ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ բազում չարիքներիս պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ,
բոլոր ցանկություններս դարձրո՛ւ դեպի Քեզ, որպեսզի միայն Քեզ սիրեմ ամբողջ սրտով և պարզ մտքով:
Քո անխուսափելի գալուստը պատկերի՛ր աչքերիս առջև, Տե՛ր, և դողացրո՛ւ մարմինս որ անդադար
լամ ու սգամ Քո ահեղ դատաստանի երկյուղից, և մի՛ փակիր Քո արարչական սիրո գութը
Քո ստեղծածից, որ մեռած է մեղքերով:
Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները,
ե՛տ պահիր ինձ պիղծ ու անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո
պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.23-27
Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, իմ առավոտյան հյուրեր, Հանապազօրյա Հացի սիրելի սեղանակիցներ: Նոր շաբաթը սկսենք նորովի, փոփոխություն մտցնելով մեր մտածելակերպի և մեր աշխարընկալումների մեջ: Քանի որ քրիստոնյան տեղում կանգնած չի կարող մնալ, կամ պետք է առաջընթաց ունենա, կամ հոգևոր անկում՝ որ տեղի է ունենում ծուլության պատճառով: Այսօր ուզում եմ միասին քննարկենք կարևոր հարց, որը վերաբերում է յուրաքանչյուր մարդու, որ աշխարհ է գալիս: Քանի որ մարդ արարածը եսակենտրոն է, ինքն իրեն շատ է սիրում, ամեն ինչի մեջ իր եսն է փնտրում, ուստի որոշեցի այսօր խոսել ձեզ՝ մարդու առանձնահատկությունների մասին: Ո՞վ է մարդը: Ինչո՞ւ է աշխարհ գալիս: Ո՞րն է նրա ծնվելու նպատակը; Որքանո՞վ է մարդը ընկալում իր առաքելությունը երկրի վրա:
Մարդը կազմված է մարմնից և հոգուց: Մարդու մարմինը ժամանակավոր կացարան է նրա անմահ հոգու համար: Մարդը ծնվում և աշխարհ է գալիս, որպեսզի այդ ժամանակավոր կացարանի մեջ բնակվելով, ծանոթանա իր նմանների հետ, բնության հետ, ծանոթանա այս աշխարհի հետ, որը իր համար նախապատրաստել է Աստված: Մարդը աշխարհ գալով երկու բան իմացավ: Առաջինը՝ ճանաչելով չարն ու բարին, կեղծիքն ու ճշմարտությունը, արդարությունն ու խաբեությունը, սրբությունն ու խավարը, համոզվեց, որ ինքը նույնիսկ մեծ ջանքերի շնորհիվ անկարող է մարդ մնալ աշխարհում: Այն մարդը, որի մասին միշտ բարձր ամբիոններից լսում է՝ թե՝ մեծատառով մարդ: Մարդը լսում է նաև մեծ մտածողներին, որոնք ասում են,- անկարելի է բացել մարդու ներսի գաղտիքը: Ամեն մարդու ներքին մտածումները եթե հայտնի դառնար ողջ մարդկությանը, մարդկությունը չէր դիմանա այդ ծանրությանը: Այդ գաղտնիքների մասին ինքը՝ մարդը երբե՛ք ո՛չ ոքի չի պատմում, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ, նույնիսկ ինքն իր հետ խուսափում է խոսել այդ գաղտնիքների մասին; Եթե միայն աշխարհը տեսներ, թե ի՛նչ կա մարդու ներսում:
Ինչո՞ւ համար է մարդը ծնվում: Մարդը ծնվում է, որպեսզի իրեն ճանաչի: Յուրաքանչյուր մարդ մտածում է ներքուստ՝ այլ, արտահայտվում է՝ այլ: Մարդը ինքն իրեն լավ է ճանաչում, գիտե, թե ի՞նչ կա իր սրտում և ի՞նչ կա իր լեզվի վրա: Ինչպե՞ս է ցանկանում սրտում, ինչպե՞ս է ցանկանում լեզվով: Սուրբ հայրեից՝ Իսահակ Ասորին ասում է,- երանելի այն մարդը, որը ճանաչում է ինքն իրեն; Ճանաչում է ոչ միայն իր դրական, այլ բացասական գծերը: Նայում է իր խղճի հայելու մեջ և տեսնումէ իր վնասված վիճակը: Մարդը հասկանում է ամեն ինչ, սակայն անկարող է պայքարել իր տկարությունների և մոլությունների դեմ: Մեծ փաստեր պետք չեն մարդու իրական էությունը բացահայտելու համար, բավական է մարդուն պաշտոն և փառք տալ և ամեն ինչ բացահայտված է: Ցանկացած մարդուն փորձելու համար կարելի է նրան պաշտոն տալ՝ ստուգելու համար նրա մարդկային որակները: Կամ մեծարել նրան՝ ստուգելու համար գայթակղությունների հանդեպ նրա ունեցած թուլությունները: Մեզնից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող է իրեն ստուգել ամեն քայլափոխին: Նայելու և չդատելու, լսելու և չարձագանքելու, տեսնելու և անտեսելու և այլ կենցաղային հարցերում: Սա մարդու գաղտնի կերպարն է, որը ծանոթ է միայն իրեն, որի մասին երբեք չի կիսվում այլոց հետ, որովհետև համարում է գաղտնիք: Այսպես է ամեն մարդ մինչև Աստծուն դառնալը, մինչև Աստծուն ճանաչելը, և Աստծու հետ հաղորդակցվելը: Այնուհետև Աստված դառնում է մարդու անդավաճան բարեկամը, և մարդ արարածը հասկանում է, որ ինքը միայնակ չի կարող ազատվել այդ նենգ ու խարդախ ներքին մարդուց՝ առանց Աստծու օգնության ու միջամտության: Երկրորդ բանը, որ հասկանում է մարդը, դա այն է, որ ինքը առանց Աստծո անկարող է փոխել իրեն; Մարդը հասկանում է, որ այս դժվար կյանքը, որի համար ինքը մտահոգված է, և ամեն ջանք գործադրում է, որ երկար ապրի այս կյանքում, այդքան էլ արժեք չունի իր համար, քանի որ իր համար Աստված այլ բան է նախապատրաստել՝ հավիտենական մի բան, աննկարագրելի մի կյանք, որին հասնելու համար այս կյանքը որպես փորձաշրջան է տրված: Աստիճանաբար մարդը միանում է Աստծուն՝ ստեղծելով ներդաշնակություն՝ մարդ- Աստված հարաբերություններում, ինչպես որ եղել է առաջին մարդու հետ՝ մինչև մեղանչումը:
Պատմում են, որ մի անգամ, սպորտային խաղերից մեկ ժամանակ տղաներից մեկի ձեռքի շարժումը պատահաբար մահացու հարված է հասցնում ընկերներից մեկին: Այս մասին պատմում է նույն երիտասարդը, որը կլինիկական մահ էր տարել: Հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ինքը տեսնում է իր հոգին վերևում և մարմինը՝ անկենդան պառկած մահճակալին: Տեսնում է, թե ինպպես են ընկերները լուրը հասցնում իր մորը և մայրը ինչ վիճակով է հասնում հիվանդանոց: Տեսնում է նաև իրեն հարվածող տղայի ողբն ու լացը՝ դիպվածի պատճառով: Այս բոլորը տեսնելուց հետո, տղան տեսնում է այն երանելի վիճակը, որում հայտնվել է ինքը: Նույնիսկ իր մայրիկի և ընկերների սրտաճմլիկ այդ վիճակը տեսնելով հանդերձ երիտասարդը ցանկություն չի ունենում հետ վերադառնալ՝ երանելի տեսարանից: Սակայն Աստծու նախախնամությունը վեր է մարդու որոշումներից և երիտասարդի հոգին հայտնվում է մարմնի մեջ, որից հետո պատմում է իր հետ պատահածը:
Սիրելիներ պարտադիր չէ կլինիկական մահ տանել տեսնելու համար Աստծու խոստումը՝ մարդուն: Այսպիսի դեպքեր հազարավորներ են եղել, ինքներդ էլ բազմաթիվ դեպքեր եք լսել: Հոգին կարող է մարմնից դուրս գալ դիպվածի ժամանակ, տեսնել ամեն ինչ և կրկին վերադառնալ Աստծու թույլատու կամքով: Իմաստունն ասում է,- արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կգտնի: Մեր հավատքի շնորհիվ է, որ մենք պետք է ձեռք բերենք այն վստահությւոնը, որով պետք է արժանանաք Աստծու սիրուն: Քրիստոնեությունը մեզ փաստում է այս մասին, որ մարդը դրա համար է ստեղծվել, որպեսզի ճանաչի իրեն, ուղղիր իր կյանքը, և պատրաստվի հավիտենականության: Ահա թե ինչո՞ւ է մարդուն տրվել ինքնամաքրման պրոցեսը, Աստծու օգնությամբ: Ինչո՞ւ մարդուն հեշտությամբ չի տրվում երկնային բարիքները, որովհետև մարդ արարածը ներքուստ շիտակ և մաքուր չէ, նրան պետք է այստեղ՝ աշխարհում մաքրվել, զտվել և ապա միայն պատրաստվել երկնքի համար: Փառքը մարդուն կործանում է, հարստությունը մարդուն սպանում է, հեղինակությունը մարդուն տապալում է: Մարդ արարածը միայն Աստծու առջև է իր իրական կերպարով կանգնած, իսկ իր նմանի առջև հանդես է գալիս այլ կերպարով: Առանց Աստծու մարդն անկարող է ազատվել իր այս վիճակից: Հոգու բժշկությունը մարդուն անհրաժեշտ է, և երբեմն մարդը փնտրում է մի տեղ, որտեղ ինքը ավելի խաղաղ է զգում, ավելի ապահով է զգում: Դա եկեղեցին է՝ Աստծու ներկայությունը: Եկեղեցին աղոթքի տուն է, որտեղ մարդը հանդիպում է Աստծուն և խաղաղվում է: Ամեն հանդիպումը կարող է իր դրական ազդեցությունը ունենալ մարդու կյանքում; Ամեն հանդիպում կարող է մարդուն մղել զղջման, մղել ինքնաքննության և անձի ճանաչման:
Առանց ապաշխարության և զղջման անկարելի է մարդու հանդիպումը Աստծու հետ: Հիվանդին ի՞նչ է պետք: Ո՛չ դրամ, ո՛չ հագուստ, ո՛չ տուն, այլ միայն բժշկությունը և ցավերից ազատագրում: Նույն վիճակում մարդու հոգին է, որը տառապում է մեղքերի ծանրությունից; Քրիստոնեությունը այդ լայն հնարավորությունն է, որ տրվել է մեզ մեր սեփական փրկության համար, որի միակ պատասխանատուն մենք ենք: Իմաստունն ասում է. Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան եւ նրան իր կենդանութեան ժամանակ մեղաւորների միջից փոխադրեց երկինք: Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին:
Այսօրվա Ավետարանի պատգամը ա՛յս մասին է ասում ամենքին.,- «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի»: Մենք, որ այսօր լսեցինք այս խոսքերը, ու կամեցանք հետևել մեր Տիրոջը, այլևս ուշացնելու իրավունք չունենք, որովհետև ամենքս ճանաչում ենք մեր ներքին մարդուն, թե ինչի է նա ընդունակ: Ինչեր միայն կարող է անել, եթե վստահ լինի, որ չի պատժվի մարդկանցից; Այո, այդպիսին է մարդ արարածը, սակայն Աստված սիրում է մարդուն, սպասում է մարդու դարձին, և ապաշխարող հոգուն: Աստված թող ամենքիս ճշմարիտ ապաշխարություն տա՝ ժամանակի հասկանալու, ժամանակին տեսնելու մեր բուն էությունը և հատկապես՝ ժամանակին ազատվելու մեր մեղքերից, որովհետև ժամանակների Տէրն Աստված է, անմահ հոգիների Տէրը նույնպես Աստված է:
Հովհաննես առաքյալի այս չքնաղ խոսքերով ավատենք մեր այսօրվա զրույցը մարդու մասին;
Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ Տուողին, սիրում է նաեւ նրանից Ծնուածին: Սրանով ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծոյ Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. քանզի այս է Աստծոյ հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները: Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը: Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ՝ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծոյ Որդին:
Մնացեք սիրով՝ ամեն ինչ ժամանակին հասցնելով: Եթե կարողացել եք տեսնել ու ճանաչել ձեզ ամբողջությամբ, ուրեմն դուք երանելի եք: Վախեցեք ո՛չ թե պատերազմներից ու երկրաշարժներից, այն նրանից, որ կյանքի իրական նպատակը այս ժամանակավոր կյանքի մեջ եք փնտրում ու տեսնում:
Այսօրվա հարցը՝ Դուք ձեզ համարո՞ւմ եք երանելի՝ ձեզ իրապես ճանաչելու առումով: