ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ հաստատուն և անշարժ`պատերազմի փորձության մեջ աներկյուղ,
քաջ ու ամուր հավատով և ջերմագին սիրով զորանալու ինձ վրա եկող դևերի դեմ:
Զինի՛ր ինձ Քո ամրակուռ զենքով, որ պատերազմեմ ու հաղթեմ հակառակորդ թշնամուն, որ կամենում է որսալ ինձ իսպառ:
Հանի՛ր մեղքերի խորխորատն ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո պատվիրանների լույսը,
Քեզ մո՛տ կանչիր Քեզնից հեռացածիս ու ների՛ր իմ անառակ գործերը, զորացրո՛ւ Քեզ
ապավինողիս ու մխիթարի՛ր Քեզ դավանողիս, որսա՛ պատվիրաններիդ կապից արձակվածիս և
կապի՛ր Քո սիրո ծառայության լծով:
Տե՛ր, միավորի՛ր ինձ հետ Քո սիրո գութը, և արձակի՛ր կապվածիս, խզի՛ր մեղքերիս
կապանքները և ինձ առաջնորդի՛ր արդարության ճանապարհով, օթևաննե՛ր պատրաստիր ինձ համար և պսակի՛ր Քո սուրբ վկաների հետ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 4.23-25 Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը: 24 Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէս-պէս ցաւերով ու տանջանքներով՝ ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց: 25 Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, և մեր եթերաժամին հետևող բոլոր հավատացյալներ: Քրիստոսի սերն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինի վաղ առավոտից, որպեսզի Իր խոսքի ճշմարտությամբ սկսենք մեր օրը և մեր ամեն գործը:
Սիրելիներ, ամեն օր մենք հաստատվում ենք այն մտքի մեջ, որ մեր երկիրն ամբողջությամբ, ողջ հասարակությունը, և ամեն անհատ ամեն օր անպատրաստ է ցանկացած փորձության հանդեպ: Երեսուն տարի շարունակ մենք չկարողացանք կարգապահություն հաստատել բանակում, չկարողացանք օրենքը կիրառելի դարձնել բոլորի համար, չնայած որ շատ հաճախ բարձրաձայնվում է, որ բանակը թալանել են տարիներ շարունակ: Մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որոնք կարող են ոտնձգություն թույլ տալ նույնիսկ բանակի ունեցվածքի վրա: Մեր իշխանությունը անպատրաստ է կարգի հրավիրել հանցագործին: Մեր հասարակության մեջ հայտնվեցին ավելի վտանգավոր մարդիկ՝ դավաճաններ, որոնց մասին միայն պատմությունից էինք լսել: Իրավապահ մարմինները անպատրաստ են գտնվել իրենց պաշտոններում և չեն բացահայտել ներքին թշնամուն: Երեսուն տարի շարունակ Հայ Առաքելական եկեղեցին անպատրաստ գտնվեց իր հավատացյալ հոտին հասցնելու բավարար հոգևոր գիտելիքի, մակարդակի և ապաշխարության գաղափարի::
Մենք վատ սովորություն ունենք, ամեն ինչ ականջի հետև գցել և թողնել վաղվան: Բայց մեր թշնամին, որը երևելի է, և նաև աներևույթ, այսպես չի մտածում: Նա ամեն ժամ պատրաստվում է մեզ ծուղակը գցել, հարված հասցնելով մեզ՝ Քրիստոսի հոտին :
Սիրելիներ, եթե բանակի թալանելը անտեսվել է, դավաճանին չնկատելը անուշադրության է մատնվել, կամ օրենքը չի գործել, մենք տուժել ենք ֆինանսապես և ֆիզիկապես: Բայց երբ անտեսվում է Աստծու խոսքը, Աստծու տված պատգամը, և մեր հոգևոր վիճակը, այստեղ արդեն հարցը շատ լուրջ է: Ես այսօր ուզում եմ ձեզ սթափության կոչ անել այս առումով: Մեզանում այսօր չկան մարգարեներ, որոնց միջոցով Աստված ուղղակի խոսի ժողովրդի հետ, բայց Աստված Իր Որդու միջոցով խոսել է բոլորիս հետ մեկ անգամ վերջնականապես և ասելիքը հստակ է: ,,Կանգնած եմ դռան առջև և թակում եմ, ով որ լսի և բացի, նրա մոտ կմտնեմ և կընթրեմ նրա հետ, և նա ինձ հետ՚՚: Աստվածաշունչը մեզ ամեն օր ասում է իր օրվա ասելիքը: Ժամանակը ամեն օր ավելի է անհասկանալի է դարձնում իրադարձությունները և երևույթները: Ես երբեք չեմ կամենա, որ մի օր մենք հայտնվենք հոգևոր անպատրաստ վիճակում: Մենք դրա իրավունքը չունենք, որովհետև մեզնից թաքցված չի եղել Աստվածաշունչը: Իմ սթափության կոչը ձեզ այսօր այս է.
Ովքեր չեն կարդացել Աստվածաշունչ, այսօրվանից թող սկսեն կարդալ աղոթքով: Ովքեր իրենց ապաշխարության հարցը անտեսել են՝ երկրորդական համարելով, թող այսօրվանից սկսեն, ովքեր մեղք են գործում, թո՛ղ անդրադարձ ունենան և զղջան, ովքեր կարող են մեկին օգնել, թող այսօ՛ր օգնեն: Քննեցե՛ք ձեր անձերը, զղջացե՛ք ձեր մեղքերը, խնդրեցե՛ք Աստծուց ողորմություն: Մեզնից ոչ ոք չգիտե, թե վաղը ինքը որտե՞ղ կհայտնվի, ի՞նչ պայմաններում, հնարավորություն կունենա՞ հանգիստ ապաշխարելու: Չլինի, որ մենք այս հարցում էլ անպատրաստ գտնվենք, բայց այս անգամ ոչ թե մեր թշնամու, այլ՝ մեր Տիրոջ առջև, մեր Փրկչի առջև, որին պարտական ենք Իր Արյան համար:
Իմ հորդորը ձեզ այսօր այս մասին է, ոչ թե ձեզ վախեցնելու, այլ արթնացնելու սովորական դարձած կյանքից: Մեր հանրությունը ապրում է սովորության ուժով, ամեն օր նույնը կրկնելով, առանց իր կյանքի մեջ դրական փոփոխություններ արձանագրելու: Իսկ Ավետարանն ասում է Մարդու Որդու Գալուստը կայծակի պես կլինի: Ողջունելի է այն մարդու նախապատրաստությունը, որն աղոթում է անձրև գալու համար և տնից դուրս գալիս անձրևանոց է վերցնում, որովհետև հավատում է իր աղոթքի ուժին: Մենք և՛ աղոթենք, և՛ պատրասվենք, և՛ Սուրբ Գիրք կարդանք և՛ ապրենք մեր կարդացածը: Ինքներս օգտվենք Աստծու խոսքի զորությունից, և՛ այլոց օգտակար լինենք: Աշխարհի լույսը վառած պահելու գործընթացը Տէր Հիսուս Քրիստոս հանցնեց մարդկությանը և Երկինք բարձրացավ՝ վերադառնալու ակնկալիքով: Երբ վերադառնա ու տեսնի, որ լույս վառողները անպատրաստ են գտնվել, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում: Քանի որ մեզ հետ խոսողը, մեզ զգուշացնողը Տիեզերքի Արարիչն է, ոչ թե երկրի ղեկավարը: Իմ նպատակն է, որ մեր ամենօրյա եթերներին հետևող հավատացյալները ամեն օր պատրաստ լինեն ավելի մեծ փորձությունների, որովհետև այդ փորձությունների մասին Ավետարանը տեղեկացրել է վաղուց, որպեսզի հանկարծ անպատրաստ չգտնվենք: Ուրիշ տարբերակ չկա Աստվածաշնչի ճշմարտությունները ձեզ այլ կերպ հասցնելու: Փնտրողները կգտնեն, խնդրողներին կտրվի, բախողներին՝ կբացվի; Իսկ նրանք, որոնք կմտածեն, որ դեռ ժամանակ ունեն, թող Աստված իմաստություն տա, արթնություն տա և զգոնություն տա այդ հարցում.
Պողոս Առաքյալն իր քարոզության ժամանակ ևս ուներ այս մտավախությունը, բայց լուսավորում էր մարդկանց մտքերը Արքայության Ավետարանի լույսով, ջանում էր նրանց հասցնել Աստծու կամքն ամբողջությամբ: Ասում էր զգույշ եղեք ինքներդ ձեր՝ և Տիրոջ ամբողջ հոտի համար, որ ձեզ է հանձնված հովվելու: Հափշտակիչ գայլերից հոտին զգուշացնելու վտանգը եղել է նաև Պողոս Առաքյալի օրոք: Ժողովրդի միջից միշտ էլ դուրս են եկել թյուր բաներ խոսողներ, իրենց հետևից տանելու համար լայն մասսաներ: Արթնության և սթափության կոչ արել է նաև Պողոս Առաքյալը, ասելով- արթուն կացեք, հիշեք, որ երեք տարի արցունքով մեկ -մեկ բոլորիդ խրատեցի, և ես մաքուր եմ բոլորիդ արյունից: Մեր խնդիրը այսօր այլ տեղ է: Մենք պետք է միայն հասկականք, որ այս հոգևոր թմրության վիճակը մեզ հասցրել է մեր աներևույթ թշնամին՝ ամեն օր ասելով, ոչինչ վաղը կապաշխարես, վաղը կկարդաս, վաղը կաղոթես, վաղը կզղջաս և այլն: Ուզում եք ամեն ինչ փոխվի դեպի լավը, բոլոր քրիստոնյաները կիրակի օրը Պատարագի աղոթքին պետք է մասնակից լինեն; Եթե մեր ներքին մարդը չի փոխվել, մենք ժամանակակից տեխնոլոգիայի դարում կմնանք նույն թմրության մեջ:
Եկեք մի փոքր հետ գնանք, որոշ բաներ պատկերացնելու համար; Նախկինում ուրախացանք սև ու սպիտակ հեռուստացույցի համար, բայց դրանից երջանիկ չդարձանք: Հեծանիվից մինչև ինքնաթիռ եկանք բայց դարձյալ մենք երջանիկ չենք: Նույնը մնացած ոլորտների զարգացումների մասին է: Ուրեմն ո՞ւր է խնդիրը: Ժամանակակից մարդկությունը միշտ ձգտել է երջանկության, իր տեսադաշտում ունենալով գալիքը` պայծառ: Մարդը անկախ իր կամքից ձգտում է կորցրած դրախտի: Հետևաբար ներքին մարդը կարիք ունի փոփոխության, ոչ թե արտաքին, այլ՝ ներքին: Մարդը նույնիսկ երբ ստեղծեց կրկեսը, երազանք կար դրախտի, քանի որ միայն այնտեղ էին կենդանիները համերաշխ ապրում: Ամեն արտադրանքի վրա կա ծաղիկ, բնություն, կենդանի և այլն: Եթե Ադամը անձնագիր ունենար, կգրվեր ծննդավայը դրախտ: Տերը բանալին խոստացավ Պետրոսին երկնքի արքայության: Ի՞նչ է բանալին: Բանալին մինչև չհամապատասխանի իր կողպեքին, չի կարող բացել այն: Մինչև մեր ներքին որակները չփոխվեն, մենք չենք կարող Երկնքի արքայության մասին հույսեր փայփայել: Ինչպե՞ս կարող է Երկնքի Արքայությունը նույնը լինել, ինչպես որ մեղավոր աշխարհը և նրանում ապրող մարդը: Մեր սերտ կապը Աստծու հետ պայմանավորված է մեր հոգևոր հեղաշրջումով, մեր մշտական հաղորդակցությամբ և սթափ տրամաբանությամբ: Մեզ թող այս օրերին հրաշքները չգայթակղեն: Նայեք ձեր շուրջը՝ ամեն ինչ հրաշք է, Աստծու ամեն ստեղծագործություն հրաշք է, հատուկ հրաշքներ պետք չեն, որպեսզի մեր հավատքը զորանա: Մեր հավատքը պետք է զորանա Կենդանի Աստծո խոսքի զորությամբ, և մեր անձերի անաչառ ինքնաքննությամբ ու աղոթքով:
Սուրբ հայրերից մեկին հարցնում են, թե՝ աղոթքն իբրև անհրաժեշտություն ինչպե՞ս զգանք մեր կյանքում:
-Դուք պիտի պատերազմի գնացած լինեիք, որ մենք կարողանայինք իրար հասկանալ, ասում է Սուրբը:
Բանակում, պատերազմի ժամանակ, երբ կենտրոնի հետ շարունակական կապի ու «հարատև լսման» մեջ էինք, ավելի շատ վստահություն ունեինք: Երբ երկու ժամը մեկ էինք կապվում, մի տեսակ անապահով էինք գգում: Երբ օրը միայն երկու անգամ` առավոտյան ու գիշերն էինք կապվում, ապա անորոշություն էինք զգում: Նույնը պատահում է նաև աղոթքի պարագային. մարդը որքան ավելի շատ է աղոթում, այնքան է՛լ ավելի հոգևոր վստահություն է զգում: Աղոթքն ապահովություն է:
Մարդն աշխատանքի է գնում ու չգիտի, ողջ-առողջ տուն կվերադառնա՞ արդյոք, թե՞ հաշմանդամված` ինչ-որ հիվանդանոցում կհայտնվի: Մի՞թե դա մարդուն չի ստիպում շարունակ ասելու` Քրիստո՜ս իմ, Աստվածամա՜յր իմ:
Եթե աշխարհականներն արժևորեին իրենց վտանգները, ապա աղոթքի մեջ մեզ` վանականներիս կգերազանցեին, վտանգներից էլ կխուսափեին: Եթե Աստծո հետ շարունակական կապի ու «հարատև լսման» մեջ ենք, ապա ամեն չարիք կկանխենք:
Սիրելիներ, ամենուրեք Աստծուն փնտրեք:
Գրեթե բոլորս մեր հեռախոսային զրույցն ավարտելիս, ասում ենք. «Կապի մեջ կլինենք» կամ «Հանդիպելու ակնկալիքով», կամ «Ցտեսություն»: Ի՞նչ արտահայտություններ են սրանք: Միթե աստվածաշնչյան չեն, միթե մեր կենցաղի ամեն տարր չի հիշեցնում Աստվածաշնչյան ճշմարտությունների մասին: Ի՞նչ է հեռախոսային խոսակցությունը, եթե ոչ կապ մի սիրելիի հետ: Իսկ ի՞նչ է աղոթքը, եթե ոչ խոսակցություն Աստծո հետ: Իսկ մեր Տերն ասաց. անդադար աղոթեցեք: Ինչպես կապի մեջ ենք մեր մերձավորի հետ, այնպես էլ նույն կապի մեջ լինենք Աստծու հետ` աղոթքով: Կամ երբ ասում ենք, «Հանդիպելու ակնկալիքով», միթե մեր բոլորի միակ նպատակը չէ հանդիպել Աստծուն: Նույնը «Ցտեսություն» բառի հետ է կապված: Մեր արտաբերած խոսքերին եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ամեն միտք մի ձևով կապված է Աստծո հետ: Հեռախոսը, որ կենցաղային իր է, մենք այդքան կապված ենք նրան, սակայն հեռախոսը նույնպես մեզ հիշեցնում է Աստծու հետ հաղորդակցության մասին: Հետևաբար սիրելիներ, այսօրը մեզ տրվում է այսօ՛ր գործելու համար: Այսօրվա գործը վաղվա թողնելու սովորությունը ծանրացնում է նաև վաղվա հոգսը, և մենք չե՛նք հասցնում ո՛չինչ ու մնում ենք անպատրաստ՝ թշնամու պատրաստած ծուղակների առջև՝ ձեռնունայն: Մնացեք սիրով՝ օրվա հոգսը մինչև օրվա ավարտ վերջացնելու ակնկալիքով: Այսօրվա հորցը՝ Կարո՞ղ է մեկը քրիստոնյա կոչվել, չազատվելով իր հին՝ մեղավոր մարդուց: