ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Մի՛ մերժիր ինձ, Տե՛ր, Քո հայրական գութը,
համարձակվում եմ ապավինել Քո սիրո խնամքին:
Ծնողիցդ հեռացա և որդիությունս ուրացա: Հա՛յր,
մեղա՜ երկնքի և Քո առաջ, արժանի չեմ Քո որդին
կոչվելու: Դարձրո՛ւ ինձ Քո վարձկաններից մեկը:
Զորացրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով հնազանդվեմ
պատվիրաններիդ, դողամ ու սարսեմ Քո
դատաստաններից, փնտրեմ Քո երեսի արդարությունն
ու իրավունքը և շնորհիդ պարգևները ստանամ:
Արձակի՛ր ինձ մեղքերիս կապանքներից, Տե՛ր,
վերստին նորոգի՛ր մեղքով հնացածիս և լուսավորի՛ր
մարմնիս ցանկությունից խավարյալիս, որպեսզի
ընթանամ խաղաղության ճանապարհով, և աչքերս
տեսնեն փրկությունդ, որ պատրաստեցիր Քո սրբերի համար: Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-25
Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: 18 Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: 22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: 23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: 25 Եւ այդ՝ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեր սիրելիներ, ուրախ եմ կրկին ձեզ հետ շփվելու համար ուղիղ եթերում, ինչի պատճառով փառք եմ տալիս Աստծուն: վստահ եմ, որ դուք ևս փառավորում ենք Աստծու Սուրբ Անունը, քանի որ սա Աստծու պատգամներից մեկն է՝ թերևս այսօրվա ընթերցվածքի առաջին տողը: Ի՞նչ է միմյանց սիրելը: Ինչո՞ւ պետք է միմյանց սիրենք: Ինչպե՞ս պետք է միմյանց սիրենք: Ինչո՞վ պետք է արտահայտվի մեր սերը միմյանց հանդեպ: Իսկ եթե չգիտե՞նք, որ Աստված է տվել այս պատգամը, ինչպե՞ս կսիրենք միմյանց:
Սիրո թեման Աստվածաշնչի ողջ պարունակությունն է: Սիրո թեման մարդու կյանքի ողջ ընթացքի ուղեկիցն է: Սիրո բացակայությունից աղը կկորցնի իր համաը և ճրագը իր լույսը չի տա առանց սիրո: Սիրո մասին են լավագույն երգերն ու գրքերը, ֆիլմերն ու նկարները: Աշխարհում ամենաշատը գործածում է այս բառը՝ սեր: Աշխարհում ամենաշատը չի հասկացվում այս ԲԱՅԸ՝ սիրել:
Թերևս սիրո թեման յուրացնելու համար պետք է նայել ոչ թե սիրելիի աչքերի մեջ, այլ՝ Խաչյալին՝ խաչի վրա: Պետք է նայել Քրիստոսի թափուր Գերեզմանին և աչքը հառած պահել Նրա Երկրորդ Գալուստին: Այս դեպքում միայն կարելի է հասկանալ աստվածաշնչյան սերը: Մնացած բոլոր սերերը առանց այս գիտակցության լոկ զգացմունք է, փաղաքշանք է, ականջ շոյող խոսք է:
Տիեզերքը հաստատվել է սիրով, սիրո հիման վրա, սիրո միջոցով: Առանց այս հիմքի չկա ուրիշ սեր, որովհետև սիրո բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Միակին՝ որը Իր կյանքը տվեց մարդկության համար, և ասաց,- չկա ուրիշ սեր:
Աշխարհի Տէրն ասում է սիրե՛ք միմյանց: Աշխարհը անում է հակառակը: Աշխարհի Տէրը ասում է օգնե՛ք միմյանց: Աշխարհը հակառակն է անում: Աշխարհի Տէրը ասում է խաղաղությա՛մբ ապրեք: Աշխարհը միտումնավոր պատերազմներ է ստեղծում: Աշխարհի Տէրը գիտե այդ մասին, և այդ մասին ասել է հենց սկզբից՝ երբ Իր խոսքը քարոզելու համար աշակերտներ էր ընտրում: Նրանց զգուշացրեց, որ աշխարհը իրենց չի սիրելու, որովհետտև նախ՝ Իրեն չի սիրել աշխարհը: Ուրեմն ո՞վ լսեց այս սիրելու պատվերը աշխարհում: Ո՞ւմ հասանելի եղավ այս պատգամը և ո՞վ էր, որ հնազանդվեց այս պատգամին: Ա՞զգ էր լսողը, անհա՞տ էր, թե՞ քչերը լսեցին: Գուցե ոչ ոք չլսե՞ց: Տեսնենք, թե ո՞վ լսեց և ո՞վ պահեց սիրո պատգամը:
Առակներից մեկի ժամանակ, երբ Տէր Հիսուս նկարագրում էր չար մշակներին, բազմությանը հարց տվեց,- Արդ, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին, որոնք սպանեցին բոլոր ուղարկած ծառաներին և վերջում էլ սպանեցին տիրոջ Որդուն:
Բոլորը միաբերան ասացին,- Այդ չար մշակներին անկասկած կսպանի տերը և այգին կտա ուրիշ մշակների, որոնք նրա բերքի բաժինը նրան կտան ժամանակին; Այս առակի բովանդակության մեջ առհասարակ անհասկանալի որևէ միտք չկա: Այնքան պարզ է, որ նույնիսկ երեխային հասկանալի է: Հանձնարարությունը տրված է, և դեռ մի քանի անգամ էլ հավելյալ զգուշացված է: Կատարողները անտեսել են, իրենց տիրոջ պատվերը և վարվել են պահանջվածին հակառակ:Պատիժը անխուսափելի է նույնիսկ մարդկային տրամաբանությամբ:Այս պարագայում կարծես ոչ ոք չեր լսել Տիրոջ պատգամը՝ սիրո մասին;
Աստված նախապես ասաց,- սիրե՛ք միմյանց: Գործածեք իմ այգին, դուք էլ օգտվեք և իմ բերքից իմ բաժինը տվեք ինձ: Որևէ անարդար պահանջ չկա: Բայց տիրոջ հանդեպ գործվեց անարդարություն: Աստված համակ սեր լինելով հանդերձ, իրավունք ունի իր այգու մշակների հետ վարվել այնպես, ինչպես որ կարգն է պահանջում: Այսօր ահավոր աղմուկ է տիրում աշխարհում: Այդ աղմուկի մեջ չի լսվում Տիրոջ պատգամը՝ թե՝ սիրե՛ք միմյանց: Այդ աղմուկի մեջ չ՛ի լսվում նաև նույն հարցը, թե՝ երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին… Այսպես անցնում են օրերը, տարիները, դարերը: Աշխարհը ատում է Քրիստոսին, քանի որ չի պահում Նրա խոսքը: Աշխարհը ատում է նաև Քրիստոսի անունը կրողներին, և Նրա խոսքը պահողներին, ինչպես որ Տէրը ասաց Իր աշակերտներին դեռ սկզբից: Այս երևույթը Հայաստան - Արցախ աշխարհը զգաց պատերազմի օրերին իր մաշկի վրա: 21 րդ դարի քաղաքակիրթ աշխարհը ջայլամի պես գլուխը մտցրել է ավազի մեջ, որպեսզի չտեսնի ճշմարտությունը, քանի որ շահերի բախում տեղի կունենա գերտերությունների միջև՝ եթե ճշմարտությունը բացահայտեն: Քաղաքակիրթ անտարբերությունը աչք է փակել Արցախի արնաթոր վերքի հանդեպ, որի հեղինակը նույն արնախում մարդասպանն է, որը մարսեց ցեղասպանությունը՝ նույն անտարբեր հանրության լռության հետևանքով: Երեսուն տարի շարունակ ոչ ոք չի լսում որբի լացի ձայնը՝ քանի որ կուշտն ի՞նչ գիտե քաղցածի ցավը: Աշխարհը անտեսել է Քրիստոսի պատգամը՝ սիրո վերաբերյալ:
Մենք այս աշխարհից չենք, դրա համար աշխարհը ատում է մեզ, որովհետև ատում է Քրիսստոսին: Այս աշխարհին է պատկանում Թուրքիան, Ադրբեջանը և միջազգային Նանրությունը: Աշխարհին պատկանողն ու աշխարհը կործանողը միայն կարող մարդ մորթել քնած ժամանակ: Այս Աշխարհին պատկանողներն են աչք փակել ցեղասպանության վրա: Մենք Քրիստոսինն ենք, և վստահ ենք, որ մի օր ամեն ոք աշխարհում կգտնի իր տեղը, որովհետև աշխարհի Տէրը Հիսուս Քրիստոսն է: Մի օր կգա այգու Տէրը, դատաստան կանի չար մշակների հետ, և այգին կտա Իրեն սիրողներին, Իրեն սպասողներին, Իրեն հավատացողներին: Զորացրու մեր համբերությունը Տէր, և մեր գիտակցությունը, որպեսզի ամեն իրադարձություն Քո խոսքի լույսի տակ հասկանանք: Ուշիմ դարձրու մեզ Քո խոսքի հանդեպ, որպեսզի ամեն դեպք քննենք Քո խոսքով, քանի որ դու բոլոր պարագաների համար պատգամ ունես տրված մեզ, որոնցից ամենամեծը սերն է: Առանց Աստծո սիրո աշխարհը գիշատիչ գազան է, հափշտակիչ գայլ է:
Աշխարհը դեմ է դուրս եկել Քրիստոսի խոսքին և իր ճանապարհին սրբելով ու սպանելով, քանդելով ու ավիրելով գնում է առաջ: Բարեկամի համար կյանքը տալու փոխարեն, սպանում են աջ ու ձախ, բարեկամ ու անծանոթ, խլում են անմեղ կյանքեր, երիտասարդ տարիքներ: Նյութի և ագահության մոլուցքը անցել է բոլոր սահմանները: Միջազգային համրությունը լուռ է, ու լուռ: Այն հանրությունը, որ ցուցադրաբար խոսում է մարդու իրավունքներից, ազատությունից և խաղաղությունից:
Քրիստոսի տված գլխավոր պատգամն է անտեսվել, որը վերաբերում է սիրուն և որի վրա որ կառուցված է Քրիստոսի խոսքը:
Քրիստոսի ժամանանակից աշխարհը նույն կերպ վարվեց Քրիստոսի և իրեն հետևողների հետ, քանի որ Քրիստոսի խոսքը անփոփոխ է, և ասված է բոլոր ժամանակների համար: Նույնը կատարվում է հիմա:
Սիրելիներ, նայենք այս օրերի պատարազմական իրադարձություններին և տեսնենք պատերազմող ուժերի անհավասարությունը և աշխարհի լռությունը այդ մասին: Նայենք մեր իրավունքների ոտնահարումը և իրավունք գոռացող աշխարհի լռությունը:
Արնաքամ եղած զինվորը, իր հայրենիքի սահմանն է պաշտպանում, իսկ արյունարբու թշնամին չի հագեցնում իր արյան ծարավը հայի նկատմամբ՝ դեռ 1915 թվականից այս կողմ: Մեր Տէր Հիսուս Քրիստոս ասում է, եթե ես եկած և խոսած չլինեի, նրանք որևէ մեղք չէին ունենա, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա, քանի որ տեսան Իմ գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ ինձ ուղարկողին: Այդ բոլորը արեցին առանց պատճառի:
Ո՞րն է աշխարհի շահը այս ամենի մեջ, երբ ամեն ինչ շահելով մի օր պետք է կորցնի իր հոգին, որին գեհեն ուղակելու իշխանությունը դարձյալ Աշխարհի Արարչինն է: Սիրելիներ, այսպե՛ս տրվեց մարդուն ամեն պատգամ և մի կյանքի տևողություն,, որպեսզի մարդը վերլուծի ամեն բան: Մի մասը հասկացավ, մի մասը՝ ոչ: Մի մասը ծառայեց սատանային՝ կորցնելով հոգին, մի մասը հույսով սպասում է այգու Տիրոջը: Սիրելիներ, դուք նայեք աշխարհին և փորձեք գտնել այնտեղ Հիսուս Քրիստոսին: Եթե չեք գտնի աշխարհի մեջ, ապա փորձեք գտնել ձեր մեջ, քանի որ առանց Հիսուս Քրիստոս արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, և երկնային զորությունները կշարժվեն իրենց տեղերում: Թող Ամենակալ Աստված մեր վիշտը ուրախության փոխի, մեր վերքերը սպիացնի ու մեր կորուստների փոխարեն հայոց արգանդը պտղաբեր դարձնի և մեզ հազարավոր զավակներ պարգևի: Թող խաղաղություն հաստատի Արցախ աշխարհի սահմանների վրա՝ հավիտենական սահման գծելով թշնամու համար: Այս բոլորը մեր Տէր Աստված թող կատարի տեսնելով մեր քրիստոնեական կյանքը, հավատարմությունը Իր խոսքի հանդեպ, և ամենակարևորը թող Տէրը տեսնի այն սերը, որ պատվիրեց հենց սկզբից, թե սիրե՛ք միմյանց: Մնացեք սիրով՝ աղոթող մեր ազգի ու մեր սահմանների անառիկության համար: Մեր անձերի փրկության համար: Մեր եկեղեցու անսասանության համար:
Այսօրվա հարցը այսպիսին է. Աշխարհի քաղաքականության մեջ Քրիստոս նշմարվո՞ւմ է: