ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տէր Աստուա՛ծ մեր, Դու պահեա՛ զմեզ խաղաղութեամբ ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի: Ընդ սուրբ երկիւղ Քո բեւեռեալ պահեա՛ զմիտս եւ զխորհուրդս մեր, որպէս զի յամենայն ժամ Քեւ պահպանեալ լիցուք յորոգայթից թշնամւոյն եւ Քեզ հանցուք զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր, Տէ՛ր զօրութեանց, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում, զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստիչ գիշերի: Եւ այժմ աղաչեմք զՔեզ, Տէր Աստուա՛ծ մեր, զհանգիստ գիշերիս շնորհեա՛ խաղաղութեամբ անցուցանել եւ հասանիլ ի պաշտօն առաւօտու յերկրպագութիւն եւ ի փառաբանութիւն Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 13.9-13
Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց: 10 Բայց նախ պէտք է, որ աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ: 11 Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դուք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին: 12 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: 13 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կփրկուի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ: Գոհություն հայտնենք Աստծուն, այս բարի լույսին արժանանալու համար, մաքրենք մեր սրտերն ու մտքերը չար խորհուրդներից ու գործերից՝ աղոթքի կանգնելուց առաջ, և առանց բարկության ու կասկածների հավատով խնդրենք Տիրոջից քավություն և թողություն մեր մեղքերի համար: Առաջիկա օրը խաղաղությամբ և առանց մեղքերի անցկացնելու համար խնդրենք Տէր Հիսուս Քրիստոսի օգնությունն ու օրհնությունը: Երկար ժամանակ ապրեցինք խաղաղ երկնքի տակ և դա էլ մեզ համար դարձավ սովորական, իսկ հիմա որ պատերազմի ձայներ են լսվում, խաղաղությունը շատ թանկ և գնահատելի ներկայություն է մեր կյանքում: Ամեն գիշեր պառկում ենք՝ առավոտյան բարի լուր լսելու ակնկալիքով, ամեն առավոտ արթնանում ենք բարի լուր լսելու ակնկալիքով: Մեզնից նրանք, որոնք ամեն օր առնչվում են Ավետարանի հետ, նրանք ամեն օր իրենց աչքի առջև ունեին Հիսուս Քրիստոսի տված պատգամները նեղության օրերի մասին, որովհետև ամեն օր Ավետարանը լուր է տալիս մեզ պատահելիք բաների մասին:
Այսօրվա Ավետարանից հասկանում ենք, որ Տէր Հիսուս դեռ Երուսաղեմում է, կանխասացություններ է անում տաճարի քանդվելու մասին, պատերազմների ձայների մասին, կեղծ մարգարեների մասին և զգուշացնում էր աշակերտներին, որ չխաբվեն:
Երուսաղեմի տաճարի համար Հիսուս Քրիստոս ասաց, որ դրա քարը քարի վրա չպիտի թողնվի, որ չքանդվի: Ինչո՞ւ պետք է տաճարը քանդվեր: Այդ հսկա շինությունը, որը կառուցվել էր քառասուներեք տարում, ինչու պետք է ավերվեր: Մի՞թե քարե կառույցի կանգուն մնալը ինչ որ բանով խանգարում էր ստեղծված իրավիճակին: Պարզվում է խանգարում էր: Այս խոսքերը Տէր Հիսուս ասաց տաճարից դուրս գալուց հետո: Տաճարում Նա երկար ժամանակ կանգնած հետևում էր անցուդարձին, օրենքի ուսուցիչներին, քահանայապետներին, փարիսեցիներին, սադուկեցիներին, հետևում էր նաև պարզ ու աղքատ մարդկանց, այրի կնոջը, որը երկու լումա գցեց: Ոչինչ չէր վրիպել Հիսուս Քրիստոսի Ամենատես աչքից:
Նա նկատել էր, որ աղոթքի տուն հանդիսացող տաճարը ծառայում է այլ նպատակների համար և տաճարի սպասավորները տաճարը առավել բարձր են դասում տաճարում աղոթողից, իրենց սեփական շահի աղբյուրը դարձնելով: Երուսաղեմում եղած ժամանակ Հիսուս տեսնում էր, որ օրենսգետները աչքի ընկնող հագուստներով շրջում են ի տես մարդկանց, փարիսեցիները հրապարակներում հարգանքի ողջույններ են փնտրում, ժողովարաններում առաջին աթոռներն են նախընտրում: Քահանայապետները կարգավորում են տաճարի առևտրային գործերը և այլ տարատեսակ անձնական շահ հետապնդող գործեր: Տաճարի քարը քարի վրա չպիտի թողնվեր, որպեսզի բոլորը հասկանային, թե տաճարը ինչ նպատակի համար է, թե այդտեղ տաճարից մեծ մեկը կա, որին անտեսում են:
Եթե մի կառույց չի ծառայում իր բուն նպատակին, ուրեմն նրա գոյությունը արդարացված չէ, եթե նույնիսկ դա տաճար է, կամ եկեղեցի: Այսօր էլ Երուսաղեմի Հարության տաճարի ներսում, Տիրոջ սուրբ գերեզմանից քիչ հեռավորության վրա նույնպես կատարվում է առևտուր, և ուխտավորների մեծ բազմությունը մեծաքանակ առևտուր է անում այնտեղ: Այս երևույթը չի վերացել նաև մեր օրերում: Որտեղ առևտուր է, այնտեղ աղմուկ է, որտեղ աղմուկ է, այնտեղ աղոթք չի կարող լինել: Իսկ Աստծու տաճարը կոչված է լինելու աղոթքի տուն: Այն, ինչը վաճառվում է տաճարի ներսում, կարելի է ձեռք բերել դրսի շուկայից, որպես հուշանվեր, կամ հիշատակ; Սակայն այս երևույթը ոչ ոքի ուշադրությանը չի արժանանում, նույնիսկ նրանց, որոնք Ավետարան են կարդում, և իրենց քարոզների մեջ բազում անգամներ խոսել են այն մասին, որ Քրիստոս խարազանով տաճարից դուրս հանեց առևտրականներին; Այո մենք երբեք մեզ չենք վերագրում Ավետարանի օրինակները, կարծես գրված է ուրիշ մարդկանց համար: Ինչպես որ այս երևույթը մեզ համար դարձել է սովորական, այնպես էլ ցանկացած պատվիրան դարձել է սովորական: Գուցե մենք անգիր գիտենք, բայց մեզնից հեռու մի բան ենք նկատում: Նույնը վերաբերում է պատերազմներին, ջրհեղեղներին, երկրաշարժներին, համաճարակներին: Մարդկությունը կորցրել է սթափ մտածելու կարողությունը և ինչպես որ Ավետարանն է ասում,- պիտի նայեք ու չտեսնեք, պիտի լսեք ու չհասկանաք, որովհետև ծառայում եք մեղքին և մամոնային; Մարդկությունը միշտ էլ մեղքի պատճառով թաքնվել է Աստծու աչքից, ինչպես որ առաջին մարդիկ: Իսկ Աստված հարցնում է նաև այսօր՝ ո՞ւր ես մարդ, մի՞թե կերար այն պտղից, որ արգելել էի ուտել: Ո՞վ ասաց, որ մերկ ես:
Այս և նմանատիպ հարցերը հնչում են առավոտից երեկո մեր ականջների տակ, իսկ մենք չենք լսում, կամ չենք ուզում լսել:
Այնուամենայնիվ աշակերտներին հետաքրքիր էր, թե երբ է այդ դեպքերը տեղի ունենալու: Կանխասացությունները եղել են աշակերտների կենդանության օրոք, նրանցից հետո, լինում են նաև մեր օրերում: Աստծու խոսքը ժամեր ու ժամանակներ չի ճանաչում, քանի որ հավիտենական է, և բոլոր ժամանակների համար է ասված: Քանի որ մարդկությունը բոլոր ժամանակներում հակված է մեղքին, փառքին, հարստությանը, ագահությանը և իշխանատենչությանը: Աշակերտները բոլորը իրենց անձնական կյանքում կրեցին հալածանքներ, տանջանքներ՝ Քրիստոսի անվան համար: Կրեցին և հիշեցին իրենց Վարդապետի ամեն կանխասացություն՝ պատահելիք բաների վերաբերյալ: Սակայն նրանք ձեռնամուխ եղան Ավետարանի քարոզությանը, որովհետև Տէր Հիսուս ասել էր, որ նա՛խ պետք է Ավետարանը քարոզվի:
Ավետարանի քարոզությունը դրված է գլխավոր տեղում: Եթե մարդիկ Ավետարանի ճշմարտությունը չիմանան, նրանց շատ հեշտ է խաբել: Ամեն տեսակ փորձությունների և խաբեությունների մասին զգուշացրել է աշակերտներին և աշակերտներն էլ իրենց հերթին փոխանցել են և գրել են Ավետարանները: Սիրելիներ, այսօրվա գրագետ մարդուն հնարավո՞ր է խաբել: Իհա՛րկե հնարավոր է: Երբ այդ գրագետ մարդը Ավետարան չի կարդում, նրան հնարավո՞ր է խաբել: Անշո՛ւշտ հնարավոր է խաբել: Ուրեմն մեր խաբվելու գլխավոր պատճառը մեր չիմացությունն է: Գուցե մեր չիմացությունը մեզ այդքան չխանգարեր խաբվելու հարցում, եթե մարդիկ ազնիվ լինեին ու չխաբեին; Բայց դա չի կարող պատահել, քանի որ Տէր Հիսուսն ասում է, որ գալու են խաբողներ և ձեզ խաբելու են: Ամեն անգամ, երբ մարդուն խաբում են, նրա մեջ արդեն կորում է վստահության առաքինությունը: Մարդը դառնում է առավել չշփվող, անտարբեր, և կասկածամիտ: Քրիստոնյան իրավունք չունի անտեղյակ լինի Ավետարանից, որպեսզի հոգևոր առումով չխաբվի: Մեր ապրած օրերում ինչքան շատ են խաբողները: Գրեթե բոլոր ոլորտները: Բայց ցավալի է, որ քրիստոնյան է խաբվում:
Նույնիսկ համացանցում խաբողներ կան և այդ խաբողները հազարավոր հետևորդներ ունեն: Ներկա ժամանակներում մեղքի ամենաբարձր ցուցանիշը խաբեությունն է, և չամաչելու հատկությունը:
Սիրելի հավատացյալներ, մեր ապրած օրերը չափազանց վտանգավոր օրեր են այդ առումով: Մենք ժամանակ չպետք է կորցնենք, շրջանցելով մեր միջավայրում կատարվող դեպքեր: Յուրաքանչյուրս պետք է սկսենք մեր ընտանիքից, մեր երեխայից, ու մեզնից:
Անհաջող ծնողը երեխայի աչքում կոտրում է աշխարհի պատկերը, իսկ բարեպաշտ ծնողի օրինակը բաց Աստվածաշունչ է երեխայի համար; Երբ երեխան տեսնի որ իր հայրը, որը իր համար հեղինակություն է, հոգատար է իր պապիկի հանդեպ և իր մայրը, որ բարության մարմնացումն է իր համար, հարգանքով է իր հայրիկի հանդեպ, արդեն աշխարհի պատկերը կառուցված է երեխայի մտքում: Կարելի է ասել Ավետարանը քարոզված կլինի այդ ընտանիքում: Տէր Հիսուս ասում է,- նա՛խ Ավետարանը պետք է քարոզվի:
Ընտանիքը աշխարհի իրական մոդելն է: Իսկ մենք բաց աչքով տեսնում ենք, որ միտումնավոր խախտում են հենց ընտանիքի հիմքերը: Ազատության անվան տակ ամեն վատ սովորություն մտցրին ընտանիք: Ոչ մի ժամանակաշրջանում Աստվածաշնչում չենք հանդիպում, որ Աստված ժողովրդին անտեսած լինի: Ոչ մի ժամանակահատվածում չենք հանդիպում որ Աստված որևէ բան պարտադրի մարդուն: Առաջինը Աստված է տվել մարդուն ազատություն, որպեսզի մարդը ազատ գործի: Աշխարհի տված ազատությունը մարդուն տանում է կործանում: Սիրելիներ, Աստվածաշունչը մեզ տալիս է առավել բարձրագույն գիտելիք, քան ցանկացած ուսումնական հաստատություն, սակայն Աստված մեզ չի պարտադրում անել այս կամ այն արարքը: Ընտրությունը թողնված է մեր ազատ կամքին; Միակ բանը, որ Աստված անում է, թակում է մեր սրտի դռները գիշեր ու զոր՝ մեր փրկության համար: Որքանո՞վ ենք մենք արձագանքում այդ թակոցին, կախված է մեր մտավոր զբաղվածությունից:
ՙՙՀանապազօրյա հաց՚՚ եթերաժամին հետևող իրելի հավատացյալներ, տեսնելով աշխարհում կատարվող արագընթաց զարգացումները, և Ավետարանական ճշմարտությունների բացահայտումները նաև մեր օրերում, ամիսներ առաջ որոշեցի ձեզ հետ խոսել ամեն օր, նպատակ ունենալով՝ օրվա պատգաը հասցնել ձեզ: Ուրախ պիտի լինեմ, որ հետևորդների թիվը ամեն օր ավելանա, որովհետև ամեն օր է մեր փորձությունները ավելանում: Որպեսզի մենք միասին լինենք օրվա խորհրդի շուրջ:
Իմ հորդորն է ձեզ, այսօրվա Ավետարանի պատգամը դարձրեք ամենօրյա պատգամ և առաջնորդվեք դրանով: Հիշեք այսօրվա պատգամը՝ Նա՛խ Ավետարանը պետք է քարոզվի: Ավետարանի ընթերցումը թող դառնա առաջնային ձեր բոլոր գործերից:
Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան և մեջգիշերին: Տէր Հիսուս աշակերտներին զգուշացնում է, որ հատկապես Ավետարանի քարոզության ժամանակ պետք է սկսվի ձեր հալածանքները, որպեսզի խափանվի Ավետարանի ուսուցումը: Մենք այսօր ազատ ենք Ավետարանի ուսուցման հարցում, բայց չգիտենք, թե վաղը ինչ հանգամանքներ կլինեն: Իսկ մեր Տէրը ասում է դուք միշտ պատրաստ եղեք ներքուստ՝ լցված Աստծու Սուրբ Հոգով: Այս մտքերն էին, որ այսօր կամեցա կիսվել ձեզ հետ: Մնացեք սիրով՝ այսօ՛ր պատրաստվեք: Իսկ Ով կարծում է թե պատրաստ է, թող առավել հաստատվի:
Ով փնտրում է Տիրոջը, նա գիտութիւն կգտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղութիւն կգտնեն: Այսօրվա հարցը՝ Քեզ անհանգստացնո՞ւմ են մեր օրերի իրադարձությունները: