ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, սուրբ Ստեփանոս Նախավկայի,
սուրբ Գրիգոր Լուսավորչի և Քո բոլոր սուրբ վկաների բարեխոսությամբ լսի՛ր
ինձ` Տէր, և ողորմի՛ր մեղավորիս:
Վախճանիս օրը բարի հրեշտա՛կ առաքիր ինձ մոտ որպեսզի քաղցրությամբ
ավանդեմ հոգիս: Առաջնորդի՛ր իմ հոգին ընթանալու սրբերի ուղիղ ճանապարհով, և
կործանի՛ր դարանակալ գազանին:
Անխռո՛վ անցկացրու խավարային օդի միջով և ազատի՛ր գազանի չար ժանիքներից:
Փրկի՛ր, աներկյո՛ւղ պահիր և բնակեցրո՛ւ սրբերի
կայանում, սպասեմ և ակնկալեմ Քո Գալուստը, Տէր:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-29
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Փառք Աստծուն նո՛ր օրվա համար, որը մեզ նո՛ր հնարավորություն է տալիս նորո՛վի տեսնել մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: Քննել ու զննել ամեն բան՝ բարի, թե՞ չար, և վերցնել միայն օգտակարն ու կարևորը:
Եթե ձեզնիից մեկը մտքում մտածի, թե ինչո՞ւ ենք ամեն օր փառք տալիս Աստծուն՝ ամեն բացվող առավոտի համար, որը բացվում է առանց մեր կամքի, ապա կարող ենք միասին վերլուծել և անցնել առաջ: Անդրադառնանք ամենավերջին խոշոր աղետին, որ կորոնավիրուսն է՝ տարածված ողջ աշխարհով մեկ: Վիրուսի պատճառով սահմանափակվեց ամեն բան, որին տեղյակ եք բոլորդ:
Կարճ ժամանակում հաշտվեցինք ընդունած օրենքների հետ, ընտելացանք որոշ սահմանափակումների հետ և կյանքը մտավ մեկ այլ՝ օտար փուլ և դեռ շարունակվում է: Ի՞նչ տվեց մեզ կորոնավիրուսի հայտնվելը: Եթե արթնություն բերեց իր հետ, փառք Աստծուն, որ չարիքի մեջ էլ բարիք ունի պահված մեզ համար: Իսկ եթե մենք որևէ դաս չսովորեցինք կորոնավիրուսային ժամանակահատվածում, ուրեմն մեզ արթնացնելու այլ միջոցներ կտրվեն: Մինչև կորոնայի հայտնվելը մեզնից որևէ մեկը գոհություն չէր հայտնում Աստծուն այն բանի համար, որ ինքը ազատ՝ առանց դիմակ շրջում է իր կամեցած տեղերում: Ազատ ողջագուրվում է իր մտերիմի հետ, եթե նույնիսկ նա գրիպ էր: Կամ չէր գոհանում, որ խանութ է մտնում առանց երկու մետր հեռավորություն պահելով: Ներառյալ եկեղեցու պահը և էլի շատ ուրիշ սահմանափակումներ: Մենք սովոր չենք քչի մեջ հավատարիմ լինել, փոքր բաներից գոհանալ, այլ համարում ենք, որ այդպես էլ պետք է լիներ: Սա նրանից է, որ մենք մոռանում ենք, որ մեր աշխարհ գալը ինքնանպատակ չէ, մենք առաքելություն ունենք կատարելու:
Այս կյանքը վայելելու համար չէ, այլ դաստիարակվելու, ինքնամաքրվելու և պատրաստվելու համար է: Ուրեմն խնդրենք, որ Աստված գնահատող և ուրախ պահի մեր սիրտը, եթե նույնիսկ մեր դեմքը տխուր է: Մենք ամեն ինչից դժգոհում ենք, այդ թվում նաև կորոնայից: Բայց կարճ ժամանակ հետո վրա հասավ պատերազմը և մենք հասկացանք, որ պատերազմից ավելի սարսափելի բան չկա՝ ամեն առումով: Մենք պետք է փառաբանենք Աստծու Սուրբ Անունը ամեն աստվածաստեղծ օր և ամեն բանի համար, որ Աստված պարգևել է մեզ: Աստված ամեն բան մեր փրկության համար է պատրաստում: Վիրուսները և պատերազմները հազարավոր մարդկային կյանքեր են խլում, որոնք որոշ ժամանակից հետո պետք է մահանային, քանիզի մարդը մահկանացու է: Իսկ մենք, որ ապրում ենք երկրի երեսին, նայո՞ւմ ենք մեր անմահ հոգուն, թե ինչպիսի վիրուսներով է վարակված, ինչպիսի կեղծիքներով է պատված, որքան ագահություն, մարդահաճություն և կեղծիք կա այնտեղ: Ի՞նչ վիճակում են մեր մտքերը, մտքով օրական տասնյակ սպանություններ ենք գործում, շնություններ ու պոռնկություններ ենք գործում, ինչե՞ր միայն չենք անում մեր մտքում: Մեր նեսի այս վիճակն է, որ մեզ ստիպում է ամեն ինչ տեսնել սև: Մինչև մեր ներքին մարդը չառողջանա մեր սեփական ցանկությամբ և Աստծու կամքով, մենք չենք կարող ուրախ ապրել: Ամեն քրիստոնյա մտածում է, որ ինքը տիեզերքի անհուհի մեջ ոչնչություն է, և իր գործած մեղքը չնչին է, ու չի կարող անդրադառնալ աշխարհի ընթացքի վրա: Սա բացարձակ սխալ մտածելակերպ է: Ցանկացած քրիստոնյայի հոգու դիրքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ, ազդում է նրա աշխարհհայացքի վրա: Եթե այդ դիրքը փոխվում է, փոխվում է ամեն բան: Այլ խոսքով ասած, Երբ աշխարհը հավատում է Հիսուս Քրիստոսին, կյանքի ընթացքը այլ է, իսկ երբ չի հավատում, այլ է կյանքի ընթացքը: Մենք այդ ամբողջի մեկ մասնիկն ենք և մեր անեն քայլ՝ սխալ թե ճիշտ ազդում է աշխարհի ընթացքի վրա: Դրա համար մեր հայրերը իրենց գրվածքներում մարդու ուշադրությունը միշտ սևեռում են իր անձի վիա, իր փոփոխության վրա, ասելով՝ փոխիր քեզ և շուրջդ կփոխվի ամեն բան: Ամփոփելով միտքս հավելեմ, որ քրիստոնյաներս կոչված ենք թողնելու ամեն բան Հանուն Հիսուս Քրիստոսի անվան համար, որպեսզի գտնենք մեր փրկության բանալին և արժանանանք հավիտենական կյանքին՝ որ պահված է մեզ համար: Օրվա Ավետարանի պատգամը այդ հավատարմության և վարձատրության մասին է խոսում: Աստծո նկատմամբ ունեցած նախանձախնդրության մասին և Աստծո խոստման մասին է: Աշակերտները կամեցան իմանալ ի՞նչ կունենան իրենք, որ ամեն ինչ թողել են Քրիստոսի անվան համար:
Վերհիշենք աշակերտների կյանքում տեղի ունեցած մեծ փորձությունները, կտեսնենք, որ դրանք բոլորը մեծ հիասթափության տեղիք տվող դեպքեր էին: Հատկապես վերջին շաբաթվա մեջ կատարվող արագ զարգացումները աշակերտներին տարուբերում էին կասկածների մեջ և՛ հավատքի և՛ իրենց նվիրվածության առումով: Գեթսեմանի Պարտեզից սկսած մենք ականատեսն ենք, որ սատանան Քրիստոսին չկարողացավ փորձության մատնել, մոտեցավ աշակերտներին՝ հերթով: Այո, աշակերտները թողել էին ամեն բան և հետևել էին իրենց Վարդապետին, բայց Վարդապետի խոսքը դեռ ամուր արմատ չուներ նրանց սրտում, որպեսզի փորձության պահին դիմակայեին չարին: Հիշում ենք բոլորս, որ Տէր Հիսուս պատվիրում էր աշակերտներին աղոթեն, որպեսզի փորձության մեջ չընկնեն: Բայց նրանց աչքերը փակվում էր, քնում էին այն ժամանակ, երբ իրենց Վարդապետը զգուշացնում էր արթուն մնալ: Հիսուս Քրիստոսի կյանքի այս վերջին դրվագը, եթե որ որպես ներկայացում դիտենք, կտեսնենք, թե ինչպես է չարը աներևույթ կերպով հերթով մոտենում աշակերտներին՝ ամենիքին իր հավատի չափով վնասում: Նա՛խ մոտեցավ Հուդային՝ համբուրել տվեց և դրանով մատնեց իր Տիրոջը: Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա, որը մեզ հետ էլ շատ հաճախ կարող է պատահել; Տէր Հիսուս հարցրեց Հուդային՝ «Հո՛ւդա, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»: Այստեղ Հիսուս Քրիատոս հնարավորություն տվեց Հուդային անդրադարձ ունենալու նախապես քահանայապետների հետ իր պայմանավորվածությանը: Հասկացրեց Հուդային, որ ես տեղյակ եմ քո հանցավոր համաձայնությանը, զղջա՛ արածիդ համար:
Հուդան գիտեր, որ դա գաղտնի պայմանավորվածություն էր, և ոչ ոք չգիտեր այդ մասին: Հուդայի ականջը այդ պահին լսելու ականջ չէր, քանի որ չարն էր այնտեղ նստած:
Քահանայապետին առանձին հնարավորություն տվեց անդրադարձ ունենալու իր նենգությանը, ասելով՝ ինչո՞ւ եք ավազակի պեզ ինձ մոտենում սրերով և մահակներով: Մի՞թե դուք ինձ չէիք հրավիրում ձեր ժողովարաններ կամ տաճարում քարոզելու համար: Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք ձեռբակալում: Քահանայապետի ականջն էլ լսելու համար չէր, այնտեղ չարն էր փսփսում: Ո՛չ հուդան, ո՛չ քահանայապետը անդրադարձ չունեցան նույնիսկ այն խոսքից հետո, երբ Հիսուս Քրիստոս ասաց,- ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը: Խավարի իշխանը չբավարարվեց այդքանով, մոտեցավ Պետրոսին, որը դեպքից քիչ առաջ լսել էր, որ ուրանալու է, և ասել էր որ հավատարիմ է մնալու իր Վարդապետին: Չարը նրա մտքից հանել էր ամբողջությամբ այդ խոսակցության թեման և նա երեք անգամ ուրացավ Տիրոջը:
Տեսնո՞ւմ եք սիրելիներ, թե ինչ կարող է անել մարդուն խուճապը, վախը, տագնապը, անվստահությունը փորձության ժամին: Ոչ աշակերտները, ոչ քահանայապետը չկարողացան դեմ կանգնել չարի զորությանը և ականջ չունեցան լսելու Հիսուս Քրիստոս զգուշացնող խոսքերը: Նույնիսկ դեպքի վայրի կանանց մոտեցավ չարը՝ դրդելով նրանց Պետրոսին վատ վիճակի մեջ դնելու՝ ասելով չեմ ճանաչում Դրան: Մեկին վախենալ տվեց, մեկին ուրանալ տվեց, մեկին մատնել տվեց, մեկին հրահրել տվեց: Տեսնո՞ւմ եք թե ինչ արագությամբ է գործում չարը՝ նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք իրապես հավատացել էին ու թողել էին ամեն բան ու հետևել էին Քրիստոսին:
Ոչինչ տարբեր չէ մեր օրերում: Հուսահատության, խուճապի, տագնապի, վախի ու սարսափի հոգին պատել է համայն մարդկությանը կորոնայի պատճառով: Կարծես թե կյանքում երբեք մահ չի եղել, և միայն այս վիրուսից են մահանում: Ոչ ոք չի բացառում հիվանդության գոյությունը, սակայն բանական մարդուն տրված է դասեր քաղելու ամեն բանից: Մեծ հնարավորություն է տրված Աստվածաշնչից և Աստծու խոսքի անփոփոխականությունից օգտվել ամեն ժամ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմանալու համար: Եթե մեր սրտերում Աստծու խոսքը ամուր հաստատված չլինի, չարը կարող է այնտեղ վախ ցանել ու սարսափ տարածել: Եթե Աստծո Որդու հանդեպ փորձ արվեց, ի՞նչ կլինի մեզ հետ, եթե տագնապի ու վախի մեջ ենք: Պողոս Առաքյալն ասում է.- Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան: Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը: Մեր ուղղափառությունը, սիրելիներ, պետք է հոգիներ ծնի երկնքի արքայության համար, այլապես ուղղափառություն չէ: Եթե մեր սրտում զղջում չլինի մեղքի համար, որոմը կխեղդի ցորենին: Թթզենին պտուղ չի տա: Աղը կկորցնի համը և կդառնա ոտքի կոխան: Ականջը կլսի, բայց չի հասկանա: Աչքը կնայի, բայց չի տեսնի: Լաց կլինի և ատամների կրճտում կլինի: Եթե մեր մկրտությունը ձևական բնույթ է կրում և միայն պարտականություն է, ապա չարը մեզնից չի հեռանա այնքան ժամանակ, մինչև որոմ չցանի մեր մտքում ու սրտում: Եթե մեր Պսակը միայն ձևի համար է, ուրեմն ամուսնալուծության դևը չի հեռանա մեզնից, մինչև չբաժանի: Եթե մենք Սուրբ Հաղորդությանը մոտենում ենք սովորության ուժով, ապա փորձության ժամին կնմանվենք Հուդային: Այսօր է պետք արթուն լինել և աղոթել, որովհետև այսօրվա փորձությունների փաթեթը բոլորովին այլ է: Գեղեցիկ փաթեթավորած է, մատչելի է, աչքին հաճելի է, ականջին լսելի է, քիմքին՝ անուշ է: Բայց երբեք չմոռանանք Տէր Հիսուս Քրիստոսի պատգամը՝ ամեն ինչ թողնելու և իրեն հետևելու և խոստումը՝ հարյուրապատիկ վարձատրությամբ:
Մնացեք սիրով՝ արթուն՝ իրադարձությունների նկատմամբ, ուշադիր՝ աղոթքի մեջ, հավատարիմ՝ Տիրոջ խոսքին ու խոստմանը: Այսօրվա հարցը՝ Ի՞նչը կարող է խոչնդոտել այսօրվա քրիստոնյային՝ հրաժարվել աշխարհից: