ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, մի՛ թող ինձ, հեռանալ Քո պատվիրանների սիրուց և առաքինի վարքից, այլ հորդորի՛ր
առավելանալ արդարության բոլոր գործերում, առանց մեղքի և խափանման ծառայել Քեզ`
կյանքիս բոլոր օրերը սրբությամբ և արդարությամբ վարելով Քո առջև:
Հաղթի՛ր, իմ հակառակամարտին Տե՛ր, և զորացրո՛ւ ինձ որ դիմակայեմ իմ դեմ պատերազմողին:
Հագցրո՛ւ ինձ հավատի զրահը, որ պահքով և աղոթքով սրբեմ ցանկության
աղտերն ու մարմնական խորհուրդները և ստանամ փրկական շնորհները:Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 7.36-48
Փարիսեցիներից մէկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց: 37 Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով՝ 38 կանգնեց Յիսուսի յետեւում՝ նրա ոտքերի մօտ, եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում: 39 Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ՝ իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կիմանար, թէ ով կամ ինչպիսի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»: 40 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»: Եւ Յիսուս ասաց. 41 «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն: 42 Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛. ո՞վ աւելի շատ կսիրի նրան»: 43 Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ՝ նա, ում աւելի շատը շնորհուեց»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղիղ դատեցիր»: 44 Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց: 45 Դու ինձ մի համբոյր էլ չտուեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: 46 Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց: 47 Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»: 48 Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ: Փառք Աստծուն, որ ամեն առավոտ մենք կարողանում ենք միմյանց բարի լույս ասել: Եթե մենք ողջ ենք այսօր, ուրեմն Աստված կամեցել է, որ մենք մեր ծառայությունը բերենք միմյանց՝ յուրաքանչյուրս մեր աշխատանքով: Երբ երկրում պատերազմական դրություն է, հանրությունը պետք է կարողանա պահել կայուն հավասարակշռություն ամեն ժամ փոխվող իրականության նկատմամբ: Այդ հավասարակշռությունը կարող է հաստատվել մեր ամուր հավատքի շնորհիվ միայն: Ամեն օր ավելի ցայտուն է դառնում, որ աշխարհում ոչ մի կայուն բան չկա, ամեն ինչ կառուցված է շահի և կեղծիքի վրա: Միակ Աստծու խոսքն է, որ աշխարհի ստեղծման օրից աներեր է, փորձության չի ենթարկվում, և իր ուղղություն չի փոխում: Մնացած ամեն ինչ հեղհեղուկ է:
Հետևաբար մենք հավատարիմ մնանք միայն Աստծո խոսքին, որը մեզ երբեք ամոթով չի թողնի:
Այսօրվա Ավետարանի մեջ Ղուկասը նկարագրում է մի ճաշկերույթ, որին մասնակցում էր Տէր Հիսուս Քրիստոս: Չմերժելով փարիսեցու խնդրանքը Տէր Հիսուս ճաշի է մասնակցում նրա տանը: Հասկանալի չէ թե փարիսեցին ինչի՞ համար էր խնդրում, որ Տէր Հիսուս իր տանը ճաշի, բայց արդեն իմանալով փարիսեցիների ցուցադրական և ձևապաշտական կյանքը, կարելի է կռահել, որ կամեցել է օգտվել Հիսուս Քրիստոսի վայելած հեղինակությունից և որպես պատվավոր հյուր՝ իր տուն հրավիրել: Ավետարանիչը նկարագրում է ճաշկերույթի ժամանակ պատահած միջադեպեր, որոնք այսօրվա ժամանակակից մարդու համար ամհասկանալի են, այն առումով, որ մեր հյուրասիրությունների ժամանակ պատահական մարդ չի կարող ներս մտնել մեր տներ, և առավել ևս մեր պատվավոր հյուրին առանց մեր թույլտվության մոտենալ: Բայց մենք տեսնում ենք, որ քաղաքի մեղավոր կինը երբ իմացավ, որ Հիսուս փարիսեցու տանն էր, եկավ և հեշտությամբ ներս մտավ և կարողացավ մոտենալ Հիսուսին այն աստիճան, որ իր բերած յուղով սկսեց օծել Նրա ոտքերը: Մեղավոր կինը իր աղի արցունքներով լվաց Հիսուսի ոտքերը և ասվում է, թե՝ իր գլխի մազերով սրբում էր Նրա ոտքերը: Իսկ տանտերը, որ փարիսեցին էր, սրտում կասկած առաջացավ Հիսուսի հանդեպ, քանի որ ինքը ճանաչում էր այդ մեղավոր կնոջը և հավանաբար գիտեր նրա վատ վարքի մասին, հետևաբար սաստիկ զարմացավ, թե ինչպե՞ս մարգարեն կարող էր թույլ տալ, որ անբարո կինը իրեն մոտենա: Միանգամից հարց է առաջանում, ի՞նչ կարիք կա մարգարե հրավիրել ճաշի, եթե հավատ չկա նրա նկատմամբ. :
Ո՞րն է հրավիրելու նպատակը: Հիմա զուգահեռներ տանենք փարիսեցու՝ որը բարեպաշտի համբավ ունեցող մեկն էր հասարակության մեջ, և եկած կնոջ միջև, որին քաղաքում ճանաչում էին որպես մեղավոր կին: Կինը մեղավոր լինելով հանդերձ, ճանաչել ու հավատացել էր Հիսուս Քրիստոսին, որը կարող էր ներել իր մեղքերը, և կինը համարձակ եկել էր Նրա մոտ: Իսկ փարիսեցին, որ իրեն արդար էր կարծում մեծամտացավ իր արդարության վրա և մտքում մեղադրեց Հիսուսին՝ մեղավորի հետ շփվելու համար: Այստեղ շատ գեղեցիկ հանդիպում է տեղի ունեցել ազնիվ մեղավորի և կեղծավոր արդարի միջև: Եկեք մտովի պատկերացնենք այս կնոջ հոգեվիճակը: Ինչքա՞ն էր ինքը հոգնել իր մեղավոր կյանքից, որ քաջություն գտավ իր մեջ գնալ օտար մարդկանց տուն և նրանց ներկայությամբ լացելով ու արցունքներով ցույց տալ իր մեղավոր վիճակը: Ինքը գիտեր, որ բոլորը իրեն ճանաչում են, որպես այդպիսին, բայց մի կողմ թողեց բոլորի կարծիքները և իր փրկությունը վեր դասեց ամեն ինչից ու ամոթից: Մազերը առհասարակ համարվում է կնոջ փառքը, նա իր մազերը դրեց Հիսուսի ոտքերի տակ, կինը համբուրում էր այն ոտքերը, որոնք իր փրկությունն էին բերել: Այս հանդիպումը, ինչպես որ ցանկացած ուրիշ հանդիպումներ, պատահական չէր կազմակերպվել և ինքնանպատակ չէր: Այպիսի հանդիպումների ժամանակ էր, որ ի հայտ էր գալիս Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, մեղավորի անկեղծ զղջումը, բարեպաշտի թաքցրած կեղծիքը:Փարիսեցին շիտակ պատասխանեց Հիսուսի հարցին, բայց շիտակ սիրտ չուներ, որ հավատար Նրա Աստվածային իշխանությամբ մեղքերը թողնելու իրավունքին:
«Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Այս պատգամի մեջ տեղադրենք ամենքս մեր անունները, որովհետև ասելիքը միայն Սիմոնինը չէր, այլ բոլոր ներկաներին՝ մինչև մեր օրերը, որ չենք կարողանում մանկան հավատքով ընդունել Հիսուս Քրիստոսի աստվածային իշխանությունը: Բոլորս ենք պարտապան Հիսուս Քրիստոսին, բոլորս էլ ոչինչ չունենք հատուցելու Նրա արածի դիմաց: Բոլորիս հանդեպ է ողորմած հավասարապես: Բայց մենք չենք կարողանում սովորել
Իրենից և ողորմած լինել միմյանց նկատմամբ, հանդուրժել միմյանց:
Հեշտ է այդ կնոջը մեղավոր անվանել, սակայն հեշտ չէ այդ կնոջ նման զղջալ մեղքը և արժանանալ Հիսուս Քրիստոսի քաջալերական խոսքին, թե՝ քո հավատը քեզ փրկեց, գնա խախաղությամբ; Սիմոն փարիսեցին փորձեց հաճոյանալ Քրիստոսին՝ իր տուն հրավիրելով և հյուրասիրելով, բայց կինը ազատվեց իր մեղքերից և խախաղությամբ գնաց իր տունը՝ ազատվելով այդ ծանր բեռից ու «մեղավոր կին» պիտակավորումից: Այնուհետև կարդում ենք, որ այդ կինը մյուս կանանց հետ շրջում Հիսուս Քրիստոսին հետ, և իրենց ծառայությունն էին բերում Նրան՝ պետք եկած ժամանակ:
Պարզվում է, որ հրեկան սովորության մեջ կար այնպիսի ավանդույթ, որ երբ մեծ հյուրասիրություն էր կատարվում քաղաքում, հատկապես եթե մի նշանավոր կարդ կար հրավիրված, տանտիրոջ դուռը չէր փակվում, որպեսզի բոլոր կարիքավոր մարդիկ կարողանային օգտվել սեղանի հյուրասիրությունից: Այդ էր պատճառը, որ մեղավոր կինը հեշտությամբ կարողացավ ներս մտնել և արժանանալ Հիսուս Քրիստոսի թողությանը:
Մենք կարո՞ղ ենք այս մեղավոր կնոջ նման օգտագործել ամենաառջին հնարավորությունը, մեր մեղքերից ազատվելու համար: Նախ ունե՞նք մեղքից ազատվելու այդ գիտակցությունը, և պատրաստակամությունը նույնիսկ հանրության առջև զղջալու: Ոչ ոք չգիտեր, թե կինը ի՞նչ հանգամանքներում էր դարձել մեղավոր, որքա՞ն ժամանակ էր ապրում այդ կյանքով, որքանո՞վ էր իրեն դուր գալիս այդ կյանքը, հատկապես, որ օրենքում ընդունված էր շնության մեջ բռնվողին քարկոծելով սպանում էին: Ուրեմն վախը սրտում երկար էր մտածել այդ մասին, և երբ լսեց, որ Հիսուսն է եկել փարիսեցու տուն, առիթը բաց չթողեց ազատվելու այդ մահացու մեղքից: Մեղավոր կնոջ այս տեսակ զղջումը լավագուն օրինակ է բոլորիս համար, հատկապես որ տեղ է գտել Ավետարաններում և կարդացվում է որպես զղջման և դարձի լավագույն օրինակ:
Սիրելիներ, զղջման և դարձի պահը շատ անհատական է: Մեր եկեղեցիներում բոլորդ էլ ականատես եք լինում մեղքերի խոստովանության կարգին: Բայց կարդալ ողջ ցանկը և ասել «Մեղա Աստծո», դեռ չի նշանակում ամբողջությամբ ազատվել բարձրաձայնած մեղքերից: Երբեմն եկեղեցիներում այս կարգը զուտ արարողակարգ է, կամ պարտականություն՝ սուրբ Հաղորդությունից առաջ կրկնելու: Մեղավոր կնոջ զղջման մեջ տեսնում ենք աղի արցունքներ, որ բխում են նրա սրտից՝ ցավի պատճառով: Համբուրում է իրեն թողություն տվողի ոտքերը՝ որպես երախտագիտության նշան՝ ազատվելու այդ անպատիվ անունից ու մեղքից: Ըստ նկարագրության այդ ժամանակների համար բավական թանկ գին ուներ այդքան յուղը, որով օծում էր Հիսուսի ոտքերը: Ուրեմն այդ կինը գիտեր նաև հատուցման արժեքը՝ մեղքից ազատվելու հետո; Մի խոսքով այսօրվա ընթերցվածքի օրինակից սովորեցինք, թե ինչպե՞ս պետք է զղջալ մեղքի համար, ինչպե՞ս գոհանալՏիրոջից՝ մեղքից ազատվելուց հետո, և ի՞նչ պատրաստակամությամբ հատուցել այդ ամենի համար: Մենք ամեն ինչի կատարյալ օրինակները ունենք մեր կյանքում՝ Աստվածաշնչով, սակայն ամեն ինչ դարձրել ենք ձևական, կանոնի համարձայն, սովորության ուժ տված տանում ենք առաջ: Իսկ անկեղծ զղջումը՝ աղի արտասուքով մեղավոր կնոջ զղջումն էր, որը տեղ է գտել Աստվածաշնչում որպես օրինակ դարերի համար:
Մնացեք սիրով՝ միշտ զղջացող սրտով: Վաղը առավոտյան հանդիպելու ակնկալիքով:
Այսօրվա հարցն է. Մեղավոր կնոջ զղջման օրինակը կարո՞ղ է դաս լինել նաև քեզ համար: