ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 14.12-24
Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի: 13 Այլ երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14 եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եւ դրա փոխարէն քեզ կհատուցուի արդարների յարութեան օրը»: 15 Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծոյ արքայութեան մէջ»: 16 Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց ու հրաւիրեց շատերին: 17 Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրաւիրուածներին, թէ՝ “Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է”: 18 Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել: Առաջինն ասաց. “Ագարակ գնեցի, եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր”: 19 Եւ միւսն ասաց. “Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր”: 20 Իսկ միւսն ասաց. “Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ”: 21 Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս: Այդ ժամանակ բարկանալով՝ տանտէրն իր ծառային ասաց. “Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ”: 22 Եւ ծառան ասաց. “Տէ՛ր, ինչ հրամայեցիր, կատարուեց, եւ էլի տեղ կայ”: 23 Եւ տէրը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատերի առաջ եւ մարդկանց այստե՛ղ մտցրու, որպէսզի տունս լցուի”: 24 Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հավատացյալներ, Քրիստոսի սերն ու խաղաղությունը բոլորիս հետ լինի, որպեսզի կարողանաք ուշադիր լսենք Աստծու պատգամը, և վերցնենք մեզ հասանելիք դասը: Ավետարանի ամեն առակ պատմված է նա՛և մեզ համար, ուստի պետք չէ վախենալ Ավետարանը ամբողջությամբ տեղափոխել մեր կյանքից ներս, որպեսզի նրա վառ շողերը արտացոլեն մեր կյանքի մութ պատերից ներս և ցույց տան մեր սխալ ապրելակերպը, կամ ինչո՞ւ միայն սխալ, կան մարդիկ, որոնք ապրում են հնարավորինս հոգևոր կյանքով՝ հնարավորինս Աստծու կամքի համաձայն: Նրանք էլ թող առավել հաստատվեն իրենց հավատքի մեջ: Բայց այսօրվա Ավետարանի առաջին պատգամը, որ տվեց Տէր Հիսուս, չի՛ կատարում հավանաբար և ո՛չ մի քրիստոնյա:
Ղուկասի Ավետարանի նախորդ գլխի սերտողության ժամանակ, Հիսուս Քրիստոս հրավիրված էր ճաշի փարիսեցիներից մեկի տանը, որտեղ բուժեց ջրգողով մի հիվանդ շաբաթ օրով, և դա արեց հատուկ, որպեսզի նրանց ապացուցի, որ մարդը կարևոր է շաբաթից; Այս մասը վերհիշեցի ձեզ համար, որպեսզի ձեր միտքը կտրված չմնա նախորդ սերտողությունից: Այսօրվա թեման նույն հացկերույթի շարունակությունն է: Հրավիրվածները շատ են, բոլորն էլ փարիսեցիներ են, և Տէր Հիսուսն է հրավիրված՝ իր աշակերտների հետ: Նախորդ անգամ ասեցի, որ հրեական ավանդությունն ասում է, որ երբ մեծ մեկին են իրենց տուն հրավիրում ճաշի, տան դուռը բաց է և կարող է ամեն մարդ ներս մտնել այդ մեծ մեկին լսելու համար: Տեսնելով հրավիրվածների բազմությունը Տէր Հիսուս առիթը բաց չթողեց իր ասելիքը ասելու համար և իրեն հրավիրողի ուշադրությունը գրավելով ասաց.- երբ ընթրիք կամ ճաշ ես տալիս մի հրավիրիր, քո նմաններին, համ հարուստներին և քո ազգականներին, այլ հրավիրի՛ր կաղերին, կույրերին, և աղքատներին, որպեսզի երանելի լինես և դրա փոխարեն քեզ հատուցվի արդարների հարության օրը:
Այս պատվիրանը գրեթե անհասկանալի և անիրականանալի է հատկապես մեր օրերում: Կա՞ մեկը քրիստոնյաների մեջ, որ ճաշ կամ ընթրիք կազմակերպի հատուկ և հրավիրի իր բնակավայրի խիստ կարիքավոր ընտանիքներին և սպասարկի նրանց: Համոզված լինելով, որ փոխարենը իրեն հրավիրող չի լինելու, քանի որ կարիքավոր են բոլորը: Եթե կա, փա՛ռք Աստծուն, որ իր պատվիրանը պահող կա:
Սիրելիներ, այստեղ է, որ մենք պետք է սովորենք մեր Լույս Տիրոջ սկզբունքը և մոտեցումը այս տեսակ հարցերի ժամանակ: Տեսեք, թե ո՞վ է Տիրոջ համար երանելին, և ո՞ւմ է հատուցվելու արդարների հարության օրը: Այս լսելով, սեղանակիցներից մեկը ասաց, - Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո Արքայության մեջ:
Իսկ ինչպե՞ս ենք վարվում մենք;
Մենք համատարած մեր ճաշերին ու խաշերին հրավիրում ենք մեր սիրած մարդկանց, որոնց հետ մեզ հաճելի է, որոնց հետ անձնական թեմաներ ունենք քննարկելու, կամ որևէ ակնկալիք ունենք այդ ճաշկերույթից՝ թեկուզ բավականություն ստանալու: Հազիվ թե մեկը՝ այդ ճաշկերույթի ժամանակ հիշի, որ տարածքում մի աղքատ ընտանիք կա, որը միայն Նոր Տարուն կարող է իրեն թույլ տալ նմանատիպ սեղան պատրաստել: Հրավիրվածներից որևէ մեկը հազիվ թե հիշի, որ Ավետարանում այս ճաշկերույթի մասին մի լավ առակ կա գրված: Տան տերն էլ դժվար թե այսքան մարդ էր հրավիրել, որ այդ սեղանի շուրջ հոգևոր մի թեմա քննարկեին, կամ իրենց թերություններից խոսեին; Սխա՛լ է, բայց բոլորս ենք այդպես անում: Մենք նույնիսկ երբ մատաղ ենք անում, մի քանի տուն բաժանելուց հետո դարձյալ վերածում ենք ճաշկերույթի սեղանի՝ հագեցած խմիչքով:
Նույն վիճակում էր փարիսեցու տունը՝ հրավիրվածների առումով, դրա համար Հիսուս Քրիստոս նրանց պատմեց նաև մեծ խնջույքի առակը, որը սկզբից կարդացի ձեզ համար: Բայց խորհուրդ կտամ կարդաք նաև Մատթևոսի Ավետարանը, այս նույն խնջույքի մասին, որտեղ ավելի հանգամանալից է արված նկարագրությունը: Տեսանք, որ սեղանակիցներից մեկը երանի էր տալիս Աստծու Արքայությունում ճաշ ուտողին:
Մի՞թե Աստծու Արքայությունում ճաշ կա, որ մեկը ուտի: Հիսուս այս առակը պատմելով, հասկացրեց սեղանակիցներին, որ Աստծու Արքայությունում ճաշ ուտելու համար, նախ՝ երկրի վրա պետք է կերակրեք ճաշի կարիք ունեցողներին և երբեք չմերժեք Թագավորի Որդու համար պատրաստված հարսանիքի հրավերը՝ կենցաղային գործերի պատճառով: Առակի մեջ տեսանք, որ մեկը մերժեց ագարակի պատճառով, մյուսը՝ եզներ գնելու, երրորդն էլ կին առնելու պատճառով: Թագավորի Որդու Խորհրդավոր ընթրիքը այսօր մեր Սուրբ Պատարագն է, որին միշտ հրավիրված են բոլոր մարդիկ՝ բոլոր խավերից: Սակայն ընթրիքը մերժողներ այսօր էլ կան, և նույն կենցաղային խնդիրների պատճառներով: Իսկ Մատթևոսի Ավետարանի մեջ, առակի ավարտին Տէրն ասում է,- որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ:
Բայց Տիրոջ ընթրիքի պատրաստությունն այնպես է, որ միշտ տեղ կա բոլորի համար, ուղղակի բոլորը չեն գալիս: Պատարագի չեն գալիս, բայց Աստծո Արքայությունում ճաշ ուտել ցանկանում են...
Ես չգիտե՛մ փարիսեցիները ամբողջությամբ հասկացա՞ն Տէր Հիսուսի պատմած առակի ասելիքը, թե՛ ոչ, բայց որ մեր օրերում սա մեծագույն խնդիրներից մեկն է մեր հավատացյալ համայնքների համար, բոլոր Պատարագ գնացողները կփաստեն; Միայն Աստծուն է հայտնի, թե Պատարագ գնացողների ո՞ր մասն է արժանանալու Աստծու Արքայությունում «ճաշ» ուտելու պատվին: Բայց այս մարդիկ իրենց կիրակին նվիրում են Աստծուն ու ընդհանրական աղոթքին: Աստված տեսնում է մարդու ձգտումը, աղոթելու ցանկությունը և նրան առավել է զորացնում հավատքի և հարատև աղոթքի մեջ:
Տէր Հիսուս Քրիստոս, բա՛ց իմ հոգևոր ականջները և ցրված միտքը, որպեսզի հասկանամ Քո պատմած բոլոր առակների իմաստը, և կիրառեմ իմ կյանքում: Թերևս ինձ էլ արժանացնես Աստծու Արքայության մեջ սեղան նստել Քո արդարների հետ:
Սիրելիներ, հոգևոր կյանքը շատ գեղեցիկ հերթականություն ունի, որ նման է սանդուխքի, որի վրա բարձրանալու համար նախ պետք է սկսել առաջին աստիճանից; Առաջին աստիճանի վրա են հավատքը, դավանությունը, Մկրտությունը: Երկրորդ աստիճանին բարձրանալու համար անհրաժեշտ է սկսել ապաշխարության գործընթացը, կարդալ Աստվածաշունչը, ճանաչել սեփական անձը, ինքնաքննության ենթարկել և զղջալ գործած մեղքերի համար: Անկարելի է բոլոր մեղքերից միանգամից հրաժարվել, բայց միանգամայն հնարավոր է սկսել այդ գործընթացը պայմանով, որ նույն մեղքը այլևս չեք կրկնի: Սրանք կոչվում են հոգևոր կյանքի աստիճաններ, և այս աստիճանների հաջորդը անկարելի է բարձրանալ, երբ նախորդ աստիճանի պայմանները հիմնովին կատարված չեն: Դեպի վեր տանող մյուս աստիճանների վրա գտնվում են առաքինությունները: Որքան դեպի վեր, այնքան ավելի հաճելի ու դժվար: Բայց սանդուխքը նրա համար է որպեսզի մարդիկ բարձրանան և իջնեն: Աստիճանների վրա կանգնել չի կարելի, դա գաղջ վիճակն է, և կարող եք խանգարել այլոց: Մի խոսքով հոգևոր կյանքը նման է վեր բարձրացնող աստիճանի, այն ջանք է պահանջում: Հոգևոր կյանքում հանդիպում են նաև մարդիկ, որոնք շտապելով արագ - արագ բարձրանում են հոգևոր աստիճանները, բայց քանի որ նախորդների պայմանները կատարված չէր, վայր են ընկնում և ցավը սաստիկ է լինում: Շատերդ եք եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապում, զգացել եք որ Խոր Վիրապի աստիճանները իջնելը հեշտ է, իսկ վեր բարձրանալը՝ բավական դժվար է; Հուսամ ասելիքս խորհրդաբար հասցրի ձեզ: Այսօրվա մեր դասը թող լինի այն, որ Տիրոջ Ընթրիքի հրավերը չմերժենք կենցաղային անհիմն պատճառներով;
Մնացեք սիրով, և հոգևոր աստիճանները բարձրանալիս անպայման կատարեք նախորդի պայմանները, որպեսզի հիմնավոր լինի ձեր վեր բարձրանալը:
Այսօրվա հարցը. Իմաստուն մոգերը ի՞նչ նվերներ տարան մանուկ Հիսուսին.