ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Ծագեցրո՛ւ իմ սրտում, Տե՛ր, Քո շնորհների լուսավորությունն ու խաղաղությունը:
Հալածի՛ր մտքիցս մեղքերի ցավագին գիշերը և արի վա՛րք շնորհիր մարմնիս`
առաքինությամբ ապրելու Քո կամքի համաձայն: Հանի՛ր իմ սրտից մեղքերի
փուշը, քանզի հոգիս վիրավորվում է, չարաչար, և իմ սրտում բարի՛ն սերմանիր,
որ աճեցնի և արդարություն պտղաբերի:
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և
դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին
Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ
սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր որ գնամ
նրանց շավղով:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 8.4-16
Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5 «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչուններն այն կերան: 6 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ խոնաւութիւն չլինելու պատճառով: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը, նրա հետ բուսնելով, այն խեղդեցին: 8 Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ բուսնելով՝ հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: 9 Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ինչ է նշանակում: 10 Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծոյ արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան: 11 Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծոյ խօսքն է: 12 Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն: 13 Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում: 14 Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում: 15 Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս: 16 Ոչ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի ովքեր մտնեն, լոյսը տեսնեն:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Աստծու բարի լույսով ողջունում եմ ամենքիդ, սիրելի հավատացյալ համայնք, քույրեր և եղբայրներ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ամենք էլ այս օրերին համախմբված եք համահայկական ցավի շուրջ և բոլորիդ աղոթքն ու մտահոգությունն է՝ ժամ առաջ լսել պատերազմի հաղթական ավարտի լուրը: Պատերազմի հաղթական ավարտի լուրը վերջ կդնի արյունահեղությանը և մարդկային կյանքերի կորստին, բայց վերջ չի դնի հազարավոր ծնողների մխացող սրտերի մորմոքին, հազարավոր հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդների խնդիրներին: Այս պատերազմը մեծ խորությամբ բացեց մեր կարծեցյալ սպիացած ցեղասպանության վերքը և մեր ազգին պատճառեց ևս անդառնալի կորուստներ: Այս մղջավանջային օրերի ու ամիսների մեջ մարդկությունը կարիք ունի խելացի վերլուծություննների, ինչու չէ նաև մարգարեությունների վերլուծության, իրավիճակի սթափ գնահատականի ամենօրյա մի պատգամի, մի խոսքի: Բայց ինչպես տեսնում ենք այսօրվա Ավետարանի սերմնացանի առակի պես Աստծու խոսքի սերմը մեր օրերում էլ ընկել է ճամփեզերքին և ոտնակոխ է եղել մարդկանց կողմից:
Պատերազմական այս օրերին համայն հայությունը միջազգային ուժերից տեսավ միայն անտարբերության դրսևորումներ և անհիմն ու սառը հորդորներ, ընդ որում երկու կողմերին հավասարապես դատելով, առանց մանրամասներին ծանոթանալով: Ինչևէ, սա միջազգային հանրությունն էր: Բայց քրիստոնյա հանրությունից այլ էր մեր ակնկալիքը: Այս օրերին երբ ախշարհի ոչ մի անկյունում խաղաղություն չկա, ամենուրեք պատերազմ է, պայթյուն է, ջրհեղեղ է, երկրաշարժ է, հրդեհ է, հանկարծ լսում ենք, որ միլիարդ հետևորդ ունեցող Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պապը այս արհավիրքներից վեր է դասել միասեռականների ամուսնության հարցը և խիստ մտահոգված է, որ նրանք էլ լինելով «Աստծու զավակ» պարտավոր են ընտանիք կազմել: Մեջբերում եմ՝ Նույնասեռական զույգերը պետք է ամուսնանալու իրավունք ունենան, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: «Նույնասեռականները իրավունք ունեն ընտանիք ունենալու: Նրանք Աստծո զավակներ են և դրա իրավունքը նույնպես ունեն։ Մենք պետք է օրենք ստեղծենք նրանց միության մասին», — ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու հետ հարցազրույցում:
Այս խոսքերը լսելուց հետո քրիստոնյան մի պահ կարող է մտածել, որտե՞ղ է ընկել Աստծու խոսքի սերմը, եթե Պապը կարող է այսպես արտահայտվել աստվածաշնչյան ամենագարշելի սոդոմական մեղքի վերաբերյալ, որի վախճանը բոլորիս է հայտնի: Ուրեմն մենք էլ ումի՞ց ի՞նչ կարող ենք ակնկալել, որպես մեր ցավին դարման, եթե պղծությունը այնտեղ է, որտեղ պետք չէր որ լիներ: Սիրելիներ, երբեմն նմանատիպ հարցեր բարձրացնելիս, ասում են դրա ժամանակը չէ, մարդիկ կարող են գայթակղվել և եկեղեցուց հեռանալ: Իսկ մի՞թե ավելի մեծ գայթակղություն չէ, մնալ եկեղեցու մեջ խաբված՝ առանց Քրիստոս: Եթե բազմահազարանոց հետևորների առաջնորդը միասեռականության մեղքի մասին չի համարձակվում բարձրաձայնել, ուրեմն սա գայթակղություն չէ՞, այլ այս արատավոր երևույթի մասին խոսելը գայթակղություն է:
Վերադառնանք մեր իրականություն: Չկա մի ընտանիք, որի հարազատը սահմանում չլինի, չկա մի ընտանիք, որի մերձավորը զոհված չլինի, մարդիկ մոլորության մեջ են, ցավի մեջ են, տագնապի ու վախի մեջ են: Մի՞թե այս ժողովովրդին մխիթարության խոսքեր պետք չե՞ն, հրապարակներում մասսայական հավաքներ պետք չե՞ն, հոգեբանական զրույցներ պետք չե՞ն, կենդանի շփումներ պետք չե՞ն մարդկանց: Հիվանդանոցային մեկ երկու այցելության ցուցադրական նկարներով ժողովուրդը չի մխիթարվում: Հազարավոր սգակիր ընտանիքներ կան, որոնց մասին մեկը լուր չունի, այս մարդիկ մնացել են իրենց ցավի հետ մեն մենակ: Հարյուրավոր ինստիտուտներ վճարվում և հավելավճարվում են ամեն ամիս իրենց անգործության դիմաց, որոն գոնե թիկունքում կարող էին օգտակար լինել տուժած մարդկանց: Հիմա կասեք սննդի օգնություն են տալիս: Մարդը հացով միայն որովայնն է հագեցնում, բայց մարդու հոգին է ցավում վշտից:մարդը կարիք ունի հոգևոր հաղորդակցության առավել, քան մարմնավոր սննդի: Այստեղ էլ Աստծու խոսքի սերմը ընկել է ապառաժի վրա, և չորացել է խոնավություն չլինելու պատճառով:
Պարզ ժողովուրդը որ հազիվ էր կարողանում իր օրվա հացը ապահովեր, հիմա նույնիսկ այդ հացից բաժին է հանում իր զինվորին, որովհետև իր հացը կուլ չի գնա, երբ իմանա, որ զինվորը կարիքի մեջ է: Իսկ մարդկանց այս վիճակին հասցնող օլիգարխները միայն դիտողի դերում են, կարծելով թե պատերազմը կարող է խնայել իրենց:
Առակաց գիրքն ասում է,- Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը: Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կփրկի մահից:
Այստեղ էլ Աստծո խոսքի սերմը ընկել է փշերի մեջ և փշերը սերմի հետ բուսնելով խեղդել են նրան:
Բայց փառք Աստծուն բարձրունքներում, որ մեր հասարակության մեջ դեռ կա աղոթող մի մեծ բազմություն, որը գիշեր ցերեկ անդադար աղոթում է ոչ միայն պատերազմի ու արհավիրքի ժամանակ, այլ խաղաղ ու լավ օրերի համար նույնպես, քանի որ նա հավատում է աղոթքի զորությունը, Աստծու ապավինությանը և Աստծու տված խոստմանը, թե՝ ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, որ երկնքում է: Այս մասսան այն պարարտ հողն է, որի մեջ ընկավ Աստծու խոսքի սերմը և պտուղ տվեց հարյուրապատիկ:
Սիրելիներ, Սերմնացանի առակը մեր եկեղեցիներում ամենաշատը կարդացվող ու մեկնաբանվող առակն է, բայց դրանից չի ավելանում պարարտ հողի հեկտարները: Չի նվազում փշոտ ու քարքարոտ հողերը: Մեր տէրը ասում է,- «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: Բոլո՞րս ունենք ականջ, բայց պարզվում է, որ բոլորիս ականջները Աստծու խոսքը լսելու համար չեն: Աստծո խոսքից ավելի զորեղ զենք՝ պայքարելու դաստիարակելու համար գոյություն չունի: Հետևաբար սիրելիներ, ինքներդ կրթվեք, ինքներդ շտկվեք և մի վախեցեք ձեր տարածքում կլինի, եկեղեցում կլինի, ընտանիքում կլինի, մի թողեք մեղքը ծնվի, մեծանա և իշխի այլոց վրա: Եթե նկատում եք, որ սխալը առկա է, բարձրաձայնեք՝ առանց վիրավորանքի: Եթե եկեղեցում լսած մի քարոզ ընդվզում է առաջացնում ձեր մեջ, կամ հակասություն, մի լռեք արտահայտվեք: Ճիշտ չէ այն միտքը, որ քրիստոնյան իրավունք չունի սլալի մասին բարձրաձայնելու:
Երկար տարիներ մեզ այդպես են դաստիարակել, դրա համար էլ քրիստոնեական աշխարհում Քրիստոսի վարդապետությունը հազվագյուտ է հանդիպում: Հիսուս Քրիստոս շրջում էր քաղաքներում և գյուղերում ուսուցանում էր մարդկանց, որ բացվեն նրանց աչքերը, ծառա չդառնան պարտադրված մեղքին, ազատություն ձեռք բերեն և այդ ազատությամբ ապրեն առաքինությամբ հարուստ կյանքով: Աշխարհը մարդուն միայն խորամանկություն է սովորեցնում, որպեսզի հարստություն կուտակի: խորամանկությունը դեռ իմաստություն չէ: Իմաստությունը տալու մեջ է, ոչ թե՝ կուտակելու: Ժողովողի գիրքն ասում է. «Իմաստութիւնը լաւ է ուժից, մինչեւ իսկ եթէ աղքատի իմաստութիւնը արհամարհուած լինի, եւ չուզենան լսել նրա խօսքերը», քանի որ այդ աղքատ իմաստունը իր իմաստությամբ փրկել է փոքր քաղաքը զորավոր թշնամուց, բայց իր իմաստությամբ նա չի հաստացել: Որովհետև իմաստությունը վեր է խորամանկությունից, որը կուտակում է միայն հարստությունը: Սիրելիներ, դուք Աստծու խոսքի համար միշտ պարարտ հող եղեք, որովհետև, եթե հանկարծ պատահի, որ փուշ աճի ձեր հողում, դուք արդեն գիտեք արմատախիլ անելու ձևը և անհրաժեշտությունը աղոթքով փառաբանելու Աստծուն՝ որպեսզի Աստված միջամտի Իր բարի կմաքով: Մնացեք սիրով՝ լսելու ականջով, աղոթքի կամքով և արդարության կողքին կանգնած մշտապես:
Այսօրվա հարցը այսպիսին է. Դու արդեն որակե՞լ ես քո հողի տեսակը այդ չորսի մեջ: