ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 27.50-61
Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: 51 Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռերը ճեղքուեցին, 52 եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53 ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին: 54 Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին էր սա»: 55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից նրան ծառայելու համար. 56 նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը: 57 Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: 58 Սա, Պիղատոսի մօտ գնալով, Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի: 59 Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60 եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: 61 Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ, Քրիստոսի խոսքին սպասող՝ իմ հայրենակիցներ: Այսօր Մատթևոս Ավետարանիչը մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի ավարտի մասին: Այսօրվա ընթերցվածքի մեջ հիշատակված են անուններ, որոնք արժանացել են տեղ գտնել եկեղեցական օրացույցի մեջ: Այսօր մեր եկեղեցին հիշատակում է այդ անունները, որոնք անմիջական կապ ունեցան Տէր Հիսուս Քրիստոսի՝ ինչպես կյանքի օրերի, այնպես էլ մահվանից հետո՝ իրենց մասնակցությամբ, ծառայությամբ և հավատքով: Հիշե՛նք այդ անունները: Ղունկիանոսը այն հարյուրապետն այն էր, որը խաչի մոտ կանգնած հետևում էր իրադարձություններին: Երբ որ տեսավ պատահած երկրաշարժն ու արհավիրքները, հավատաց, վախեցավ ու ասաց,-ՙՙԱրդարև Աստծո Որդի էր սա՚՚:
Այսօր հիշատակվում է նաև Հովսեփ աստվածահոր անունը, որը պակաս դեր ու նշանակություն չի ունեցել Հիսուսի կյանքում՝ սովորեցնելով նրան մասնագիտություն և Սուրբ գրքերը՝ ըստ հրեական սովորության:
Հովսեփ Արիմաթացին այն մեծահարուստ հրեան է, որն աշակերտել էր Հիսուսին: Նա էր, որ Նիկոդեմոսի հետ միասին իջեցնում են խաչից Տիրոջ մարմինը, և դնում են գերեզմանի մեջ: Ավանդության մեջ գրված է, որ Հայր Նիկոդեմոսը և Հովսեփ Արիմաթացին երբ փորձում են իջեցնել Տիրոջ մարմինը, մեծ դժվարություն են ունենում ձեռքերին և ոտքերին խփած գամերի պատճառով: Այստեղ էր, Հովսեփն արտաբերում է բոլորիս կողմից շատ սիրված աղոթքը՝ Երեքսրբյան՝ «Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»:
Ասում են՝ Քրիստոսին խաչից իջեցնելու ժամանակ, Հովսեփ Արիմաթացին չի կարողանում դիպչել Հիսուսի մարմնին, ցնցվում է և սկսում երգել. «Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, որ խաչվեցիր մեզ համար…»: Ուշագրավ է այն փաստը, որ, խաչափայտի դիմաց կանգնած, սկսում է երգել և ամեն «սուրբ» բառի հետ միասին ցած են ընկնում Քրիստոսի ձեռքերի գամերից յուրաքանչյուրը և վերջին սուրբ բառի հետ ընկնում է վերջին գամն ու միայն այդժամ կարողանում են Հիսուսի մարմինը իջեցնել: Միայն այս աղոթք-երգի շնորհիվ է Հովսեփ Արիմաթացու մոտ ստացվում դիպչել Հիսուսի մարմնին: Այս երգը մենք կատարում ենք տաբեր արարողությունների ժամանակ՝ Ժամերգություններ, Պսակ, Ս. Պատարագ, ամեն անգամ ըստ տոնի պատգամի:
Հաջորդ անունները, որ հիշատակվում են այսօրվա ընթերցվածքի մեջ, Քրիստոսի համար սիրելի՝ մի ընտանիքի անդամներն են՝ Ղազարոսը, Մարիամն ու Մարթան: Քրիստոսի գործած հրաշքներից մեկը, որն առանձնապես փառավորեց Նրա անունը չարչարանքներից առաջ, Ղազարոսի հարությունն էր:
Բեթանիա քաղաքում ապրում էր մի ընտանիք, որի անդամները՝ Ղազարոսը և նրա քույրեր Մարթան ու Մարիամը, Տիրոջ ուսմունքի հետևորդներն էին: Հիսուսը շատ էր սիրում նրանց, նրանք էլ փոխադարձ ջերմագին սիրով կապված էին Փրկչի հետ: Մարթան միշտ սիրով սպասավորում էր սեղանը, իսկ Մարիամը սիրում էր նստել Տիրոջ ոտքերի մոտ և ունկնդրել Նրա խոսքերը:
Մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ: Իրենց եղբոր կյանքի համար տագնապելով՝ քույրերն այդ մասին տեղեկացրին Հիսուսին: Նա պատասխանեց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով փառավորվի Աստծո Որդին»: Երկու օր անց Հիսուսն Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա: Ղազարոսն արդեն մահացել էր: Մարթան, ընդառաջ ելնելով Հիսուսին, ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս մեռած չէր լինի: Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Քեզ կտա»: Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարության ժամանակ, վերջին օրը, հարություն կառնի»: Նա նկատի ուներ համընդհանուր հարությունը, մինչդեռ Տերը խոսում էր ներկայի մասին: Եվ Նա ասաց. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կկենդանանա»: Եվ գերեզման գնալով՝ Հիսուսը պատվիրեց բացել մուտքը: Մարթան վախենում էր, որ դիակն արդեն հոտած կլինի, քանի որ չորրորդ օրն էր մահվանից ի վեր: Այդժամ Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու հրամայեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը հարություն առավ:
Ղազարի հարության հրաշքը կատարեց մի շաբաթ առաջ՝ նախքան իր խաչելությունը, ներկաներին առավել հաշտեցնելու հարության գաղափարի հետ, որպեսզի իր աշակերտներն էլ պատկերացում կազմեն, թե ինչպես է պատահում մեռելների հարությունը: Սակայն իրադարձություններից պարզ է դառնում, որ Քրիստոսի չարչարանքները, աշակերտների հետ պատահած բոլոր փորձությունները նպաստեցին, որ աշակերտները իրենց մտքից հանեն Ղազարոսի հարությունը և անհամբեր սպասեն իրեն Վարդապետի հարությանը: Նրանք սարսափի մեջ հավաքված էին, երբ որ կանայք հարության լուրը բերեցին: Չնայած երրորդ օրն էր, որ յուղաբեր կանայք խնկի պատրաստություն տեսան և գնացին գերեզման՝ ըստ սովորության Տիրոջ մարմինն օծելու համար: Նույնիսկ ճանապարհին անհանգստանում էին, թե գերեզմանի քարը ո՞վ գլորելու իրենց համար: Յուղաբեր կանայք էլ չէին հիշում, որ երրորդ օրը Տէրը հարություն է առնելու՝ ըստ խոստման, և գնում էին օծելու:
Բայց հակառակ աշակերտներին և յուղաբեր կանանց, որոնք ամեն օր միասին են եղել Քրիստոսի հետ, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ խորհրդակցության: Նրանք հիշում էին, որ Քրիստոս ասում էր, երեք օրից հարություն պիտի առնեմ; Քրիստոսին «մոլորեցնող» անվանելով, և վախենալով Նրա հարությունից՝ Պիղատոսից գերեզմանի պահպանության համար զինվորներ էին ուզում, որպեսզի այդ երեք օրը հսկեն գերեզմանը:
Փաստորեն կրոնական առաջնորդները ավելի շատ էին հավատացել ու վախեցել, քան աշակերտները:
Եվ գնացին նրանք գերեզմանի ապահողությանը հոգ տանելու համար, և վեմը կնքեցին՝ այնտեղ զինվորներ նշանակելով:
Զրպարտությամբ Արդարին խաչը հանել տվեցին կրոնական առաջնորդները, երեք օր սարսափի մեջ ապրեցին՝ հարության վախը սրտներում, իսկ հարությունից հետո դարձյալ մեծ դրամ խոստանալով փորձեցին կեղծել հարության լուրը՝ ասելով. «Կասեք, թե Նրա աշակերտները գիշերով եկան գողոցան մարմինը, երբ մենք քնի մեջ էինք»: Իսկ երբ լուրը հասնի կուսակալին, մենք նրան կգոհացնենք: Նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին: Այս զրույցը տարածված է հրեաների միջ մինչև այսօր:
Ճշմարտությունը դրամի ուժով կեղծիք դարձնողներ եղել են Հիսուսի ժամանակ, Իրենից հետո և այժմ էլ կան մեր օրերում: Մարդ արարածը իր էժան հեղինակությունը և իշխանությունը պահելու համար, պատրաստ է կեղծել նույնիսկ Աստծուն վերաբերող լուրը: Բայց Հիսուս Քրիստոս Հարությունից հետո չայցելեց քանահաներին, մի պարզ պատճառով, որպեսզի նրանք հանկարծամահ չլինեին վախից: Աշակերտները, որ այդքան սիրում էին իրենց վարդապետին, խուճապի մատնվեցին ու վախեցան, երբ լսեցին հարության լուրը, իսկ ի՞նչ կպատահեր իրեն խաչողների հետ, եթե հանկարծ նրանց դեմ հանդիման դուրս գար:
Մենք մեր մարդկային տրամաբանությամբ հիմա մտածում ենք, որ լավ կլիներ, որ գնար նրանց մոտ՝ հաշվեհարդարի համար: Բայց մեր Տէրը միշտ հնարավորություն է տալիս ինքնաքննության և անդրադարձի, զղջման ու ապաշխարության, քանի որ Իր աշխարհ գալու նպատակն այդ էր: Այսօր մեզ համար քննության օր է, անդրադարձի օր է, հատկապես զղջման ու ապաշխարության օր է: Քանի ապրում ենք, դառնանք դեպի Աստված ամբողջությամբ: Մահը վերջին քննությունն է բոլորիս համար: Իսկ քննությանը անպատրաստ գնալ չի կարելի… Մնացեք սիրով, ամեն օր ինքնաքննությամբ՝ վերջին քննությանը պատրաստվելով:
Հարց. Համամի՞տ ես, որ այսօր էլ դրամով ճշմարտությունը կեղծվում է, կամ կոծկվում:
Աղօթենք միասին
Ողորմի՛ր, Տե՛ր, Եկեղեցու առաջնորդներին, հայրապետներին, վարդապետներին, երեցներին, սարկավագներին, դպիրներին և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկներին` որ ամեն ժամ կատարեն իրավունքը և արդարությունը, հովվեն Քո ժողովրդին, տքնեն նրանց հոգիների համար` ասելով. «Ահավասիկ ես և իմ մանուկները, որ տվեցիր ինձ»:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր կարիքավորներին ու նեղյալներին, վտանգվածներին և տարակուսյալներին, որբևայրիներին ու հավատացյալ ընտանիքներին, ողջերին ու նջջեցյալներին և նրանց, որ ընծա են բերում Եկեղեցուն. Ողորմի՛ր աղքատներին և կերակրողներին, ողորմածներին ու երկյուղածներին, անտուններին ու հիվանդներին, նավորդներին և ճամփորդներին, խոստովանողներին, ու ապաշխարողներին, նաև անդարձ մեղավորներին՝ նրանց բերելով ապաշխարության: