ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-29
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ, թող Աստված օրհնի ձեզ, որ Աստծո խոսքը լսելը նախապատիվ եք համարում ամեն բանից, և առավոտյան ձեր ժամանակը տրամադրում եք Աստվածաշնչի սերտողությանը:
Պետրոսը Տիրոջը հարցնում է, - մենք որ թողեցինք ամեն բան ու եկանք Քո հետևից,- մենք ի՞նչ կունենանք: Այս հարցը մարդկային հարց է, որ ծագում է նաև մեր գլխում շատ հաճախ՝ գործնական որոշ առաջարկների, աշխատանքից - աշխատանք տեղափության, ինչ որ բաներ փոխանակելիս, մեր գլխում էլ է միտք առաջանում, թե՝ ինչքանո՞վ է շահեկան թողնել այս գործը և գնալ մեկ այլ գործի: Մարմնավոր կյանքում այսպիսի փոփոխությունների օգուտը տեսնում ենք շատ շուտ՝ գործարքն ավարտելուց անմիջապես հետո: Ինչից հասկանալի է դառնում մեր օգուտը, կամ վնասը:
Սակայն այլ է այս հարցումը հոգևոր կյանքում: Ի՞նչ ունեցավ Պետրոսը, որ թողեց իր մասնագիտությունը, որի մեջ արդեն բավական հմտացել էր, ընտանիքը պահում էր այդ եկամուտով, և մտքովն էլ չէր անցնում, որ աշխատանքը փոխի: Հանկարծ մի օր հայտնվեց մի գալիլիացի Մարդ, որի խոսքը շատ վստահելի թվաց Պետրոսին և Պետրոսը թողեց իր ուռկաններն ու քայլեց Նրա հետևից: Հազար ու մի զարմանալի բան տեսավ Պետրոսը, որը երբեք չէր տեսնելու, եթե չհետևեր Քրիստոսին, ամբողջ օրը քայլելով Նրա հետ՝ լսում էր իմաստուն մտքեր, որը դարձյալ չէր լսելու, եթե չքայլեր Վարդապետի հետևից: Պետրոսը տեսնում էր, որ շփման դաշտը իր հայրենակիցների հետ՝ մեծանում է օրեցօր՝ հրաշքների, բժշկությունների և այլ զորավոր գործերի պատճառով, որոնք կատարում էր իրեն հրավիրող Վարդապետը : Գնալով իրադարձությունները զարգանում էին, հարաբերությունները օրվա իշխանությունների հետ սրվում էին, նույնիսկ ատելություն էր առաջանում փարիսեցիների մոտ՝ աշակերտների նկատմամբ՝ Քրիստոսին հետևելու համար: Բայց եկավ մի օր, որ Պետրոսի գլխում հարց ծագեց, թե ի՞նչ է ունենալու ինքը, որ թողել է ամեն բան… և հետևել է Հիսուս Քրիստոսին: Ինչո՞ւ Պետրոսի գլխում այս հարցը առաջացավ:
Ինքը ուրախ էր, որ շրջում էր Վարդապետի հետ, պատիվ էր իր համար, հարգանք էր վայելում, ինչո՞ւ հանկարծ սկսեց վարձատրության մասին մտածել: Մենք նախորդ գլխում կարդում ենք, որ մեծահարուստ երիտասարդը, որ եկել էր իրենց Վարդապետի մոտ՝ հարցումով, տրտում հեռացավ: Իսկ նրա գնալուց հետո Տէր Հիսուսն ասաց, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն: Պետրոսի մտքում հարց առաջացավ, եթե հարուստը չի կարող մտնել, ուրեմն ինքը, որ աղքատ է, ինչպե՞ս է մտնելու երկնքի արքայություն: Իր կասկածը փարատելու համար տվեց այդ հարցը և ստացավ առավելագույն պատասխանը՝ ինչը Պետրոսին առավել ոգևորեց այդ պահին, և հետագա ծառայության ընթացքին:
Հոգևոր կյանքի խոստումները նյութական չեն և գրեթե տեսանելի չեն նույն պահին, ինչպես որ մարմնավոր կյանքում, քանի որ հոգևոր խոստումները անտեսանելի են, ու հավիտենական, իսկ մարմնավորները՝ տեսանելի և մի կարճ ժամանակի համար:
Տէր Հիսուս Քրիստոսի պատասխանը Պետրոսի հարցին՝ ի՞նչ ունենալու վերաբերյալ, Երկրորդ Գալուստից է սկսվում: Ինչպե՞ս հասկացավ Պետրոսը այդ խոստումը տվյալ պահին, մենք չգիտենք, բայց որ շարունակեց հետևել Հիսուս Քրիստոսին, հասկանալի է որ հասկացել էր մեծագույն պարգևի արժեքը: Երկրորդ պարբերության մեջ Հիսուս Քրիստոս ասում է ,- և ամեն ոք, որ թողնի ամեն բան Իմ անվան համար, հարյուրապատիկը կստանա: Առաջին խոստումը վերաբերում էր աշակերտներին, որ Երկրորդ Գալուստին նստելու են տասներկու աթոռներին ՝ դատելու տասներկու ցեղերին: Իսկ երկրորդ խոստումը՝ հարյուրապատիկը ստանալու վերաբերյալ, մեզ է վերաբերում: Ինչպե՞ս: Սիրելիներ, եկեք մեր օրինակով բացատրենք, որպեսզի հասկանալի լինի: Ձեզնից շատերը ամեն օր նույն ժամին թողնում են իրենց առավոտյան ինչ որ զբաղմունքներ և լսում են Հանապազօրյա Հացի օրվա ընթերցվածքը՝ Ավետարանից: Ամեն օր մի պատգամ են լսում, լսում են դրա վերաբերյալ որևէ բացատրություն; Լսողները չեն նկատում, թե ինչպես է իրենց ներսում աստիճանաբար կատարվում փոփոխություն: Իրենք այլևս երեկվա պես չեն նայում երևույթներին, հիմա ավելի վերլուծական միտք ունեն, որևէ փորձության հանդիպելիս, ներքին ազդակը հուշում է, որ դա փորձություն է, և զգուշանում են: Կամ սովորական բամբասանքին արդեն վերապահումով են մոտենում և զգուշանում: Աստծու խոսքը մարդու մեջ աշխատում է գիշեր ցերեկ հասցնելով մարդուն հոգևոր վիճակի: Երբ հավատացյալը կանգուն է փորձությունների պահին, աննկուն է դժվարության հանդիպելիս, վերլուծող է՝ մեղքը տեսնելիս, ոչ թե միանգամից դատող, ուրեմն այդ հավատացյալը ստացել է իր անտեսանելի վարձատրությունը՝ առաքինությունների տեսքով:
Այսպիսի հավատացյալի կյանքի որակը փոխվում է օրեցօր: Այս երևույթը աննկատ չի մնում շրջապատում, գնահատվում է տեսնեղների կողմից: Եթե նախկինում հավատացյալը կարող էր գովեստի խոսքերից գլուխը կորցնել, ապա այս պարագայում խոնարհաբար ասում է,- փառք Աստծուն Իր տված հարյուրապատիկ շնորհների համար; Երբ մեր կյանքը խաղաղ է, Աստծու խոսքին հետևելու պարագայում, մի՞թե հարյուրապատիկ և հազարապատիկ բարձատրություն չէ Աստծուց, սիրելիներ: Ահա, թե ի՞նչ է շահում ամեն ոք, որ թողնում է հորը, մորը, քրոջն ու եղբորը, որդուն և դստերը՝ Քրիստոսի խոսքին հետևելու համար: Խոսքը ֆիզիկապես թողնելու մասին չէ ամենևին, այլ հակառակը՝ Աստծու խոսքը նախապատիվ համարող հավատացյալը ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր հարազատների նկատմամբ: Երբ, օրինակ՝ կիրակի օրը հավատացյալը պատրաստվում է Պատարագ գնալ, իսկ քույրը կամ եղբայրը չեն կամենում գնալ, երբեք աղմուկ չի բարձրացնում, չի վիրավորում, կամ չի ստիպում, այլ հակառակը աղոթում է նրանց համար: Իր խոնարհության պատճառով մի օր տան անդամները կհետևեն իրեն, որովհետև այլ է կերպարը ճշմարիտ քրիստոնյայի, այլ է՝ անտեղյակի կերպարը, որը ծածուկ հետևում է հավատացյալի ամեն քայլին:
Սիրելի հավատացյալներ, ժամանակը շատ արագ է անցնում, նույնիսկ անհասկանալի արագությամբ, որ չենք հասցնում մի փորձությունից ազատվել, մյուսն է գալիս ավելի ուժգնությամբ: Մենք իրավունք չունենք այս երևույթներին նայել որպես դժբախտ պատահար, որպես փորձություն; Մենք պետք է քննենք մեր անձերը, մաքրենք մեր գործերը, կարգի բերենք մեր տնտեսության հաշիվը, մարենք մեր պարտքերը Տիրոջ առջև: Նախանձախնդիր լինենք, Աստծո խոսքի հանդեպ մեծ պատասխանատվություն ունենանք: Չի կարելի լսել ու անտեսել, չի կարելի Աստծու խոսքը գետնին թողել: Մենք երեկ անդրադարձանք Ադամի ու Եվային, որոնք անմիջապես Աստծուց լսեցին պատգամը, բայց պատասխանատվություն չկրեցին լսածը գործի դնելու հանդեպ:
Մատթևոսի Ավետարանի առաջին գլուխներում Հիսուս Քրիստոս ասում է, թող ձեր բարի գործերը ծածուկ լինեն, որից հետո հաջորդ գլխի մեջ ասում է Թող ձեր լույսն այնպես փայլի մարդկանց առաջ (5:16):
Ինչո՞ւ մի անգամ Տերը հրամայում է ծածուկ գործել բարին, իսկ այստեղ՝ մարդկանց առաջ: Երկուսն էլ ճիշտ են տարբեր ժամանակներում: Երբ մարդահաճության ախտը պատերազմում է առաքինի մարդու հետ, պետք է բարին ծածուկ գործել: Իսկ ով հաղթում է այս ախտին և ամեն ինչ անում Աստծո երկյուղից ու սիրուց, հայտնի դառնալուց ոչ միայն չի վնասվում,
այլև ընդհակառակը՝ օգուտ է ստանում:
Առհասարակ եկեղեցու պատմության ողջ ընթացքում ո՞ւմ է հաջողվել Աստծո խոսքը հասցնել լսողի սրտին;
Առաքյալների օրերից մինչև մեր օրերը Ավետարանը փոխանցվել է նախ բանավոր, ապա գրավոր: Ավետարանի այն քարոզությունն է մարդկանց սրտում բնակվել, որը ապրած խոսք է, ոչ թե բացատրություն: Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է սա, հատկապես այս օրերին, որ համայն հայությունը կանգնած է աղետալի իրավիճակի առջև: Ու՞մ աղոթքն է լսել Աստված: Անշուշտ զղջացողի: Ո՞ւմ տվեց մեծ պարգևը խաչի վրա՝ զղջացող ավազակին: Ուրեմն զղջանք մեր մեղքերը, որ Աստծու խոսքը ապրի մեր մեջ: Իսկ երբ Աստծու խոսքը ապրի մեր մեջ՝ կգործի ինչպես գործեց առաքյալների մեջ և հազարավորներ հավատացին: Նահատակվեցին իրենց հավատացած Քրիստոսի համար:
Իմաստունն ասում է,- իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերը, և դրանք խաղաղության մեջ անցնեն: Աստծու խոսքի հանդեպ հավատարմությունը ավելացնում է մարդու շնորհները: Առակաց գիրքն ասում է կապիր դրանք քո պարանոցին, գրիր դրանք քո սրտի լայն տախտակների վրա և շնորհ կգտնես: Մի հպարտացիր երբեք քո իմաստությամբ, և ոտքդ երբեք չի սայթաքի քո ճանապարհին: Մնացեք սիրով, սիրելի հավատացյալ հոտ, հավատարիմ եղեք Աստծու խոսքի նկատմամբ, հատկապես պատասխանատվություն կերք լսածը կատարելու հարցում:
Այսօրվա հարցը այսպիսին է. Կապե՞լ ես դու Աստծու խոսքը քո պարանոցին, գրե՞լ ես դրանք քո սրտի տախտակի վրա:
Աղօթենք միասին
Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Կարապետի,
սուրբ Ստեփանոս Նախավկայի,սուրբ Գրիգոր Լուսավորչի
և Քո բոլոր սուրբ վկաների բարեխոսությամբ լսի՛ր
ինձ` տէր, եղկելիիս, և ողորմի՛ր մեղավորիս:
Փնտրի՛ր կորածիս, ձե՛ռք մեկնիր գլորվածիս,
առաջնորդի՛ր մոլորվածիս, խավարից դեպի
լո՛ւյս հանի՛ր ինձ և ազատությո՛ւն շնորհիր
հոգուս: Հաստատի՛ր Քո սիրո մեջ և
բևեռի՛ր Քո երկյուղին: Մաքրի՛ր հոգուս
տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ: Փակի՛ր
մեղքերիս դուռը և շուրջբոլորս պարսպապատի՛ր
իմ ոսոխից, փրկի՛ր չար ու անիրավ
մարդուց, առաքինության գործերով
զարդարի՛ր և պարգևի՛ր Քո անճառ երանությունը:
Ողորմի՛ր մեզ` ողջերիս, և պայծառացնելով
լուսավորի՛ր մեր ննջեցյալների հոգիները: