Բարի լույս ձեզ սիրելի բարեկամներ, գոհություն Աստծուն խաղաղ գիշերվա և պայծառ լուսաբացի համար, և առհասարակ փառք Աստծուն մեր կյանքի ամեն վայրկյանի համար, քանի որ Աստծու նախախնամությունը հայտնի է մեր կյանքի ամեն ժամանակահատվածում: Եթե մենք չենք նկատում և չենք գնահատում, դա միայն մեր հոգևոր կարճատեսության պատճառով է: Միայն այն փաստը, որ Աստված մեզ կյանքի ուղեցույց՝ Աստվածաշունչ մատյան է պարգևել, արդեն խոսում է այն մասին, որ Աստված մեզ հետ կարող է լինել ամեն րոպե, երբ մեր ձեռքը վերցնենք Աստվածաշունչը: Աստծո զորությունն ու կարողությունը անքննին են, սակայն աստվածային ճշմարտությունները այնքան ընկալելի ձևով է մեզ մատուցում, որ միայն ցանկություն է պետք բացել և կարդալ Սուրբ Գիրքը: Երբեմն մարդիկ մեծամտությունից դրդված իրենց անարժեք ասելիքը այնքան տողատակերով են ասում, որ լսողի համար դառնում է անհասկանալի: Իսկ Ավետարանը սրտով կարդալու դեպքում ուղղակի խոսում է քեզ հետ:Այսօրվա Ավետարանում Ղուկասը նկարագրում է, թե ինչպես փարիսեցիները այդ մեծագույն հրաշքը տեսնելուց հետո Հիսուս Քրիստոսի ամբաստանեցին, իբրև դևերի իշխանի հետ համագործակցելու համար, այն դեպքում, երբ իրենց աչքով տեսան, որ դևը դուրս եկավ, համրը խոսեց: Այս դեպքում դևը համր էր դարձրել հիվանդին, և նա կորցրել էր խոսելու ունակությունը: Իսկ փարիսեցիների դեպքում դևը նրանց խոսել էր տալիս Աստծո Որդու դեմ, և նրանք չէին զգում դա: Սակայն մենք տեսնում ենք, որ Տէր Հիսուս հանդարտությամբ բացատրում է, որ սատանան երբեք սատանային չի հանի, քանի չի կարող ինքն իրեն հակառակ գործել: Իսկ եթե ես դևին հանում եմ Աստծու հոգով, ուրեմն ինչպես դուք չեք տեսնում, որ Աստծու արքայությունը հասել է ձեր վրա: Միթե դուք էլ բռնված չեք չարից, որ նայում եք, ու չեք տեսնում, լսում եք և չեք հասկանում, խոսում եմ ձեզ հետ և ձեր միտքը խավարի մեջ է:
Փարիսեցիները և օրենքի ուսուցիչները մի պարզ ճշմարտություն չկարողացան հասկանալ, որ Հիսուս Քրիստոս իր առաքելությունը երկրի վրա սկսեց, ոչ թե օրենսգետներ կամ իմաստունները ընտրելով, այլ պարզ և անշուք մարդկանց ընտրեց աշխարհի փրկության ծրագիրը իրագործելու համար: Ընտրեց տասներկու անուս աշակերտ և հաջողվեց իր առաքելության մեջ: Այդ պարզ մարդիկ, որ մաքուր սիրտ ունեին, կարողացան հասկանալ, որ մարդը առանց Աստծու ոչինչ է: Նայեք ժամանակակից մենեջերներին և գործատուներին, նրանցից ո՞վ կվերցնի իր աշխատավայրի համար անգրագետ և անուս մարդկանց: Ո՛չ ոք: Դրա համար ո՛չ մի բնագավառում արդարություն չկա, ազնվություն չկա, և կարճ ժամանակում սկսում են աշխատողներին անվերջ փոխարինել նոր մարդկանցով: Ձախողում են, քանի որ նրանց հույսը Քրիստոս չէ, այլ իշխանությունն ու փառքը, հարստությունն ու հեղինակությունը: Իսկ տասներկու աշակերտները սիրեցին Քրիստոսին, նվիրվեցին Նրան, չնայած որ ամենքն էլ մի դիպվածով մեղանչեց, բայց նրանց սրտերն էր մաքուր: Աշակերտները նույնպես մեղանչում էին, բայց տեսնում էին իրենց սխալը, զգուշացնելուց հետո: Բայց օրենքի ուսուցիչները և՛ մեղանչում էին, և՛ չէին տեսնում իրենց սխալը բազում զգուշացումներից հետո նույնիսկ: Ավետարանը մի գեղեցիկ և շատ տպավորիչ երկխոսություն է մեզ ներկայացնում, որը տեղի է ունեցել Քրիստոսի և Պետրոսի միջև: Հարությունից հետո Քրիստոս Պետրոսին դիմում է իր հին անունով, ասելով,- Սիմո՛ն, որդի՛ Հովնանի սիրո՞ւմ ես ինձ: Այս հարցը տալիս է երեք անգամ, քանի որ երեք անգամ էր ուրացել իրեն, ասելով չե՛մ ճանաչում այդ մարդուն: Պետրոսը ասել էր չեմ ճանաչում: Ինչո՞ւ Տէր Հիսուս նրան չհարցրեց, ճանաչո՞ւմ ես ինձ, այլ հարցրեց,- սիրո՞ւմ ես ինձ: Այս հարցը անհատապես միայն Պետրոսին չէ ուղղված, այլ համայն մարդկությանը: Տէր Հիսուս կամեցավ ասել, որ ինձ ճանաչելը բավական չէ իմ խոսքը կատարելու համար, պետք է սիրել: Այս հարցը այսօր ուղղված է յուրաքանչյուրիս: Որքան որ սիրում ենք Հիսուս Քրիստոսին, այնքան էլ կատարում ենք Նրա պատգամները: Ավելի հստակ ձևակերպում չկա:
Փարիսեցիները իրենց աչքով տեսան, որ համրը խոսեց: Մի՞թե ավելի բարի բան կա սրանից, իսկ իրենք վերագրեցին հրաշքը դևերի իշխանին: Իրենք տեսնում էին, որ կատարվածը աստվածային է, սակայն չէին հավատում: Հետևաբար Աստծուն ճանաչելը բավարար չէ նրան հավատալու համար: Մինչև ապաշխարության դառը արցունքներով չմաքրենք մեր ներքին ապականված վիճակը, չենք տեսնի աստվածայինը և չենք սիրի Աստծուն: Հիսուս Քրիստոսի պատգամները շատ չեն Ավետարանում, եթե առանձնացնեք ընդհանուրից, սակայն բավարար են աշխարհի կառավարման համար: Իսկ աշխարհի օրենքներն ու թեզերը անսահմանափակ են, և աշխարհը կանգնեցրին անդունդի եզրին, քանի որ ճանաչեցին Հիսուս Քրիստոսին, բայց մեղքի մեջ լինելով չկարողացան ընդունել նրան: Հիսուս Քրիստոսի արտաբերած ցանկացած պատգամ այսօր կարող է աշխարհի ընթացքը փոխել, եթե կիրառող լինի: Օրվա քահանայապետին Տէր Հիսուս անվանեց սպիտակեցրած գերեզման: Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում արտաքնապես գեղեցիկ գերեզման, որի մեջ փտած մարմինն է: Մի՞թե այսօր աշխարհը կառավարող ուժերը սպիտակեցրած գերեզմաններ չեն՝ արտաքինից շքեղ ու զարդարված, իսկ ներքուստ կեղծիք ու խարդախություն: Ե՞րբ կարող է մարդությունը հասկանալ, որ առանց Աստծու ինքը չի կարող շիտակ ընթացք ունենալ, որովհետև մարդու բնությունն այդպիսին է՝ երկմիտ, կասկածող, տագնապող, վախեցող և այլն: Հիշենք մեկ այլ դրվագ դարձյալ Տէր Հիսուսի և Պետրոսի միջև տեղի ունեցած: Երբ Պետրոսը ասաց, որ ինքն էլ ուզում ջրերի վրայով քայլել, Հիսուս ասաց, քայլի՛ր: Հաջորդ պահին Պետրոսը երկմտեց, վախեցավ՝ ալիքը տեսնելով: Սա էլ մի գեղեցիկ օրինակ է մեզ համար՝ հասկանալու, որ պետք չէ խնդրել այնպիսի բան, որի կարողությունը չունենք անելու համար:
Մեր հավատը այդքան չէ, նույնիսկ մանանեխի հատիկի չափ չէ, մենք երկմիտ ենք մեր էությամբ: Մեր գլխավոր թերությունն այն է, որ չենք ընդունում, որ առանց Աստված մենք ոչինչ ենք: Մենք պետք է սովորենք սիրելու բանաձևը, որովհետև առանց սիրելու ոչ ոք իր աշխատանքը որակյալ չի անում: Հիսուս Քրիստոս իր գլուխը դնելու տեղ չուներ, ինչպես որ ինքն էր ասում, բայց սիրում էր մարդկանց և հրավիրում էր իր մոտ բոլոր հոգնածներին ու բեռնավորվածներին, որպեսզի հանգստացնի: Իր նպատակը դա էր, և կամենում էր որ փարիսեցիներն ու օրենսգետներն էլ դա հասկանային, ու օգտակար լինեիր ժողովրդին: Փարիսեցիների նպատակը դա չէր, դրա համար ամեն անգամ ընդհարվում էին տարբեր հարցերի շուրջ: Ո՞վ է այսօր փնտրում հոգնածին ու բեռնավորվածին: Սիրելիներ, աշխարհ եկող ամեն մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ իր արարքով խաչն է հանում Քրիստոսին:Քրիստոնյաների վարքագծի մեջ այնքան շատ է քրիստոնեական թերությունները, որ բուն առաքինությունը մնացել է ստվերում: Մեղքերի ընդհանրական խոստովանության մեջ մի տող կա, որ վերաբերվում է քրիստոնյա աշխարհին, և պետք է որ բոլորս ամեն օր ասենք այս ճշմարտությունը, թե՝ ի կարգս քրիստոնեության հրավիրեցա, և գործովս անարժան գտա: Այսօրվա պատգամը մեզ սովորեցրեց, որ մարդը պետք է ամբողջական մնա, և իր ներսում չպառակտվի, քանի որ իր մեջ բաժանված տուն և թագավորություն քանդվում է և կանգուն չէ: Հետևաբար սիրելիներ, մենք որպես գիտակ քրիստոնյաներ, մնանք մեր հավատք մեջ ամբողջական, ճանաչելուց բացի նաև սիրենք Հիսուս Քրիստոսին՝ որպեսզի այդ սիրո զորությամբ էլ կարողանանք պահել Նրա պատվիրանները: Մնացեք սիրով՝ և ստուգեք ձեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ձեր գործերի միջոցով: Այսօրվա հարցը՝ Համոզվա՞ծ ես, որ դու ամբողջական ես քո հավատքի մեջ և երկփեղկված չես: