ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Ողորմի՛ր, Տե՛ր, մեր եղբայրներին, ծնողներին ու իմ բոլոր արյունակից մերձավորներին, կրոնավորներին ու
միանձնյա ճգնավորներին, նրանց, ովքեր մեզ ողորմություն պարգևեցին և ովքեր հանձնարարեցին
մեր աղոթքներում հիշել իրենց. Ողորմի՛ր, Բարերա՛ր, և տո՛ւր ըստ յուրաքանչյուրի կարիքի:
Առատապես բաշխի՛ր Սուրբ Հոգուդ շնորհները նրանց բոլորին և զարդարի՛ր ու միավորի՛ր Քո Աստվածության սիրո մեջ:
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունի՛ր աղաչանքներս, կատարի՛ր խնդրվածքներս և նրանով զորացրո՛ւ ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, և Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տո՛ւր ինձ նրանով
զորություն և ժուժկալություն, զգաստություն առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու
արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում և տքնություններում, աղոթքի ու պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս:
Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարի՛ր ինձ սրանով` իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:
Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը` սուրբ Խաչդ երևալիս, լուսավորի՛ր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին: Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.37-44
Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն: 38 Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մինուճարն է. 39 ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ խորտակելով նրան՝ հազիւ է հեռանում նրանից: 40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»: 41 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»: 42 Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետնին խփեց նրան ու ցնցեց: 43 Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը: 44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Աստծու ողորմությամբ և օրհնությամբ սկսում ենք մեր Հանապազօրյա հացի ճաշակումը՝ մեր ուղիղ եթերում: Մեր ամենօրյա այս հանդիպումը օրվա Ավետարանի պատգամի շուրջ, մեր ամենօրյա Տերունական աղոթքի մեկ խնդրանքն է, թե՝ Տո՛ւր մեզ մեր հանապազօրյա հացը: Իսկ մենք արդեն գիտենք, որ Տէր Հիսուս Քրիստոս անապատի փորձության ժամանակ սատանային հիշեցրեց, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից:
Հիմա անդրադառնանք այն խոսքին, որ դուրս եկավ Աստծու բերանից, լսվեց շուրջ բոլորը, գրվեց նաև որպեսզի մենք այսօր կարդանք: Որքանո՞վ է այդ խոսքը մեր ականջում տեղ գտել, մեր սրտում բնակվել, մեր գործերում արտացոլվել, հայտնի է մեզնից յուրաքանչյուրին անհատապես և Գլխավորը՝ Աստծուն:
Տէր Հիսուս Քրիստոս իր երեք աշակերտների հետ իջնում է Թաբոր լեռից: Կարելի է պատկերացնել աշակերտների զմայված, զարմացած, հիացած, ինչո՞ւ չէ նաև վախեցած դեմքերը, որոնք ականատեսն են եղել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը, իրենց աչքով տեսել ու ճանաչել են Մովսեսին ու Եղիային, և պատգամ են ստացել այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմել, մինչև Մարդու Որդին մեռելներից Հարություն առնի: Մի՞թե մեզնից մեկը կկամենար այսպիսի հրաշք տեսնել և լռել: Կարելի է նաև պատկերացնել, որ նրանք ողջ ճանապարհին լուռ էին, որովհետև ամենքը իր մտքում վայելում էր իր տեսած աննկարագրելի տեսիքը և խորհում էր դրա շուրջ: Բացի նրանից, որ անզեն աչքով տեսել էին իրենց Վարդապետի այլակերպությունը և այն պայծառ լույսը որ արտացոլում էր Նրանից, նաև իրենց ականջները լսել էին երկնքից եկած ձայնը, որն ասում էր,- «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»։ Մեծ էր աշակերտների ոգևորությունը, ցնծությունը և այն վստահությունը, որ իրենք այսպիսի Վարդապետ ունեն, և որի հետ արժանացել են քայլելու:
Մինչ նրանք իջնում են լեռից, ներքևում մյուս աշակերտները հոծ բազմության հետ մեկտեղ սպասում են նրանց: Անշուշտ օրենքի ուսուցիչները և փարիսեցիները բազմության հետ նույնպես դիմավորում են Տէր Հիսուսին և երեք աշակերտներին:
Քրիստոս նկատում է, որ նրանց միջև վեճ է առաջացել, բայց մինչև կպարզեր, թե ինչի՞ համար է վեճ առաջացել, ժողովրդի միջից մեկը աղաղակելով Նրա ոտքերի առջև ընկավ, ասելով՝ «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մինուճարն է, և չար ոգին բռնել է նրան»:
Երանի թե Հիսուս Քրիստոսի հետ կապված ամեն մի դեպքի մասին մի առանձի գիրք գրված լիներ և մենք այսօր կարդայինք այն ամենի մասին, ինչին աշակերտները ականատես եղան:
Աշակերտները քիչ առաջ լեռան վրա լսեցին ձայնը, որն ասում էր,- սա՛ է իմ սիրելի Որդին, Դրա՛ն լսեցեք: Ներքև իջան և բազմության միջից լսվում է մի ձայն, որն ասում է,- նայի՛ր իմ որրդուն, իմ մինուճա՛րն է: Այսպիսի երևույթների ականատես լինելով էր, որ անուս աշակերտները երեք տարում դարձան մեծագույն աստվածաբաններ, Քրիստոսի խոսքի քարոզիչներ, և մարդկանց որսորդներ: Հստակ էր պատգամը այն ժամանակ, երբ լսեցին աշակերտները, հստակ է պատգամը մեր օրերում, որ կարդում ենք, և առավել հստակ է լինելու մեզնից հետո եկող բոլոր սերունդների համար, թե Դա՛ է Իմ Սիրելի Որդին, դրա՛ն լսեցեք: Լսեցեք Իմ Միածին Որդուն և ձեր մինուճար որդիները փրկված կլինեն: Այո, ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից: Մենք չգիտենք հիվանդ երեխայի հայրը որքանո՞վ էր տեղյակ Աստծո խոսքից, միայն Ավետարանիչը նկարագրում է, որ նա պատմում էր Քրիստոսին, որ մանկությունից է տառապում իր մինուճարը, որին բռնել էր չար ոգին: Մինչ Տէր Հիսուսի մոտենալը հայրը դիմել էր աշակերտներին՝ բուժելու խնդրանքով, սակայն նրանք չէին կարողացել հանել դևը: Անհավատ ու մոլորված անվանեց Տէր Հիսուս Քրիստոս այդ սերնդին, որը տեղյակ չէր օրենքից ու մարգարեություններից: Այս խոսքերը լսեցին նաև օրենքի ուսուցիչները, որոնց էր վերաբերում Հիսուսի հանդիմանությունը, թե մոլորված եք և որքան դեռ պետք է ձեզ հանդուրժեմ:
Սաստեց դևին և դևը դուրս եկավ նրանից և տղան դարձավ մեռելի պես, այն աստիճան, որ շատերը կարծեցին, թե մեռավ: Ուշագրավ է նաև հիվանդ երեխայի հոր հոգեվիճակը այդ պահին, որ խնդրում էր,- եթե կարո՞ղ ես մի կերպ օգնիր, աղաչում եմ: Ի՞նչ հեղաշրջում տեղի ունեցավ այդ մարդու հոգում, որ գրեթե չէր հասկանում, թե ինչ է խոսում, Հիսուսի այն խոսքից հետո, երբ ասաց.- ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է:
Հայրը նախ ասում է հավատում եմ, հետո ասում է, օգնիր իմ անհավատությանը: Այստեղ ծնվեց երեխայի հոր զորավոր հավատքը, տեսնելով մանկությունից տառապող իր որդու բժշկությունը՝ մե՛կ ակնթարթում: Ո՞վ կարող է ամբողջությամբ հասկանալ Աստծու խորհախորհուրդ ծրագրերը մարդու կյանքի համար պատրաստած: Ո՞վ կարող է ամբողջությամբ հասկանալ, թե անհավատ ու մոլորված սերնդի համար ինչե՞ր է պահել Աստված: Նույնիսկ աշակերտները չէին հասկանում, թե ինչո՞ւ իրենք չկարողացան հանել դևը երեխայից: Սակայն մի բան կա որ Աստված շատ պարզ է ասում, որպեսզի բոլորը հասկանան, բոլորի համար հասանելի լինի, թե՝«Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»։ Այս պատգամը անկարելի է չհասկանալ: Եթե մենք չլսենք Աստծու Միածնին, Նրա սիրելի Որդուն, որին մեզ համար խաչի ճանապարհով անցկացրեց, չենք կարող Նրանից խնդրել մեր մինուճարների և մեզ համար:
Աշակերտների այն հարցին, թե՝ ինչո՞ւ մենք չկարողացանք բուժել երեխային, - ասաց,- ծոմ ու աղոթք է պետք դրա համար: Ուրեմն որքան զորավոր է ծոմապահությունը և աղոթքը՝ չարի դեմ: Չարը այսպես է հալածվում, տկարանում և ոչնչանում, եթե աղոթքը զղջումով է, իսկ ծոմապահությունը՝ անկեղծ աղոթքով: Մեկ ամսից ավելի է, մեր հայրենիքում դաժան պատերազմ է երևելի և աներևույթ թշնամու կողմից: Մենք չլսեցինք, որ մի օր ծոմապահություն արվի ամբողջ ազգով, մի օր ամբողջ ազգը կանգնի աղոթքի հրապարակներում, հանուն ընդհանուրի, հանուն հայրենիքի, հանում նահատակվող զինվորի: Առանձին տեղերում, առանձին անհատներ կազմակերպեցին ծոմապահություն և աղոթք, սակայն իմ խոսքը ազգի մասին է, այս անհավատ ու մոլորված սերնդի մասին է, որին հանդիմանեց Հիսուս Քրիստոս: Սա այն պատճառով է, որ մենք էլ չենք լսել երկնքից եկող ձայնը՝ թե Իմ սիրելի Որդուն լսեցե՛ք:
Տէր Հիսուս երեխայի հորը հարցնում է,- ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրվանից, ինչ այդ նրան պատահել է: Կամենում էր իմանալ, թե ի՞նչ ջանք է թափվել, ի՞նչ քայլեր են արվել ազատվելու համար այդ չարիքից:
Հիմա վերադառնանք մեր իրականություն: Մենք միայն պատմությունն ենք լավ ներկայացնում, որ մեզ ցեղասպանում են յուրաքանչյուր հարյուր տարին մեկ: Հարյուր տարի է անցել այն օրից, ինչ դա պատահել է մեզ, ի՞նչ ենք արել մենք Աստծու սիրելի Որդու խոսքը լսելու և կատարելու հարցում: Դատարկաձեռն ենք նո՛ւյնիսկ հարյուր տարի անց…
Ու՞մ համար խաչվեց Աստծու Միածին Որդին, մի՞թե միայն հրեաների: Ո՞վ պետք է լսեր Նրա երենավետ խոսքերը և պահեր, մի՞թե միայն հրեաները: Տէրն ասում է,- միայն հացով չի ապրի մարդ: Դրա համար էլ մենք չենք ապրում, որովհետև միայն հաց ենք ուտում կշտանալու համար, իսկ երկնքից լսվող ձայնը մեզ հետաքրքիր չէ, որովհետև մենք հարմարավետություն ենք ստեղծում ամենուրեք, նույնիսկ աղոթքի տներում, ամեն ինչ դարձնում ենք աչքին հաճելի, դրա համար էլ ականջը լսում է այն, ինչ աչքը տեսնում է:
Աշակերտները տեսան, որ իրենք թեպետ լսում և քայլում են իրենց Վարդապետի հետ, բայց չունեն այն զորությունն ու կարողությունը, որպեսզի միայնակ կարողանան օգնել մարդկանց այսպիսի իրավիճակներում, և խնդրեցին Հիսուսին, որ իրենց աղոթել սովորեցնի, ինչպես Հովհաննեսն էր սովորեցրել իր աշակերտներին: Մեզ հայտնի չէ, թե Հովհաննես Մկրտիչը ի՞նչ աղոթք էր սովորեցրել իր հետևորդներին, բայց վստահ գիտենք, որ նրա քարոզությունը ապաշխարությունն էր և հավանաբար աղոթքն էլ ապաշխարության կլիներ: Բոլորս գիտենք Տերունական աղոթքը, որը սովորեցրեց աշակերտներին և բոլորիս: Այս աղոթքն էլ երբեմն ոտոնավորի առոգանությամբ է ասվում, քան աղոթքի: Տեսեք, սիրելիներ, թե ի՞նչ պետք է խնդրենք Աստծուց մեր աղոթքներում:
Նրա անվան սրբությունը, Նրա թագավորության հաստատումը, Նրա կամքի կատարումը, Մեր ամենօրյա հոգևոր ու մարմնավոր հացը, մեր մեղքերի թողությունը և մեր ներողամտությունը, որպեսզի հեռու պահի մեզ փորձությունից և փրկի չարից: Այո, ասում ենք այս աղոթքը, գուցե օրական տասն անգամ: Բայց օրական քանի՞ մեղք ենք գործում, ո՛չ ոք չի հաշվում: Մեր ամեն գործած մեղք որպես պարտք է հավաքվում Աստծու մոտ: Ամեն մեկին չներելը որպես պարտք է հավաքվում Աստծու մոտ: Մեր կենցաղավարության պատճառով օրական տասն անգամ փորձության մեջ ենք հայտնվում: Մեր կամքով ենք առաջնորդվում, ոչ թե Աստծու, և մեր բոլոր ջանքերը մեր նյութական հաց վաստակելու համար են: Իսկ մենք աղոթո՛ւմ և աղոթո՛ւմ ենք, ո՛չ աղոթքի պատասխանն ենք լսում, ո՛չ էլ մեր աղոթածն ենք կատարում, ինչը որ խնդրել էին Աստծուց: Մենք այսպիսի քրիստոնյա ենք, մեր կյանքն էլ հարմար է մեր ապրած քրիստոնեությանը: Բայց Գերագույն հեղինակություն Աստվածաշունչը նույնն է կրկնում՝ Դա՛ է իմ սիրելի Որդին, Դրա՛ն լսեցեք: Իսկ սիրելի Որդին ասում է,- զգույշ եղեք, թե ինչպե՞ս եք լսում, և ինչպե՞ս եք հասկանում ձեր լսածը:
Սիրելիներ, գուցե խոսքս խիստ է, չեմ առարկում: Բայց մեր Տէրը իր քարոզության ժամանակ ո՛չ մեկի գլուխը չի շոյել հաճոյանալու համար, քանի որ Նրա համար թա՛նկ է մարդու անմահ հոգին: Իսկ թանկ բաները էժան բառերով չեն գնվում, մի խաբվեք: Մնացեք սիրով, ձեր ականջ թող միշտ երկնքից եկող ձայնին ականջալուր լինի, քանի որ չկա փրկության տանող ուրիշ քաղցր ձայն: Խոսքս ավարտեմ մեր սիրելի Պողոսի հորդորով,- Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան աւետարանի պատրաստութեամբ: Եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը:
Այսօրվա հարցը՝ Դու ծանո՞թ ես Աստծու գործելաոճին՝ քո կյանքում: