ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 24.27-36
որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կլինի: 28 Ուր որ դիակն է, այնտեղ կհաւաքուեն արծիւները: 29 Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: 32 Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: 36 Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ, մեր եթերաժամին հետևող սիրելի ունկնդիրներ: Մատթևոսի Ավետարանի վերջին գլուխները կանխասացություններ են Տիրոջ Երկրորդ Գալուստի մասին, մեծ նեղությունների մասին, փախուստի և դժվարույթունների մասին, որոնց մենք անդրադարձանք նախորդ սերտողությունների ժամանակ: Այսօր կամենում եմ ձեզ հետ անկեղծ զրույց ունենալ Աստվածաշունչ- եկեղեցի- հավատացյալ կապի մասին, որը խիստ կտրված է իմ կարծիքուվ: Սակայն ես շատ պիտի փափագեի, որ իմ կարծիքը սխալ լիներ: Այդ հարցում դուք կարող եք ինձ օգնել: Հոգևորականի համար բավական դժվար է խոսել մի լսարանի համար, որին չի տեսնում: Առանց տեսնելու նրանց աչքերը, և դեմքի արտահայտությունը: Ինձ համար հասկանալի չէ, թե ամեն օրվա թեման ինչքանո՞վ է ձեզ հասանելի, կամ անհասանելի, քանի որ մեկնաբանություններում հարցեր չեմ տեսնում թեմային առնչվող:
Երբեմն երբեմն թերթում եմ համացանցի էջերի նյութերը, հասկանալու համար քրիստոնյա մարդկանց դիրքորոշումը այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Հիսաթափությունս շատ մեծ է լինում, քանի որ աչքիս առաջ շուկայական մի պատկեր է գալիս, որտեղ քիչ առաջ աղոթող բերանը քիչ հետո անիծում է: Որևէ քննարկում իր ավարտին չի հասնում միմյանց վիրավորելու և հայհոյախառն արտահայտությունների պատճառով: Շատ մանրամասների չգնամ, բոլորդ էլ համացանցում եք, բոլորդ էլ տեսնում եք, թե ինչ կատարվում քրիստոնեական միջավայրում; Հայերը քրիստոնյա ազգ են, ճի՞շտ է: Իսկ ո՞րն է քրիստոնյայի կերպարը, ո՞վ է պատասխանատու այդ կերպարի համար: Քրիստոնեությունը տառապում է քրիստոնյաների ձեռքում:
Եկեք միասին քննարկենք այս հարցը, որը հարցերի հարցն է, և լուծում չի ստանում: Իսկ փորձությունները մեկը մյուսի հետևից կախվում են քրիստոնյա մարդկանց գլխավերևում:
Քրիստոնյան նա, որը կրում է Քրիստոսի անունը՝ մկրտությամբ: Կյանքը ապրում է Քրիստոսի խոսքի համաձայն: Ապաշխարությունը նրա կյանքի բաղկացուցիչ մասն է: Աստվածաշունչը նրա սեղանի բաց գիրքն է: Եկեղեցին նրա աղոթքի տունն է, իսկ ինքը հարատև կապի մեջ է Հիսուս Քրիստոսի հետ՝ Սուրբ Հաղորդությամբ: Հասկանում է, թե ինչ է Սուրբ Հաղորդությունը, ի՞նչ է փրկությունը, և ո՞րն է իր քրիստոնեական պարտականությունը:
Եթե մեկը մկրտված է և կրում է քրիստոնյա անունը, դեռ չի նշանակում, որ նա ապրում է այդ կյանքով: Մեր հասարակության ապրած կյանքը չի բխում իր դավանած կրոնի պարտավորություններից: Անցնում են տարիները, դարերը, Քրիստոս սպասում է: Մենք սարսափում ենք երբ լսում ենք աշխարհի վախճանի մասին, խուճապի մեջ ենք, երբ պատերազմական վիճակ է: Բոլորս խնդրումենք, որ Աստված մեզ օգնի, հովանի լինի, պաշտպանի և այլն; Ինչո՞ւ չենք ասում Աստծուն այն ավազակի պես, թե՝ մենք կրում ենք մեզ արժանի պատիժ՝ ըստ մեր ապրած կյանքի, որը քրիստոնեական չէ: Կարդացեք Աստվածաշունչ և տեսեք, Աստված ո՞ր ազգին է օգնել առանց ապաշխարության կոչ անելու: Միայն Նինվեյի օրինակը հիշեցնեմ ձեզ, բավական է: Վերը նշված ընդհատված կապի մասին եմ ուզում խոսել: Հավատացյալը Աստվածաշունչ կարդում է, բայց պատասխանատվություն չի կրում իր կարդացած խոսքի վերաբերյալ: Եկեղեցի գնում է, բայց պատասխանատվություն չի կրում իր կողքի մարդու նկատմամբ: Հաճախ տարիներով նույն եկեղեցի հաճախողները միմյանց չեն ճանաչում նույնիսկ անունով: Գալիս են եկեղեցի, քարոզը լսում են, Հաղորդությունը ստանում են, ու գնում ենք տուն, համարելով, որ կիրակի օրվա իրենց պարտքը կատարված է:
Մի օր ձեզնից մեկը թող Պատարագի ավարտին դուրս գա կանգնի դռան մոտ և յուրաքանչյուր դուրս եկողին հարցնի, թե ո՞րն էր այսօրվա Ավետարանը, կամ, թող հարցնի, մի նշանավոր տող հիշել օրվա քարոզից, որը ինքը իր հետ տուն է տանում: Ուրախ կլինեմ, եթե մեկն ու մեկդ այսպիսի մի փորձ կատարեք և հաջոր օրը ինձ պատմեք պատկերի մասին: Իմ նպատակը չէ մարդկանց փաստի առջև կանգնեցնել, քավ լիցի: Իմ նպատակն է այս վիճակը շտկելու մեխանիզմը գտնել:
Գիտե՞ք սիրելիներ, հոգևոր կյանքում կա մի սարսափելի վտանգավոր երևույթ, երբ ամեն ինչ դառնում է սովորական: Պատարագը, աղոթքները, Աստվածաշնչի սերտողությունը, քարոզ լսելը: Այնպես, ինչպես որ սարսափելի է, երբ մարդն արթնանում է առավոտյան և չի տեսնում արևածագը, կամ երեկոյան չի նկատում մայրամուտը, չի նկատում անձրևն ու կարկուտը, այլ միայն պաշտպանվում է դրանցից: Սրանք հրաշքներ են, որոնց ընտելանալը ամենավտանգավոր բանն է: Նույնիսկ երեխայի ծնունդը արդեն սովորական երևույթ է, այլևս չի զարմացնում մարդկանց: Այսպես կորում է մարդու պատասխանատվությունը Աստծու արարչագործության նկատմամբ, հետևաբար նաև Աստծու նկատմամբ՝ քրիստոնյա լինելով հանդերձ: Քրիստոնեությունը հարմարեցնում ենք մեր կյանքին, ոչ թե մենք ենք հարմարվում քրիստոնեությանը:
Կարևոր է նաև հավատացյալ- հոգևորական կապը, որը կտրված, կամ եթե կտրված չէ, ուրեմն շահեկան չէ, որովհետև այս հարաբերությունն էլ է դաձել սովորական: Կա՞ն ձեր մեջ շատեր, որոնք իրենց քահանայի հոգին հանում են հարցերով, պահանջում են, որ օգնի այս կամ այն մեղքից ազատվելու հարցում; Եթե կան, շատ ուրախ եմ; Որովհետև քահանա՛ն պետք է ասի հավատացյալի բացթողումների մասին, և եթե անկեղծ քրիստոնեական հարաբերություններ են, կարող է նաև հավատացյալը բարձրաձայնի եկեղեցու բացթողումը՝ ի շահ եկեղեցու և մյուս հավատացյալների:
Քահանան է, որ իր խոսքը պետք է ասի եկեղեցու խորանից՝ հիմնված Աստվածաշնչի ճշմարտության վրա: Դա կարող է դուր չգալ ներկաներից շատերին, հատկապես պաշտոնյաներին; Բայց քահանան պետք է ասի այն, ինչ Աստծուց է և Ավետարանից, ո՛չ թե այն, ինչ շատերը ուզում են լսել և շոյել իրենց ականջները և գլուխը: Աստծու խոսքը արագ սնունդ չէ, որ ծամենք ու կուլ տանք: Աստծու խոսքը էկոլոգիապես մաքուր սնունդ է, որը պետք է հատուկ չափաբաժիններով ուտել, մարսել և օգտվել վիտամիններից;
Սիրելիներ, եկեք միասին անդրադառնանք Աստվածաշնչի գլխավոր հերոսներից երկուսին, որոնցից սկսվեց կյանքը, մեր Նախահայր Ադամի և Եվայի կյանքից մի հատվածի, երբ Աստված դրախտում հարց տվեց նրանց՝ մեղանչումից հետո:
Աստված հարցնում է Ադամին.,- Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»։
Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»։
Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։
Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»։
Մի՞թե Ադամը սխալ պատասխան տվեց Աստծուն: Ո՛չ, միանգամայն ճշմարտությունը ասեց, քանի որ կինն էր տվել:
Իսկ մի՞թե Եվան սխալ խատասխանեց, դարձյալ ո՛չ, չէ՞ որ օձն էր խաբել:
Ուրեմն որտե՞ղ է սխալը, որը շարունակվում է մինչև մեր օրեր և մեկս մյուսին ենք մատնացույց անում մեղքի մեջ բռնվելիս: Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ մարդը պատասխանատվություն չի կրում իր լսած խոսքի նկատմամբ: Չէ որ Աստված ասել էր չուտե՛ք: Ուրեմն քանի կոպեկ արժե լսած պատգամը, եթե մի ականջից մտնելու է, մյուսից դուրս գա: Աստծո խոսքի հանդեպ այսպիսի անպատասխանատու մոտեցումը հանցագործություն է, բոլոր մեղքերի սկիզբն է: Մարդ արարածին իր ծննդյան օրից սկսած ոչ մի ավելորդ խորհուրդ չի տրվում, յուրաքանչյուրն իր նպատակն ունի;
Այսօրվա Ավետարանը ասում է Մարդու Որդու Գալուստը փայլակի պես կլինի, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք:
Մենք ձեզ հետ միասին խոսել ենք Տիրոջ Երկրորդ Գալուստի մասին: Թե ե՞րբ կլինի դա, մեզ արտոնված չէ իմանալ, բայց այն ինչ պատվիրված է իմանալ, մենք պարտավոր ենք իմանալ մինչև մեր կյանքի ավարտը: Եթե մենք այսօր պատրաստ լինենք Տիրոջ Գալուստին, ոչնչով չենք վնասվի, հակառակը՝ տեղեկացված կլինենք ամեն ինչով և սարսափը կվերանա, և խաղաղությունը կպատի մեզ: Իսկ եթե եթե անզեղջ ապրենք մեր կյանքը, հույսներս ամեն օր դնելով հաջորդ օրվա վրա, ապա Տիրոջ Գալուստը կլինի կայծակի ու փայլակի պես և մենք խուճապից կկորցնենք մեզ: Ոչինչ թող մեզ համար չդառնա սովորական, չընտելանանք մենօրյա հրաշքների հետ, պատասխանատու լինենք մեր շրջապատի մարդկանց նկատմամբ՝ հատկապես եկեղեցում: Ակտիվ եղեք մեկնաբանություններում, միասին գտնենք քրիստոնեաբար ապրելու ճիշտ բանաձևը, որպեսզի Տիրոջ առջև հատուցման օրը չլինի լաց և ատամների կրճտում: Մնացեք սիրով, սերտ կապի մեջ Աստվածաշնչի հետ, պատասխանատու՝ Աստծո խոսքի հանդեպ,
և հետու անտարբերությունից: Այսօրվա հարցը այսպիսին է. Դու պատասխանատո՞ւ ես քո լսած Աստծո ամեն խոսքի հանդեպ.
Աղօթենք միասին
Ցո՛ւյց տուր, Տե՛ր, Քո շնորհները՝ Քո գութն ու ողորմությունը Քո ծառային և տաճարացրո՛ւ ինձ՝ Ամենասուրբ Հոգուդ բնակարան լինելու,
այլևս մի՛ թող, որ ծառայեմ մեղքի և ապականության:
Առաքի՛ր, Տե՛ր, Քո լույսը և լուսավորի՛ր իմ միտքն ու իմ խորհուրդները Քո գիտության լույսով, հալածի՛ր իմ մտքի խավարը և իմ անձի տկարությունը կակղեցրո՛ւ իմ հոգու ջանքերով ու վաստակներով:
Լսի՛ր, Տե՛ր, իմ աղաչանքները և ընդունի՛ր իմ պաղատանքները, քավի՛ր իմ հանցանքները և կատարի՛ր իմ խնդրվածքները, արձակի՛ր իմ կապանքները և բժշկի՛ր իմ հոգին, առողջացրո՛ւ իմ մարմինը և ուղղի՛ր իմ ընթացքը, արագացրո՛ւ ինձ ժամանել Քո սրբերի օթևանը:
Տո՛ւր ինձ, Տե՛ր, սուգ և արտասուքներով զորացրո՛ւ իմ մարմինը, կակղեցրո՛ւ իմ քարացած սիրտը և հավաքի՛ր մտքերս դեպի Քեզ:
Ջնջի՛ր իմ հանցանքների բազմությունը և շնորհի՛ր ինձ իմ հոգու շահը: Ընդունի՛ր և մի՛ անտեսիր իմ սրտի հառաչանքները,
որպեսզի առաքինության պտուղներ ստանալով արժանի լինեմ Քեզանից օրհնություններ ընդունել և երկնքի սրբերիդ հետ վայելել
անճառ բարիքներն ու գոհությամբ փառաբանել Ամենազոր Արքայությունդ, հավիտյանս հավիտենից: Ամեն: