ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.11-16
Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի: 12 Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: 13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: 14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: 15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: 16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ, բարի օր եմ մաղթում ամենքիդ, ուր որ գտնվում եք: Մի հարց տանք մեզ և սկսենք մեր օրվա սերտողությունը: Առավոտյան աչքերը բացելիս, ի՞նչ միտք է պտտվում ձեր գլխում: Եթե գոհության ցանկություն է, ուրեմն ամեն բան կարգին է, որովհետև, ով գոհանում է առավոտ արթնանալուց, նա կհաջողի իր գործերի մեջ, քանի որ քչից գոհացողը շատի մեջ անպայման գոհ կլինի: Վաղը՝ առավոտյան արթնանալիս հիշեք, թե առաջինը ի՞նչ միտք էր, որ արտաբերեցիք:
Մեր օրը, տարին և առհասարակ մեր կյանքը կախված է մեր որոշումներից, մեր մտքերի իրականացնելուց և արդյունքը ճիշտ գնահատելուց: Վերցնենք ցանկացած փորձություն մեր կյանքից և անաչառորեն վերլուծենք, կտեսնենք, որ մենք ենք մեղավոր, ամենատարբեր պատճառներով՝ հապճեպ որոշում կայացնելու, շահի ակնկալիք ունենլու, սեփական ուժերին վստահելու, համառությամբ խորհուրդ չլսելու և այլն:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս Հովհաննես առաքյալի բերանով մեզ ասում է, որ ձեր ուրախություն չի կարող կատարյալ լինել, եթե դուք ձեր մեջ չունենաք Իմ խոսքը: Քրիստոսի աշխարհ գալը գլխավոր նպատակ ուներ: Դա մարդկության փրկությունն էր, որի համար Տէր Հիսուս վճարեց շատ բարձր գին՝ Իր Արդար Արյունը: Երկրորդ նպատակը Իր վարդապետությունը որոշակի մարդկանց փոխանցելն էր, ինչը արեց Իր աշակերտների միջոցով: Այսինքն մարդկությանը փոխանցեց ուրախ ապրելու բանաձևը: Ինքը ընտրեց այնպիսիներին, որոնց վրա վստահություն ուներ, որ Իր տված զորությունն ու իշխանությունը ի նպաստ մարդկությանը կգործածեն: Ինքը ընտրել էր նաև Հուդային, սակայն Հուդան վաճառեց իր պատվավոր կոչումը երեսուն արծաթով: Այս որոշումը Հուդայի սեփական նախաձեռնությունն էր, ո՛չ ոք նրան չէր ստիպել: Հուդան շտապեց իր որոշման մեջ, ինչպես որ մենք ենք շատ ու շատ անգամներ որոշումներ կայացնում և փոշմանում: Բայց երբեմն փոշմանելը օգուտ չի բերում, եթե զղջում չկա արարքիդ մեջ:
Մյուս աշակերտներն էլ սայթաքեցին, բայց արագ կողմնորոշվեցին և դառնապես զղջացին իրենց արարքը: Հուդան չուզեց, որ իր ուրախությունը կատարյալ լինի, նրան բավական էր միայն երեսուն արծաթը: Այն խոսքերը, որ ասվեց աշակերտներին, լսեց նաև Հուդան: Բայց սատանան արդեն թիրախավորել էր Հուդային, քանի որ Ավետարանն ասում է, գող էր և սիրում էր գանձանակից գողանալ:
Ո՛չ ոք չի կարող Հուդային մեղադրել նրա վարքի համար: Նաև ոչ ոք չի կարող խոստանալ, թե ինքը Առաքյալների նման պատրաստ է Քրիստոսի համար հալածվել ու խաչվել: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հիսուս Քրիստոսի խոսքը մարդու կյանքում ի՞նչ հարթության վրա է: Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդը ի՞նչ զորություն ունի առաջարկած մեղքը հիմնովին մերժելու:
Տէր Հիսուս փնտրում էր աստվածաշնչյան մարդ, այնպիսի մարդ, որը կկոփվի Աստծո խոսքից և կամք կդրսևորի մեղքը մերժելու: Հիսուս Քրիստոս սրբեր չփնտրեց իրեն աշակերտելու համար, այլ մեղավորներ՝ որ սրբանան: Տէր Հիսուս Քրիստոսի մարդկային բնության կատարելությունը մեղքը մերժելու մեջ է: Երբ անապատում սատանան փորձության մատնեց, Նա միամգամից մերժեց առաջարկը՝ հիմնավորելով Սուրբգրային համարներով; Նույնը առաջարկում է մեզ, որպեսզի Իր խոսքով առաջնորդվեք՝ մեր կյանքը ուրախ ապրելու համար: Եթե քահանայապետներն ու Հուդան մերժեին մատնության և խաչելության մեղքը, Տէր Հիուս գուցե այլ լուծում գտներ փրկության համար: Մեր պարտքն է մերժել մեղքը, այնուհետև սատանան կհեռանա մեզնից:
Իրականում այնքան պարզ է մեխանիզմը, որ երբեմն զարմանում ենք, թե ինչպե՞ս մարդը կարող է սխալ ընտրություն կատարել չարի և բարու միջև: ժամանակակից աշխարհը ամեն ինչ անում է, որպեսզի աստվածաշնչյան մարդուն փոխի և դարձնի անհասկանալի մարդ: Ժամանակակից հակամարդկային և հակաքրիստոնեական բարքերը առաջարկում են ամեն տեսակ աղբ՝ անվանելով դրանց՝ արժեհամակարգ:
Դուք տեսե՞լ եք մարդ, որն իր լեզուն կամավոր կտրում և դարձնում է օձի լեզու: Մարդը նկարում է իր մարմնի վրա առանց վատ զգալու: Մեծացնում և փոքրացնում են իրենց մարմնի անդամները, փոխում են մաշկի և աչքերի գույնը, փոխում են սեռը, ծակում են իրենց քիթը, շրթները, պորտը, ինչը տեսանելի է պարզ աչքերի համար: Մեղքը միշտ եղել է, բայց միայն մեր օրերում են փորձում մարդուն իր բարձունքից գցել և հավասարեցնել անասնական վիճակի:
Կարելի՞ է ասել, որ մարդը չի համակերպվում Աստծու ստեղծած պատկերի հետ և ձևափոխում է այն՝ ըստ ժամանակի պահանջ: Այս արարքը այնքան տարածված է, որ նույնիսկ մեղքերի շարքում չի դասվում ըստ ժամանակակիցների:
Մարդկությունը երբեմն միջամտում է Աստվածային նախախնամությանը, իր հաճույքների համար:
Աստվածաշունչը այդքան խոսում է սիրտ օրգանի մասին և շատ կարևոր տեղ է հատկացնում սրտին՝ ասելով որ ձեր սիրտը՝ ձեր չհրկիզվող պահարանն է, այնտեղ եք պահում ամեն գաղտնի միտք: Ինչպես որ ինքնաթիռների մեջ՝ սև արկղն է:
Սակայն մոռանում ենք, որ Աստված է մեր սրտի ճշմարիտ Վերակացուն:
Մենք՝ քրիստոնյաներս, և առհասարակ մարդկությունը չի սիրում վերլուծություններ անել իր կյանքի մութ հատվածների վերաբերյալ, համարում է, որ դրանք ժամկետնանց են և մոռացված: Սակայն իրականում դրանք ապրում են մարդու հետ և ամենահարմար պահին գլուխ են բարձրացնում և կորստյան մատնում մարդուն:
Սիրելիներ աստվածաշնչյան մարդը բոլոր դարերում մոդայից դուրս չի գալիս, քանի որ Բարձրյալն Աստծու ճաշակով արարված:
Մենք իմացանք, թե ինչ է նշանակում լիակատար ուրախություն ունենալ՝ ըստ Տիրոջ պատգամի: Իմացանք նաև թե ո՞րն է պայմանը ուրախ լինելու::
Հաջորդ համարում Տէրը պատվիրում է սիրել միմյանց այնպես, ինչպես որ Ինքը սիրեց մեզ: Սիրելը ևս պայման ունի և շատ ծանր պայման՝ ինչպես որ ինքը սիրեց մեզ: Նախ պատվիրեց, որ ուրախ լինենք, իսկ ուրախ մարդը՝ աստվածաշնչյան մարդն է:
Աստվածաշնչյան մարդու համար հասկանալի են սիրելու պայմանները: Սիրելու առաջին պայմանը վատություն չանելն է: Անդրադառնանք Տէր Հիսուսի կյանքի երեք տարիներին, գործունեությանը, և ուսուցմանը, քանի որ իր խոսքն է մեր կյանքի ընթացքի հիմքը: Ո՛չ մի դեպք չենք հանդիպի սուրբ Գրքում, որ մեր Տէր Հիսուս Քրիստոս որևէ մեկին հաճոյանա, իշխան թե՞ ռամիկ: Ո՛չ մի դեպք չենք հանդիպի, որ որևէ մեկին վատություն անի: Կարդացե՞լ եք երբևէ, որ Հիսուս Քրիստոս մեկին փաղաքշական խոսքեր ասի, կամ մեծարի; Ո՛չ չենք հանդիպել:
Իսկ մեզ ասում է միմյանց սիրեք այնպես, ինչպես Ես սիրեցի: Մարդկային սիրո չափանիշները բոլորովին այլ են՝ հաճոյանալ, քնքուշ խոսքեր ասել, օրվա մեջ տասն անգամ ասել, որ քեզ սիրում եմ, բայց ոչ մի անգամ ցույց չտալ: Մենք՝ սիրել պատկերացնում ենք միայն ջերմ հարաբերությունների մեջ, ոչ թե ծառայելու պատրաստակամության մեջ: Այդ պատճառով մեր ունեցած սերը մարում է ինչպես այրվող լուցկու կրակը: Լուցկու կրակն այնքան ժամանակ է պետք, մինչև վառի մեզ անհրաժեշտ բանը: Իմացանք նաև սիրելու գաղտնիքը՝ որ խոսքերի և գրկախառնության մեջ չէ, այլ ծառայության:
Հաջորդ պարբերության մեջ Տէր Հիսուս ասում է, դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ:
Կարծում եք հե՞շտ է Քրիստոսի բարեկամ կոչվել առանց պայմանի, առանց Իր խոսքը կատարելու: Իհարկե ո՛չ:
Նույնիսկ մի նախարարի առանց պատճառի չես կոչվի բարեկամ, եթե արյունակցական կապ չկա: Երբեմն նույնիսկ պաշտոն ստանձնելուց հետո, անտեսում են արյունակից բարեկամներին;
Իսկ Տիեզերքի Արարիչը մեզ շնորհ է անում և իրեն բարեկամ է կոչում: Նույնիսկ մեր մեղավոր բնությամբ կոչում է բարեկամ, որպեսզի Իր խոսքի միջոցով աստիճանաբար արժանանաք բարեկամի բարձր կոչմանը:
Սիրելի ունկնդիրներ, Տէր Հիսուս Քրիստոսի խոսքը հավիտյան է, անփոփոխ է, անքննելի է, և փրկության բանալին է:
Մենք այսօրվա պատգամից սովորեցինք, որ կարող ենք կատարյալ ուրախ լինել, կարող ենք միմյանց սիրել, և Քրիստոսի բարեկամը կարող ենք լինել մեկ պայմանով, երբ կատարենք իր խոսքը: Ուրիշ պայման պետք չէ՛ փնտրել, քրիստոնեությունը պետք չէ՛ դարձնել ինքնահնար կանոններր և դրանով առաջնորդվել, գնալով սխալ ուղղությամբ, ինչը տեսնում ենք ամեն օր և ամեն ժամ; Կառչած մնացեք Աստվածաշնչին, եկեղեցու վարդապետությանը և մեր Հայրերի գրվածքներին: Եկեղեցում թերություն կա՞, ա՛յո, կա: Ձեր տանը թերություն կա՞, այ՛ո կա: Ձեր աշխատանքի մեջ թերություն կա՞, անշուշտ կա: Այս թերությունները կան ամենուր, որովհետև Քրիստոսի խոսքը երբեմն հարմարեցվում է իրավիճակի հետ, ըստ ցանկության: Սակայն մեր նպատակը միայն մեր անձերի քննությունն է առավել: Մնացեք սիրով՝ միշտ պտղատու Քրիստոսի այգում, որը ձեր տունն է, ձեր աշխատավայրն է, ձեր եկեղեցին է: Այսօրվա հարցը այսպիսին է. Դու ուրա՞խ ես, դու սիրո՞ւմ ես ինչպես Քրիստոս, դու Քրիստոսի բարեկամն ե՞ս:
Աղօթենք միասին
Յիշեա՛, Տէ՛ր, զբանակն հայոց, զզինվորականս նորա և զսահմանս նորա, զպաշտօնեայս Քո, զծնողսն մեր, զվարդապետս, զեղբարս, զընկերս, զկերակրողս, զուխտաւորս, զճանապարհորդս, զհանգուցիչս, զվաստակաւորս, զխոստովանողս, զապաշխարողս, զգերիս, զհիւանդս, զնեղեալս, զիշխանս, զչարարարս, զբարերարս, զթշնամիս, զատելիս եւ որք պատուիրեցին մեզ հաւատով: Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, Քո անմոռաց գիտութեամբդ եւ անբաւ մարդասիրութեամբդ յիշեա՛ զամենայն հաւատացեալս ի Քեզ եւ ողորմեա՛ ամենեցուն: Օգնեա՛ եւ փրկեա՛ յիւրաքանչիւր վտանգից եւ ի փորձութեանց: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: