ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.26-33
Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, վաղ առավոտվա իմ մշտական հյուրեր, դուք արդեն ներկայություն եք դարձել իմ օրվա սկզբի համար,
որպեսզի միասին խորհենք այսօրվա ընթերցվածքի պատգամի շուրջ: Նախ՝ մի հայացք գցենք աշխարհում կատարվող իրադարձություններին, նայենք մեր ապրած երկրներին, նայենք մեր քաղաքներին և վերջապես նայենք մեր ընտանիքներին, քանի որ մեր երկիրը մեր ընտանիքներից է կազմված: Ի՞նչ է փնտրում մարդկությունն անվերջ: Ինչո՞ւ աշխարհը խաղաղ չէ, երկրները խաղաղ չեն, և ընտանիքները խաղաղ չեն: Վստահ եմ, որ ինձ հետ կհամաձայնեք, ասելով՝ արդարություն է փնտրում մարդն աշխարհում: Երբ մեր ընտանիքները խաղաղ չեն, ապա խաղաղ չէ նաև հանրությունը, որովհետև մեր ընտանիքներից են դուրս գալիս բոլոր աշխատատեղերում աշխատող մարդիկ՝ նախագահից մինչև մաքրուհի: Իմացանք, որ մարդն արդարություն է փնտրում: Իսկ որտե՞ղ է փնտրում արդարությունը, եթե արդարության աղբյուրի տեղը չգիտե:
Մեր կյանքում ամեն ինչ կանոնադրությունն ունի, որը խախտելու պարագային վնասը ակնհայտ է: Ընտանիքը ևս շատ հստակ կանոնադրություն ունի , որը չի գործում առհասարակ: Ավետարանն ասում է,- տե՛ս որտեղի՞ց ընկար, այնտեղից շտկելով արի: Մենք շտկումը սկսենք մեր ընտանիքներից, որպեսզի հասարակությունն ու երկիրը շտկվի: Այդ կանոնադրությունը մեզ տվել է Պողոս Առաքյալը, որի կատարման դեպքում կունենանք խաղաղ ընտանիք. Առաքյալը տան բոլոր անդամներին առանձին- առանձին պատգամ է տալիս, ասելով- «Կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, ինչպէս որ վայել է ի Տէր։ Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց եւ մի՛ դառնացրէք նրանց։ Որդինե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ։ Ծնողնե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չյուսալքուեն»։ Որևէ անհասկանալի ցուցում կա՞ առաքյալի խոսքի մեջ: Ուղղակի առաքյալը չի նշել, որ մեղքից բացի ամեն ինչում հնազանդ եղեք միմյանց:Եթե ամուսինը կամ կինը առաջարկում են մի բան անել, որը մեղք է, պարտադրվող կողմը կարող է չհնազանդվել, որովհետև մեղքը Տիրոջ աչքի առջև տհաճ է միշտ:
Եկեք միասին քնննարկենք այս հարցը և գտնենք, թե՝ որտե՞ղ ենք ընկել մենք, որպեսզի այդտեղից սկսենք մեր ապաշխարությունը: Սուրբ Գրքի գլխավոր պատգամը ապաշխարությունն է, մեղքի գիտակցությունն ու զղջումն է: Ինչպես նաև հատուցումը, ինչից բոլորս խուսափում ենք: Տէր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ և ասաց, որ աշխարհում արդարություն մի փնտրեք: Աշխարհում արդարությունը խաչում են: Աշխարհում խաղաղություն մի փնտրեք, աշխարհի տված խաղաղությունը խաբուսիկ է և ժամանակավոր: Հիսուս Քրիստոս ասաց,- Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որը նման չէ աշխարհի խաղաղությունը:
Իմ արդարությունն եմ տալիս ձեզ, որը նման չէ աշխարհի արդարությանը: Իմ լույսն եմ տալիս ձեզ, որպեսզի խավարում եղած ժամանակ լուսավորեք ձեր ճանապարհը: Աշխարհում չեք գտնի այս բոլորը, քանի որ աշխարհը Ինձ չընդունեց, և խաչը հանեց, հետևաբար ձեզ հետ ավելի վատ կվարվեն: Դուք Հարությունը ունեցեք որպես ձեր կյանքի հիմք, որպեսզի ժառանգեք արդարությունն ու խաղաղությունը, սերն ու ողորմությունը և հավիտենական կյանքը:
Հիսուս Քրիստոս Իր տասներու առաքյալներին սովորեցրեց ամեն բան և խստորեն պատվիրեց տարածել աշխարհում Իր Արդարության Ավետարանը, որպեսզի չլինի գեթ մի ականջ, որ չի լսել: Նաև մի շատ կարևոր նախազգուշացում արեց, ասելով, Եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, նրանց համար ավելի ծանր կլինի դատաստանի օրը, քան սոդոմացինեի և գոմորացիների համար: Ծանր խոսքեր են, և սրանք մեր ուշադրությունից դուր են մնում ամեն օր:
Տէր Հիսուս գիտեր, որ աշակերտներին ուղարկում է գայլերի մեջ, վտանգը մեծ է, բայց աշակերտներին ասաց, որ չվախենան բացահայտել Աստծո խոսքի գաղտնիքը, լուսաբանեն բոլորը ինչ որ լսել են իրեց Վարդապետից առանձին ժամանակ, քանի որ Սուրբ Գիրքը պետք է լույս լինի խավար աշխարհի մեջ, որպեսզի խավարամիտները շուտ երևան: Դուք, որ աշակերտ եք, չեք կարող ավելի մեծ լինել, քան ձեր Վարդապետը, որովհետև աշակերտին բավական է, որ իր Վարդապետի նման լինի: Իսկ ծառան ինչ որ անում է, անում է իր տիրոջ անունից է անում, և իր տիրոջ նման պետք է անի: Դուք մի վախեցեք Ավետարանի գաղտնի մտքերը բացահայտելուց, արդարությունը քարոզելուց, ճշմարտությունը տեղեկացնելուց: Բայց դուք այս բոլորից առաջ, այս բոլորի կրողը պետք է լինեք՝ ինչպես որ ձեր Վարդապետը: Սպանվելուց մի վախեցեք, հալածվելուց մի վախեցեք, ծածուկները հրապարակների վրա բարձրաձայնելուց մի վախեցեք: Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է:
Ավետարանը մեզ հազարավոր խրատներ ու դասեր է տալիս կյանքը ուղիղ կառուցելու և շիտակ ապրելու վերաբերյալ:
Իմաստունն ասում է,- Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին: Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը ձեր իսկ ձեռքերի գործերով: Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար: Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են:
Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ, ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, որովհետեւ արդարութիւնը անմահ է:
Այս խոսքերով ավարտվում է այսօրվա ընթերցվածքը, սակայն երբեք չի ավարտվում մեր խորհելու թեման: Այս պատգամները, որ մենք լսեցինք մեր մասին, որքանո՞վ է համապատասխանում մեր իրական կյանքին, որքա՞նն ենք կիրառում մեր ընտանիքների համերաշխ կյանքի կայունության համար: Որքա՞ն է մեր ջանքը մեր ընտանիքի մոդելով փոխել մեր ապրած քաղաքի արդարությունն ու խաղաղությունը: Կարծում եմ, որ բոլորս գիտենք գաղտնիքը, թե ինչո՞ւ աշխարհը չի շտկվում: Ուղղակի մեզնից ոչ ոք չի ուզում հանձն առնել, որ ինքն էլ մեղավոր աշխարհի խառնաշփոթի համար՝ իր չափով: Բոլորս գիտենք, թե Սոդամի մեղքը ծանր է, բայց Տէր Հիսուս Քրիստոս ասում է, եթե ձեր խոսքերը չլսեն, չլսողի համար ավելի ծանր է լինելու, քան սոդոմացու: Խոսքը լսել և չկատարել, նույնն է, թե ուղղակի չլսել: Մինչև մեր մարդ տեսակը չշտկվի, աշխարը կմնա այնպես, ինչպես որ կա:
Մի առակ կա այս մասին, որն ասում է՝ մի հայր, որ մտավորական էր, իր աշխատասենյակում կարևոր աշխատության վրա տքնում է, իսկ փոքրիկ տղան անվերջ հարցեր է տալիս, շեղելով հոր մտքի ուղղությունը: Հայրը ստիպված գրքից պոկում է քարտեզի էջը, պատռում է, տալիս է տղային, և ասում է տար ու ճիշտ ձևով հավաքիր: Միայն այդ ժամանակ ես կզբաղվեմ քեզ հետ: Հայրը խորանում է իր աշխատանքի մեջ, շատ չանցած տղան վերադառնում է քարտեզը շիտակ հավաքած: Ապշում է հայրը տղայի արարքից և զարմացած հարցնում, թե ինչպե՞ս դա արեց: Իսկ տղան պատասխանում է,- հակառակ կողմում մարդու դեմք էր, մարդու դեմքը ճիշտ հավաքեցի, աշխարհի քարտեզը ճիշտ հավաքվեց: Իրականում էլ այդպես է, եթե մարդը շիտակ լինի, աշխարհը շիտակ կլինի: Բայց, քանի դեռ մարդիկ ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում, Աստծուն իբրև Աստված չեն փառավորում, իրենք իրենց իմաստունների տեղ են դնում, և Աստծու փառքը փոխում են մարդու փառքի հետ, դրա համար էլ Աստված նրանց մատնում է պղծության, անարգ կրքերի, անարգ մտքերի, անիրավությունների, չարության, անզգամության, կռվազանցության, սպանության և այլ մեծամեծ չարիքների:
Սիրելիներ, մենք չլինենք Հիսուս Քրիստոսի պատմած առակի որդիների նման, որոնցից մեկը հորը խոստացավ պատվիրած գործը անել, բայց չարեց: Իսկ մյուսը ասաց. «Չեմ ուզում անել», բայց հետո զղջաց և արեց: Հիանալի պատասխան է տալիս մեր Տէրը, առանց գնահատելու երկուսի արարքն էլ, ասելով,- «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»։ Բավական մանրամասն քննարկեցինք այսօրվա թեման և կարծում եմ, որ բոլորս էլ անդրադարձի առիթ ունեցանք:
Մնացեք սիրով՝ թեմայի մասին խորհելով: Կարծիքների և առաջարկությունների մասին կարող եք մեկնաբանություններում գրել:
Այսօրվա հարցը՝ Դու կարո՞ղ ես պահպանել Աստծու պատկերն ու նմանությունը քո կարողության չափով:
Աղօթենք միասին
Մի՛ հանդիմանիր ինձ, Տե՛ր, ահեղ դատաստանի օրը, մի՛ կանգնեցրու հրապարակում՝ բացահայտված ու ամոթահար, և մի՛խայտառակիր ինձ: Մի՛ կշտամբիր դատաստանի ատյանում և մի՛ թող ինձ լսել «չեմ ճանաչում» -ը և ահավոր բարբառը.«Գնացե՛ք Ինձնից դեպի գեհենի հուրը»:
Ինձ մի՛ վտարիր ծույլ ու չար ծառայի պես ու մի՛ մատնիր անօրեն կապողի ձեռքը, կերակուր մի՛ դարձրու թունավոր որդերինբորբոքված հնոցում և մի՛ նետիր տարտարոսի սառնամանիք խավարը: Այլ փրկի՛ր ինձ հրի սաստիկ կայծակներից, բոցեղեն գետերիարշավանքից, սաստիկ, լալագին ու խիստ տանջանքներից և տարակուսական ողբերից, ատամների կրճտումից ու սարսռալի կսկիծներից, խավարային բոցով տոչորվելուց և համատարած հրի մեջ դժնդակ ու դառնաղետ կերպով խորովվելուց.կողկողաձայն ու անդադար վայից փրկի՛ր ու ազատի՛ր ինձ, Տե՛ր: