ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, Տե՛ր,
այլ առաքի՛ր իմ ետևից Քո օգնականությունը` օր ու
գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից,
և իմ անկայուն և թույլ մտքին մի՛ թող
մեղանչել, այլ` լալ ու կոծել մեղքերիս ու
անօրենություններիս համար:
Ջնջի՛ր, իմ անօրենությունները, Տե՛ր, ամրացրո՛ւ
միտքս բարի հույսով և Քո երկյուղով` սիրով լցված
սպասելու և ակնկալելու Քո մեծ գալստյանը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 10.21-24
Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, մեր ուղիղ եթերի միջոցով և մաղթում եմ ամենքիդ՝ բարի և խաղաղ օր: Այսօրվա ամսաթիվը ինձ մտորելու տեղիք տվեց այն առումով, որ ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27 ի վաղ առավոտյան Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն սկսեց Արցախում՝ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև Ստեփանակերտը, ընդհուպ մինչև Սուրբ Եկեղեցին: Նաև Հոկտեմբերի 27 ը ինձ մտովի տարավ մեկ այլ տխուր իրողության, երբ 1999թ Ազգային Ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում՝ դարձյալ զոհերով: Մեկը արտաքին թշնամու ձեռքով, մյուսը՝ ներքին:
Մտովի գնացի մեր ազգի պատմության խորքերը... ակամայից մտածելով, արդյոք էլ ի՞նչ արհավիրք պետք է պատահի մեր ազգին, որ դեռ չի պատահել: Էլ ինչե՞ր պետք է լինի, որպեսզի մենք դասեր քաղենք մեր դարավոր փորձություններից: Ցեղասպանություն, երկրաշարժները, ավերվածությունները, պատերազմներ, արտագաղթեր և ահա կրկին պատերազմ: Անկախությունից ի վեր մենք չենք կարողանում վայելել մեր ազատությունն ու անկախությունը՝ ներքին ու արտաքին թշնամիների պատճառով: Աշխարհին հայտնի ենք, որպես մտածող ու արարող ազգ, քրիստոնեությունը առաջինը համարձակ ընդունող և չվախեցող ազգ: Ի՞նչ է մեզ պակասում, որ այսքան խաբվում ենք; Խաբվում ենք մեր իսկ ընտրած իշխանությունների կողմից՝ սկսած առաջինից: Եթե քրիստոնյա ենք, ո՞ւր է մեր խորագիտությունը: Եթե խորագետ ենք, ապա ինչպե՞ս են մեզ խաբում այսքան երկար տարիներ: Մենք երևի միայն աղավնու միամտությունը որդեգրեցինք, բայց օձի խորագիտությունն անտեսեցինք: Մինչդեռ այս երկուսը միասին պետք էր ունենայինք ըստ Տէր Հիսուս Քրիստոսի պատգամի:
Ամեն անգամ խաբվելով, ժողովուրդը կորցնում է իր վստահությունը իր նմանի նկատմամբ, իր իշխանության նկատմամբ, իր առաջնորդի նկատմամբ և այլն: Անվստահությունը ժողովրդի մեջ պառակտում է առաջացնում: Ճիշտ այս վիճակում է հիմա մեր հասարակությունը: Ով կարող է թող հաշվել, թե քանի մասի է բաժանված ժողովուրդը, քանի մասի է բաժանված իշխանությունը, քանի մասի է բաժանված ընդդիմությունը: Իսկ իր մեջ բաժանված ամեն մի պետության մասին Ավետարանը հստակ պատգամ ունի, թե՝ Ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա: Հասարակությունը կորցրել է սթափ մտածելու և իրավիճակը շիտակ գնահատելու հատկությունը՝ հենց այս բաժանման պատճառով: Մարդահաճությունը գլուխ է բարձրացրել և վերածվել է մարդապաշտության, որն էլ խանգարում է բացել աչքերը և տեսնել կործանարար թերությունները: Ազգի մեջ հայտնվել են բազում ֆանատներ, որոնք չեն տիրապետում իրավիճակի լրջությանը, և կուրորեն պաշտպանում են իրենց «ընտրյալ» ղեկավարին կամ առաջնորդին, իրենց հետևից տանելով մի որոշ զանգված:
Սիրելի հայրենակիցներ, Ավետարանից բացի ոչ ոք չի կարող մեզ ճշմարտությունը ասել: Ցանկացած առաջնորդի խոսք, եթե կառուցված չէ ավետարանական ճշմարտության վրա, հուսալի չէ և ապագա չունի: Մարդն իր սեփական իմաստությամբ և իր ճշմարտությամբ աշխարհը տանում է դեպի կործանում, և այնպես է տանում, ոչ շատ շատերը նույնիսկ չեն զգում այդ վտանգը:
Ավետարանը մեզ ասում է, որ ամեն իշխանություն Աստծուց է: Իսկ ինչո՞ւ մենք հաջորդ պատգամները չենք հիշում առաջնորդների վերաբերյալ, թե՝ ուզում ես առաջինը լինել, բոլորի սպասավորը եղիր: Եթե չի պահվում այս պատգամը՝ ժողովրդի սպասավորը լինելու, տրամաբանորեն վերանում է հարգանքը և վստահությունը իշխանության նկատմամբ:
Բայց քիչ չեն դեպքերը Աստվածաշնչում, երբ Աստված ժողովրդին սովորեցնելու համար է կարգում այս կամ այն թագավորը:
Երանի մի օր գա այն երանելի ժամանակաշրջանը, երբ մեր ժողովուրդը կդառնա աստվածաշնչյան ժողովուրդ, մենք էլ կունենանք աստվածաշնչյան ղեկավար առաջնորդներ: Քանի դեռ մեր երկրում քրիստոներությունը դեռ կրոն է, ոչ թե կյանք, մենք ավելի լավ կյանք չենք կարող ունենալ՝ ըստ Ավետարանի: Ցավալի է այս երևույթը, բայց ինչպես տեսնում ենք, փաստ է:
Երբ օրենքի ուսուցիչը Հիսուս Քրիստոսին հարց տվեց, Հիսուս նրա հարցին հարցով պատասխանեց, թե,- Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում: Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով, և պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես: Իշխանություն- պետություն- հասարակություն կապի մեջ իսպառ բացակայում է այս պատվիրանը: Ոչ թե մասսամբ է կատարվում, այլ իսպառ վերացած է այս երևույթը:
Երբեմն պարզ, աղոթող մարդիկ հասկանում են այս ճշմարտությունը և իրենց աղոթքներում հայցում են Աստծու գթությունը այս անօրենության համար: Նրանք, որոնց սիրում են Աստծուն հանձնարարարություններ տալ, առավոտից երեկո պահանջում են Աստծուց այս կամ այն բանը շտկել: Մի ստվար զանգված կա, որ երբեք իրեն մեղավոր չի զգում ոչ մի հարցում և անվերջ մեղավորներ է փնտրում պատահածի մեջ: Մի ահռելի զանգված անվերապահ վստահություն ունի, որ Աստված պարտավոր է այս հարցին արագ լուծում տալ, քանի որ մենք առաջին քրիստոնյան ենք: Թերևս լուռ է միայն այն զանգվածը, որը տեսնում է մեր ժողովրդի հեթանոսաբար ապրելու ոճը, և Աստծուն միայն շրթներով փառաբանելու ցուցադրությունը: Լուռ է այս զանգվածը, որովհետև նախ քիչ է, երկրորդն էլ խոսափող չունի, լսարան չունի, քանի որ առավոտից երեկո լրատվական դաշտը հեղեղված է ստերով ու կեղծիներ տարածելով: Բայց բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների համար Հովնան Մարգարե է պետք, Հովհաննես Մկրտիչ է պետք: Ապաշխարություն է պետք: Զղջում է պետք: Դարձ է պետք: Որից հետո Աստծուն խնդրելու կամ հանձնարարություն տալու կարիք չենք ունենա, որովհետև ի սկզբանե Աստված ասաց,- ապաշխարեցեք… դարձեք ինձ և ես կդառնամ ձեզ: Եթե ձեր մեղքերը որդան կարմիր լինեն, ձյան պես ճերմակ կդարձնեմ: Առանց ապաշխարության չկա ազատություն, չկա ուրախություն, չկա փրկություն:
Որևէ ղեկավար կամ առաջնորդ չի կարող ժողովրդին առաջնորդել, եթե չգիտի նրա հոգսերի մասին, չգիտի, թե ում հետ գործ ունի: Առավել ևս չի կարող քարոզել Ավետարանը, եթե իրեն հետաքրքիր չէ այդ ժողովուրդը, որին քարոզում է:
Ադամը պաշտոնյա չէր, բայց իշխանություն ուներ դրախտի վրա: Ադամը մինչև մեղանչումը իրավունք ուներ իշխելու նույնիսկ կլիմայի վրա, իսկ մեղանչումից հետո կորցրեց ամեն ինչ: Նույնը այսօրվա մարդն է: Նույնը իշխանությունն է, նույնը առաջնորդն է: Աստծու խոսքի նկատմամբ պատասխանատվություն չունեցան Ադամն ու Եվան, առաջին որդին մարդասպան ծնվեց: Կայենին գեներով չփոխանցվեց մարդասպանությունը, քանի որ գեն չուներ: Ոչ էլ վատ միջավայրում մեծացավ: Բայց մեղքի արդյունքը մահ է: Նա սպանեց իր արդար եղբորը՝ Աբելին, իսկ Աբելի փոխարեն ծնվեց Սեթը, որի սերունդը արդեն Աստծո որդիներ էին: Այս բոլոր օրինակները մեզ համար է գրված, որ դաս առնենք, ոչ թե որպես ի գիտություն իմնանաք;
Աստված ի սկզբանե ժամանակ, առիթ և հնարավորություն է տալիս մարդուն՝ զղջալու, սակայն երբ մարդը չի օգտագործում իր բանականությունը, Աստված հարգում է Իր անշարժ որոշումը: Աստվածաշունչը մեզ անհասկանալի ոչիչ չի թողել, ամեն ինչ գրել է; Մեր թերությունն այն է, որ կարծում ենք, թե կարող ենք առանց Աստծո խոսքի առաջ տանել աշխարհի գործերը, և ամեն անգամ խորտակվում ենք, որովհետև աշխարհի Արարիչը Աստված է:
Ազգերից հետո Աստված իր ծրագրերը սկսեց իրագործել անհատների միջոցով: Սկսեց Նոյից, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Մովսեսի, Ահարոնի,Դավթի և շարունակելով մինչև Իր Միածնին ուղարկեց աշխարհ, աշխարհը մեղքի ճիշաններից ազատելու համար: Եկավ Որդին, Քարոզեց, չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ և փառքով համբարձվեց՝ տալով վերջին պատգամը՝ սովորեցրեք մարդկանց պահել այն ամենը, ինչը ես ձեզ պատվիրեցի: Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը: Այս խոսքերը նշանակում է, որ պատգամ եմ տվել ձեզ և սպասում եմ համբերությամբ, թե ինչպե՞ս եք կատարում այն: Բայց հիշեցնում է նաև՝ աշխարհի վախճանի մասին: Սիրելիներ, սրանք հարցեր են, որոնք ամենօրյա քննարկման կարիք ունեն, ամենօրյա բացատրման աղերս ունեն: Բայց որոշ պատկան մարդիկ, որոնք կոչված են հանրությանը կրթելով առաջնորդելու, չգիտես ինչու լռության են մատնել իրենք իրենց: Այսօրվա Ավետարանն ասում է. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ»: ժամանակն է, որ այդ մանուկները խոսեն և բարձրաձայնեն ճշմարտությունները, որպեսզի մարդիկ ճիշտ կողմնորոշում ունենան և չտարուբերվեն այս կամ այն քաղաքական ուժի քամիներից:Քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, եթե իհարկե կան: Քրիստոնյան կարող է միայն հետաքրքրվել իր քաղաքացիական հետաքրքրությունից ելնելով; Մեր հայրենակիցների մեջ այլևս չի զանազանվում քաղաքական գործիչը, բժիշկը, ուսուցիչը, գիտնականը, հոգևորականը, վարորդը, ատամնաբույժը: Բոլորը քաղաքական դաշտում լիդերներ են, որովհետև իրական դաշտը զուրկ է իրական մասնագետից;
Բայց դուք, սիրելիներ, որ ամեն օր լսում եք Աստծո խոսքը, ոչ մի բանի մեջ կույր հավատք մի ունեցեք, ծայրահեղության մի գնացեք նույնիսկ ձեր հավատի հարցերում: Հարգեք բոլոր գրագետ կարծիքները, բայց հենվեք Աստվածաշնչի կարծիքի վրա:
Միակն է աշխարհի ստեղծման օրից, որը բացարձակ հեղինակություն է, ու Նրան հավատացողը չի ամաչել երբեք:
Մնացեք սիրով՝ հետևելով միակ Անփոփոխին, միակ Ճշմարտին և Միակ Փրկչին:
Այսօրվա հարցը այսպիսին է. Կարո՞ղ ես ընդունել օրվա իշխանությանը՝ հավատարիմ մնալով Աստվածաշնչին: