ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.33-17.8
Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:
17 1 Յիսուս, երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը. փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի, 2 ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամէնքին, որ նրան տուեցիր: 3 Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ՝ Յիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր: 4 Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. կատարեցի այն գործը, որն ինձ տուեցիր, որ անեմ. 5 եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ այն փառքով, որ ունէի քեզ մօտ նախքան աշխարհի լինելը: 6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: 7 Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուեցիր, ես նրանց տուեցի. 8 եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դու ուղարկեցիր ինձ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ամենքիդ սիրելի քույրեր և եղբայրներ, հայրեր և մայրեր, որ պատրաստ եք լսելու օրվա ձեզ հասանելիք պատգամը: Այսօր Պողոս առաքյալի խոսքով եմ դիմում ձեզ. Ուրախ եղեք ի Տէր, ամեն օր ձեզ համար խոսելը ինձ ձանձրակլի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է:
Սիրելիներ, եթե մենք Նոր Կտակարանից առանձնացնենք առաքելական թղթերը, և խմբավորենք չորս Ավետարանները, կտեսնենք թե ինչքան քիչ բան է մեզ հասել Հիսուս Քրիստոսի այդ երեք տարիների ընթացքում արտահայտած մտքերից:
Ամբողջ գաղտնիքն էլ հենց այդտեղ է, որ այդքան քիչն էլ դարերով բացատրվում է, և դեռ պիտի բացատրվի ու մեկնաբանվի իր խորիմաստ բովանդակության պատճառով; Տէր Հիսուս աշակերտներին ընտրելուց հետո սկսեց ուսուցանել նրանց Իր վարդապետության գաղտնիքները: Հետևելով Ավետարանական իրադարձությունների ընթացքին մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս սկզբում աշակերտների հետ խոսում էր առակներով, այնուհետև բացատրում էր այդ առակները: Նրանց ծանոթացնում էր օրվա քահանայապետների գործունեությանը և մերկացնում էր այդպիսի կեղծավոր ծառայությունը, որպեսզի աշակերտները գայթակղությունից հեռու մնան: Ամենատարբեր հիվանդություններ ու դիվահարություններ էր բուժում, աշակերտների ուշադրությունը սևեռելով ամուր հավատքի վրա, որ ամեն բան կարելի է միայն հավատքով: Աստիճանաբար կոփում էր նրանց միտքը գալիք օրերին պատահելիք իրադարձությունների հանդեպ: Այն խոսքերը, ինչ որ աշակերտներին ասաց վերջին օրերում, սկզբում չէր ասել, քանի որ նախ չէին ընկայի ամբողջությամբ, երկրորդն էլ չէին համարձակվի հետևել Իրեն՝ սպասվող արհավիքի պատճառով: Բայց երբ արդեն աշակերտներին հասցրել էր գիտակցական բավական բարձր մակարդակի վրա, նրանց ասաց,- ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսի, այլ հայտնապես կխոսեմ Հոր մասին:
Միայն Ավետարանների վերջին գլուխներում ենք հանդիպում, որ Տէր Հիսուս աշակերտներին արդեն բացատրում է Իր աշխարհ գալու և գնալու մասին: Միայն այն ժամանակ, երբ աշակերտները հավատացին, որ Հիսուս Աստծո Որդի է, որ երկնքից է իր գալուստը Սուրբ Հոգու միջոցով՝ ծնվելով Սուրբ Կույսից: Ինչպես որ Տէր Հիսուսն է ասում. «Ելա Հորից, եկա աշխարհ, դարձյալ թողնում եմ աշխարհը, և գնում Հոր մոտ»: Այս խոսքերը ասաց այն ժամանակ, երբ աշակերտները ի վիճակի էին հասկանալու այն խորությամբ; Ոչ մի բան անժամանակ չասեց աշակերտներին, քանի դեռ նրանց միտքը փակ էր հասկանալու համար:
Աշակերտները արդեն ուրախանում էին, որ առանց առակների բացահայտ խոսում է իրենց հետ, և իրենք հասկանում են խոսածը:
Իսկ Տէր Հիսուս աշակերտների այդքան վստահությունը փարատելու համար ասաց, կգա ժամանակ, որ փորձության պահին դուք, որ հավատում եք Ինձ, կլքեք՝ Ինձ միայնակ թողնելով: Սակայն Ես միայնակ չեմ, որովհետև Հայրը ինձ հետ է:
Այս բաները աշակերտներին ասում էր, որպեսզի նրանք խաղաղություն ունենային այն առումով, որ Ինքը հաղթել է աշխարրհին: Քաջալերում էր նրանց, որ չվախենան, չընկճվեն, որովհետև նրանց պիտի հալածեն ու սպանեն, անարգեն ու ժողավարաններից դուրս հանեն: Նույնիսկ շատերին սպանելով պիտի կարծեն, որ Աստծուն պաշտամունք են մատուցում:
Այսպես պիտի վարվեն ձեզ հետ, քանի որ չճանաչեցին ինձ և չճանաչեցին նաև Հորը: Այս բոլոր բաների մասին աշակերտներին չէր ասում սկզբից, քանի որ նրանց հետ էր, և աշակերտները ինքնուրույն ոչին չէին նախաձեռնում, այլ ողջ ժամանակը միասին էին շրջում: Իսկ հիմա, Որ արդեն մոտենում են իր առաքելության ավարտի օրերը, բոլոր գաղտնիքները բացում է, որպեսզի երբ սրանք կատարվեն, աշակերտները հիշեն որ իրենց վարդապետը խոսել էր այս մասին:
Ինչքան կարոևոր է, սիրելիներ, որ մենք մեր կարդացած ամեն միտք հասկանանք և դարձնենք մեր սեփականությունը, որպեսզի մեզ պատահած փորձության ժամին հիշենք, թե Տէր Հիսուս ի՞նչ ասել այս մասին:
Հիսուս Քրիստոս այդ ժամանակաշրջանի կրոնական առաջնորդների և օրենքի ուսուցիչների ու փարիսեցիների կեղծավորությունը բացահայտեց աշակերտներին, փաստելու համար, որ ծեսեր ու զոհեր մատուցել՝ դեռ չի նշանակում հավատալ Աստծուն:
Աստծուն հավատացողը որևէ մեկին խաչի դատապարտության չի հասցնի: Նրանց սստվածը իրենց փառքն էր: Հիսւոս Քրիստոս ասում է,- որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը, և ո՛չ էլ Ինձ:
Աշակերտների համար գնալով ավելի տխուր ու ծանր էր դառնում գալիք օրերը, քանի որ գիտեին, որ իրենց Վարդապետը իրենցից հեռանալու է: Ո՛չ կարողանում էին ուրախանալ դրա համար, ոչ էլ տխրել, քանի Հիսուս ասում էր նրանց, որ ձեզ համար լավ կլինի որ գնամ և Մխիթարիչը՝ Սուրբ հոգին ուղարկեմ ձեզ, որպեսզի հիշեցնի այն բոլոր բաները որ խոսել եմ ձեզ, և ճշմարտության Հոգին ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ:
Հաջորդ գլխի մեջ նկարագրված է, թե ինչպես Տէր Հիսուս հայացքը դեպի երկինք ուղղելով խնդրում է Հորը, որ փառավորի Իրեն, որպեսզի Ինքն էլ փառավորի Հորը: Մեր պատկերացումների մեջ փառավորել բառը բոլորովին այլ իմաստ ունի, և միայն դրական առումով է հնչում որպես մեծարանք, որպես գնահատանք: Մենք երբեք մեկի մահը կամ դաժան սպանությունը չենք կարող համարել փառավորել: Իսկ մենք գիտենք, թե ի՞նչ է խնդրում Տէր Հիսուս Իր Հորից՝ ժամը մոտենալու պահին;
Հայրը փառվորում է Որդուն՝ թույլ տալով Նրա խաչելությունը: Որդին փառավորում է Հորը խոնարհությամբ խմելով այն բաժակը, որն անկարելի եղավ Իրենից հեռացնել: Աշակերտների ներկայությամբ Հիսուս Քրիստոս խոնարհությամբ հաշվետվություն է տալիս Հորը՝ իրեն վստահված գործերի կատարման մասին; Պատմում է Հորը, որ իր ընտրյալ աշակերտներին տվել է այն ամենը, ինչը վերցրել էր Հորից և աշակերտները հավատացել են, որ Հիսուս Քրիստոս Հոր մոտից է ելել ու եկել և դարձյալ պիտի գնա Հոր մոտ:
Իրապես այստեղ տեղի է ունենում մի խոսակցություն, որը դժվար ընկալելի է մեզ նման պարզ մարդկանց համար, որ այսքան կարդացել ենք: Իսկ որքան անհասկանալի էր աշակերտների համար, որոնք փորձառություն չունեին, ամեն ինչ իրենց հետ էր պատահելու, հատկապես, որ նախօրոք չգիտեին ոչինչ; Սակայն Տիրոջ նախախնամությունն էր, որ ամեն ինչ իր ժամանակին եղավ, և Սուրբ Հոգին աշակերտներին ուղղորդեց ճշմարտության ճանապարհով;
Սիրելի հավատացյալներ, հատկապես Հովհաննեսի Ավետարանը, որը Քրիստոսի սիրո և աստվածության մասին է, շատ զգուշությամբ պետք է կարդալ: Յուրաքանչյուր տողի վրա կանգնել, խորհել, հասկանալ, թե ինչ է ուզում ասել հատկապես մեզ՝ այսօրվա 21 րդ դարի քաղաքակրթությանը զոհ գնացած քրիստոնյաներին, որոնք աշխարհի աճպարարական խաղերից հոգնած կորցրել են իրենց գլուխը; Եթե քրիստոնյան հեռանա Աստվածաշնչյա ճշմարտությունից, աշխարհի ալեկոծ ծովի մեջ տարուբերվելով կարող է ափից ափ զարնվելով խորտակվի մի օր: Տէր Հիսուս Քրիստոս ասում է,- Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը գալով աշխարհին պիտի ապացուցի, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում: Աշխարհի համար մեղք է համարվում այն, որ Քրիստոսին չհավատացին; Աշխարհը ընդունո՞ւմ է արդյոք իր մեղքը: Անշուշտ չ՛ի ընդունում: Աշխարհում արդարույթուն կա՞: Իհա՛րկե չկա: Աշխարհը այսօր էլ Պիղատոսի պես ձեռքերը լվանում է մարդկության խաչելությունից հանուն խոշոր շահերի: Աշխարհը այսօր էլ նույն անտարբերն է համայն մարդկության ցավերի ու հոգսերի նկատմամբ: Աշխարհը այսօր նույն կեղծիքի ու ստի մեջ է ինչպես որ Հիսուս Քրիստոսի ժամանակ էր; Երբեմն մարդիկ դիմում են Աստծուն, հարցումով՝ Տէր Աստված ինչո՞ւ…
Մինչդեռ պետք է զարմանքով հարցնեն՝ Տէր Աստված ինչո՞ւ հիմա, 2000 տարի է մենք հալածում ենք Քեզ... մեր անհավատությամբ:
Սիրելիներ, մենք որ մեզ քրիստոնյա ենք համարում, մեր գլխավոր նպատակը պետք է լինի աստվածպաշտությունը: Երբ մենք ասում ենք Աստվածպաշտություն, չի նշանակում որ Սուրբ Գիրքը մեզ ստիպում է լինել հոգևոր ֆանատներ: Ո՛չ, մենք կարող են ունենալ տարբեր հետաքրքրություններ տարբեր ոլորտներում, բայց մեր հավատքը պետք է ուղղված լինի միայն մեր Արարիչ Աստծուն, որը կառավարում է երկինքն ու երկիրը, որպեսցի Նա լինի մեր ուշադրություակ կենտրոնում; Նրա կամքը հիմք ունենալով մենք կկարողանանք սխալը ճշտից զատել: Չարը բարուց տարբերել: Կեղծիքը ճշմարտությունից զանազանել: Մեր արտաբերած մտքերի հիմքում եթե աստվածաշնչյան ճշմարտություն չկա, համարեք, որ դրանք դատարկ բառերի շարան է ընդամենը: Բայց դուք մնացեք սիրով՝ ձեր ուշադրության կենտրոնում թող լինի Աստծու խոսքը, և դրա վրա կառուցեք ձեր մտքերը: Այսօրվա հարցն այսպիսին է. Քեզ համար ամբողջությամբ հասկանալի՞ է Աստծու պահանջը քեզնից.
Աղօթենք միասին
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ երեւելի լուսով Քով զուարճացուցեր զամենայն արարածս Քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց Քոց զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի Քեզ: Զօրացո՛ եւ զմեզ, Տէ՛ր, ի պահպանութիւն պատուիրանաց Քոց ի տուընջեանս յայսմիկ եւ յամենայն ժամանակի, որպէս զի լուսաւորեալ մտօք միշտ զհաճոյս Քո արասցուք եւ հանդերձեալ բարեացդ հասցուք ընդ ամենայն սուրբս Քո շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառնդ մերոյ եւ Փրկչիդ Յիսուսի Քրիստոսի, Որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
Խաղաղութի՛ւն մեր եւ Կեա՛նք, որ ի Հօրէ առաքեցար, Միածին Որդի՛ Աստուծոյ, Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսո՛ւս Քրիստոս, տո՛ւր մեզ զխաղաղութիւն Քո, զոր շնորհեցեր սրբոց Քոց առաքելոց փչմամբ Քո ի նոսա զկենդանացուցիչ եւ զամենազօր Հոգիդ Քո Սուրբ. որպէս զի եւ մեք խաղաղացեալք յամենայն աշխարհական սահեցմանց՝ լիցուք տաճար եւ բնակարան աստուածային շնորհացդ եւ գոհանալով փառաւորեսցուք զՔեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ, Քրիստոս Աստուա՛ծ մեր, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: