ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Երբ Դու գաս երկնքից, Տէր, Քո ահեղ փառքով ու հրեշտակների անթիվ դասերով, ողջ տարերքը, երկնայինները և երկրայինները զարհուրելով կդողան, Քո զորությանը նայելով` կսարսեն անմահ Թագավորիդ, անճառ Դատաստանիդ և աններելի պատուհասիդ ահեղ փառքից: Այն օրը ի՛նձ էլ ընդունիր, Տե՛ր, Քո արդարների և կատարյալների հետ, կարգի՛ր աջակողմյան դասում, պսակի՛ր Քո սրբերի հետ, շնորհի՛ր հավիտենական կյանքը և պարգևի՛ր Քո անճառ բարիքները:
Առաջնորդի՛ր իմ հոգին ընթանալու սրբերի ուղիղ ճանապարհով, և կործանի՛ր դարանակալ գազանին: Անխռո՛վ անցկացրու խավարային օդի միջով և ազատի՛ր գազանի չար ժանիքներից: Փրկի՛ր, աներկյո՛ւղ պահիր և բնակեցրո՛ւ սրբերի կայանում, սպասեմ և ակնկալեմ Քո Գալուստը: Եվ փա՜ռք Քեզ` Արարողիդ և ինձ բարիքներ Պարգևողիդ: Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.44-50
Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը, որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: 45 Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան: 46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ: 47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»: 49 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»: 50 Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ, Տէր Հիսուս Քրիստոսի սերն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինի՝ Իր խոսքը ուշադի՛ր լսելու և հավատարմորեն կատարելու համար: Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ եք զգում այս եթերին սպասելիս, բայց ես չեմ թաքցնել ձեզնից, այն ինձ համար դարձավ հարազատ մի միջավայր՝ հարազատ մարդկանցով: Մարդկային հոգևոր շփումները առավել հասկանալի են դարձնում Տիրոջ պատվիրանների բուն նպատակը: Սիրելիներ մենք մեծագույն պատվիրան ունենք, որ առաջինն է՝ Սիրիր Աստծուն և մերձավորիդ: Կարծես մնացած բոլոր պատվիրանները այս պատվիրանի տրամաբանական շարունակությունն են: Սիրել Աստծուն, նշանակում է ակնածանք ունենալ Աստվածաշնչի նկատմամբ և մեծ պատասխանատվություն ունենալ Սուրբ Պատարագի Խորհրդի նկատմամբ: Սիրել մերձավորին, նշանակում է նրան հիշել աղոթքներում Աստծո առջև և հարկ եղած ժամանակ օգնության ձեռք մեկնել: Այս եթերաժամը ինչ որ կերպ մոտենում է այս պատվիրանին: Քանի որ ամեն օր մենք օրվա պատգամի բացատրությունը հասկանալով կրթում ենք մեր անձերը, իսկ մեր անձերը կրթելով, և մեր մեղքերից ազատվելով է, որ կարող ենք սիրել մեր մերձավորին: Ձեզ հետ միասին մենք կատարում ենք այդ պատվիրանը: Սիրում ենք Աստծուն, քանի որ Նրա խոսքն ենք կարդում ու լսում ամեն օր, և սիրում ենք մեր մերձավորին՝ քանի որ օգտակար ենք լինում նրան: Այսինքն՝ ես ձե՛զ, իսկ դուք ձեր մերձավորին՝ տարածելով կամ փոխանցելով Հանապազօրյան Հացը:
Այսօրվա պատգամը մեզ հատուկ զգուշացում է տալիս, որ մեր ականջների մեջ պահենք Աստծու ամեն խոսք, որ դուրս է գալիս Նրա բերանից, հատկապես այն, որ մարդու Որդուն մատնելու են մարդկանց ձեռքը: Նաև Ավետարանիչն ասում է, որ այս խոսքերը ծածկված էր նրանցից, որ չիմանան: Աշակերտների համար հասկանալի չէր, թե ինչո՞ւ պետք մատնեն Հիսուս Քրիստոսին, ինչո՞ւ պետք է մարդկանց ձեռքը հանձնեն, քանի որ նրանք տեսնում էին Քրիստոսի արած մեծագործությունները, բարի գործերը, հրաշքները, բոլոր բժշկությունները: Հետևաբար նրանց համար հասկանալի չէր, թե ինչո՞ւ բարություն անողին պետք է մատնեն: Տէր Հիսուս նրանց ասում էր,- ձեր ականջների մեջ պահեք այս խոսքերը, որ երբ ժամանակը գա, և սկսեն ձեզ հալածել, այդ ժամանակ դուք հասկանաք, որ այս աշխարհի իշխանը, որ չարն է, չի հանդուրժում բարուն, և պատրաստ է նրան հալածել, քարկոծել և նույնիսկ խաչը հանել: Արդարությունը միշտ խաչի վրա է, բայց չի մեռնում, որովհետև իրավիճակի տերը արդարությունն ու ճշմարտությունն է վերջնականապես: Նայենք մեր իրականությանը, հասկանալի կդառա, որ չարը քողարկված է բարու անվան տակ, կեղծիքը քողարկված է բարեպաշտության քողի տակ և ներկայացվում է որպես ճշմարտություն: Ի՞նչ կա այսքան գովազդների տակ, եթե ոչ սուտ ու խաբեություն:
Հետևելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, պատկերը ավելի վառ գույներով է երևում: Վերջին դեպքը, որ կատարվեց ազատություն քարոզող Ֆրանսիայում, մեզ ավելի հասկանալի դարձրեց, որ քրիստոնեական արժեքները չեն պահպանվում նույնիսկ քրիստոնյա երկրներում, էլ ինչ կարելի է սպասել իսլամից: Մի՞թե Աստվածաշնչյան ազատությունը մեզ երբևէ սովորեցրել է, որ կարելի է ծաղրել այլոց կրոնը, կամ կրոնի առաջնորդին; Մի՞թե Աստվածաշունչը մեզ երբևէ սովորեցրել է մարդկանց կյանքեր խլել: Ուրեմն ինչպես որ Աստծուն դեմ է մարդուն գլխատելը, այնպես էլ դեմ է ծաղրն ու հեգնանքը: Կամ մեկ այլ երկրում մարդու իրավունքների պաշտպանության պաստառները ձեռքերին պահած ման են գալիս, բայց անտարբեր են այլոց պատերազմների ու ցեղասպանությունների նկատմամբ: Սիրելիներ, մեր ականջների մեջ պետք է պահենք այս խոսքերը, թե մարդու Որդուն մատնելու են մարդկանց ձեռքը: Սա նշանակում է որ արդարությունն ու ճշմարտությունը մշտապես հալածվելու է անօրենի ու ամբարշտի ձեռքով, այնքան ժամանակ մինչև Տիեզերքի Արարիչը վերջնականապես հաստատի Իր թագավորությունն ու Իր կամքը:
Հիվանդ աշխարհի միակ բուժումը քրիստոնեական արժեքներին հնարավորինս շուտ վերադառնալն է, բայց մենք տեսնում ենք, որ գնալով ավելի խորն է գնում մեղքը, կեղծիքը, խաբեությունը, անտարբերությունը, ագահությունը և առհասարակ յոթ մահացու մեղքերը իրենց տարատեսակներով: Աշխարհը քրիստոնեությունը թաքցրել է կեղծ հավատքի տակ, իսկ ապաշխարությունը առհասարակ մոռացված թեմա է նույնիսկ քրիստոնյաների շրջանում: Հետևաբար մեզնից յուրաքանչյուրը անհատապես պետք է մոտենա աստվածաշնչյան պատգամների կատարմանը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա,- Ես սիրո՞ւմ եմ Աստծուն: Եթե սիրում եմ, որքանո՞վ եմ նախանձախնդիր Նրա խոսքի կատարման հանդեպ: Կամ որքանո՞վ եմ ծանոթ Աստվածաշնչի ճշմարտությանը, որպեսզի հեշտ զատեմ կեղծիքն ու ճշմարտությունը: Ամեն մարդ թող իրեն հարց տա, ես սիրո՞ւմ եմ իմ մերձավորին, ըստ Աստծու պատգամի, ոչ թե որ իմ բարեկամն է; Մերձավորը՝ քո դեմ դուրս եկած ամեն պատահական մարդ է, որն ունի քո կարիքը, այնպես, ինչպես որ դու ունես ուրիշի կարիքը:
Այստեղ միշտ մի պատճառաբանություն է մեջտեղ գալիս, թե ես նյութապես անկարող եմ մեկին օգնել, նույնիսկ ինքս կարիք ունեմ օգնության: Այո, հնարավոր է, որ այդպես էլ լինի: Եթե նյութապես չես կարող օգնել մեկին, ապա նրա համար աղոթել հաստա՛տ կարող ես: Եթե չես կարող ննջեցյալի բարեկամին, կամ հարազատին ձեռք մեկնել նյութական օգնության հարցում, ապա կարող ես Աստծուն աղոթել ամեն նրա հոգու հանգստության համար: Բայց ո՛չ թե միայն թաղման, յոթի և քառասունքի օրերը, այլ մշտապես աղոթես բոլոր ննջող մարդկանց համար, ասելով՝ Ողջերի և ննջեցյալների Տէ՛ր Աստված, ամեն վայրկյան մեկը ավանդում է իր հոգին Քո ձեռքը, երբեմն պատրաստ, երբեմն անպատրաստ, Դու ողորմիր մեղավորին և ներիր նրա մեղքերը, որոնք չհասցրեց ապաշխարել, ներիր նաև ինձ, մեղավորիս: Մեր հասարակությունը ննջեցյալների հոգիների համար աղոթքի հարցում բավական շատ բացթողումներ ունի: Երբեմն թաղման կարգերի ժամանակ քահանայի հետ ոչ ոք չի աղոթում ներկա գտնվող մարդկանցից: Աղոթքը նույնպես հոգևոր աշխատանք է, որը պահանջում է սրտի մաքրություն և ուշադրություն: Քանի որ աղոթքը արվում է ինչ որ իրավիճակ փոխելու համար, կամ գոհություն հայտնելու ցանկություն է աղոթքը, կամ խնդրանք է ներկայացնում իրենից: Մի խոսքով աղոթելու պատվերը մեզ տվել է մեր Տէր Հիսուս Քրիստոս, ասելով,- աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Անդադա՛ր աղոթեցեք:
Եթե մենք մեր ականջների մեջ չպահենք օրվա տված պատգամը, փորձության մեջ հայտնված ժամանակ չենք իմանա ինչպե՞ս վարվել և տանուլ կտանք մեր խաղաղությունը: Օրինակ այսօրվա Ավետարանի պատգամը այս է. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը»: Եթե մեր ականջի մեջ պահած չլինենք հիմար կույսերի առակի պատգամը, ապա մի օր Աստծու ողորմության դուռը կփակվի մեր առջև և կլսենք Տիրոջ ձայնը, որն ասում է.- Չե՛մ ճանաչում ձեզ: Ինչո՞ւ չի ճանաչում, որովհետև Իր խոսքը չենք պահել մեր ականջի մեջ, կամ լսել ենք ու չենք հասկացել և չենք ջանացել հասկանալ: Սիրելիներ, մի՞թե այսօր մարդու Որդուն չեն հանձնում մարդկանց ձեռքը, և՛ իսկական իմաստով, և փոխաբերական իմաստով և առհասարակ: Եթե մեր ականջների և մեր մտքերի մեջ պահած չլինեինք ավետարանական այն ճշմարտությունը, որ Աստված է մեր սրտի ճշմարիտ վերակացուն, մեր լեզվի ունկնդիրը և մեր մտքի վկան, ապա այսքան անօրենություններից, որ կատարվում է մեր շուրջը, կարող էինք ուղղակի խենթանալ: Սակայն մենք մեր սրտում ունենք պահած այն ճշմարտությունը, որ Աստված է տիրող իրավիճակի Տերը, Աստծու ձեռքում է համբերության բաժակը, և ամենակարևորը՝ ժամանակի Տէրն է Աստված: Միտքս ավարտեմ Պողոս Առաքյալի խոսքերով, որը այս պահին նաև ես եմ կամենում եմ ձեզ. «Եւ ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, որպէսզի դուք լաւն ընտրէք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրուայ համար՝ լցուած արդարութեան պտուղներով, Յիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովութիւն Աստծոյ: Ու այն օրը պիտի ասենք. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»:
Մնացեք սիրով՝ ձեր ականջները թող մի՛շտ բաց լինի Տիրոջ խոսքի համար, ձեր մտքերում թող մի՛շտ տեղ լինի այդ խոսքը պահելու համար, իսկ ձեր սրտերը թող խնդությա՛մբ և ուրախությա՛մբ ընդունեն Տիրոջ ամենօրյա պատգամները մեր ուղիղ եթերներից: Աստծու բարի կամքի համաձայն կհանդիպենք վաղը՝ նույն ժամին: Այսօրվա հարցը այսպիսին է. Տէր Հիսուս Քրիստոսի խոսքի շնորհիվ հեղաշրջում եղե՞լ է քո կյանքում արդեն: