ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 5.17-26
Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր: 18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ: 19 Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ՝ Յիսուսի առաջ: 20 Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»: 21 Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»: 22 Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23 ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 24 Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին), քեզ եմ ասում. վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 25 Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն: 26 Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ, բարի օր եմ մաղթում ամենքիդ, Տիրոջ ողորմությամբ. Շնորհակալ ենք Աստծուն այս առավոտի համար, որ նորից միասին ենք ուղիղ եթերում, իսկ մեր թեման միշտ նույնն է՝ մեր Հանապազօրյա Հացը: Եթե մենք մեր մարմնի քաղցը հագեցնելու համար սնվում ենք օրական մի քանի անգամ, պարտավոր ենք հիշել, որ ունենք նաև հոգևոր քաղց, որն առավել է, քան մարմնավորը: Ձեզ մի գաղտնիք բացեմ այսօր: Երբ որ նախաձեռնեցի այս հաղորդաշարը, մտքումս մի ցանկություն կար միայն՝ ամեն գնով Աստծու քաղցր խոսքը հասցնել Իրեն հավատացող ամեն մեկին: Չնայած որ հազարավոր տեսանյութեր ունեմ յութուբում ամենատարբեր ավետարանական թեմաներով: Սակայն անմիջական կապ չի ստեղծվում ձեզ հետ այդ տեսանյութերի միջոցով:
Իսկ մեր ամենօրյա այս հանդիպումը հուսամ, որ կծառայի իր նպատակին: Որպես հոգևորական, ինձ հանձնված է հոտի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը: Պետրոսի պես ինձ էլ է ասված,- սիրո՞ւմ ես Ինձ, արածեցրու իմ հոտը: Հետևաբար իմ հայացքը ուղղված է Քրիստոսի օրինակին, որն ուսուցանում էր, առաքյալների օրինակին, որոնք քարոզում էին:
Պողոս առաքյալը այրված սրտով նամակ է գրում բոլոր եկեղեցիներին, որովհետև տեսնում է եկեղեցիներում տեղի ունեցող իրավիճակը: Քրիստոս արդեն դիպել էր Պողոս առաքյալի սրտին, առաքյալը լցվել էր Քրիստոսի սիրո ջերմությամբ և չէր բավարարվում հեթանոսների քարոզությամբ, նաև առանձին նամակներ էր գրում մարդկանց՝ հնարավորինս արագ տարածելու Քրիստոսի Լույսը, որը երեք օրով կուրացրել էր իր մարմնավոր աչքերը, բայց լայն էր բացել իր հոգու աչքերը և նա տեսել էր Քրիստոսին: Գաղատացիներին ասում է,- ձեզ համար ես երկունքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանավորվի ձեր մեջ: Այսպիսի սրտացավություն է ուզում Հիսուս Քրիստոս, որ իր առաքյալները, հետագայում նաև իր քահանայական դասը Քրիստոսին կերպարանավորեն հավատացյալի սրտում: Որից հետո հավատացյալը կարող է ինքնուրույն պայքարել չարի դեմ:
Այսօրվա Ավետարանում Տէր Հիսուս Իր մոտ բերած անդամալույծին ասում է,- Ով մարդ, Քո մեղքերը քեզ ներված են:
Մեղքերի ներումից հետո մարդը կարողանում է քայլել ինքնուրույն: Մինչդեռ նրան մահիճով էին բերել: Ուրեմն մեղքն է, որ մարդուն գամում է հաշմանդամության մեջ, մեկի ոտքերը, մեկի ձեռքերը, մեկի ողջ մարմինը, և որ ամենասարսափելին է՝ շատերի սիրտն պահում կարծրացած ու անզեղջ անդամալուծության մեջ:
Սիրելիներ, իմ քարոզության նպատակը ամենևին մարդկանց քանակություն հավաքելը չէ, լայքերը չէ, ամենները չէ, աղոթքներ գրելը չէ: Իմ միակ նպատակն այն է, որ դուք Քրիստոսին գտնեք Աստվածաշնչի սերտողության մեջ, մեղքի գիտակցություն ունենաք ամեն օրվա ընթերցվածքից հետո, անկեղծ զղջում և խոստովանություն ունենաք ձեր եկեղեցիներում:
Երբ որ անդամալույծի մեղքերը ներեց Քրիստոս, որից հետո նրան ասաց, -վեր կաց, քայլիր ու գնա քո տունը:
Արդեն ինքդ կարող անել այդ, բայց այլևս մի մեղանչիր, որ չկրկնվի քո անդամալուծությունը;
Քանի որ մեղքերի արձակումից հետո անդամալույծի սրտում փոփոխություն տեղի ունեցավ, և դա ոչ ոք չէր կարող նկատել:
Դրա համար ասաց,- վեր կաց քայլիր ու ինքնուրույն գնա: Այս երևույթը հայհոյություն թվաց օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին, որոնց սիրտը վաղուց արդեն անդամալույծ էր իրենց հպարտության ու կեղծավորության մեղքի պատճառով:
Մենք ամեն օր ականատես ենք լինում աշխարհի իրադարձություններին, տեսնում ենք, թե ինչպես աշխարհի սիրտը անդամալույծ է դարձել ուրիշի ցավի նկատմամբ և գերտերությունները ջանում են ճրագը կաթսայի տակ պահել, աղի անհամության փաստը քողարկել, հանուն շահերի արդարությունը անիրավությամբ բռնած պահել: Մենք այս երևույթը պատերազմական այս օրերին զգացինք մեր սեփական մաշկի վրա:
Իսկ եկեղեցին չի կարող աղ ու լույս լինել, եթե Աստվածաշունչը չմեկնաբանի կյանքի իրադարձություններին համընթաց: Եկեղեցին է, որ ճշմարտության կրողն ու փոխանցողը պետք է լինի՝ անակախ միջազգային հարաբերություններից:
Եկեղեցին է, որ «Հիտլերին» պետք է ասի, որ չարը՝ չար է, բարին էլ՝ բարի է: Շիտակ խոսելն է աղը, լույսը և արժանապատվությունը: Առակաց գիրքն ասում է,- առանց հանդիմանության խրատելը սխալ է: Հիսուս Քրիստոս ինչպի՛սի հանդիմանության խոսքեր էր ասում կեղծավորներին ու երեսպաշտներին; Ո՛չ մեկի գլուխը չէր շոյում, հանուն նրա փրկության:
Ինչու հոգևո՞ր աճ չկա այսօր: Ինչո՞ւ հոգևոր առաջընթաց չկա այսօր: Կարո՞ղ եք պատճառներ գրել մեկնաբանություններում: Միասին հասկանանք, թե որտե՞ղ է բացը: Ես ցավում եմ, որ նույնիսկ շատերը չեն զգում, որ բացթողում կա: Ոչ թե բացթողում, այլ՝ վիհ կա Քրիստոսի և հավատացյալի միջև: Եկեղեցու և հավատացյալի միջև այնպիսի անդունդ կա, ինչպիսին էր մեծահարուստի և աղքատ Ղազարոսի միջև: Որովհետև շատերը ասում են,- փառք Աստծուն, եկեղեցին լիքն է, մարդիկ գալիս են իրենց մոմը վառում գնում են, ուխտագնացություններ կազմակերպում են, երիտասարդական միություններ կան եկեղեցիներում, տիկնանց միություններ կան, երիտասարդների համար կազմակերպվում են ժամանցային ծրագրեր, Պատարագներին մարդիկ մասնակցում են, առավոտյան և երեկոյան ժամերգություններ կան, հոգեհանգիստներ են անում, մենո հավատամքը գիտենք, Հայր Մերը գիտենք, լսում ենք քարոզների ժամանակ, որ Քրիստոս սեր է, և մենք էլ պետք է սիրենք միմյանց: Էլ ի՞նչ է պետք քրիստոնյային: Ասե՛ք ինձ հիմա դուք, որ ինձ լսում եք, ի՞նչ է պետք այսօրվա քրիստոնյային՝ իր փրկության համար:
Սիրելիներ, ես ձեզ պետք է հիասթափեցնեմ: Քրիստոնյայի առաջնային պարտականությունները դրանք չեն:
Չեմ առարկում, որ դրանք էլ կարող են նպաստել հոգևոր կյանքի ընթացքում, բայց մեր շեշտը ա՛յլ տեղ պետք է դրվի:
Հիսուս Քրիստոս Իր առաքելությունը սկսեց ապաշխարություն քարոզելով, Հովհաննես Մկրտիչը նո՛ւյնը արեց:
Համբարձումից առաջ Տէր Հիսուս Քրիստոս աշակերտներին պատվիրեց մկրտել ու սովորեցնել այն ամենը, ինչը իրենք են սովորել: Օգնել մարդկանց մեղքերից ազատվել: Ես հավատացյալներ գիտեմ, որ տարիներով եկեղեցին են գնում ու գալիս, բայց նրանց կյանքի մեջ շրջադարձային փոփոխություն չի նկատվում: Ե՛վ Պատարագ են գնում և մեղավորի հետ են համագործակցում: Ե՛վ Աստվածաշունչ են կարդում, և՛ չար ծրագրերի տակ են ստորագրում: Սիրելինե՛ր լույսը չի կարող խավարի հետ նստել բանակցությունների՝ նույն սեղանի շուրջ:
Նայեք աշխարհին և տեսեք, թե որքան է անտեսված Քրիստոսի խոսքը, որքան է ձևափոխված Ավետարանի ճշմարտությունը՝ հանուն փառքի: Քրիստոսի բերած հավասարությունը բացառվել է; Մեկը սեփական ինքնաթիռով իր շանը տանում է մի այլ քաղաք ցուցահանդեսի, իսկ պատերազմի հաշմանդամը խանութում երկար մտածում է՝ պանի՞ր գնի, թե՞ երշիկ: Սա է աշխարհի արդարությունը, բայց դո՞ւք որ քրիստոնյա եք, պետք է կարողանաք բարձր պահել քրիստոնեական արժեքները, Քրիստսի խոսքն ու վարդապետությունը: Մեր մեղավոր անձերը պետք է տանենք Քրիստոսի առջև և թողություն խնդրենք անդամալույծի պես;
Մենք իրավունք չունենք Քրիստոսի առջև ներկայանալ իբրև արդար, բայց գործերով՝ չարի գործակից: Չկա ծածուկ բան…
Եկեղեցու ձայնը, տեսակետը և գնահատականը պետք է հնչի առաջի՛նը և երեբե՛ք տողատակ չունենա;
Սա է Քրիստոսի պահանջը մեզնից; Մենք ենք եկեղեցին և Քրիստոսն է մեր գլուխը: Եկեղեցին հա՛րսն է, իսկ Քրիստոս փեսա՛ն: Փեսայի փառքն ու պատիվը բարձր պահողը հա՛րսն է, Նրա գլխին ծաղկեպսակ, կամ փշե փսակ դնողը եկեղեցի՛ն է, որ մենք ենք: Եկեղեցականի դերը կայանում է նրանում, որ մեղավոր մարդուն հասցնի Անմեղ Քրիստոսին, ինչպես անդամայույծին բերեցին Քրիստոսի մոտ և ոտքի կանգնեցրեց: Մարդը Աստծուն միշտ պետք է, քանի որ սիրում է մարդուն: Իսկ Աստված մարդուն պետք է, երբ մարդը կարիքի մեջ է միայն; Սիրելիներ, հուսամ, որ ասելիքս կարողացա հնարավորինս հակիրճ հասցնել ձեզ: Իմ նպատակն է ձեզ հասցնել Քրիստոսին: Ձեր նպատակն էլ պետք է լինի անդամալույծի հավատքն ունենալ, որպեսզի ձեր սրտում էլ զգալի հեղաշրջում կատարվի, և ինքնուրույն կարողանաք փորձություններից պատվով դուրս գալ: Եթե այսօրվա սերտողությունը մեկի մոտ զղջման և արտասուքի զգացողություն առաջացնի, և նա Պետրոսի պես դառնապես զղջա, ուրեմն՝ երկնքում մեծ ուրախություն կլինի այդ մեկի համար: Սա է հոգևորական- հավատացյալ հարաբերությունն ու պարտականությունը Քրիստոսի առջև:
Մնացեք սիրով, մի խուսափեք հանդիմանական խրատներից, որոնք բխում են ձեր շահերից և նպաստում են ձեր փրկությանը:
Այսօրվա հարցը՝ Քեզ արդեն հանձնե՞լ ես Քրիստոսին՝ մեծ Բժշկապետին, բուժվելու համար:
Աղօթենք միասին
Ամենակարող Տեր Աստված, հավիտենական փառքի Թագավոր, Դու գիտես, որ միայն այն մարդն է երանելի, ով արհամարհելով մեղավորների ճանապարհը՝ Քո օրենքի պատվիրանների մասին է միայն գիշեր-ցերեկ խորհում: Սովորեցրու ինձ՝ մեղավորիս, ի սրտե, երկյուղով ու դողալով և դողով հավատարմորեն ծառայել Քեզ:
Եվ երբ իմ ձայնով խոնարհաբար կանչեմ Քեզ լսիր և ողորմածաբար ականջ դիր իմ խոսքերին և զայրույթով մի՛ լքիր ինձ՝ մեղավորիս, որպեսզի չհափշտակի հին թշնամին և առյուծի նման հոշոտի ինձ, և չգտնվի մեկը, որ «փրկի ինձ և Պահպանի»: Սակայն Դու, Տե՛ր, -ի՜նչ հրաշալի է Քո անունը ողջ աշխարհում, և Քո փառքը որքա՜ն վեր է երկնքից,
Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար ե՛լ, նայիր և լսիր ինձ, Տե՛ր, որովհետև Դու աղքատի մտածմունքն ես և հույսը նրա: Տուր ինձ, Աստված իմ, ընթանալ անբասիր և արդար գործեր կատարել. թող իմ ժառանգության բաժինը Քո ողորմածության շնորհը լինի: Պահպանիր ինձ աչքի բբի պես, Քո թևերի հովանու տակ ծածկիր ինձ, որովհետև Դու իմ զորությունն ես, իմ պահպանիչը և իմ ապավենը: Իմ մեղքերի գաղտնիքներից մաքրիր ինձ և օտարներից պահպանիր
Քո ծառային, Տեր: Առաքիր ինձ օգնություն Քո սրբարանից և իմ սրտի ցանկացածը իրագործիր: Ամեն.
Սբ Իգնատիոս Անտիոքացի. (սաղմոսնորի հավաքածու)