ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
ՄԱՂԹԱՆՔ
Զհանգստեան զաղօթս եւ զաղաչանս ընկա՛լ, մարդասէ՛ր Աստուած, ի հաճոյս բարերար կամաց Քոց. եւ մեր մեղաց եւ բազում յանցանացն թողութի՛ւն շնորհեա. եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս. ամէն:
Փա՜ռք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել:
Մարդասէ՛ր Աստուած, զառաջիկայ գիշերս, որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց փրկեա՛, ի չարեաց ազատեա՛ եւ ի գործս բարիս առաջնորդեա՛:
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի՛ արա զամենայն հաւատացեալս անուանդ Քում սրբոյ եւ պահեա՛ ի խաղաղութեան:
Տէր Աստուա՛ծ մեր, տո՛ւր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բա՛րձ զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս:
Ողորմեա՛ հարց եւ եղբարց մերոց՝ կենդանեաց եւ հանգուցելոց:
Ողորմեա՛ զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ:
Տէ՛ր Աստուած, օգնեա՛ թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, զօրաց եւ զաւակաց նոցին՝ պահելով ի խաղաղութեան:
Տէր Աստուա՛ծ մեր, պահեա՛ զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ եւ անխռով ի կամս ողորմութեան Քո:
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ Քո հալածեա՛ զերեւելի եւ զաներեւոյթ թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ:
Փրկեա՛ զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս. ամէն:
Օրհնեա՛լ եղերուք ի շնորհաց Սրբոյ Հոգւոյն, երթայք հանգերո՛ւք խաղաղութեամբ, եւ Տէր եղիցի ընդ ձեզ՝ ընդ ամենեսեանդ. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.4-9
Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ ձեզ, Հանապազօրյա Հացի սիրելի ունկնդիրներ: Երեկվա մեր սերտողության մեջ մենք սովորեցինք, որ Աստծու խոսքի սերմը Հիսուս Քրիստոսի ժամանակներից մինչև մեր օրերը ունի տարբեր հողեր, և այդ հողերի մասին մեջ գիտենք, թե ո՞ր հողում սերմի հետ ի՞նչ է պատահում: Միայն պարարտ հողն է, որ պտուղ է տալիս և գոհացնում է մեր Տիրոջը: Մենք նաև գիտենք, որ եթե Աստծո խոսքը սխալ տեղ է հայտնվում, կամ պտուղ չի տալիս, կամ արագ չորանում է, խոնավության պակասից; Այսինքն Աստծու խոսքը մարդու խոսք չէ, որ ցանվի ամեն տեղ առանց մտածելու և առանց կշռադատելու: Աստծու խոսքը Մարգարիտ է, որ խոզերի առջև չի կարելի գցել, քանի որ խոզերը չգիտեն, թե ի՞նչ է մարգարիտը, և կարող են ոտնատակ անել առանց հասկանալու:
Սիրելիներ մենք ապրում ենք ինտերնետային դարում և մեր կյանքը անցնում է ինտերնետում առանց տարիքային սահմանափակման: Հեռախոս կա ամենափոքրից մինչև ամենամեծի ձեռքում և մարդիկ կրթվում ու դաստիարակվում են՝ կարելի է ասել՝ ինտերնետով: Ինտերնետում կարող ենք գտնել էկոլոգիապես մաքուր սնունդ, կարող ենք գտնել թունավոր սնունդ, կարող ենք գտնել մահացու սնունդ: Ամեն ինչ կախված է մեր գիտակցությունից, մեր հողի պարարտությունից և մեր հոգևոր կարողությունից: Ոչինչ ստիպողական չէ, ամեն ինչ կամավոր է, ինչպես մեղքի ընտրությունն է կամավոր, հարկադրանք չկա: Սա է ժամանակակից կործանման ձևերից մեկը, որտեղ քեզ մատուցում ենք ամեն տեսակ աղբ՝ աչքին ու ականջին հաճելի, բայց չեն ստիպում, թողնում եք քո ազատ ընտրությանը:
Մենք չափազանց զգույշ պետք է լինենք մեր արտաբերած ամեն խոսքի հանդեպ, որ դուրս է գալիս մեր բերանից, քանի որ խոսքը ուժ ունի և այն հենց այնպես չի ասվում առանց ներգործության: Մեր արտաբերած խոսքերի համար մենք պատասխան ենք տալու Տիրոջ առջև: Հաակոբոս Առաքյալն ասում է լեզուն մի փոքրիկ անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում այնպես, ինչպես մի փոքրիկ կրակ մեծ հրդեհներ է առաջացնում: Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: Չափազանց զգույշ պետք է լինենք նաև թե՝ ի՞նչ ենք լսում, քանի որ մեղքը ականջով է մտնում մտքի մեջ և հետագայում տեղ է գտնում սրտում: Ինտերնետը լայն դաշտ է բացված մեր առջև՝ ինչպես գայթակղության, այնպես էլ կրթվելու համար: Քանի որ ինտերնետում ենք գտնում Աստծո խոսքի ճշմարիտ մեկնաբանություններ և գառան մորթով գայլերի մեկնաբանություններ: Ճիշտ ու կեղծ մարգարեություններ: Կրոններ և այդ կրոնների ուսուցիչներ, հուզմունք, կարոտ, սեր, վիշտ, բամբասանք, և բարկություն: Մի խոսքով համացանցում հեղեղված են սևն ու սպիտակը, լույսն ու խավարը, բարին ու չարը: Սրանք են մեր ժամանակակից ուսուցիչները, իսկ մենք ՝ անփորց աշակերտներ:
Թերևս մենք անդրադառնանք հոգևոր ասպարեզին, որը ըստ էության ամենաշատն է շահարկվում ինտերնետում: Ավետարանից դուրս բերած մտքերը ոմանց համար ծառայում են որպես հարմար քարեր միմյանց հարվածելու համար: Ոմանց համար ավետարանական մտքերը ծառայում են որպես շաշկու քարեր՝ դիմացինին ծուղակի մեջ գցելու համար, նայած՝ հանգամանքի, նայած՝ դրության: Ոմանք Ավետարանի մտքերը գործածում են որպես խաղաթղթեր՝ գուշակության տեսքով, մարգարեություններ անելով ժամերի ու ժամանակների վրա, մարդկանց ուշադրությունը սևեռած պահելով իրենց խոսքի վրա: Այս մարդկանց նպատակը հանրային դառնալն է, լայքեր հավաքելն է, հետևորդներ հավաքագրելն է, հետևաբար նրանց նպատակը Աստծու խոսքը մարդկանց սրտին հասցնելը չէ:
Հիմա ինչպես պետք է զանազանել ճիշտ ու սխալը, կեղծն ու շիտակը այս բազմազան և գունավոր շուկայի մեջ, որպեսզի գայթակղության մեջ չընկնենք, ծուղակը չգցեն մեզ, և չկորցնենք մեր փրկության հույսը: Քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդիկ խաբվել են նույնիսկ համացանցով և ծանր հետևանքներ է ունեցել՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն: Հատկապես այս օրերին շատացել են մարգարեությունները՝ կապված աշխարհում տիրող անկանոն իրադարձությունների հետ, քանի որ աշխարհը դուրս է եկել ռելսերից և գնում է անհայտ ուղղությամբ:
Աստվածաշնչյան մարգարեությունները հիսուն տարվա վաղեմություն են ունեցել և եթե մարգարեի ասած մարգարեությունը չէր իրականանում, նա կեղծ մարգարէ էր համարվում, և նույնիսկ ասում են, եթե հիսուն մարգարեությունից մեկն էլ չկատարվեր սպանում էին նրան կեղծ խոսելու համար: Հիշենք Ղուկասի ավետարանից մի հատված Զաքարիայի մարգարեությունից, թե ինչպես Աստծու հրեշտակը երևաց նրան և հայտնեց որ զավակ են ունենալու, և Զաքարիայի տարակուսանքի պատճառով նրա լեզուն բռնվեց և նա համր դարձավ մինչև մանկան ծնունդը; Զաքարիայի լեզուն բացվեց միայն այն ժամանակ, երբ նա տախտակի վրա գրեց, որ մանկան անունը Հովհահհես պետք է դնել: Զաքարիան լցվեց Սուրբ հոգով և սկսեց խոսել ու մարգարեանալ մանկանն իր գիրկն առնելով: Այնպիսի բաներ էր խոսում, որ կարծես թե ոչնչով չէր առնչվում իր նորածին մանկան հետ: Ահա ասում է,- Եվ դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրյալի Մարգարե պիտի կոչվե՛ս, որովհետև պիտի գնա՛ս Տիրոջ առջևի՛ց, պատրաստելու Նրա ճանապարհը, տալու Նրա ժողովրդին փրկության գիտությունը, նրանց մեղքերի թողության համար:
Ներկաները լսում էին, բայց հավանաբար մտածում էին, որ Զաքարիան զավակ է ունեցել, ուրախացել է, և լեզուն էլ բացվել է, դրա համար ուրախությունից այսպիսի բաներ է վերագրում փոքրիկ նորածնին: Բայց ժամանակը երկար սպասել չտվեց, որպեսզի շրջապատի մարդիկ, որոնք լսել էին Զաքարիային, տեսնենք նրա մարգարեության իսկությունը՝ հենց Հովհաննեսի մանկությունից սկսած, քանի որ նա չապրեց սովորական մարդկանց պես, այլ՝ ամայի վայրերում, մինչև Իսրայելի մեջ երևալու ժամանակը:
Ինչպես վարվենք մենք մեր օրերում երբ հազարավոր լուրեր ենք լսում, այն էլ ո՛չ թե Զաքարիայի պես մեկից, այլ մարդկային խորամանկությամբ տառապող աճպարարների շրթներից: Մենք նախ պետք է հստակ իմանանք, որ մարդկային միտքը չի կարող իմաստուն լինել, եթե Աստծուց շնորհ չի ստացել մարգարեություն անելու: Մենք պետք է լսենք, քանի որ չենք կարող չլսել, դա է մեր ինֆորմացիայի աղբյուրը: Սակայն պարտավոր չենք հավատալ նույնությամբ և անմիջապես, մինչև ժամանակ անցնի և չստուգենք և չհամոզվենք դրանում:
Այսօրվա Ավետարանը մեզ մարդու գերագույն գնահատականի մասին է խոսում, որ Աստված գիտի նույնիսկ մեր մազերի հաշիվը, թե որքան է մարդը գնահատելի և թանկ Աստծու համար: Աստված բոլոր պայմանները ստեղծել է մարդու ապահով կյանքի համար, նույնիսկ անապահով կյանքի պարագայում էլ Իր հայրական ձեռքն է առաջարկում օգնության համար, միայն թե մարդը դիմի Աստծում: Նույնիսկ զգուշացնում է, որ ձեզ սպանողներից մի վախեցեք, քանի որ նրանք միայն ձեր մարմինը կարող են սպանել, իսկ ձեր անմահ հոգու Տերը ես եմ՝ ձեր տէր Աստվածը, որ Իր կյանքը զոհեց խաչի վրա ձեր փրկության համար: Բայց այս բարձր գնահատականը մարդուն և՛ս պայմանով է տրված: Արժանավորը կարող է միայն վայելել այս պատիվն ու թանկ անունը:
Վախեցեք ասում է, նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իրավունք ունի: Այդ հեղինակային իրավունքը վերապահված է բացառապես Աստծուն, որը մարդու համար խաչվեց:
Հաջորդ պայմանն այն է, որ մարդը չպետք է ամաչի իր Փրկչին դավանել մարդկանց առջև: Որպեսզի Փչկիչն էլ դավանո՛ղին դավանի Իր Հո՛ր առջև, որ երկնքո՛ւմ է: Մարդկության փրկությունից առաքինի և թանկ չկա ոչինչ աշխարհում, ո՛չ հարստություն, ո՛չ գանձ, ո՛չ փառք ու պատիվ, ո՛չ պաշտոն և ո՛չ հեղինակությւոն: Այս բոլորը փոշիանում են Աստվածային փրկության առջև:Հետևաբար նման կատարելության հասնելու համար զոհողություն է պետք մարդուց, ջա՛նք է պետք հասնելու համար:
Փորձեցեք մի մեղք գործել, որևէ ջանք չի պահանջում, ժամանակ չի խլում, ծախս չի ուզում, միայն բավական է ցանկանալ և մեղքը պատրաստ կանգնած է քո առջև: Իսկ ապա փորձեցեք մի առաքինության հասնել, տեսեք որքան ժամանակ ու ջանք է պետք թանկ բան ձեռք բերելու համար: Սիրելիներ մեր անունից առավել հաստատ պետք է իմանանք, որ մենք Տէր ունենք, որ մեր կյանքերը թանկ է Նրա համար, ամեն մի կյանք Իր արյունով է փրկել և շարունակում է փրկել: Մենք ամեն օր պետք է մեր աղոթքներում խնդրենք Աստծուն, որպեսզի օգնի մեզ՝ մեր ինտերնետային կյանքի մեջ զանազանելու սև՛ն ու սպիտակը, կե՛ղծն ու շիտակը: Որ մեր Տէր Աստված օգնի մեզ լսելու մեր իրակա՛ն հովվի ձայնը, և խուսափելու նրանից, որը հովվի հագուստով է, բայց նպատակը հովվի չէ: Աղոթենք ամեն օր, որ մենք՝ որպես Աստծո ժողովուրդ չգայթակղվենք այս ժամանակների կեղծ վարդապետություններից, որոնք մեզ ճշտի տեղ են մատուցում: Էկումենիկ կեղծ ժողովներից, որոնց հիմքում Քրիստոս չկա, իսկ արտաքնապես խաբուսիկ են և այդ ժողովին ցավոք մասնակցում են առաքելահիմն եկեղեցու բարձրաստիճան հոգևորականնները: Խնդրենք մեր աղոթքներում, որ Տէր Աստված մեզ ապաշխարության հոգի տա, որպեսզի մենք պատրաստ լինենք Տիրոջ առջև կանգնլու վերջին օրը: Խնդրենք մեր աղոթքներում, որ տէր Աստված օգնի մեզ սիրել միմյանց, օգնել միմյանց, որպեսզի մեր գործերը առանց սիրո չնմանվեն ծնծղաների ձայնի միայն; Մեր Տիրոջ Սուրբ արյունը, որով մաքրվել ենք բոլորս, պահենք սրբությամբ մեր կյանքով, դավանենք մեր Փրկչի Սուրբ անունը մեր գործերով և մեր խոսքերի վրա ու մեր լսածների վրա չափազանց ուշադիր լինենք, քանի որ հաշիվ ենք տալու ամեն բառի համար, որ խոսում ենք:
Մնացեք սիրով՝ հեռու կեղծ վարդապետություններից ու մարգարեություններից՝ կառչած միայն Աստծու խոսքին:
Այսօրվա հարցը այսպիսին է. Ինտերնետային կյանքում գտե՞լ ես քո դաստիարակության ճշմարիտ դպրոցը: