ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս`
Քեզ մոտ բարեխոս ունենք առաքյալներին,
մարգարեներին և բոլոր սուրբ մարտիրոսներին,
հայրապետներին ու վարդապետներին:
Լսի՛ր նրանց աղաչանքները և ազատի՛ր ինձ իմ
մեղքերից, տնկի՛ր իմ մեջ շնորհների հոգին և
հորդորի՛ր բարին գործել: Բռնադատի՛ր
ինձ ծուլանալիս, խափանի՛ր չար գործերս և
իմ մեջ սերմանիր բարիքների պտուղը:
Քաջալերի՛ր ինձ նեղության մեջ,
մխիթարի՛ր վշտի պահին, արժանի՛ դարձրու,
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս,
խաչակից լինել Քեզ մինչ ի մահ, որպեսզի հրաժարվեմ այս աշխարհի
հեշտություններից, դասկից լինեմ երանելիներին, հաղորդ լինեմ
ավազակին և անմահ կյանքը վայելեմ դրախտում:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.10-17
Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա, նրանց իր հետ առնելով, քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ՝ մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում: 11 Եւ երբ ժողովուրդն իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա, ընդունելով նրանց, խօսում էր նրանց հետ Աստծոյ արքայութեան մասին. եւ ովքեր բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց: 12 Եւ օրը սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերն ու ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»: 13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք նրանց խումբ-խումբ՝ յիսուն-յիսուն»: 15 Եւ այդպէս արեցին ու ամէնքին նստեցրին: 16 Եւ նա, վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը, նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն: 17 Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին տասներկու սակառ լիքը:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ. Գոհանանք Աստծուց նաև այս առավոտի համար, և հատկապես այն բանի համար, որ կարող ենք միմյանց օգտակար լինել: Փառք Քեզ Տէր Աստված, Դու շնորհիր բոլորին Քեզ փառաբանելու կարողություն և բժշկություն պարգևիր Քեզ փնտրողներին: Մենք նորից միասին ենք և մեր թեման ինչպես միշտ Ավետարանի ընթերցվածքն է:
Մենք բարձր պետք է գնահատենք այս պարգևը, որ ունենք Աստծուց շնորհված: Մեր ձեռքի տակ ունենք աստվածային օրենսգիրք, աստվածային սահմանադրություն, և աստվածային կանոնադրություն, որը մեր Աստվածաշունչն է: Մեր խոսքը կառուցում ենք այդ ճշմարտության վրա: Մեր կյանքի ծրագրերը կազմում ենք այդ կանոնների հիման վրա, մեր ձեռքի գործերը համապատասխանեցնում ենք այդ օրենսդրությանը: Այս կերպ վարվելու պարագային մեր խոսքը կշիռ և իրավունք է ունենում մեր շրջապատում, մեր կյանքը օրինակ է դառնում այլոց համար, և մեր ձեռքի գործերը օգտակար են լինում մարդկանց: Այսպես է մարդը ձեռք բերում գնահատված հեղինակություն, հարգանքի արժանի անուն, և վստահություն ներշնչող գործեր: Սա աստվածաշնչյան մարդու կերպարն է: Իսկ եթե պատահի, որ այսպիսի մի մարդ հայտնվի ղեկավարի կամ ժողովրդի առաջնորդի պաշտոնում, ուրեմն սա մեծ օրհնություն է Աստծուց՝ այդ ժողովրդին:
Ինչո՞ւ մեր հասարակության մեջ շատ չեն այսպիսի ղեկավարները: Որովհետև նրանք չեն ծնվել ու մեծացել քրիստոնեական դաստիարակությամբ հագեցած ընտանիքներում, չեն սովորել քրիստոնեություն քարոզող ուսումնական հաստատություններում, չեն աշխատել քրիստոնեական կանոններով գործող աշխատատեղերում: Հեռու են մնացել եկեղեցու քարոզից, Աստվածաշնչից: Արդեն երեսուն տարի է, մենք ազատ ենք բռնություններից, սակայն դեռ չենք կարողանում գտնել իրական ուղղափառ ճանապարհը Քրիստոսի:
Տէր Հիսուս ամբողջ երեք տարի շարունակ շրջեց ու քարոզեց անհատին ու ժողովրդի բազմությանը, հիվանդին ու առողջին, հարուստին ու աղքատին: Նա մարդկանց հետ խոսում էր և պատմում էր Աստծու Արքայության մասին: Ի՞նչ էր Աստծո Արքայությունը, որ Նա պատմում էր ժողովրդին այդ մասին: Երբեմն էլ ասում էր, ուրիշ տեղ մի փնտրեք, ներսում, ձեր մեջ է Աստծու Արքայությունը:
Սիրելիներ, դուք հանդիպե՞լ եք մարդ, որին լսելուց չեք հագենում, որի խոսքից անպայման մի բան սովորում եք, որի պատասխանը անպայման մխիթարում է ձեզ, ձեր տված հարցով: Նրա խոսքի մեջ նենգություն չկա, տողատակ չկա, վիրավորանք չկա, կասկած չկա: Վստահ եմ, որ ամենքդ էլ ձեր շրջապատում կունենաք այսպիսի մադիկ; Սրանք են աստվածաշնչյան մարդիկ, որոնց ներսում է Աստծո Արքայությունը: Երբ մարդը ներդաշնակ է Աստծու և իր շրջապատի հետ, նրա ներսում է Աստծու Արքայությունը, չնայած որ առկա խնդիրները իրեն էլ են շրջապատել; Տէր Հիսուս Քրիստոսի նպատակն էր մարդկանց մեջ այդ ներդաշնակությունը հաստատել Իր խոսքով: Այդ ներդաշնակությունը Աստծու խոսքից բացի, ուրիշ ոչնչով չի կարելի ստեղծել: Այս դժվարությունն է, որ դարեր շարունակ մարդ արարածը չի ընկալում, և իր հույսը դնում է իր բանականության, իր հարստության, իր աշխարհիկ խորամանկության վրա և վերջում՝ անպայման տանուլ է տալիս:
Ավետարանն ասում է, առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն հաջողությունների մասին, որ իրենք ունեցել էին ժողովրդի մեջ քարոզելու և բժշկություններ անելու ժամանակահատվածում: Առաքյալները իրենք էլ գիտեին, որ մինչև Վարդապետին հանդիպելը, իրենք չունեին այդ հնարավորությունը, ո՛չ քարոզելու, ո՛չ բժշկելու: Հիսուս Քրիստոս տվեց նրանց այդ զորությունն ու շնորհը: Իսկ ինչո՞ւ ժամանակակից մարդը չի ուզում հասկանալ, որ առանց Աստծո զորության և շնորհի մարդկային իմաստությունը չի կարող բարիք գործել: Քանի որ Աստծու հետ ներդաշնակություն չունեցող մարդու բնությունն այդպիսին է՝ բարիք գործելիս՝ մեծամտանալ, պաշտոն ստանձնելիս՝ հպարտանալ, հարստանալիս՝ ամբարտավանանալ և այլն:
Այդպես չէ Ատսծուն ճանաչող և իր սեփական անձը ճանաչող մարդը: Նա գիտե, որ առանց Աստծու խոսքի ինքը չի կարող ազատվել իր մեղքերի շղթայից: Աստվածաշունչը մեզ հիշեցնում է մեծ անուններ, որոնք իրենց առաքինություններով գրավել են Աստծու ուշադրությունը: Ո՛չ թե իրենց անմեղությամբ, այլ իրենց խոնարհությամբ, զորեղ հավատքով, հնազանդությամբ: Երեք գլխավոր մարդկանց մասին կարդում ենք Սուրբ Գրքում, որոնց Աստված երբեք չի լքել: Օրինակ՝ Նոյի համար ասվում է՝ Նոյը քայլում էր Աստծու հետ: Աբրահամի համար ասվում է նա քայլում էր Աստծու առջևից: Մովսեսի համար ասում է, Աստված գնում էր նրա առջևից: Այս մարդիկ կանչված են եղել ժողովրդին առաջնորդելու համար, և այս մարդիկ ներդաշնակ են եղել Աստծու տված ամեն պատգամի հետ: Այս նշանավոր մարդիկ ևս մեղքեր ունեցել են մարդկային տկարությունների պատճառով, սակայն Աստված անձամբ խոսել է այս մարդկանց հետ և ամենքի հետ Իր ուխտն է կնքել:
Երբեմն մենք որպես պատմություն կարդում ենք ջրհեղեղի մասին և անմիջապես մոռանում ենք: Մի պահ մտովի պատկերացնենք Նոյին, որի հետ խոսում էր Աստված և հանձնարարություններ էր տալիս: Նոյը խոնարհությամբ կատարում էր, և առանց տրտնջալու քարոզում էր մարդկանց: Նոյին ոչ ոք չէր լսում, ինչպես որ հայտնի է դառնում հետագա արհավիրքից: Ինչո՞ւ չէին լսում Նոյին, չէ որ նա աստվածաշնչյան մարդ էր, բարի առաքինի և միակն էր այդ ժամանակաշրջանի մեջ, որ ընտրվեց Աստծուց՝ փրկության համար: Չէին լսում, որովհետև մեղքի քաղցրությունը փակել էր բոլորի աչքերը, միտքը և սիրտը: Սակայն Նոյը չդադարեց տապանը կառուցել և քարոզել Աստծու զգուշացման մասին:
Երբ օրերը լրացան Աստված կատարեց իր խոստումը և ջրհեղեղ սկսվեց: Նոյը իր ընտանիքով մտավ տապան և Աստված փակեց տապանի դուռը: Հիմա մի պահ պատկերացրեք Նոյի հոգեվիճակը: Ոչինչ չգիտե դրսի կատարվելիքի մասին: Նոյը ինչքան բարեկամ, հարազատ ու ծանոթ կունենար այդ երկրում, որոնցից վերցվեց և առանձնացվեց տապանի մեջ: Նոյը այլևս չտեսավ, թե ի՞նչ կատարվեց աշխարհում: Աստված այնքան էր սիրում Նոյին, որ չկամեցավ նրան ցավ պատճառել, ցույց տալով այդ բոլորը: Ալեկոծ ծովի վրա միայն Նոյի ընտանիքն էր տապանում, իսկ Նոյը չէր տեսնում, որ շուրջ բոլորը այն մարդիկ էին խեղդված, որոնք ծաղրում էին իրեն՝ տապան կառուցելիս: Դուրս եկավ տապանից և ոչ ոք չկար աշխարհում իր ընտանիքից բացի: Սա մի զարհուրելի պատկեր է, երբ խորը մտածում ենք: Այս պատմությունը բոլորս գիտենք, գիտենք նաև աստվածաշնչյան մնացած պատմությունները, թե ինչպե՞ս էր Աբրահամը Աստծո հետ սակարկում Սոդոմի և Գոմորի մարդկանց համար, հույս ունենալով, որ տասը արդարի դեպքում կարող էր փրկվել քաղաքը: Այդ քաղաքներում էլ չգտնվեցին արդարներ, բացի Ղովտի ընտանիքից: Սոդոմի և Գոմորի պատմությունը աստվածաշնչյան է և նույնպես թաքցված չէ մեզնից՝ որպես ապականացու մեղք:
Նոյը, Աբրահամը, Մովսեսը քայլել են Աստծու առջևից, Աստծու հետ և Աստված իրենց առջևից:Նույնը կարող ենք հիշատակել նորկտակարանյան մեծերի մասին, որոնք քայլեցին Հիսուս Քրիստոսի հետ, քայլեցին նրանից հետո, բայց հավատարիմ մնացին Նրա Վարդապետությանն ու խոսքին:
Հիմա վերադառնանք մեր ժամանակներ և նայենք մեծ կրոնների առաջնորդներին, հասկանալու համար, թե Աստծու առջևի՞ց են քայլում, հետևի՞ց, թե Աստծու հետ են քայլում: Որպեսզի պատկերը պարզ լինի, նայենք աշխարհի մարդկության հոգևոր վիճակին, Աստծու խոսքի նկատմամբ ունեցած իրենց պատասխանատվությանը, և իրենց վարած կյանքին: Ամեն ինչ հստակ կերևա:
Եթե այսօր միասեռականության մեղքը չի դատապարտվում, շնությունն ու աբորտը դարձել է սովորական երևույթ, սուտն ու կեղծիքը մտել է ընտանիք և ամուսնալուծությունը ավելի շատ է քան ամուսնությունը, ուրեմն Աստված չի քայլում այլևս մարդկության առջևից: Իսկ մարդկությունը չի հիշում աստվածաշնչյան ոչ մի պատուհաս, ոչ մի աղետ և ոչ մի խոստում:
Այսպես է եղել մարդկությունը իր ստեղծման օրից, այսպես է նաև այսօր: Աստծու խոսքի նկատմամբ պատասխանատվություն չի եղել նախկինում, չկա նաև այսօր: Աստվածաշնչյան մարդիկ եղել են նախկինում, կան նաև այսօր: Աստված Իր Հայրական հոգատարությամբ և համբերությամբ սպասում է նաև այսօր՝ ամեն մի մեղավորի փրկության համար: Սիրելիներ, չափազանց հետաքրքիր է Աստվածաշունչը՝ մեր կյանքերը կանոնավորելու հարցում: Շատ բարձրաճաշակ Գիրք է՝ մեզ կրթելու համար: Անսխալական խորհրդատու է մեզ գայթակղությունից հեռու պահելու համար: Վերջապես Աստծո կենդանի ներկայությունն է մեր ձեռքերի մեջ, որ խոսում է մեզ հետ ամեն օր, երբ բացում ենք: Մենք էլ առաքյալների նման առանձնանանք Նրա հետ մի ամայի վայրում և լսենք Նրա ձայնը առավոտից՝ երեկո, որ ասում է,- Դո՛ւք տվեք նրանց ուտելու բան… որովհետև Նա օրհնո՛ւմ է տվողին, օրհնո՛ւմ է վերցնողին և Հոր առջև հավերժ բարեխոսում է նրանց համար, որոնք լսում են Իր խոսքը՝ երկրի վրա, պահում են սիրով և փոխանցում են այլոց: Դուք էլ մնացեք սիրով՝ մնացեք Սուրբ Գրքի բարեկամը, դարձեք բարձրաճաշակ՝ այդ գրքի շնորհիվ, թող աշխարհի մռայլ գույնը փոխվի ձեր պայծառությամբ: Այսօրվա հարցը՝ Դու ունե՞ս ներդաշնակություն Աստծո հետ: