ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, բազմացավ անօրենությունն ինձ վրա բեռի պես. բազում է ախտը իմ հոգում,
անզգույշ եմ մարմնի մեղքերում և լցված եմ զանազան չարիքներով:
Բայց առավել վատթար է անզեղջություս, որ դառն է բոլոր չարիքներից:
Քանզի աղոթելիս ձանձրանում եմ ու սաղմոսելիս
չեմ ըմբռնում, ծուլանում եմ երանությունը
խնդրելիս և դատարկվում շնորհների երկյուղից`
տկարանում եմ մարմնով, ու սիրտս աղե արձան է
լինում, ներսումս չի ծագում անշեջ լույսը,
Տե՛ր, շնորհի՛ր ինձ սրբության ու սգի երկյուղ և արցունքի աղբյուրնե՛ր
հորդորիր իմ մեջ, թեթևացրո՛ւ բեռներիս ծանրությունը և իմ մեջ աճեցրո՛ւ
սուրբ աղոթքը: Շտապի՛ր ու ե՛կ փնտրելու մոլորյալիս, Տե՛ր, որ մերձեցել եմ կորստյան
վախճանին, քանզի խավարեցի լույսից ու խափանվեցի պատվիրաններիդ սիրուց, հաղթվեցի
չար թշնամուց, և Քո երկյուղը նվազեց իմ մեջ:
Տապալվեցի չարի չար խորհուրդներից ու ցամաքեցի Քո սիրո արցունքների շնորհից,
խաբվեցի ունայն խոսքերից, մոլորվեցի մտքի լուսավորությունից,
աղտեղացա մեղքերով ու մոռացա վախճանի օրը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 8.40-48
40 Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին: 41 Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր: Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42 որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր: Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր: 43 Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44 յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց: 45 Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Եւ երբ բոլորն ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»: 46 Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»: 47 Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչու դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց: 48 Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. Ամեն առավոտ Աստծու երևելի լույսը տեսնելուց փառք եմ տալիս Աստծուն և խնդրում եմ, որ մի բարի լուր ունենամ ձեզ հայտնելու՝ եթերը սկսելուց առաջ: Եկար ժամանակ է, որ պատերազմական ճնշող իրադարձությունների լուրերը լարված են պահում համայն հայությանը: Բայց մենք մեծ մխիթարություն ունենք Աստծու խոսքով, քանի որ եթե Աստծո խոսքի զորությունն ու խաղաղությունը չպահի մեր անձերը, այս արհավիրքին անկարելի է դիմանալ: Մարդկային կորուստը մի կողմից, անմարդկային արարքները մյուս կողմից և որ ամենասարսափելին է՝ միջազգային անտարբերության գաղջ դրսևորումները ահաբեկչության վերաբերյալ՝ մեկ այլ կողմից::
Այսօրվա Ավետարանի մեջ նմանատիպ մխիթարության կարիք ուներ նաև տասներկու տարվա արյունահոսող հիվանդ կինը, որը ըստ Ավետարանի նկարագրության որևէ հնար չէր եղել նրան՝ բուժում ընդունելու մեկից, և իր երկար տարիները ստիպված էր եղել ապրել այդ վտանգավոր հիվանդությամբ: Լսել էր հիվանդ կինը, որ քաղաքում է Հիսուս Քրիստոս անունով մեկը,, որի մասին հրաշքներ էին պատմում: Լսել էր անշուշտ, որ կաղեր ու կույրեր է բժշկել, անդամալույծներ էր ոտքի հանել, և հիմա գնում է իրենց ժողովրդապետի մահամերձ աղջկան բուժելու: Ժողովրդի բազմության մեջ հայտնվեց նաև այս արյունահոսող կինը, որին ամբոխը հրմշտում էր բազմամարդության պատճառով: Բայց կինը նպատակ ուներ ամեն կերպ հասնել և դիպչել թեկուզ Նրա հագուստի քղանցքին: Նա իր մտքում փայփայում էր, այն հույսը, որ միայն թե ձեռքը հասնի և կպնի Նրան, ինքը կբժշկվի: Սակայն Քրիստոսին մոտենալը այդ բազմության մեջ անկարելի էր դառնում: Այդ կինը վստահաբար չգիտեր որևէ պատվիրան, որ տվել էր Հիսւոս Քրիստոս, թե խնդրեցե՛ և կտրվի ձեզ, բայց հույսով գնում էր առաջ՝ դեպի նպատակ: Հույսը մենակ չէ կնոջ մոտ, նրա հույսին ապավեն էր իր հզոր հավատքը, թե Հիսուս Կարող է, որ ինքը բժշկվելու է հենց առաջին հպումից: Փնտրողը գտնում է, և կինը հասավ, դիպավ, զգաց իր մարմնի վրա տարբերություն և ծածուկ հեռացավ: Խնդրանքը կատարված էր, հույսը արդարացված էր, կինը ուրախ էր և երջանիկ: Տասներկու տարվա տառապանքը մեկ շփումից վերացել էր: Կինը ուրախության մտորումների մեջ էր, երբ լսեց Հիսուս Քրիստոսի բարձր ձայնը, թե- «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Վախեցավ կինը, կարծելով, թե սխալ բան է արել, կարկամեց, բայց համարձակություն գտավ իր մեջ կրկին մոտենալու: Մինչ այդ աշակերտները փորձում էին բացատրել իրենց Վարդապետին, որ այս հոծ բազմության մեջ բոլորն են կպել Քեզ, ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, թե ո՞վ դիպավ: Սակայն Տէր
Հիսուս այլ բան էր փնտրում, Նա ուզում էր իմանալ, թե ներկաներից ո՞ւմն է այդ զորավոր հավատքը: Բազմությունը շատ մեծ էր, բազմության մեջ հավանաբար հիվանդներ շատ կային, բայց զորավոր հավատք մեկից էր զգացել, քանի որ այդ զորավոր հավատքը Հիսուս Քրիստոսից զորություն էր դուրս բերել: Տեսեք, սիրելիներ, այս խոսակկցությունը տեղի է ունեցել պարզ կնոջ և Հիսուս Քրիստոսի միջև: Քրիստոս ինքն է խոստովանում, որ իրենից զորություն դուրս եկավ: Ի՞նչ եղավ այդ զորությունը դուրս գալուց հետո: Զորությունը տեղափոխվեց կնոջ մարմնի մեջ՝ իր հավատքի շնորհիվ և հրաշք գործեց: Ո՛չ ժամանակ պահանջվեց, ո՛չ դրամ, այլ՝ միայն մաքուր սիրտ, աներկբա հավատք: Իր ողջ կարողությունն էր վատնել կինը, իր առողջության համար և սակայն արդյունք չէր ունեցել: Ասացե՛ք, խմդրեմ, աշխարհում կգտնվի՞ մի ուժ, որ կարողանա այս կնոջ հավատը խարխլել: Անշուշտ ո՛չ: Տէր Հիսուս այսպիսի հավատք է փնտրում նաև մեր օրերում, և նույնքան կուրախանա, որ Իրենից զորություն դուրս գա և զգա, որ աշխարհում ամեն վայրկյան մեկն այնպես հավատաց, այն կնոջ նման, որ Իրենից զորություն դուրս եկավ: Տէր Հիսուս այսօր էլ փնտրում է հավատացյալ մարդկանց, որ ասի,- «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»:
Սիրելիներ, այդ զորությունը մեզ է պետք, որովհետև մենք ենք ամենուրեք չարի շրջափակման մեջ, մենք ենք աներևույթ պատերազմների առջև հայտնվում: Եթե մենք Քրիստոսի զորությունը չունենանք մեր մեջ, չարը մեզ գետնով կտա, ծաղր ու ծանակի առարկա կդարձնի: Այս զորությունն է պետք աշխարհին, որը ուրացել է Քրիստոսին և գնում է դեպի կործանում իր սեփական և ազատ կամքով: Չի հիշում աշխարհը, որ Քրիստոս ասաց, քաջալերվեցե՛ք, Ես հաղթե՛ցի աշխարհին:
Տէր Հիսուս դեռ խոսում էր մարդկանց մեջ՝ կնոջ հավատքի և իրենից զորություն դուրս գալու մասին: Նա մի ուրիշ առաքելություն էլ ուներ անելու, Հայրոսը սպասում էր, որ իր աղջկան պետք է հասներ, որը մահամերձ պառկած էր: Հիսուս գիտեր, որ Հայրոսի աղջիկը մահամերձ է, և գիտեր որ գնալու է նրան բժշկելու, բայց երբեք չանտեսեց հիվանդ կնոջը քաջալերել և գովել նրա հավատքը: Մինչ Հիսուս Քրիստոս խոսում էր դեռ, Հայրոսի տնից եկան և հայտնեցին, որ նրա աղջիկը մահացավ: Այլևս կարիք չկա Վարդապետին նեղություն տալու: Հիսուս լսեց այդ խոսակցությունը, որ աղջիկը մահացավ, բայց շատ կուզեր, որ այդ պահին էլ իրենից նույն զորությունը դուրս գար Հայրոսի հավատքի պատճառով: Սակայն այս պարագայում այլ կերպ վարվեց: Անմիջապես Հայրոսին հավաստիացրեց, որ չվախենա, այլ միայն հավատա, և աղջիկը կապրի: Երբ Հայրոսի տուն հասան, ամենքը լալիս ու ողբում էին, բայց Տէր Հիսուս Իր հետ վերցրեց Հակոբոսին, Հովհաննեսին, Պետրոսին և երեխայի ծնողներին ու ներս մտավ: Մնացածին արգելեց, որ ներս մտնեն: Քանի որ նրանք տեսել էին, որ աղջիկը մահացած է, և ծաղրեցին Հիսուսին, երբ Նա ասաց, մեռած չէ, այլ՝ ննջում է:
Այստեղ էլ ժողովրդի մեծ բազմություն կար: Այստեղ էլ հրմշտոց էր և իրարանցում: Այստեղ էլ Հիսուսին դիպան, սակայն այստեղ արդեն չկար այն հավատը, որը կարող էր Իրենից զորություն դուրս բերել: Հիսուս բռնեց աղջկա ձեռքից և ասաց, - Վե՛ր կաց, կանգնիր, ո՛վ մանուկ: Երեխայի հոգին վերադարձավ նրան և նա ոտքի կանգնեց և նրանց պատվիրեց ուտելու բան տալ նրան; Ծնողները զարմացած մնացին պատահածից, բայց Տէր Հիսուս դարձյալ պատվիրեց ոչ ոքի ոչինչ չասել այդ մասին:
Սիրելի հավատացյալներ, ես բազում առիթներ եմ ունենում ննջեցյալների հոգեհանգիստների և հուղարկավորությունների արարողությունների կարգ կատարելու: Տեսել եմ ամենատարբեր մոտեցումներ ննջեցյալին հրաժերտ տալու ժամանակ: Սակայն բոլորովին այլ է ճշմարիտ քրիստոնյայի վարքագիծը մահվան, թաղման, համընդհանուր հարության և հավիտենական կյանքի կյանքի նկատմամբ ունեցած իրենց մոտեցումը; Քրիստոնյան, որը հավատում է, որ մահը լոկ բաժանում է մարմնի և հոգու, նա խաղաղ է իր ներսում, քանի որ հավատում է, որ Հիսուս Քրիստոս հաղթել է մահին և Իր գերեզմահը թափուր է: Հետևաբար նույն կերպ էլ մտածում են Քրիստոսին իրապես հավատացող անձիք՝ նույնիսկ հարազատի կորստի ժամանակ: Անշուշտ հուզվել, լացել և տխրելը մարդկային դրսևորումներ են և բնական են, սակայն երբեմն պատահում է, որ հեթանոսական ողբ ու աղաղակ է տիրում ննջեցյալի տանը, և որևէ կերպ մխիթարություն չեն կարողանում գտնել և միմյանց մխիթարել:
Մեր գիտակցության մեջ զգալի փոփոխություն պետք է կատարենք հատկապես այս օրերին, երբ հարյուրավոր զոհեր ենք ունենում, և չի բացառվում, որ այդ զոհերը լինեն մեր բարեկամները, մեր հարազատները, մեր ընկերներն ու մեր հարևանները: Մենք որպես քրիստոնյա պետք է կարողանանք որևէ կերպ մխիթարել, հանգստացնել և սփոփել վշտակիր ծնողներին՝ իրենց խորը ցավի ժամանակ:
Մեզ զորավոր հավատք է պետք ինչպես ապրելու համար, այնպես էլ մեռնելուց չվախենալու համար, քանի որ մեր ծնունդը նպատակով է, մեր կյանքը արժևորված է, մեր մահը խոստումով է: Հավիտենական կյանքին արժանանալու բոլոր ուղիները ցույց են տրված, և պայմանները հստակ են մեր ծննդյան օրից: Մենք ենք մեր որոշման տերը և ազատ ենք այդ որոշման մեջ: Մնացեք սիրով՝ զորություն դուրս բերող հավատք ունեցեք, քաջալերվեցեք ձեր հավատքի զորությամբ:
Հարցը այսպիսին է. Դու հավատո՞ւմ ես, որ մահը ընդամենը բաժանումն է հոգուց, այնուհետև հավիտենականություն է: