ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, իջեցրո՛ւ, Սուրբ Հոգուդ շնորհներըինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ`
առանց օգնականի: Սրբի՛ր, Տե՛ր, հոգուս տաճարը և ինձ հետ եղիր երեկոները:
Բա՛ց իմ հոգու աչքերը և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս: Զորությո՛ւն
տուր ինձ, Տե՛ր իմ Հիսուս, և ընդունի՛ր օրհնաբանությունս: Արթնացրո՛ւ ինձ գիշերվա
խոր քնից` գոհանալու և օրհնելու Քեզ, որքավեմ իմ մեղքերը: Սուգ և արտասուք շնորհիր
ինձ՝ լալու, սգալու և անդադար աղոթելու Քո առջև:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ. Սիրելի ներկաներ, այսօրվա մաղթանքս ձեզ՝ ուզում եմ հղել առաջին սաղմոսի բառերով; Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։
Աստվածաշնչի գրեթե բոլոր գրքերում երանելի մարդու կերպար կա, նրանից սովորելու համար: Փառք Աստծուն Իր առաքյալների համար, որ նրանք գրեցին այս բոլոր նվիրական մտքերը և փոխանցեցին մեզ: Աստծու խոսքին մշտապես հետևող հավատացյալների միությունը պատկանում է այս երանելին; Քանի որ Աստծուն ճանաչող քրիստոնյան այլևս զերծ է ամբարիշտների խորհրդից, մեղավորների ճանապարհից, և հանցագործ մտքերից: Որովհետև նրա նպատակը Աստծուն հասնելն է իր կյանքի ճանապարհի ավարտին: Ավետարանի բոլոր պատգամները, սերտորեն կապված են յուրաքանչյուրիս անձի անցյալի, ներկայի կամ գալիք գործողությունների հետ: Հետևաբար մենք հնարավորինս քիչ մեղանչելու համար պետք է շատ կարդանք Ավետարանի փրկարար խոսքերը, որպեսզի զերծ մնանք ժամանակակից ծածկված փորձություններից:
Այսօր միասին վերլուծենք այս պարզ թվացող, սակայն խորը միտք պարունակող համարը: (Ե՛ս եմ լավ Հովիվը) այս արտահայտությունը շատ անգամներ եք լսել Սուրբ Խորանից հնչած քարոզների ժամանակ:
Իսկ երբևէ անդրադարձ՞ել եք, թե ինչո՞ւ Աստվածաշնչում այսքան շատ է գործածվում հովիվ բառը: Կարդում ենք նաև, որ աստվածաշնչյան նշանավոր դեմքերը նա՛խ եղել են հովիվներ, ապա մարգարեներ ու նույնիսկ թագավորներ: Մովսեսը հովիվ էր հոտի, հետո դարձավ առաջնորդ՝ ժողովրդի: Դավիթը հովիվ էր, հետո դարձավ մարգարե ու թագավոր: Նույնիսկ մեր Տէր Հիսուս Քրիստոս իրեն Հովիվ է անվանում:
Հովիվ բառի բացատրությունը բոլորդ էլ գիտեք, հարկ չկա անդրադառնալու, սակայն մեկ կարևոր հանգամանքի վրա է, որ կուզեմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել:
Հովիվ բառը եթե լայն իմաստով մեկնաբանենք, կնշանակի (պատասխանատվություն): Որովհետև քանի դեռ հովիվը հոտի հետ է, հոտին որևէ վտանգ չի սպասվում: Հոտը կարող է մոլորվել և կորցնել իր փարախի դուռը, եթե չհետևի իր հովվին: Հովիվը մենակ չի կարող հովվություն անել, նրան վստահված է մեծ հոտ, և այդ հոտի պատասխանատվությունը կրում է տվյալ հովիվը: Հիշո՞ւմ եք այն դրվագը երբ Հարությունից հետո, Հիսուս հանդիպեց աշակերտներին և Պետրոսին այլ բան չառաջարկեց, քան արածեցնել իր հոտը, և դա երե՛ք անգամ կրկնեց: Հովհաննեսի Ավետարանի 10 րդ գլխում մանրամասն նկարագրված է հովվի վրա դրված մեծ պատասխանատվությունը՝ որպես առաջնոդ, որին պետք է հետևի հոտը: Բարի հովիվը, եթե նվիրյալ է իր ծառայության մեջ, նա իր հոտի անդամներին անունով է ճանաչում և բոլորը լսում են նրան, քանի որ իրենք էլ իրենց հովվին են ճանաչում:
Մեր Տէր Հիսուս Քրիստոս հովվի ծառայությունը համեմատում է դռան հետ, որի միջով պետք է անցնի ամեն գիտակից հավատացյալ և իրեն համար հոգևոր պաշար ձեռք բերի նրան լսելով:
Իսկ դուռ նշանակում է ամեն տեսակ առաքինություն, որը կարող է ձեռք բերել Քրիստոսին հետևող ամեն անձ;
Լավ հովիվ, բարի հովիվ, քաջ հովիվ արտահայտությունները ասվում են այն հովվի հասցեին, որը նվիրյալ է իր հոտին, հարկ եղած դեպքում իր կյանքը կտա հոտի փրկության համար, ինչպես արեց մեր Տերը՝ Խաչի վրա:
Մաղաքիա մարգարեն այսպես է բնութագրում քահանային,- Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը: Ո՛չ թե որևէ նախարարի պատգամաբեր, այլ՝ Տիրոջ պատգամաբեր: Տեսնում եք, թե որքան պատասխանատվություն է ենթադրում քահանայությունը, և որքան զգուշություն է պահանջում Տիրոջ խոսքը հոտին հասցնելու առումով;
Ավետարանական այս հատվածը չէր կարող սահմանափակվել և վերաբերել միայն հոգևոր հովիվներին, որովհետև բոլորը չէ, որ հովիվ են և բոլորը չեն որ հոտեր ունեն:
Այս պատգամը կարող է վերաբերել ցանկացած առաջնորդի, վարդապետի, վարժապետի, բժշկի, որը ղեկավարում է բազմության վրա: Կամ ցանկացած մասնագիտության տեր անձը գործ ունի մարդկանց հետ, որոնց կամ ղեկավարում է, կամ նրանց սպասարկում է, կամ իր խնամքի ներքո են: Հետևաբար յուրաքանչյուր աշխատող անձ կարող է ստանձնել հովվի պարտականությունը, ի մտի ունենալով Տէր Հիսուս Քրիստոսին՝ որպես Կատարյալ օրինակ իր համար:
Հովիվ է քահանան և հոգ է տանում իր հոտի հոգու փրկության համար, և այնպես պետք է հովվի, կարծես Հիսուս Քրիստոսն էլ է իր հոտի մեջ, և լսում է իր խոսքը:
Հովիվ է ուսուցիչը, և հոգ է տանում աշակերտների կրթության համար և այնպես պետք է ջանա բացատրել դասը, կարծես Մանուկ Հիսուսն է իր աշակերտների մեջ նստած:
Հովիվ է վարորդը, որը հոգ է տանում իր ուղևորների կյանքերի անվտանգության համար, և նա այնպես պետք է վարի հասարակական փոխադրամիջոցը, կարծես իր ավտոբուսի մեջ նստած է Հիսուս Քրիստոս:
Հովիվ է բժիշկը և նա հոգում է հիվանդների առողջության համար: Նա այնքան հոգատար պետք է լինի, կարծես Հիսուսն է իր հիվանդը:
Հովիվ է երկրի ղեկավարը, որին է հանձնված երկրի բնակչության անվտանգությունը և կյանքը: Նա առավել ևս պետք է զգա Տիրոջ ներկայությունը իր կառավարման մեջ, քանզի երկիր է ղեկավարում:
Հովիվ է հացթուխը, խոհարարը, այգեպանը: Մի խոսքով բարի և քաջ հովիվը նա է, որը ի սեր Քրիստոսի հովվում է իր հոտը, որպեսզի վարձատրությունը ստանա Տիրոջից, որովտեև բազում հավատացյալներ փառավորում են Աստծու անունը լավ հովվի շնորհիվ: Դավթի 22 սաղմոսում ասում է Տէրն է իմ Հովիվը, ուստի որևէ բանի կարոտ չպիտի լինեմ:
Ավետարանի պահանջն է, որ ամենքս մեր տեղում լինենք այնպիսի հովիվներ, ինչպես որ մեր Տէրը եղավ մեզ համար և ապահովեց մեր փրկությունը իր Սուրբ Մարմնով և Արյամբ՝ Խաչի վրա:
Ամեն առաքինություն խաչելություն է պահանջում, սիրելի հավատացյալներ, և որևէ լավ բան հեշտությամբ չի տրվում մեզ:
Հովհաննես Ավետարանիչը Տիրոջ Սուրբ բերանով մեզ ներկայացնում է ոչ միայն բարի ու քաջ հովվի կերպար, այլ նաև վարձկան հովիվների, որոնք իրենց հանձնված հոտի համար պատասխանատվություն չեն կրում և վտանգի պահին կարող են թողնել հոտը և փախչել՝ հոտը թողնելով բախտի քմահաճույքին:
Այս օրերին շատ բարձր ամբիոններից լսեցինք, որ ժողովուրդը միաբան չէ: Ժողովուրդը գրագետ չէ: Ժողովուրդը ցրված է ու պառակտված, և էլի շատ բացասական բնութագրություններով պիտակավորումներ:
Այս խոսքերը հնչեցին այն մարդկանց շրթներից, որոնց հանձնված էր որոշակի պաշտոն և ի պաշտոնե պետք է ղեկավարեին հանրությանը: Բավական չէ, որ ինքը վարձկան է եղել իր պաշտոնում, փորձում է մեղմացնել իր բացթողումը՝ մեղադրելով ժողովրդին; Վերը նշեցինք, որ ամեն պաշտոն ենթադրում է հովվություն և պատասխանատվություն: Եթե ժամանակին չեն տվել, այսօ պահանջելու իրավունք էլ չունեն:
Նախորդ սերտողությունների ժամանակ մենք հանգամանալից անդրադարձանք այն փաստին, որ պատերազմը բացեց բոլոր վարագույրները, որպեսզի հոտը տեսնի բոլոր վարձկան հովիվներին, որոնք տարիներ շարունակ անխնամ են թողել իրենց հանձնված հոտի պատասխանատվությունը՝ և պատերազմը նրանց պիտակեց որպես վարձկան հովիվներ՝ սկսած բարձրաստիճան զինվորականներից մինչև ամենափոքր պաշտոնյան: Եթե ոչխարը ընդունակ լիներ ինքնուրույն գնալ արոտ անել ու վերադառնալ իր փարախը, ապա երբեք հովիվների կարիք չէր լինի: Առավել ևս մեր Տէրը իրեն Հովիվ չէր անվանի:
Հետևաբար ցանկացած պաշտոն պետք է ծառայի ժողովրդին և գնահատականը լինի բարի հովիվ;
Իսկ նրանք, որոնք չեն ծառայում ժողովրդին, այլ ծառայում են միայն իրենց շահերին, գնահատականը կլինի՝ վարձկաններ: Այս գնահատականը տալիս է ոչ թե մարդը, այլ՝ Աստված, որը օրինակ էր թողել Բարի Հովվի:
Տէր Հիսուս նկատի ուներ նաև հեթանոսներին, որոնք ևս պետք է միանային Իր հոտին և դառնար մեկ հոտ և մեկ հովիվ: Տէր Հիսուս Քրիստոս երկրի վրա հաստատեց Իր Եկեղեցին՝ ակնկալելով, որ պետք է լինի մի հոտ և մի հովիվ:
Սիրելիներ միայն քաղաքական դաշտում չէ, որ խառնաշփոթ է առաջացել վարձկանների պատճառով:
Նայեք աշխարհի կրոնների բազմազանությանը, նույն խառնաշփոթը կրոնների մեջ է տարակարծությունների պատճառով: Մեկը մյուսին չի հանդուրժում, մեկի կանոնները մյուսի համար ընդունելի չէ, չնայած որ բոլորն են ճանաչում որ Հիսուսն է Քրիստոսը, որ նա է եկեղեցու Գլուխը և Նա է Բարի Հովիվը: Այսպես շարունակվում է մինչև այսօր, և միայն Աստված գիտե, թե դեռ որքան է շարունակվելու այս բաժանումները եկեղեցու մեջ:
Տէ՛ր Հիսուս Քրիստոս, միա՛կդ Բարի Հովիվ, որ կյանքդ տվեցիր Քո հոտի համար, զորացրու քո հոտը սպասարկող հովիվներին և իմաստություն տուր վարձկան հովիվներին, որպեսզի հիշեն, որ իրենցից ես պահանջելու ոչխար առ ոչխար: Այսօրվա մեր դասը հովիվների մասին էր, որը վերաբերում է ամեն մի պատասխանատու ծառայողի, որը մեծ պարտականություն ունի իր աշխատանքի նկատմամբ;
Մնացեք սիրով և խաղաղությամբ, դուք որ Աստծո խոսքի գիտակներ եք, պարտավոր եք լինել մեկական քաջ հովիվ ձեր ծառայության վայրում, և ձեր ընտանիքում:
Այսօրվա հարցը. Հովհաննես Առաքյալը որտե՞ղ գրեց Հայտնության Գիրքը.