988 թվականի կործանարար երկրաշարժը ընտրություն չդրեց տարիքի մեջ, և տարավ նորածնից սկսած մինչև զառամյալ ծերունի: Իսկ այս զարհուրելի ու խավարից պարտադրված պատերազմը ընտրեց լավագույն տարիքը մեր ազգից, որով մենք պետք է աճեինք ու զարգանայինք: Մենք դեռ չենք հասցնում շունչ քաշել, մի ավելի մեծ հարված գալիս է մեզ վրա: Մեր աղետները, ցեղասպանությունը, պատերազմները բոլորը հիշում ենք, բոլորի համար ցավում ենք, սակայն ոչ մեկից դաս չենք քաղում; Հիշում ենք այս բոլորի մասին, որովհետև գրված է պատմաբանների կողմից, կգրվի նաև այս պատերազմի մասին;
Բայց չկա մի դեպք արձանագրված, որ հայ ազգը նինվեացիների պես ապաշխարության կանգնի իր Տիրոջ առջև, զղջան մեծից փոքր և դառնան Աստծուն: Ամեն անգամ ողբում ենք կորուստը, սպիանում է մեր վերքը, և շարունակում ենք ապրել նախկինից ավելի չարացած, ավելի ատելությամբ, ավելի հուսահատ; Նույնը անելու ենք այս պատերազմից ստացած կորուստների թվի հետ հաշտվելուց հետո, որովհետև դա մեր ազգային ձեռագիրն է: Մենք պատրաստ ենք կոտորվել, բայց ո՛չ զղջալ մեր մեղքերի համար: Խոսքս անհատների մասին չէ, որոնք կարդացին, հասկացան, գտան իրենք իրենց կարդացածի մեջ և դեմքով շրջվեցին դեպի Աստված: Աստծու մասին լսել են բոլորը, Աստծու խոսքը լսել են շատերը, բայց այդ խոսքը բույն չի դնում մարդու սրտում, ծիլ չի տալիս, որովհետև հողը անմշակ է, քարքարոտ է, ընկած սերմն էլ երկրի թռչունները գալիս տանում են: Այո, պետք չէ՛ այս խոսքերից նեղանալ, մեր ազգի մարդկանց հոգևոր հողը քարքարոտ է և սերմ ցանելու համար անպիտան է: Մինչև մեր հողը ապաշխարությամբ և քրտինքով չդարձնենք պարարտ, այնտեղ Աստծու խոսքի սերմերը չեն կարող պտուղ տալ:
Նինվեյի բնակիչներն էլ չէին լսում Հովնանի քարոզությունը, բայց ստիպված եղան վերջում լսել և ծնկի գալ թագավորից մինչև ծառա: Նույնիսկ կենդանիներին չկերակրեցին: Ավետարանը մեզ ասում է,- եթե չապաշխարեք, բոլորդ էլ կկորչեք: Աստված չի պարտադրում մեզ, քանի որ ազատ կամք է տվել մեզ՝ ընտրության համար: Մենք ազատ ենք ապաշխարությունը ընտրելու կամ անզեղջ կյանքով ապրելու ընտրության մեջ՝ մեր կամքով: Սատանան էլ չի պարտադրում մեղք գործել, ուղղակի գեղեցիկ ձևով մատուցում է՝ ինչպես որ անում են այսօրվա գովազդները; Մեր աչքի առջև մեղքը կորոնայի նման տարածվում է՝ խլելով չապաշխարող մարդկանց կյանքեր: Մեղքի տարածումը վիրուսի նման ավելի արագ է տեղի ունենում, քան որևէ բարի օրինակ: Հայտնի է, որ ցանկացած վիրուս կոչնչանա, եթե հիվանդը չշփվի առողջի հետ:
Սակայն վտանգը այլ տեղ է; Վտանգավոր է, երբ մեղքը տարածվում է նաև մկրտված քրիստոնյա հավատացյալների շրջանում:
Այսօրվա Ավետարանն ասում է,- Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ: Չեմ ուզում հավատալ, որ մեղավոր մարդը այս տողերը չի լսել երբեք:
Եթե քրիստոնյան արժանի չէ Քրիստոսին, ապա ո՞վ կարող է արժանի լինել: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվեցին և ավարտվեցին որոշակի ժամանակահատվածներում, մերօրյա պատերազմներն էլ սկսվում և ավարտվում են: Սակայն կա մի չար պատերազմ, որը սկսվել է Եդեմի պարտեզում և չի դադարել մինչև մեր օրերը; Աստված կամենում է, որ մենք Եդեմում սկսած պատերազմում հաղթենք, որպեսզի մարդկային հրահրած պատերազմներում սատար լինի այդ հաղթողին: Որովհետև Եդեմի պատերազմը ոչ թե տարածքների համար է, այլ՝ հոգևոր արժեքների:
Մարդկային փառքը, հպարտությունը, իշխանատենչությունը, արծաթսիրությունը պարտվել են տալիս մարդուն այդ հոգևոր արժեքներին: Բանական մարդը չի հասկանում, որ դրա հեղինակը չարն է, բայց կատարողը՝ մարդն է: Տէր Հիսուս Քրիստոս ասում է,- Ով իր պաշտոնը, փառքը, արծաթը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ: Ավելի պարզ ու հասկանալի ի՞նչ կա, քան այս խոսքերը: Երբ ժողովրդի առաջնորդները տառապում են այս ախտանիշով, ժողովրդի վիճակը չի կարող բարվոք լինել; Ես դարձյալ անհատներին նկատի չունեմ, քանի որ կան մարդիկ, որոնք շուտ են տեսնում, շուտ են լսում և շուտ են ընկալում և գտնում են փրկության ճանապարհը: Իսկ մնացած հավատացյալ քրիստոնյաները չեն հետևում Ավետարանի ցուցումներին, այլ իրեն համար հարմարավետ կարգավիճակ են ստեղծել և ապրում են ինքնախաբեությամբ:Այստեղ է մեծ վտանգը:
Մեր հավատացյալ հոտը բաժանված է մասերի;
Մի մասը հանձն է առնում իր մեղավոր լինելը, նույնիսկ բարձրաձայնում է իր մեղքերը, սակայն հաշտ ու համերաշխ ապրում է այդ մեղքերի հետ, ասելով, որ մարդ արարածը տկար է մեղքերի դեմ պայքարելու համար: Անկասկած մեր Տէրը գիտե, որ մարդ արարածը մեղանչող է, իսկ մեղանչող մարդը գիտե՞, թե Տէրը իրենից ի՞նչ է պահանջում: Չգիտե՛, ցավոք:
Մի ուրիշ մաս զգում է իր մեղավոր լինելը, և մեղքերի շատությունից ընկնում է հուսահատության մեջ, կարծելով, որ անկարող է դրանցից ազատվել:
Կա հավատացյալների մի երրորդ մաս, որը զղջում է մեղքերի համար, խոստովանում է, և շարունակում է իր բնականոն կյանքը՝ զգույշ լինելով փորձությունների նկատմամբ;
Սիրելիներ, մենք զղջումի լավագույն օրինակներ ունենք Ավետարանում: Պետրոսը ուրացավ, զղջաց, լացեց և շարունակեց իր կյանքը Քրիստոսի խոսքի համաձայն; Հուդան մատնեց, զգաց սխալը, զղջաց, բայց հուսահատությունից ինքնասպան եղավ; Սա մեր իրականության համառոտ նկարագրությունն է: Բայց լուծում տալիս է մեզ դարձյալ Ավետարանը, ասելով՝ արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք:
Միայն աղոթող մարդը կարող է ներել իր նմանին, քանի որ Աստծու առջև է աղոթքի կանգնում; Իսկ Աստված մարդու սիրտն է քննում: Չաղոթող մարդը սովորական մարդ է, որը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ՝ պահի ազդեցության տակ, քանի որ պատասխանատվություն չունի Աստծու առջև:
Աստվածաշնչի տրամաբանությունը հետևյալն է՝ ով չի՛ ուզում աղոթել, նա թող նախապատրաստվի փորձության:
Չե՛ք ուզում փորձություն, ուրեմն աղոթե՛ք; Աստված երկու դեպքում էլ բուժում է, մեկը աղոթքով, մյուսը փորձությամբ;
Մեր ազգի պատմությունը տեսնելով կարելի է կարծել, որ մենք սպասում ենք, որ մի խոշոր փորձություն պատահի, հետո սկսենք աղոթել: Սրանք մեր ազգի առջև ծառացած հարցեր են, որոնց վրա առայժմ ուշադրություն դարձնող չկա: Բոլորը խոսում են, բոլորը մեղադրում են, բոլորը պատասխանատու են փնտրում, որ պատժեն: Ոչ ոք ելք չի առաջարկում այս իրավիճակից դուրս գալու համար: Իրավիճակը հսկողությունից դուրս է գալիս ամեն ժամ, վտանգը ահագնանում է: Իրավիճակը բաբելոնյան է, մարդիկ միմյանց չեն հասկանում: Ննջեցյալ նահատակների բազմություն, վիրավոր զինվորների բազմություն, անհետ կորածների բազմություն, գերիների բազմությունը, վշտացող ծնողներ, մասնատված ժողովուրդ, ապաշնորհ իշխանություն, պղտոր ջրում ձուկ փնտրող ընդդիմություն, չկողմնորոշված իրավական համակարգ, հեռակառավարման վահանակը ձեռքին՝ նախկին իշխանություն, և վերջում՝ իր ծառայության մեջ թերացած և այսօր ելք չգտնող՝ հոգևոր դաս: Մեր փոքրիկ պետության մեջ այս վիճակն է տիրում: Սա պայթյունավտանգ է ամեն վայրկյան, նոր փորձության մեջ ընկնելու համար:
Ո՛չ արդարի վարձ ենք փնտրում, ոչ մարգարեի խոսքն են լսում, որ մարգարեի վարձ ստանանք: Մենք ամեն ժամ կորցնում ենք մեր բոլոր վարձերը: Այս պահին ոչ մի հենարան չկա ժողովրդի համար, ոչ կազմակերպող, ոչ համախմբող, ոչ բացատրող, ոչ մխիթարող: Սիրելիներ այս եթերաժամը, որի ընթացքում ես խոսում եմ ձեզ հետ, կարող է ձեզ համար հանդիսանալ որպես հենակ, որի օգնությամբ քայլում է հաշմանդամը: Սակայն ձեր փրկության ճանապարհը դուք պետք է կերտեք հավատքի մեջ զորանալով: Միայն լսելը չի օգնի, եթե լսելուն չհաջորդի կտրուկ քայլեր՝ որից գլխավորը ապաշխարությունն է:
Մնացեք սիրով, համերաշխ, հաճախ երկխոսություն ունեցեք Աստծու հետ, սերտ կապ ունեցեք Աստվածաշնչի հետ, նա ձեզ կուղղորդի լուսավոր ճանապարհով;
Այսօրվա հարցը. Աստվածաշնչի ո՞ր գրքում է գրված. «Ահա կանգնած եմ դռան մոտ և թակում եմ». Ո՞վ է գրքի հեղինակը: