Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ, ուրախ եմ կրկին ձեզ տեսնել ուղիղ եթերում և ձեզ փոխանցել օրվա պատգամը և ինչո՞ւ չէ նաև քննարկել աշխարհի անցուդարձը: Սխալ չի լինի, եթե հոգևորականի մի ձեռքում լինի խաչն ու ավետարանը, իսկ մյուս ձեռքում լինի օրվա լրագիրը; Ոչ թե նրա համար, որ հոգևորականը քաղաքականությամբ է զբաղվում, ո՛չ, քավ լիցի: Սակայն հավատացյալ հոտին պետք է ճշմարտությունն ասել բոլոր հարցերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Քանի որ հավատացյալը քաղաքացիական իր իրավունքները պետք է կարողանա պաշտպանել նույնպես քրիստոնեաբար: Հոգևորականն է, որ հավատացյալի ուշադրությունը պետք է սևեռած պահի Աստվածաշնչի ճշմարտության վրա, նաև քաղաքական հարցերում, քանի որ Քրիստոսին պետք է փնտրել ամենուր: Արքայության Ավետարանի խոսքը ճշմարտապես մատուցելու դեպքում, քրիստոնեությունը կարող է ծաղկել ու բարգավաճել: Կարող է նաև հակառակը տեղի ունենալ, երբ Աստծո զորավոր խոսքը մատուցվում է որպես գիտելիք: Հավատացյալի միտքը ոչ թե պետք է ծանրաբեռնել աստվածաշնչյան գիտելիքով, այլ հավատացյալի սրտում տեղադրել վառվող փոքրիկ հոգևոր ջահը, որով հավատացյալը կկարողանա լուսավորել իր ճանապարհը և գտնել Քրիստոսին՝ այդ ճանապարհի վրա:
Սիրելիներ, նայենք մեր շուրջը, աշխարհում օրական միլիոնավոր մարդ դառնում է քրիստոնյա՝ մկրտությամբ, սակայն այդ միլիոնավոր մարդիկ դրական ազդեցություն չեն ունենում քրիստոնեության աճի ու ծաղկման վրա: Տէր Հիսուս Քրիստոս երկրից համբարձվելու ժամանակ կտակ թողեց աշխարհին: Այդ կտակը բացեցին առաքյալները հետագայում: Առաքյալներին պատվիրված է մարդկանց սովորեցնել կատարել այն, ինչը Քրիստոս սովորեցրեց իրենց: Մեզ պատվիրված է կատարել այն, ինչը լսել ենք առաքյալներից: Քրիստոնյաների թիվն աշխարհում ավելանում է,ամեն օր, քարոզների թիվը անհամար է դարձել տարատեսակ հարանվանությունների միջոցով: Սակայն աշխարհում անօրենությունների թիվն էլ է ավելանում ամեն օր: Ինչո՞ւ Քրիստոսի խոսքը, որ քարոզվում է ամենուր, չի կատարում իր զորավոր հեղափոխությունը: Ի՞նչն է գլխավոր պատճառը: Պատճառները երկուսն են: Առաջինը՝ երբ Քրիստոսի խոսքի քարոզության նպատակը հավատացյալի սրտում ջահ վառելը չէ: Երկրորդ պատճառն այն է, որ հավատացյալի ականջը խոսքը լսում է և չի կատարում՝ պարարտ հող չունենալու պատճառով: Պարզվում է, որ մեր օրերում չի կատարվում տիրոջ թողած կտակի պատգամը՝ թե սովորեցրեք այն, ինչ սովորեցիք Ինձնից:
Հիսուս Քրիստոս հայտնվեց հանրությանը Հովհաննես Մկրտչի մկրտությունից հետո՝ երեսուն տարեկան հասակում: Նա Իր մկրտությամբ նույնացավ մարդկության հետ և պատվիրեց, որ մարդիկ մկրտվելով նույնանան Իր հետ: Պատգամը պարզ է: Որսց հետո սկսեց աշակերտներ ընտրել: Հարցնողներին ասում էր, «Ի՞նչ էք ուզում», մեկին ասում էր, «Արի՛ իմ յետեւից», ոմանց ասում էր՝ «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Հիսուս Քրիստոս վստահ էր, որ երբ գան աշակերտները, տեսնելու են այն, ինչը ինքը քարոզում էր ամենքին: Ասել է, թե խոսքի և ապրած կյանքի մեջ տարբերություն չկար: Սա էր սովորեցնում առաքյալներին և պատվիրում էր, որ նրանք էլ սովորեցնեն իրենցից սովորողներին:Երբ մկրտվում ենք Քրիստոսի անունով, և Նրա հետ չենք նույնանում, երբ լսում ենք Նրա խոսքը և մեր կյանքի մեջ չենք տեղափոխում, ուրեմն իրավունք չունենք զարմանալու աշխարի այսօրվա անօրենությունից, քանի որ մեծամասնությունն է այդպես վարվում:
Աստված Եզեկիել մարգարեի միջոցով զգուշացնում է քահանային ու ժողովրդին, ասելով,- Երբ ես անօրենին ասեմ, դու մեռնելու ես և դու նրան չզգուշացնես, անօրենը կմեռնի իր անօրենության մեջ, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ: Իսկ եթե նախօրոք ասես ամբարշտին, և նա հետ չդառնա իր չար ճանապարհից, ինքը ամբարշտության մեջ կմեռնի, իսկ դու քո հոգին կփրկես; Տեսնում եք, սիրելիներ, պատգամը միակողմանի չէ: Ասողը պետք է Աստծու խոսքը փոխանցի, իսկ լսողը պետք է կատարի: Հովհաննես Մկրտիչը կանչվել էր անապատում քարոզելու համար: Հովհաննեսը չկառուցեց իր համար հարմարավետ եկեղեցի, և իր հետևորդներն էլ նստարանին նստած չէին լսում Հովհաննես Մկրտչի ապաշխարության քարոզները, այլ պայմանները շատ դժվար էին, բայց մարդիկ գնում էին անապատ նրան լսելու և իրենց մեղքերից ազատվելու համար:
Մեր օրերի նման չէր, շքեղ եկեղեցի, հարմարավետ աթոռներ, բարձրախոս, անուշ խնկաբույր, թովիչ երգչախումբ, ջեռուցվող կամ զովացնող օդափոխիչներ: Նույնիսկ այսպիսի պայմաններում եկեղեցիները կիրակի օրերը դատարկ են: Հետևաբար կարելի է փաստել, որ հարմարավետությունը ոչ թե հզորացնում է աղոթքն ու հավատքը, այլ հակառակը՝ ծուլացնում և թուլացնում է հավատացյալի ձգտումը: Հովհաննես Մկրտիչը անապատում սկսեց իր առաքելությունը՝ դժվարություններով: Հիսուս Քրիստոս անապատից սկսեց իր ծառայությունը՝ դժվարություններով: Ուրեմն գլխավոր նպատակին հասնելու համար, առաքելությունը իրականացնելու ճանապարհին մեծ փորձություններ է պետք հաղթահարել: Մեր ծուլությունների հիմնական պատճառներից մեկն էլ մեր եկեղեցիների հարմարավետությունն է: Հիսուս Քրիստոս երբեք չէր մտածում թե մարդիկ ի՞նչ կմտածեն իր մասին, քանի որ Նրա աղբյուրի ակը մաքուր էր և ջուրը զուլալ: Նա եկել էր փրկելու համար, և աշակերտները սրտով սիրեցին Նրան:
Իսկ ի՞նչ կա մեր սրտում: Նախանձ, բարկություն, ագահություն, ծուլություն, որկրամոլություն, բղջախոհություն և ամենակարևորը՝ հպարտություն: Իսկ Քրիստոսի սրտում ներողամտություն, ողորմություն, բարություն, սեր, անհիշաչարություն: Այդ պատճառով մեր սրտում տեղ չկա Քրիստոսի խոսքը սերմանելու և առավել ևս աճեցնելու համար, հողի քարքարոտ և փշոտ լինելու պատճառով: Մինչև մեր այգին չազատվի փշերից ու քարերից, որ մեր մեղքերն են, այնտեղ որևէ սերմ չի կարող պտուղ տալ: Աշխարհն այսօր իր հայացքը ուղղել է ԱՄՆ ի ընտրությունների վրա և շունչը պահած սպասում է, թե ո՞վ է ընտրվելու: Արցախում նույնպես ընտրություն է՝ սակայն՝ կյանքի և մահվան միջև: Հիվանդանոցում թթվածնի դիմակ հագած հիվանդի համար նույնպես ընտրություն է՝ կյանքի և մահվան միջև: Այս ընտրությունը ավելի կարևոր է, քան նախագահական ցանկացած ընտրություն՝ որը իշխանատենչություն է: Մահվան մահճում պառկած մարդը կարող է ճիշտ ընտրություն անել՝ ընտրելով հավիտենականը, աստվածայինը, ճշմարիտը: Աշխարհն այսօր աստվածային թթվածնի կարիք չունի այլևս: Աթեիզմը գլուխ է բարձրացրել, որն ավելի վտանգավոր է, քան իսլամը:
Աշխարհում այլևս չմնաց մի բարոյական արժեք, որի համար համայն մարդկությունը պատրաստ լինի պատերազմել բարի պատերազմ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, և սպասի հաղթության պսակին: Միայն սեփական հեղինակությունն ու հարստությունը, տարածքային ամբողջականությունը պահելու և փրկելու պատերազմ է գնում աշխարհում: Միակ պանդեմիան աշխարհում՝ մարդու մեղանչական բնությունն է: Ողջ մարդկության պատմության մեջ միակ մահացու վիրուսը մեղքն է: Ամեն ինչի կորուստը փոխհատուցում ունի, միայն անգին հոգին է, որ կորցնելուց այլևս չկա փոխհատուցում: Թող ողորմի Աստված մարդկությանը իր անտարբերության համար, թող Տէր Աստված հանուն Իր արդարների խնայի այս գեղեցիկ աշխարհը, որ պարգևել էր մարդուն, և մարդը չգնահատեց:
Սիրելիներ, դուք հետևեք աշխարհի իրադարձություններին, բայց ընտրեք Աստծուն, միակ Ճշմարտին, միակ Արդարին, Միակին՝, որն իր խոսքը կատարում է մինչև վերջ: Մնացեք սիրով, ընտրության հարցում հաստատակամ, Աստծու խոսքի կատարման մեջ՝ վճռական: Հարցը այսօրվա. Դու արդեն գտե՞լ ես Մեսիային, փնտրո՞ւմ ես Նրա օթևանը: