ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս,
բա՛ց արա սրտիս աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:
Տե՛ր, մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ ըստ իմ անբավ զազիր գործերի և մի՛ կարգիր ինձ նրանց
հետ, ովքեր զայրացրին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ
և ուրախացրո՛ւ բերկրյալների հետ:
Արժանի չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ կերակրվում
իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով: Շո՛ւն կոչիր ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից:
Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ` մոլորյալիս: Նավապե՛տ իմ Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ մեղքերիս
ալեծուփ բազմությունից և տո՛ւր ինձ խաղաղության նավահանգիստը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 8.49-56
Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկը եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր նրան»: 50 Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կապրի»: 51 Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից: 52 Ամէնքը լալիս ու ողբում էին նրա վրայ: Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»: 53 Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր: 54 Եւ ամէնքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»: 55 Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկն իսկոյն կանգնեց: Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: 56 Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի օր եմ մաղթում մեր եթերաժամին ներկա և հետագա ժամերին ուկնդրող՝ բոլոր հավատացյալ քույրերին և եղբայրներին: Աստծու խաղաղությունը թող հանգրվանի ձեր սրտերում՝ լսածը հասկանալու և այն կյանքի կոչելու համար: Կյանքի իրադարձությունները մեզ ստիպում են, որ մենք մեր օրը սկսենք օրվան համաշունչ: Իսկ վերջին ամիսների մեր կյանքը նմանվեց մի մղջավանջի՝ մեր հարազատների ու հայրենակիցների նահատակության պատճառով:
Սակայն չկա որևէ մեծ ու փոքր փորձություն, որից քրիստոնյան սովորելու դաս չունենա: Մեր ազգը շատ ու շատ նահատակներ է տվել ըստ մեր պատմագրական փաստերի: Այդ նահատակներից շատ շատերը Աստծու առջև ներկայացան որպես սրբեր և իրենց մահից հետո հայտնի դարձան նաև մարդկությանը: Շատ շատեր Աստծու առջև սրբադասվեցին, սակայն մարդկության համար մնացին անհայտ՝ իրենց սրբակենցաղ վարքով և ճգնությամբ; Այսօր մեր նահատակված զինվորների պարագան նույնն է, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց հավատքի: Նրանց մեջ էլ կային շատեր, որոնք պատրաստ էին Աստծու առջև կանգնել՝ իրենց ապրած այդ փոքրիկ տարիքով, սակայն մեծ գործերով; Մենք ապրողներս՝ պետք է արժանավայել գնահատական տանք մեր հերոսների սխրանքին և փաստենք, որ կյանքի երկարությունը չէ, որ մարդուն կարող է սրբացնել, այլ պատրաստակամ ու քաջարի գործերը: Մեր նահատաված զինվորների թափված արյունը պետք է մեզ՝ ապրողներիս մղի խորը ապաշխարության, ինքնամաքրումի, և ինքնաքննության:
Մեր ապրած կյանքը պետք է գա մեր առջև և մենք հիշենք, քանի՞ մարդ կա, որոնց մենք չենք հանդուրժում, քանի՞ մարդ կա, որոնք մեզ չեն հանդուրժում: Քանի՞ մարդ կա, որոնց չենք ուզում ներել, քանիսի՞ց ենք չներված մենք: Այս հարաբերությունները համամարդկային են, և տարածված: Այս բացասական հարաբերություններն են աշխարհում ստեղծում չարի հզոր դաշտը: Նորություն ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ միայն համացանցային պատերազմները նո՛ւյն ազգի, նո՛ւյն դավանության և նո՛ւյն կրոնի և նո՛ւյն երկրի քաղաքացիների միջև: Նույնը կատարվում է աշխարհում և այս աշխարհի իշխանը չափազանց ուրախ է դրանից և հրճված է իր սերմանած ատելության արդյունքից:
Մենք հետևում ենք այս օրերին տարբեր երկրների ղեկավարների հանդիպման բանակցային գործընթացներին և համոզվում ենք, որ քաղաքականության մեջ Քրիստոսին բացառել են ուղղակի: Եթե կոմունիստական կուսակցությունը Քրիստոսի գաղափարախոսությունը իրեն էր վերագրել և Քրիստոսին թաքցրել էր ժողովրդից, ապա այսօրվա երկրների ղեկավարները մի կողմ են թողել և՛ Քրիստոսին, և՛ Իր գաղափարները: Հպարտությունը և մեծամտությունը կուրացրել է աշխարհի ղեկավարների մտքերը և նրանք առաջնորդվում են միայն իրենց մարդկային խորամանկության վրա կառուցված ծրագրերով, որոնք էլ մարդկությանը տանում է դեպի կործանում: Վերադառնանք միակ և բացարձակ ճշմարիտ Սուրբ Գրքին և համեմատական տանենք մեր օրերի և Քրիստոսի ապրած օրերի միջև: Մեր փորձությունների, արհավիրքների և Հիսուս Քրիստոսի ժամանակվա փորձությունների և հալածանքների միջև, որոշ դասեր սովորելու՝ փորձության պահի համար:
Հռոմեական հզոր հեթանոսական իշխանության ամեն ծուղակից ու ամբաստանությունից Հիսուս Քրիստոս իմաստությամբ շրջանցեց, առանց վնասվելու: Երբ հարցրին,- Օրինավո՞ր է տուրք տալ, Տէր Հիսուս չնստեց բանակցային սեղանի շուրջ ինչ որ բան ապացուցելու համար, այլ՝ ուղղակի հարցրեց,- ո՞ւմ պատկերն է դահեկանի վրա: Պապանձվեց չարամիտների լեզուները, թուլացան Նրան բռնել կամեցողների ձեռքերը և Տէր Հիսուս անցավ նրանց միջից ու գնաց:
Մեկ այլ վայրում դարձյալ հավաքվեցին և իրենց իմաստուն կարծելով, հարցրին Քրիստոսին,- Մովսեսի Օրենքն ասում է շնացողին պետք է քարկոծելով սպանել, դու ի՞նչ ես ասում: Անշուշտ մտքներում հույս ունենալով, որ բարի վարդապետը չի համաձայնի, որ մարդուն սպանեն, որպեսզի մեղադրեն Մովսեսին հակառակվելու մեջ: Այստեղ էլ մարդկային խորամանկությունը իր տեղը զիչեց աստվածային իմաստությանը: Ո՞վ է ձեզնից անմեղը, թող նա առաջինը խփի- ասաց Քրիստոս, առանց այլայլվելու և խաղաղ ձայնով: Բացի նրանից, որ չկարողացան պատասխան տալ, մեկ մեկ հեռացան, նո՛ւյնիսկ իրենց օրենքը անտեսելով, որով պետք էր որ քարկոծեին շնության մեջ բռնված այդ կնոջը:
Ավետարանը մեզ այս բոլորը սովորեցնում է, որպեսզի մենք էլ նեղության մեջ լինելու դեպքում օգտվենք մեր Տիրոջ իմաստությունից, խորագիտությանից և խաղաղ հոգեվիճակից: Զարմանալի է, որ նույնիսկ քրիստոնյաների շրջանում վեճերն ու բանակցությունները երբեք չեն ընթանում Աստվածաշնչի ներդաշնակության հիման վրա, այլ միայն մարդկային անհավասարակշիռ պատասխանների և վիրավորանքների հիման վրա:
Քրիստոնյաներս նույնիսկ չենք կարողանում մեր կյանքից ներս արդյունավետ կիրառել Հիսուս Քրիստոսի հանրահայտ պատգամը, որով մոլորեցրեց քահանայապետներին ու օրենքի ուսուցիչներին, այն մասին, թե՝ Տվե՛ք կայսրինը կայսեր և Աստծունը՝ Աստծուն; Պարզ, հասկանալի, առանց տողատակերի, առանց երկակի ստանդարտների այս պատգա՛մը միայն աշխարհը կարող էր պահել հավասարակշիռ վիճակում; Բայց ո՛չ: Մենք չենք կարողանում ճշգրտությամբ պահել, և աստվածայինը տանում ենք կայսրին տրվելիքի մեջ և կայսրինը տալիքը բերում ենք աստվածային մեջ՝ խառնելով ամեն բան:
Երբ որ մենք կկարողանանք ցանկացած բանավեճի, կամ բանակցության մեջ կիրառել այս ճշգրիտ բանաձևը, այդ ժամանակ էլ բանակցության հաղթանակը կլինի մերը: Ավետարանական ճշմարտությունը, սիրելիներ, մեզ մի գաղտնիք է սովորեցնում, կուզեմ, որ դուք այդ գաղտնիքը կիրառեք ձեր կյանքում, երբ որ հանկարծ վեճեր կունենաք, հատկապես ձեր հավատքը կամ ուղղափառությունը պահպանելու ժամանակ: Հակառակորդին պատասխանելիս մի շտապեք ձեր կծու խոսքով հարվածել նրա ճակատին, համարելով, որ հաղթեցիք: Այլ նրա ճակատից ավելի վե՛ր բաների մասին տվեք պատասխանը, թող նա մտածելու առիթ ունենա: Ինչպես որ անում էր Հիսուս Քրիստոս՝ իրեն ամբաստանողներին և լռեցնում էր նրանց անմիտ բերանները:
Մենք ամեն օր ականատես ենք լինում բազում վեճերի, որտեղ կողմերը միմյանց վրա արկերի պես թափում են անվայել խոսքեր և վեճը ավարտվում է աննպատակ և առանց լուծում գտնելու; Մինչդեռ քրիստոնյայի պատասխանը պետք է լսողի ականջում և մտքում խորհելու առիթ տա, որպեսզի այդտեղ երևա քրիստոնյայի լույսը՝ մարդկանց առջև:
Այսօրվա Ավետարանը, որ կարդացի ձեզ համար, իր մեջ պարունակում է ողջ ավետարանի խորհուրդը և այս մի քանի տողի մեջ կարելի է գտնել Հիսուս Քրիստոսի վարդապետության ողջ գաղտնիքը; Երբ Հիսուս աշակերտների հետ մտնում էր Հայրոսի տուն, նկատեց, որ մարդիկ դրսում լացում և ողբում են, քանի որ կարծում էին, որ Հայրոսի աղջիկը մահացել է; Տէր Հիսուս նրանց հանգստացնելու համար ասաց,- «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»: Իսկ այդ մարդիկ, որ լալիս ու ողբում էին, Ավետարանն ասում է, ծաղրեցին Նրան, քանի որ տեսել էին, որ մեռել է աղջիկը;
Պատկերացրեք, որ Հիսուս Քրիստոս, վեճի բռնվեր այդ ծաղրողներին հետ, նրանց պատասխաներ ըստ նրանց մտավոր կարողություննների, և վստահ ենք, որ տասնապատիկը կարող էր պատասխանել: Բայց բոլոր դեպքերում և բոլոր շարժառիթներում Հիսուս Քրիստոսի նպատակը մարդուն շահելն էր, ո՛չ թե վիրավորելը, կա՛մ կորցնելը: Սիրելիներ վերադառնանք այն մտքին, ինչից որ սկսեցինք մեր զրույցը: Մեր հավատքի հիմքը պետք է լինի Ինքը՝ Քրիստոս; Մեր հույսը պետք է լինի Աստծու տված խոստումը: Մեր նպատակի հիմքը պետք է լինի սերը, ոչ թե ակնկալիքը, կամ ցուցադրությունը: Մեր պատասխանները հակառակորդին պետք է վեր լինեն մարդկային տկարությունից և լինեն Աստծու խոսքի տրամաբանությամբ: Մեր նահատակ զինվորների թափված անմեղ արյունը թող մեզ ամեն օր խորհելու առիթ տա, ապաշխարության կանչի, բարության մղի, միմյանց նկատմամբ առավել հոգատար դարձնի, քանի որ Աստծու համար ամեն ապաշխարող հոգի ուրախությամբ է ընդունվում; Մնացեք սիրով՝ խորհելով այսօրվա մտքերի մասին: Ժամանակը օգտագործենք ի նպաստ մեր փրկության:
Այսօրվա հարցը այսպիսինն է. Կարո՞ղ ես առաջացած վեճի ժամանակ կիրառել այսօրվա սովորած գաղտնիքը: