ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ,
մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը
շրջեմ Քո կամարարների հետ և Աստծո գավթում
ծաղկեմ ու չմեղանչեմ: Խորտակի՛ր, Տե՛ր, սատանայի
բռնությունը, հատի՛ր ու դե՛ն նետիր նրա
զորությունը, արգելի՛ր նրա հարձակումն ինձ վրա,
որպեսզի, մարմինս ընդունայն վարելով՝ չտանի
ընդարձակ ճանապարհով, որը կորստյան ու
ապականության է մատնում:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, սատանայի գաղտնաձիգ նետերից,
որ, բազում մեքենայություններով պատելով՝
պաշարում է ինձ: Հափշտակելով միտքս`
գերեվարում է մեղքերի ցանկությամբ՝ թշնամիներիս
կողմից ենթարկելով ինձ ծաղր ու ծանակի:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.23-27
Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Եթե Տէրը այս առավոտ բացեց մեր շրթները, ապա մենք ևս Դավթի խոսքերով պետք է օրհնենք Տիրոջ Սուրբ Անունը, հայցենք Նրա կամքը և հետևենք Նրա խոսքին՝ մեր ամեն քայլերում և մեր բոլոր գործերում: Որքան ժամանակ, որ կարծեցինք, թե մենք մեր ուժերով կարող ենք կարգավորել մեր գործերը և աշխարհի գործերը, խաբվեցինք և կանգնեցինք կոտրած տաշտակի առջև: Այսօր է ժամանակը դուրս գալ ինքնախաբեությունից, և մեկընդմիշտ հասկանալ Աստծու պահանջը մեզնից: Մենք աշխարհ ենք գալիս առանց մեր կամքը հարցնելու, աշխարհ ենք գալիս մերկ՝ բարի գործերից և նույնությամբ աշխարհից հեռանում ենք մերկ՝ առանց բարի գործերի: Մենք առանց Աստծո ողորմության և նախախնամության և առավել ևս Աստծո խոսքի անկարող ենք Աստծո աչքին բարեպաշտ անձ երևալ: Մենք սխալ կրթություն և սխալ դաստիարակություն ենք ստացել մեր մանկությունից սկսյալ: Սկսած դպրոցից, բուհից, աշխատանքից և կյանքի դպրոցից, որովհետև Աստված այլ կերպ է ներկայացվել մեզ ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության տարիներին:
Խորհրդային տարիներին կրթություն կար, Աստվածաշունչն էր թաքցրած, անկախության տարիներին Աստվածաշունչը ազատ է, հոգևոր կրթություն չկա իսպառ: Մենք չենք կարող օրենքով ապրել, հատկապես, որ օրենքը չի գործում ճշմարտապես: Օրենքը միայն պահանջում է մեզնից: Իսկ Աստվածային շնորհը անվերջ տալիս է մեզ ապրելու համար: Օրենքը փրկության միջոց չէ: Մենք բոլորս Հիսուս Քրիստոսի շնորհով պետք է փրկություն գտնենք:
Հիսուս Քրիստոս եկավ առաքելությամբ և Իր առաքելությունը սկսեց կրթությամբ, բացատրելով, մարդու ներսում մտքի հեղափոխություն կատարելով:Ոչինչ ստիպելով չարեց, այլ Իր անձնական օրինակով և բացատրելով արեց: Ուրեմն սխալ է այն միտքը, որ մարդիկ ասում են,- ամեն ինչ Աստծու ձեռքում է, մեզնից ոչինչ կախված չէ, կարդա՞նք Աստվածաշունչ, թե՞ չկարդանք ոչ մի նշանակություն չունի: Աստված մեզ համար ամեն ինչ կանի: Սա բացահայտ կեղծիք է, մոլորության հասցնելու համար մարդկանց: Հիսուս Քրիստոսն է տիեեերքի Տէրը, Նա եկեավ և առաջինը սկսեց սովորեցնել անուս մարդկանց, որոնք Իր աշակերտները դարձան հետագայում: Հիսուս այդ անգրագետ մարդկանց ցույց տվեց, թե իրենց կյանքը էտապներով պետք է փոխվի: Մարդը չի կարող աշխարհ գալ և այս աշխարհից հեռանալ առանց փոխվելու: Մինչև առաքյալ դառնալը այդ մարդիկ ապրում էին այլ արժեքներով, այլ կենցաղով, այլ մտածելակերպով: Քրիստոսի հետ քայլելու, սովորելու և տեսնելու էտապը այլ եղավ: Քրիստոսից հետո նրանց կյանքը արդեն ուրիշ որակ ուներ և անցել էր մի մի ուրիշ էտապ, որտեղ ի հայտ էր եկել իրենց աշխարհ գալու նպատակը՝ որը ծառայությունն է: Այս մարդկանց Հիսուս Քրիստոս կարողացավ երեք տարում փոխել և դարձնել աշխարհի համար ուսուցիչներ:
Իսկ մենք ամբողջ կյանքում չենք կարողանում փոխվել: Որտե՞ղ է խնդիրը: Մենք կոչվում ենք Առաքելական, ասացե՛ք խնդրեմ, ինչուվ ենք մենք նման առաքյալներին: Ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞ր առաքյալն է քո երկրում քարոզել Քրիստոսին, եթե դու նրա քարոզության հետևորդը չես, նրա խոսքի կատարողը չես և քո Եկեղեցին էլ կոչվում է Առաքելական: Այլ կարևորն այն է, թե Առաքելական անունը ինչով է փոխել քո կյանքը մեղքից դեպի զղջում, չարից դեպի բարի, ագահությունից դեպի ժուժկալություն, բղջախոհությունից դեպի բարոյականությունը: Կարևոր է, թե դու ինչպե՞ս ես լսում առաքյալի խոսքը և հատկապես ինչպես ես արձագանքում նրան: Օրվա մեջ քանի՞ անգամ ես հիշում այն առաքյալին, որը քո երկրին բերեց Քրիստոսի լույսը, որպեսզի լուսավորվենք նաև մենք: Մեր գործերը որքանով են նման առաքյալների գործերին, որոնք անմիջական Լույսի Աղբյուրից էին օգտվել, Նրանից էին սովորել և փոխանցել: Քրիստոսին հալածող Պողոս Առաքյալը, որը իր մարմնի վրա զգաց Քրիստոսի զորությունն ու այդ ներքին մարդու փոփոխության առավելությունը, որից հետո էլ երբեք չդադարեց գրել ու քարոզել, բացատրել և իր օրինակով ապացուցել: Պողոս Առաքյալը հորդորոմ է մարդկանց մարմնի ցանկությունները չկատարել, քանի որ մարմինը հոգու հակառակն է կամենում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Որքանո՞վ ենք մենք հետևում առաքյալի այս խոսքերին, կամ ի՞նչ նշանակություն ունի առաքյալի ասածը, թե մենք չեն կարդացել իր գիրքը: Կամ մեզ չեն սովորեցրել թե մարդը իր կյանքը ինչպես պետք է կառուցի Աստծու խոսքի համաձայն:
Մենք ապրում ենք աշխարհում այնպես, կարծես Աստված չկա: Համարձակվում եմ ասել նույն խոսքը քրիստոնյաներիս վերաբերյալ: Ո՞ւր են այսօր այն քրիստոսյանները, ըստ Պողոս Առաքյալի, իրենց մարմինները խաչն են հանում կրքերով և ցանկություններով հանդերձ: Եթե ապրում ենք հոգով, պետք է հոգով ընթանանք: Չենք կարող ապրել մարմնի ցանկություններին ենթարկվելով, և պահանջել հոգևոր կյանք ուրիշներից: Մեր կյանքը չի կարող նույնը լինել Քրիստոսին ճանաչելուց առաջ և հետո: Եթե նո՞ւյնն է, և փոփոխություն չկա կյանքի որակի մեջ, ուրեմն անհանգստությունը և մտահոգությունը պետք ունենալ հենց այսօր այս պահից: Քրիստոսի խոսքը մտային հեղափոխության ուժ ունի:
Սիրելիներ, Տէր Հիսուս ուսուցիչներ պատրաստեց աշխարհի համար, այդ ուսուցիչները նաև աշակերտներ էին; Ուսուցիչը կդադարի ուսուցիչ լինելուց, եթե դադարի աշակերտ լինելուց, որովհետև ուսուցիչը ամբողջ կյանքում սովորում է՝ տալու համար: Նրա նպատակը պետք է լինի հոտին անվերջ հրավիրել Քրիստոսի առատ սեղանի շուրջ, որը Աստվածաշունչն է: Աստվածաշունչը առատ և օգտակար խորտիկներով սեղան է բացված ամեն մեկ հավատացյալի առջև: Հավատացյալը չի կարող ամեն ինչ ուտել, ինչպես որ չի կարողանում ուտել որևէ նյութական բացված սեղանին դրված բոլոր ուտելիքներից: Այլ ուտում է այն, ինչ իր ստամոքսին է ընդունելի և իրեն կարելի է: Հավատացյալը նույնպես չի կարող ողջ Աստվածաշնչի պարունակությունը ընկալել, բայց նա իրավունք չունի չօգտվելու Աստծո բացած այդ առատ սեղանից: Մենք կարող ենք կարդալ և որոշ մանրամասներ մոռանալ ազգերի և ազգաբանությունների վերաբերյալ, բայց Քրիստոսի աշխարհ գալու և մեզ համար խաչվելու փաստը պետք է համ տա մեր քիմքին և մենք այդ համով փնտրենք աշխարհի մեջ ամեն բան: Այդ համի վրա պետք է կառուցենք մեր կյանքի նպատակը:
Այսօրվա Ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս ամենքին էր ասում, - եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի: Չի ստիպում, չի պարտադրում, բայց տեղեկացնում է, որ այդ գործընթացը՝ Քրիստոսին հետևելու ժամանակավոր հրապուրանք չէ, ժամանակավոր հաճույք չէ, ինչ որ նեղ պահի համար չէ, պատերազմական դրության համար չէ, այլ՝ մշտապես պետք է վերցնել խաչը: Մենք այդ մշտապեսը չենք հասկանում, մեզ համար կյանքը վերացական հասկացողություն է, մենք խորությամբ չենք ընկալում կյանք, նպատակ, անդրշիրիմյան կյանք և հավիտենականություն արժեհամակարգի նրբությունները, որովհետև մեր Առաքելահիմն եկեղեցում չկա կենդանի քարոզ, որը մարդու մեջ կարթնացնի քնած մարդուն և հավատացյալը կզգա այդ քարոզից Քրիստոսի համը իր քիմքին, իր սրտի մեջ և կգնա այդ համը փնտրելու ամենուրեք:
Երբ մարդը լուր չունի հավիտենական կյանքից, նա աշխարհի վրա իր կյաքի տևողությունը ծախսում է միայն ստեղծելու, կուտակելու և անձամբ վայելելու վրա: Այսինքն ընդունված խոսքի համաձայն, թե՝ մի կյանք ես ապրում, կեր, խմի վայելի, վաղը մեռնել կա: Սա տարածված ձև է քրիստոնյաների շրջանում: Կան այլ մտածելակերպի մարդիկ, որոնք դարձյալ կուտակում են հարստություն և ո՛չ իրենք են ծախսում, ո՛չ էլ ուրիշին են բաժին հանում, ագահության պատճառով, քանի որ չգիտեն, որ մե՛րկ են եկել այս աշխարհ և մե՛րկ էլ գնալու են: Դարձյալ գալիս ենք նույն բացթողմանը, եթե Սուրբ գիրք չկարդանք ու չյուրացնենք այնտեղ գրվածները, չենք իմանա, որ Հոբից ավելի հարուստ մեկը չկար, բայց ինչ պատահեց նրա հարստության հետ: Նույն դիպվածները կարող են պատահել ցանկացած հարուստի հարստության հետ, եթե հավատքի և Աստծու զորությամբ չէ աշխատել ու բաժանել: Երբ Հուդան ափսոսանք հայտնեց թանկարժեք յուղի վատնելու վերաբերյալ և պատճառաբանեց, որ իբրև աղքատներին կարելի էր տալ, Տէր Հիսուս ասաց, որ աղքատներին միշտ ունենալու եք ձեզ հետ, և հիմա էլ ունեք, բայց ես միշտ ձեզ հետ չեմ լինի: Մենք պատերազմական այս օրերին տեսանք, թե հարուստ և մեծահարուստ մարդկանց շրջանում ինչ ժլատություն դրսևորվեց, երբ իրենց հայրենիքը կանգնած էր օրհասական պահի առջև՝ զենք և զինամթերքի պակասի պատճառով: Նրանք ժողովրդից թալանած այդ հարստությունը չկամեցան տրամադրել նույն ժողավրդին ազատագրելու հարցում՝ թշնամու ճիշանններից: Սա է այն կասկածը, որ սատանան սերմանում է մարդու սրտում, որ կուտակիր, պատերազմը կավարտվի, և կվայելես քո ունեցածը: Բայց Աստված մեզ մեզ նպատակով է աշխարհ բերում և ցույց է տալիս մեր նպատակը՝ մեզ սովորեցնող ուսուցիչների միջոցով: Եթե մեզ չսովորեցնենք նրանք, կամ մենք ականջալուր չլինենք նրանց խոսքերին, որոնք որ դեռ սովորեցնում են, ուրեմն կկատարվի այսօրվա պատգամի խոսքը, թե, ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի և տուժի: Այս խոսքերը երբեք պետք չէ թաքցնել, սրանք պետք է ասվեն հրապարակներում, հարուստների տների մոտ, նրանց ականջներին և առհասարակ համայն մարդկությանը պետք է միայն Աստծու խոսքը սովորեցնել: Երբ մենք առավոտից երեկո դիմում ենք
Աստծուն՝ ամենատարբեր խնդիրներով, բարի լինենք հիշել մեր կյանքը, մեր հին մարդու փոփոխությունը, մեր մեղքերից ազատվելը, մեր զղջումը և Աստվածաշնչի նկատմամբ ունեցած մեր հետաքրքրությունը: Այն ժամանակ հստակ կլինի մեր աղոթքների պատասխանների ուշացումը կամ արագ պատասխանը: Եթե քո սրիտը այս պահին պատրաստ չէ հրաժարվել մեղքից՝ հանուն Հիսուս Քրիստոսի, ուրեմն համոզված եղիր որ մեղքը քեզ համար ավելի թանկ է, քան Հիսուս Քրիստոս: Քո աղոթքը անկարող է զբաղեցնել Աստծու ուշադրությունը: Սա բացարձակ ճշմարտություն է, որը բխում է Աստվածաշնչի տրամաբանությունից և օդի պես անհրաժեշտ է մեզ՝ վերի՛ց վա՛ր, առանց բացառությամն; Աստծու արքայությունը տեսնելու հնարավորությունը տրված է բոլորիս, չկորցնե՛նք այս գանձը աշխարհի խավար իշխանի խաբեության պատճառով: Պահանջեք ձեր ուսուցիչներից կրթել ձեզ հոգևոր կրթությամբ, եղեք աշակերտներ, ինքներդ ուսուցանեք, թող Աստծո խոսքը աճի ու շատանա, կյանք դանա և Աստծու թողրմությունն ու գութը նորից դառնա դեպի մեզ: Ո՛չ ոք չգիտե, թե մենք որ ժամանակի մեջ ենք ապրում, և դեռ ունե՞նք արդյոք ժամանակ կարգավորելու յուրաքանչյուրս մեր տնտեսության հաշիվը:
Մնացե՛ք սիրով, միշտ բաց ականջ ունեցե՛ք Աստծո խոսքի հանդեպ, թողե՛ք աշխարհի խաբուսիկ վայելքը:
Այսօրվա հարցը այսպիսինն է. Պատրա՞ստ ես հրաժարվել աշխարհից, հանուն Հիսուս Քրիստոսի և քո փրկության.