ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 4.31-42
Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը եւ շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց: 32 Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը իշխանութեամբ էր: 33 Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34 «Թո՛ղ մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես. Աստծոյ Սուրբն ես դու»: 35 Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Դեւը մէջտեղում գետնին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան: 36 Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»: 37 Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում: 38 Եւ նա, ժողովարանից դուրս գալով, մտաւ Սիմոնի տունը: 39 Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր: Նրա համար Յիսուսին աղաչեցին: 40 Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան: Հիւանդն անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց: 41 Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէս-պէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում եւ նրանց բժշկում: 42 Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դու ես Աստծոյ Որդին»: Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ներկաներ, որ ամեն օր սպասում եք մեր ուղիղ եթերին: Աստված թող ավելացնի ձեր հավատքը՝ ձեր լսածների միջոցով, որպեսզի դուք էլ կարողանաք ձեր լսածը փոխանցել անտեղյակ և քնած ականջներին:
Ամեն օր Ավետարանի սերտողության ժամանակ դուք ձեր մտքում ունեցեք այն կարևոր գաղափարը, որ Ավետարանը գրված է ոչ թե որևէ մեկի, այլ հենց քեզ համար, և վերաբերում է միայն քեզ: Եթե մենք մեզ հեռու նկատենք ավետարանական ճշմարտություններից, առակներից ու պատգամներից, ապա Աստվածաշոինչը կդառնա մեզ համար օտար:
Այժմ ձեզ հետ միասին տեսնենք, թե այսօրվա պատգամը անձամբ մեզ ի՞նչ ունի ասելու: Ո՞րն է մեր այսօրվա դասը:
Տէր Հիսուս դուրս եկավ Իր ծննդավայրից և դարձյալ եկավ Կափառնայում քաղաքը, որտեղ արդեն բազում զորավոր գործեր էր արել: Ըստ սահմանված կարգի շաբաթ օրերը ժողովարանում ուսուցանում էր տեղի ժողովրդին: Այս քաղաքում էլ մարդիկ հիացած էին Նրա իմաստուն խոսքի և հատկապես հեղինակությամբ արտասանած մտքերի վրա: Ժողովարաններում որոշ մարդիկ գալիս էին լսելու Նրա խոսքը, որոշ մարդիկ գալիս էին բժշկվելու համար: Բայց Տէր Հիսուս զգուշացնում էր բոլոր բուժվածներին, որ Իր մասին չբարձրաձայնեն, և լուրը չտարածեն: Սակայն բժշկված հիվանդները, որոնք տարիներ շարունակ տառապել են այդ հիվանդությամբ, և հիմա մի ակնթարթում բուժվել են, ինչպե՞ս կարող են լռել, և իրենց ուրախությունը չհայտնել բոլորին:
Այս երևույթը շատ ժամանակ պատճառ էր դառնում, որպեսզի Հիսուս Քրիստոս բացահայտ չերևա քաղաքում, և նա ուսուցանում էր շատ հաճախ քաղաքից դուրս:
Մեկնաբաններն ասում են, որ բորոտությունը մի վատ հիվանդություն էր, որ տրվել էր հրեաներին՝ իրենց անհավատության համար: Հրեական սովորության համաձայն բորոտությամբ տառապող անձը քահանայի հաստատումից հետո պետք է մեկուսանար մի առանձին վայր՝ իրենց համար նախատեսված, մինչև մաքրվեր և իրավունք ունենար քաղաք մտնելու: Մինչև այդ վայրը հասնելը ճանապարհին պետք է բարձ ձայնով աղաղակեր, որ ինքը բորոտ է, որպեսզի պատահաբար որևէ մեկը միամիտ նրան չկպներ: Հիսուսի մոտ բերեցին մի բորոտ, որին դիպավ Հիսուս և բորոտը մաքրվեց նույն պահին: Հիսուս պատվիրեց, որ գնա և քահանային ցույց տա իրեն, որպեսզի թույտվություն ստանա ազատ տեղաշարժվելու: Այս բորոտը արդեն իրավունք ստացավ ազատ քաղաք մուտք գործելու: Դրան հակառակ Տէր Հիսուսի քաղաք մտնելու հնարավորությունը օրեցօր սահմանափակվում էր, լուրը արագ տարածելու և մարդկան մեջ մեծ հռչակ ունենալու պատճառով: Ժողովարանում եղած ժամանակ Հիսուսի մոտ բերեցին մի մարդ, որին բռնել էր մի պիղծ չար ոգի: Այս դիվահար մարդը, որը գտնվում էր չարի կապանքների մեջ, տեսնելով Հիսուսին աղաղակ է բարձրացնում, ասելով,- Հիսուս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից, մեզ կորստյան մատնելո՞ւ եկար, Աստծո Սուրբ, մենք գիտենք քո ո՛վ լինելը: Իսկ Հիսուս լռեցնում էր նրան, հրամայելով, որ դուրս գա այդ մարդուց:
Չար ոգին ճանաչում է Հիսուս Քրիստոսին, բացի ճանաչելուց նաև ենթարկվում է Նրան, ենթարկվելուց բացի վախենում է որ Հիսուս իրեն կորստյան կմատնի: Սակայն Հիսուսի լռեցնելու նպատակն այլ էր, նախ, որ նախորդ դիվահարվածին բժշկեց փարիսեցիների ներկայությամբ և իրեն զրպարտեցին, ասելով, թե՝ դևերի իշխանի միջոցով է հանում դևերին, երկրորդն էլ, որ դեռ Իր առաքելության ժամանակը չէր լրացել: Ժամերի ու ժամանակների Տէրը գիտեր, թե ինչ է սպասվում իրեն, բայց ինքը դեռ անելիք ուներ: Համբավը տարածվում էր գավառի և շրջակայքի բոլոր մարդկանց մեջ, այն աստիճան, որ, ուր որ մտնում էր Հիսուս, այդ տունը շրջափակում էին մարդիկ իրենց հարցերով ու հիվանդությունները բուժելու ակնկալիքով: Ավետարանը պատմում է, թե ինչպես մի տան մեջ ուսուցանելու ժամանակ մի անդամալույծի ուղղակի երդիկից իջեցրին՝ մարդկանց բազմության պատճառով:
Նախորդ սերտողության մեջ մենք անդրադարձանք հրեական տներին, որոնք երդիկից տուն մտնելու հատված ունեին և աստիճանով ելնում ու մտնում էին:
Հավանաբար բոլորդ էլ ականատես եղած կլինեք, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ինքնակոչ «մարգարե -բժիշկ - գուշակ» մեկը, և իրեն մեծ մեկը կարծելով, մարդկանց այսպիսի բազմություն էր հավաքում իր տան շուրջը: Բոլորս գիտենք, որ հիվանդներ, անդամալույծներ, ցավագարներ կան նաև մեր օրերում, և նրանց տերերը ջանք չեն խնայում թեկուզ հարյուրավոր կիլոմետրերով իրենց հիվանդին հասցնեն այդ բժիշկ կոչվածին: Այդ լուրը արագ տարածվում էր ողջ քաղաքով մեկ և ժողովրդի հոծ բազմությունը մեկնում էր այդ ուղղությամբ: Ցավոք մարդկանց հիասթափությունը մեծ էր լինում, երբ մի քանի այցից, երբ որևէ տարբերություն չէին զգում իրենց հիվանդի մոտ: Գալիս են սուտ մարգարեները բոլոր ժամանակներում, և ավաղ բոլոր ժամանակներում էլ կարողանում են խաբել մարդկանց մեծ բազմություն: Այսօր էլ, Աստվածաշնչի պատգամների լույսը թողած, կան մարդիկ, որոնք հետևում են գուշակի, էքստրասենսի, աստղագուշակի, մեռելահարցուկի և այլն:
Սիրելի հայրենակիցներ, ինչ ոլորտ ուզում եք ուսումնասիրեք, Աստվածաշնչի անտեղյակությունից մարդը հայտնվում է կամ ծուղակում, կամ մեծ մեղքի մեջ: Եթե որևէ մեկը Աստծուց շնորհ ստանա բժշկելու, հավատացեք, նա երբեք գովազդի կարիք չի ունենա, օֆիսներ չի բացի և քարտուղարուհիներ չի պահի: Այլ ինչպես Հիսուս էր շրջում, ոուսուցանում, բժշկում, ինքն էլ այդպես կաներ: Բայց ինչպես տեսնում ենք դեռ այդ մարդը չկա: Չկա, որովհետև այդ հավատքը չկա, անդամալույծին ասելու վե՛ր կաց և քայլի՛ր:
Մենք Ավետարաններում չենք հանդիպել մի դեպք, որ Տէր Հիսուս հիվանդին ասի,- գնա, երկու օրից նորից կգաս: Բուժելուց առաջ հիվանդին հարցնում էր,- հավատո՞ւմ ես, որ կարող եմ դա անել: Այս պահին էր, որ մարդու հոգում հեղաշրջում է տեղի ունենու, այդ ո՞ր մարդը չի կամենա այդ պահին բժշկվել:
Մարկոսի Ավետարանի վերջին գլխում մի ուշագրավ համար կա, որ բոլորիս է վերաբերում.
«Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտուի։ Սրանք են այն նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթէ մահացու թոյն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն»։
Սա ամենավերջին պատգամն էր Համբարձումից առաջ, երբ Տէր Հիսուս տվեց Իր աշակերտներին:
Մենք շատ հաճախ ենք ձախողում, որովհետև երբեմն կամ հավատացել ենք, կամ հավատում ենք, որ՝ ինչ որ մի բախտախնդիր կարող է գուշակել ապագան, վերլուծել մեր կյանքը, և բուժել մեզ: Սակայն երբեք չենք անդրադառնում մեր մեղքերին, որոնք կուտակվելով դառնում են հիվանդություն, դառնում են մեզ համար գաղտնիք, և դառնում են մեր խոցելի տեղը:
Իսկ երբ հայտնվում է մի աճպարար, որը չարի ներգործությամբ մեր մի գաղտնիքը ասում է մեզ, մենք պատրաստ ենք մեր ողջ կարողությունը տալ նրան՝ իր ճիշտ ասելու պատճառով, և կախման մեջ մնալ այդ բանսարկուից: Չի բացառվում, որ գուշակը կարող է ձեզ ճիշտն ասել: Սա չարի հնարքներից մեկն է, որ մարդուն կտրի ճշմարտությունից և կախյալ պահի կեղծիքից:
Իսկ երբ արդեն հասին իր նպատակին, ենթակայի մտքում կծագեցնի այն միտքը, որ սխալ է գուշակի մոտ գնալը, բայց ո՛չ երբեք զղջման ակնկալիքով, որպեսզի մարդուն մոլորեցնի:
Բայց Աստվածաշունչը դարերով անվճար մեզ ուսուցանում է, որ գալու են գուշակներ, լինելուն են պատերազմներ, հայտնվելու են սուտ քրիստոսներ, և դուք հավատալու եք: Հիմա դառնանք մեր առաջին մտքին, որ Աստվածաշունչը ամեն անհատի մասին է, ամեն անհատի համար է, ամեն անհատի փրկությունը այնտեղ է: Իսկ մարդը ասում է վաղը, վաղը ասում է վաղը և այդպես շարունակ: Խորհենք այսօր այս մասին: Եթե կան մեզանում մարդիկ, կամ մեր հարազատների մեջ, որոնք դեռ անգիտակցաբար հաճախում են այսպիսի մարդկանց մոտ, բացատրեք նրանց, շատ պարզ բառերով, որ չնեղանան: Ասեք,- ավելի լավ է մի՛ մեղանչեք, որպեսզի գաղտնիք չունենաք, իսկ եթե այնուամենայնիվ մեղանչում եք, կա խոստովանության կարգ ձեր եկեղեցիներում, գնացեք և ազատվեք այդ մեղքից ու այլևս մի կրկնեք: Միայն Աստված գիտե ներկան ու ապագան: Միայն Աստված գիտե մեր սիրտն ու նրանում եղած գաղտնիքը: Իսկ գուշակները հաշվում են ձեր դրամները միայն…
Մնացեք սիրով՝ վերանայեք ձեր կյանքն այսօր, ոչինչ մի թողեք վաղվան:
Այսօրվա հարցը այսպիսին է. Դու ընդունո՞ւմ ես, որ Աստվածաշնչի ամեն պատգամ քեզ է ուղղված անձամբ:
Աղօթենք միասին
Տե՛ր, տե՛ս իմ տառապանքները և բազմամեղ Հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր.
«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս աչքերը և լուսավորի՛ր միտքս Սուրբ Հոգովդ: Պարգևի՛ր ինձ առողջ խորհուրդներ և առաքինի վարք,
որ հանապազ ողբամ և ահ ու դողով ամեն ժամ Քո առջև մնամ անզբաղ:
Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, ե՛տ պահիր ինձ պիղծ ու անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ: Ամեն.