ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, հաստատի՛ր սասանված անձս, որ լի եմ
մեղքերով ու անթիվ հանցանքներով և այրված ու
տրոհված եմ իմ բոլոր անդամներով` ապականված
ոտքից գլուխ, և չկա բժշկության հնար Քեզնից
բացի, Տե՛ր իմ Հիսուս: Մի՛ գարշիր չարահոտ
ախտացածիցս, այլ խոնարհվի՛ր վիրավորվածիս վրա ու դարմանի՛ր:
Տե՛ր, բերանս հեռացրո՛ւ, բամբասելուց և լեզուս` չար խոսելուց, ականջներս`
չար լուրերից, ձեռքերս` հափշտակելուց և ոտքերս` անառակ ընթացքից.
և զգաստացրո՛ւ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ:
Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜ որ խախտեցի Քո պատվիրանները, ելա կենաց լույսից և
մտա մեղքի խավարի մեջ` աղտեղություն ցանկանալով:
Հեռացա Քո սիրուց, բռնվեցի չարի կողմից և կորստյան որդի եղա. ողորմի՛ր ինձ`
բազմամեղիս, քանզի միայն Դու ես մարդասեր: Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 8.22-25
22 Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին: 23 Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ: Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովն ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել: 24 Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»: Եւ նա վեր կենալով սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց: 25 Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»: Եւ նրանք սարսափած զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են նրան»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, մենք նորից միասին ենք և փառք Աստծուն դրա համար: Այսօր միասին խորհենք մի առակի շուրջ, որտեղ նկարագրվում է զղջացող մարդու կյանքը, որն արդեն դարձել է Աստծուն: Այսօր փորձենք այս առակի մեջ տեսնել յուրաքանչյուրս՝ մեզ, մեր բացթողումը ինչպես մեր կյանքի, այնպես էլ մեր երկրի ընդհանուր վիճակի կարգավորման մեջ:
Մի քաղաքում ապրում էր մի գեղեցկուհի, որը անբարո էր: Ուներ շատ սիրեկաններ, որոնք նրան պատճառում էին զվարճություն, ուրախություն և արտաքին ցնծություն: Արքան լսում է աղջկա գեղեցկության մասին և նրան առաջարկություն է անում, որ զղջալու և պարկեշտ կյանքով ապրելու դեպքում կամուսնանա նրա հետ և իր տուն կտանի: Անբարո գեղեցկուհին համաձայնվում է: Արքան նրան իր տուն է տանում: Անցնում է որոշ ժամանակ, լուրը տարածվում է, որ նա ամուսնացել է արքայի հետ: Լուրը արագ հասնում է նաև նրա նախկին սիրեկաններին: Վերջիններս վախենում են, որ արքայի տուն գնան, որովհետև համոզված են, որ արքան իրենց կպատժի, բայց որոշում են գնալ արքայի պատուհանի տակ և սուլել նախկինի պես, ակնկալելով որ գեղեցկուհին կլսի իրենց ազդանշանները և դուրս կգա նորից իրենց հետ համագործակցելու:
Սակայն գեղեցկուհին լսելով իր ականջին սովոր՝ նախկին սուլոցներ, մտնում է իր ներքին սենյակը, փակում է դուռը, փակում է ականջները, որպեսզի չլսի այլևս այդ անպատվաբեր հրավերները:
Այնուհետև Հովհաննես Կոլոտը մեկնաբանության մեջ ասում է, որ անառակ կինը մարդու հոգին է, որը ունի շատ սիրեկաններ, որոնք էլ մարդու տարատեսակ մեղքերն են: Քանի՞ անգամ է պոռնկացել հոգին տարատեսակ մեղքերի մեջ` մե՛րթ նախանձելով, մե՛րթ բամբասելով, հաճախ է երազել ունենալ այ՛ն ինչ ուրիշն ունի, իրեն արժանի համարելով: Բայց Արքան` որ մեր Տերն է, մեղավորին իր դղյակը տարավ, որպեսզի փրկի նրան իր ընկած վիճակից: Զարմանալի չէ, որ նախկին «սիրեկանները», որոնք մեղքերն են անվերջ գալիս են ու փորձում են նորից կանչել, համոզելով, գայթակղելով, բայց բարի հոգին փակվում է իր սենյակում և այլևս թույլ չի տալիս, որ նախկին սիրեկանը ներս մտնի: Ընդհակառակը, նա խոնարհվում է իր Տիրոջ առջև և արտասվում իր նախկին կյանքի համար:Աշխարհը պահանջում է, որ մարդու ականջը միշտ դեպի սուլոցը լինի, առաջարկում է, որ մարդը արտաքնապես քրիստոնյա լինի և կորստյան մատնվի: Կա նաև ներքին քրիստոնեություն, որը փակված է ներքին դռների հետևում միայն իր Տիրոջ համար և անտեսում է ամեն սուլոց և գայթակղիչ կանչ: Իսկ սուլոցներն ու կանչերը միշտ էլ ուղեկցել են մարդկությանը` իր ստեղծման օրից:
Ով Աստծու խոսքը լսելու ականջ ունի, նրան խորթ են սուլոցները:
Աստծու առաջին պատգամը հասավ դրախտում ապրող զույգի ականջին: Օձը, որը երկրի վրա Աստծու ստեղծած բոլոր գազաններից ավելի խորամանկ էր, եկավ և կնոջը հարց տվեց: Ոչ թե նրա համար որ չգիտեր պատասխանը, այլ նրա համար, որպեսզի համոզվի, թե Աստծու խոսքը ինչ ամրություն և հեղինակություն ունի Եվայի ականջում և սրտում: Իսկ առաջարկից հետո Եվան նժարի վրա դրեց Աստծու խոսքն ու պտղի գեղեցկությունը: Առանց ամուսնու հետ խորհրդակցելու ընտրեց օձի առաջարկը, անտեսելով Աստծո խոսքը, որն այդ պահին դուրս էր մնացել նրա մտքից կամ սրտից:
Առակի մեջ նկարագրված սիրեկանները, որոնք մարդկային մեղքերն են, շրջապատում են մեզ ողջ օրվա ընթացքում, ամենատարբեր մարդկանց հարցադրումներով: Եթե Աստծո խոսքի նկատմամբ մենք ունենք կայուն կեցվածք, ապա ցանկացած հարց քննության ենք ենթարկում, կշեռքի նժարի վրա ենք դնում և տեսնում ենք , որ Աստծու խոսքը ծանր է կշռում: Հավատարիմ հոգին այսպես է վարվում Իր Տիրոջ խոսքի նկատմամբ: Իսկ Տէրը այսպիսի հավատարիմ ծառային կարգում է արդեն ավելի մեծ գործերի վրա, վստահ լինելով նրա հավատարմության վրա: Այսպիսի մարդն էլ կարող է սայթաքել, բայց այս սայթաքումը նպաստում է միայն նրա հոգու զորացմանը, ոչ թե անկումին: Երբ Ադամն ու Եվան զգացին, որ իրենք մերկ են և ամաչեցին ու թաքնվեցին իրենց մերկության պատճառով, սա հնարավորությւոն էր, որ միասին ինքնաքննություն ունենային և այդ պահին կառաջանար զղջումը՝ Աստծո խոսքը օձի խոսքով փոխարինելու համար: Նույն կերպ ենք վարվում մենք, քանի որ մեր մտքում էլ հազարավոր մեղավոր մտքեր են թափառում, զբաղեցնելով մեր միտքը՝ և դուրս վանելով Աստծու խոսքը այնտեղից:
Պողոս Առաքյալը իր Եփեսացիներին ուղղված նամակի մեջ գրում է.
Ուստի ես էլ, երբ լսեցի ձեր հաւատի մասին, որ ունէք ի Տէր Յիսուս, եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ,
չեմ դադարում գոհութիւն յայտնել ձեզ համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներում, որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ Հայրը փառքի, ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան հոգի իրեն ճանաչելու համար:
Սիրելիներ, մեզ իմաստության և հայտնության հոգի է պետք Աստծուն ճանաչելու համար: Մեր սրտի աչքերը պետք է լուսավոր լինեն, մեր մտքերը պետք է դատարկ լինեն աշխարհի ունայն լուրերից ու բամբասանքներից: Այս աշխարհի՝ օդում տիրող իշխանի կամքի տակ ենք բոլորս անգիտակցաբար: Եթե մենք շարունակում ենք մնալ այս վիճակում, դառնում ենք Աստծու բարկությանը արժանի մարդիկ: Իսկ չարի միակ նպատակը մեզ Աստծու աչքից գցելն է, Աստծու խոսքի հանդեպ մեր պատասխանատվությունը վերացնելն է:
Այսօրվա Ավետարանի պատգամը ծովի ալեկոծության ժամանակ աշակերտների բարձրացրած տագնապն ու խուճապն էր: Նրանց վախն էր փորձության ժամին: Տէր Հիսուս սպասում էր, որ կանչեն Իրեն, քանի որ աշակերտների հավատը դեռ այդքան զորեղ չէր, որ միայն գիտենալը, որ Տէրը իրենց նավակի մեջ է, արդեն բավական է; Նույնիսկ ասացին քո հոգը չէ՞, որ ահա կորչում ենք; Եվ Տէր Հիսուս վեր կենալով ասաց,- «Ո՞ւր է ձեր հաւատը»:
Այս հարցը շրջում է աշխարհում, և չի գտնում իր հիմնավոր պատասխանը:
Մենք արդեն համայա մեկ տարի է, որ ապրում ենք այս վիրուսի հետ մեկտեղ և չենք համակերպվում նրա բացասական հետևանքների, դիմակների, մեկուսացման, հեռավար կրթության, և այլնի հետ; Բայց մեկ տարին բավական երկար ժամանակ է, որ մենք մեր հավատը քննության ենթարկեինք և որոշ հոգևոր արթնություն ունենայինք: Չունեցա՛նք: Որովհետև մարդ արարածը ընտելանում է ամենավատ պայմանների հետ՝ նույնիսկ ամենակարճ ժամկետներում: Մեկ ամիսից ավել է հայ ժողովուրդը գտնվում է պատերազմի լափող ճիրաններում, որը խլում է մեր լավագույնը, երիտասարդությունը, մեր սերունդը շարունակողներին: Մեր մեջ դարձյալ հոգևոր արթնություն չառաջացա՛վ: Հոգևոր արթնություն կառաջանար այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի կնայեր իր անցած կյանքին և իր սխալները շտկելով առաջ կգնար, համարելով որ իր մեղքի բաժինն էլ կա այս պատերազմի մեջ: Մեզ դարերով խաբում են, որովհետև մենք էլ մեր հերթին ենք խաբում այլոց: Իսկ Ավետարանը ասում է, թող քո այոն՝ այ՛ո լինի, իսկ ոչը, ո՛չ: Մտահոգությունների մի մեծ շղթա է առաջանում ամեն օր մեր իրականության մեջ, որոնք էլ իրենց հերթին խոչնդոտում են իրական խնդիրների բացահայտման և քննարկման հարցում:
Մտահոգություն 1
Մեր ազգի մեջ կան շատեր, որոնք հանուն էժան հեղինակության, կամ դրամի ու պաշտոնի ակնկալիքի՝ իրենց վրա են կրում ֆեյք անպատվաբեր անունը և հանդես են գալիս ինչպես՝ նախկին, այնպես էլ նոր իշխանությունների փիառով զբաղվելով, իրենց հետևից տանելով ազնիվ մարդկանց, որոնք միամիտ են և դեռ հավատում են, մարդկային իմաստությամբ կարելի է հաղթել:
Մտահոգություն 2
Մեր ազգի մեջ կան շատ ազնիվ մարդիկ, որոնք ազնիվ մղումներով մոլորվում և հավատում ու հետևում ենք վերը նշված տեսակներին՝ իրենց մեջ փայփայելով կարծեցյալ բարին, որին սպասում էին վաղուց: Այս խավը պոտենցյալ հիասթափվողներն են, որոնք շատ շուտով բացահայտումների շնորհիվ կկորցնեն իրենց հավատը այս կամ այն ղեկավարի նկատմամբ՝ ինչպես որ միշտ պատահել է: Այս տեսակը չի կարողանում նայել ճշմարտության աչքերի մեջ, քանի որ միշտ խաբված է եղել:
Մտահոգություն 3.
Մեր ազգի մեջ կան ազնիվ քրիստոնյաներ, որոնք կարող են որպես բացարձակ ճշմարտություն համարել որևէ հոգևոր աջառնորդի հայտարությունը, համարելով, որ Աստծու մարդը չի կարող սխալվել: Օրինակը՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վերջին կործանարար հայտարարությունը՝ միասեռականի ընտանիք կազմելու մասին: Սա էլ մոլորվելու և մտահոգվելու մի կերպ է:
Մտահոգություն 4.
Մեր հասարակությունը լիարժեք չի տիրապետում Աստվածաշնչի պահանջը իրենից, դրա համար տարուբերվում է այս կամ այն սխալի մեջ, չկարողանալով անվնաս և առանց կորուստի դուրս գալ այդտեղից; Ազգի մեջ օրեցօր ավելանում են ներքին թշնամիներ, դավաճաններ, պառակտողներ, որի մասին Ավետարանը դարձյալ զգուշացրել է վերջին օրերի մասին:
Մտահոգություն ամենավտանգավոր՝ 5
Այս բոլոր բացերի մասին մտահոգվող չկա առայժմ՝ ո՛չ պետական և ո՛չ հոգևոր մակարդակով:
Ահա թե ինչու է պետք Աստծո խոսքի հանդեպ քրիստոնյայի պատասխանատվությունը, որպեսզի կարողանա դիմակայել օրվա եկած մարտահրավերներին և կանգուն մնալ: Աստված ամեն օր դարձ է ակնկալում մեզնից՝ ըստ Աստվածաշնչի:
Մնացեք սիրով, հաստատուն հավատքի մեջ, հավատարիմ՝ քչի մեջ:
Այսօրվա հարցը՝ համազգային դարձը կարո՞ղ է իրավիճակ փոխել այս օրերին: