ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, ընդունի՛ր, ունայնախոս աղոթքներս, որ դատապարտված կանգնած եմ Քո առջև՝
զգաստությունից ծուլացած, մտքի լույսից խոտորված ու երկյուղից ունայնացած:
Բերանս անկապ բաներ է բարբաջում, աչքս նայում է ապշահար, և միտքս` թափառում:
Չեմ աղոթում անզբոս մտքով ու չեմ խնդրում ողջ սրտով, չեմ կանչում Քեզ հավատով ու չեմ
գոչում երկյուղով, արցունքներով չեմ հայցում և չեմ դողում ու սարսում
պատասխանատվության օրվա համար:
Եվ այժմ, Տե՛ր, մի՛ հանդուրժիր ծուլությունս, այլ անհապաղ նետի՛ր ապաշխարության
մաքրագործող հրի մեջ` սրբելով ու զատելով մեղքերից: Տո՛ւր ինձ աղոթքի մեծ
ջերմեռանդություն ու հորդաբուխ արտասուք և իմ մեջ պատկերի՛ր նախկին լուսավոր կերպարանքը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 18.10-14
Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ: Փառք Աստծուն ևս մեկ եթերի համար, որ ես հնարավորություն ունեմ ձեզ փոխանցելու իմ մտածումները այսօրվա Ավատարանի պատգամի, և առհասարակ ձեզ հետ ուղղակի կենդանի շփման համար: Աստված մեզ Ավետարանով կապել է միմյանց, որպեսզի Իր խոսքի զորությամբ միմյանց օգտակար լինենք: Հատկապես համայն հայության համար իր փորձության այս ծանր օրերին բոլորս կարիք ունենք հաղորդակցվելու, բոլորս կարիք ունենք մխիթարվելու, քանի որ պատահածը համազգային ցավ է, մարդկային կորուստը հավաքական կերպար է, ոչ թե անհատ:
Ավետարանը տարբեր առիթներով մեզ ասում է,- զգո՛ւյշ եղե՛ք: Այսօր՝ ասում է զգո՛ւյշ եղե՛ք, որ փոքրիկներից մեկին չարհամարհեք: Ովքե՞ր են այս փոքրիկները: Անշուշտ փոքրիկ ասելով նկատի չունի անչափահաս երեխաներին, որոնք բոլորի ուշադրության կենտրոնում են, և հատկապես այսօր կատարվում է նրանց բերանից դուրս եկած ամենափոքր ցանկությունն անգամ; Ուրեմն ովքե՞ր են այս փոքրիկները, որոնք հրեշտակներ ունեն երկնքում, և նրանց հրեշտակները տեսնում են Երկնավոր Հոր երեսը ամեն օր: Այս փոքրիկները այն մարդիկ են, որոնք գտնվում են մեր կողքին, ունեն մեր օգնության կարիքը, մեր խորհրդի կարիքը, մեր օգնության ձեռքի կարիքը՝ կլինի նյութական, բարոյական, հոգեկան և ամեն առումով:
Այսպիսի փոքրիկներ են Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձ, որը իրենից վերև ունի իշխանություն: Այսպիսի փոքրիկներ կարող ենք լինել ինչպես մենք, այնպես նաև կարող ենք ունենալ մեր ծառայության տակ գտնվող անձանց մեջ:
Հիմա հասկացանք, որ փոքրիկը Քրիստոսին հավատացող անձն է, որի հրեշտակը երկնքում առնչվում է Երկնավոր Հոր հետ: Ահա թե ինչո՞ւ մենք պետք է զգույշ լինենք այսպիսի փոքրիկներին արհամարհելուց, որոնք Աստծո աչքի առջև են;
Սա Հիսուս Քրիստոսի պատգամն է յուրաքանչյուրիս՝ ասված բավական խիստ տոնով:
Այժմ Ավետարանի ճշմարտությունից տեղափոխվենք մեր իրական կյանքի ճշմարտություն և բացահայտենք մեր խոնարհությունը, պատասխանատվությունը Աստծու խոսքի կատարման նկատմամբ;
Մեզնից շատերը չեն կարդացել Ավետարանը: Մեզնից շատերը կարդացել այս հատվածը, բայց փոքրիկներին արհամարհելու պահին չեն հիշում , որ այսպիսի բան կա գրված: Մեզնից շատերը երբեք իրենց չեն վերագրում փոքրիկներին արհամարհելու վատ սովորությունը: Մեզնից շատերը մտածում են, որ իշխանությունը հրամայելու և հալածելու համար է, ոչ թե ծառայելուլ: Ուրեմն Աստծու խոսքը, որը որպես զգուշացում էր տրված մեզ, ի՞նչ ազդեցություն ունեցավ մեր կյանքում: Բացարձակ ո՛չ մեկ: Ու՞մ ասվեց այս խոսքերը: Բոլոր ժամանակների՝ բոլոր մարդկանց: Պահվե՞ց Աստծու խոսքը սրբությամբ: Իհարկե ո՛չ: Ուրեմն մենք արհամարեցինք ո՛չ միայն մեզնից օգնություն ակնկալող փոքրիկներին, որոնք մեր աչքի առջև են, այլ որ ավելի սարսափելի է՝ արհամարհեցինք նաև Աստծու բերանից դուրս եկած խոսքը՝ ուղղված մեզ:
Այս երևույթը վերաբերվում է համայն մարդկությանը, մեր հասարակությանը, մեր ընտանիքներին, և մեզ՝ անհատապես:
Մենք վերցրին Ավետարանից մի օրինակ, որը զգուշացնում էր մեզ, որ ձեր Երկնավոր Հայրը տեսնում է ամեն բան: Ձեր գործերը տեսագրվում են առավոտից մինչ երեկո: Դուք արտաքնապես այլ եք հանդես գալիս, բայց ձեր ներքին մարդը փտած է: Զգույշ եղեք, որովհետև Մարդու Որդին նպատակով է եկել այս աշխարհ, որպեսզի գտնի կորածը, փրկի վնասվածը, շտկի սխալը, ազատի մեղքից, բուժի հիվանդը: Մարդու Որդին նույնիսկ մեկ ոչխարը չի անտեսում, և գնում է նրան ևս փրկելու համար: Ուրեմն ինչպե՞ս կարող է մարդ արարածը, որը Աստծո ձեռքի ստեղծածն է, արհամարհի Աստծու խոսքը՝ ուղղված իրեն:
Սիրելիներ Պետրոս Առաքյալը այս առումով մեզ մի լավ միտք է տալիս: Ասում է վերջին օրերին կգան արհամարհողներ, որոնք կընթանան ըստ իրենց ցանկությունների, և ձեզ կասեն,- ո՞ւր է Նրա Գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույն ձևով է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր: Անշուշտ մենք վերջին օրեր ասելով ամենևին նկատի չունենք վերջին յոթանասուներկու ժամերը, կամ մի քանի օրերը, թեպետ ամենքս ենք ապրում մեր վերջին ժամանակներում: Պետրոսի համար վերջին ժամանակները իր կյանքի ավարտի օրերը եղան: Մեզ համար վերջին ժամանակները կլինեն մեր կյանքի վերջին օրերին տեսած իրադարձությունները, որոնք միանգամայն ներդաշնակ են Աստվածաշնչի ճշմարտությունների հետ: Վերջին օրերը խորհրդանշական են մարդու կյանքում, որը կարող է տևել մինչև հարյուր քսան տարի:
Արհամարհողներ եղել են Պետրոսի օրոք, կան մեր օրերում և կլինենք մեզնից հետո: Ոչինչ չի փոխվել մարդկության կյանքում: Այս արհամարհողներն են, որոնք այսօր էլ մոլորեցնում են մարդկանց, ասելով, ուր է Նրա Գալուստը, ինչո՞ւ է ուշանում, որպեսզի մարդկանց մոլորեցնեն, արհամարհեն և արհամարհել տան Աստծու խոսքը:
Իսկ մենք, սիրելիներ, որ Աստծու խոսքի լսողներն ենք, ոչ թե արհամարհողներ, պետք է խորագետ լինենք, իմանալու համար Աստծու խորհուրդները, որոնք ծածկված չեն մեզնից; Մենք համոզված ենք, որ Տէրը չի ուշացնում Իր խոստումը, ինչպես որ շատերն են ասում, այլ Տէրը Համբերատար է ամենքիս հանդեպ, քանի որ չի ուզում ոչ մեկի մահը, այլ դարձն ու փրկությունը: Ինչպես որ սկզբում ասացինք, մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը:
Սիրելիներ մենք ապրում ենք ինչ որ անհասկանալի երևույթների ժամանակաշրջանում, որոնց երբեք չենք հանդիպել: Բայց այս երևույթը երբեք մեզ առիթ չի տալիս ընկրկելու, հուսահատվելու և վախենալու: Այլ հակառակը՝ մեր առջև բացված է տեսարանը իր ողջ գաղտնիքներով: Մենք այսօր անզեն աչքով տեսնում ենք, որ փոքրիկները ամենուր արհամարհված են, Աստծու խոսքը դեղեցիկ փաթեթավորված է միայն, բայց ոչ հասանելի մարդկանց:
Մեր գլխավոր առաքելություններից մեկն էլ այն է, որ մենք գնագատենք ներկա ժամանակները, վերլուծենք հոգևոր աչքերով; Նայենք մեր կյանքի որակին, մեր հոգևոր վիճակին, օգնենք և երբեք չարհամարհենք մեր շուրջը գտնվող փոքրիկներին:
Մարդիկ չար են, իրենց գործերը չար են: Չար էին նաև Հիսուս Քրիստոսի ժամանակ, երբ ամեն անգամ մի ծուղակ էին պատրաստում Նրա համար: Բայց Տէր Հիսուս ամեն անգամ Իր խորագիտությամբ դուրս էր գալիս ստեղծված վիճակից՝ ամոթով թողնելով Իրեն ամբաստանողներին: Մենք ևս այդպես պետք է վարվենք մեր ապրած օրերի նեղությունների և դժվարությունների մեջ; Հիսուս Քրիստոս անցավ անենածանր դժվարությունների միջով, ճանապարհ հարթեց նաև մեզ համար: Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք մշտապես չենք գործածում մեր Տիրոջ պատվիրանները մեր կյանքում՝ նեղ տեղից դուրս գալու համար: Մեր գլխավոր պատգամը այսօր, որ պետք է կիրառենք ամեն վայրկյան՝ Կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն տալու պատվիրանն է: Մեր Տէրը այդպես պատասխանեց Իրեն ստուգողներին և մեզ պատվիրեց այդպես վարվել: Անառակ կնոջ պարագային, որ Նրա ոտքերի մոտ գցեցին քարկոծելու համար, դարձյալ խորագիտությամբ դուրս եկավ իրավիճակից՝ ասելով,- ո՞վ ձեզնից անմեղը, թող առաջինը քարը վերցնի: Իսկ անբարո կինը իր մահը իր աչքի առջև էր տեսնում ամեն վայրկյան: Հանկարծ մի ակնթարթում որոշում փոխվեց, կյանք շնորհվեց մահվան փոխարեն: Բոլորը հեռացան, ոչ ոք չմեղադրեց այլևս, քանի որ անմեղ մարդ չկար: Նույնն է վիճակը այսօր՝ բոլորը ուզում են պատժել, սակայն իրենց մեղքը ցույց տվող չկա: Մենք Հիսուս Քրիստոսին ընդառաջ պետք է գնանք Իր զենքերով զինված: Փորձություններին պետք է ընդառաջ գնանք Իր խոսքը ունենալով, որպես պատասխան, մեզ արհամարհողին պետք է պատասխանենք Հիսուս Քրիստոսի օրինակով, քանի որ Իր անունն ենք կրում, Իրենով է մեր գլուխը բարձր, և մեր խոսքը Իրենով է հաստատ:
Մնացեք սիրով՝ միշտ զգույշ Աստծու խոսքի կատարման մեջ, լսելու մեջ և գործադրելու մեջ:
Այսօրվա հարցը այսպիսինն է. Զինվա՞ծ ես դու Աստծո խոսքի զենքերով այս օրերին: