ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 4.14-23
14 Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: 15 Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: 16 Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել-մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: 17 Եւ նրան տուեցին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18 «Տիրոջ Հոգին ինձ վրայ է. դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19 գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու»: 20 Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում բոլոր գտնուողների աչքերը նրա վրայ էին սեւեռուած: 21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: 22 Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»: 23 Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասէք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ՝ քո գաւառում”»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ, հայրեր և մայրեր: Աստված մեզ այսօր էլ կյանք պարգևեց, և մենք այդ կյանքը կսկսենք Իր խոսքով: Զորություն կստանանք Իր խոսքից, և այդ զորությունը մեզ կպահի փորձության ժամին: Այնպես, ինչպես Տէր Հիսուս Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլիա, Իր առաքելությունը իրականացնելու: Որտեղի՞ց վերադարձավ: Ղուկաս Ավետարանիչը պատմում է նախորդ գլխում, որ քառասուն օր անապատում փորձվելուց և սատանային պարտության մատնելուց հետո վերադարձավ Գալիլիա: Գրված է՝ չկերավ և չխմեց այն օրերին: Սատանան իմանալով այս, առաջին փորձությունը ուտելիքից սկսեց, ասելով,- այս քարին ասա՛, թող հաց լինի: Նա վստահ էր Հիսուս Քրիստոսի աստվածության վրա, և այնպիսի բան առաջարկեց, որ կարծես թե նորմալ է, որ քառասուն օր քաղցած մնացած մարդը կարող է նաև հաց ուտել: Բայց այստեղ է, որ պետք է տարբերել առաջնայինը երկրորդականից: Տէր Հիսուս Քրիստոս պատասխանեց, որ ավե՛լի կարևոր բան կա, դա Աստծու խո՛սքն է:
Երկրորդ փորձությունը իշխանությանն է վերաբերվում, դարձյալ իմանալով, որ իր դիմաց կանգնած է Աստծո Որդին, սատանան Նրա ասում է Քեզ կտամ ամբողջ իշխանությունը, միայն թե ինձ երկրպագիր: Տիեզերքի Իշխանին իշխանություն է խոստանում սատանան, որպեսզի ծուղակ պատրաստի, վստահ լինելով, որ պարտվելու է: Հիսուս առանց վարանելու ասաց, որ Աստծուն են միայն երկրպագում:
Երրորդ փորձության ժամանակ Ավետարանիչն ասում է տարավ Նրան Երուսաղեմ և կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա և ասաց Քեզ այստեղից ցա՛ծ գցիր: Այս երրորդ փորձությունը մի քանի շերտեր ունի, որոնց մասին լավ կլինի բոլորս խորհենք, որովհետև ասում է՝ տարավ Նրան: Ինչո՞ւ չընդդիմացավ Հիսուս, երբ սատանան իրեն տանում էր փորձության: Որովհետև Նա գիտեր փորձչին և դրա փորձություն լինելը և առավել լավ գիտեր Իր զորությունը և սուրբգրային վստահությունը, որ Աստծված չի փորձվում: Սա անչափ վտանգավոր փորձություն է, որից գրեթե ոչ ոք զերծ չէ սրանից: Տաճարի բարձրությունը ահռելի էր, և սատանան կարող էր հրել և գցել, վստահ լինելով, որ հրեշտակների մի բազմություն կպահեր Նրան օդի մեջ, հատկապես, որ ինքն է Հիսուսին հիշեցնում սուրբգրային այս համարը, թե՝ հրեշտակներին պատվիրված է պահել Քեզ, բայց այդպես չի անում, այլ ասում է, քեզ գցի՛ր, որպեսզի ենթակայի ձեռքով կատարվի փորձությունը:
Այս երեք փորձություններից են բխում մնացած բոլոր փորձությունների տեսակները ու տարատեսակները:
Երեք գլխավոր փորձություններն են՝ նյութ, իշխանություն և անվստահություն Աստծու խոսքի հանդեպ: Այս երեք փորձությունները մարդիկ չեն կարողանում հաղթահարել գլխավոր պատճառի բացակայությունից, որն է՝ սուրբգրային չիմացություն: Իսկ նրանք, որոնք գիտեն Սուրբ Գիրքը և դարձյալ պարտվում են այս երեք փորձություններից, նրանց էլ պակասում է վստահությունը Աստծու խոսքի հանդեպ՝ իրենց հավատի տկարության պատճառով: Քրիստոնեությունը շատ հաճախ սխալ ընկալում է ունենում շատերի համար այն առումով, որ իբրև սահմանափակում է մարդու ցանկությունները և սա չի կարելիների կրոն է: Մինչդեռ քրիստոնեությունը ասում է,- կեր, բայց որկրամոլությամբ մի տարվիր: Ամուսնացիր, բայց մի շնացիր, ձգտի՛ր առաջնորդ լինելու, բայց ծառայելու համար, ո՛չ թե իշխելու և ստրկացնելու: Աստծու խոսքը միայն կարդալու համար չէ՛, այլ՝ հավատով ապրելու, և տարածելու համար է:
Մեզանում ընդունված մի չհիմնավորված արդարացում կա, թե՝ իբրև սատանայի հնարքները շատ են, դրա համար էլ փորձությունները անխուսափելի են: Այո, սատանան շատ ուշիմ է իր ծառայության մեջ, ինչպես նկատեցիք վերևում, գիտե նաև սուրբ Գիրքը, բայց նրա միակ զենքը, որով հաղթում է մեզ, մեր չիմացությունն է: Սատանան գիտե, որ մենք Սուրբ Գրքով չենք ապրում և առանց մեծ ջանքերի տապալում է մարդուն: Երբ նյութը մեզ գայթակղում է, երբ իշխանությունը մեզ կուրացնում է, երբ Աստծու խոսքի վրա վստահություն չունենք, ուրեմն մենք արդեն սատանայի ծառան, գերին ու սպասավորն ենք: Իսկ երբ մենք այս բոլորը ծառայեցնում ենք Աստծու կամքին ու փառքին, սատանան հեռանում է մեզնից, ինչպես որ միառժամանակ հեռացավ Հիսուս Քրիստոսից: Անշուշտ հանգիստ չթողեց, բայց հեռացավ ժամանակավորապես:
Մեր պատճառաբանությունները փորձություններին չհաղթահարելու վերաբերյալ հաճախ ոչ թե սատանայի հնարքներից է, այլ, որովհետև մենք սիրում ենք տվյալ մեղքը, որ գործում ենք: Դրա համար մեր աղոթքներում պետք է խնդրենք Աստծուն, որ մեզնից հեռու վանի ո՛չ թե տվյալ մեղքը, այլ այդ մեղքի հանդեպ ունեցած ցա՛նկությունը: Որովհետև շատ հաճախ ո՛չ թե ծառայությունը, այլ մեր պատկերացրած ազատությունն է մեզ սահմանափակում մեր կյանքում: Ո՛չ թե աղքատությունը, այլ հակառակը՝ հարստությունն է մեզ կործանում մեր կյանքում: Քանի որ չե՛նք ծառայեցնում, այլ ծառայո՛ւմ ենք նրան:
Ավետարանիչն ասում է, տաճարում Նրան տվին Եսայի Մարգարեի գիրքը և Նա վեր կացավ ընթերցելու: Գտավ այն տեղը, ուր գրված է,- Տիրոջ Հոգին Ինձ վրա է, և Ինձ ուղարկեց բժշկելու, ազատելու, քարոզելու, կույրերին տեսողություն տալու և այլն: Ին՛չ մեծ ուրախություն էր լսողների համար, որոնք տառապում էին գերության լծի տակ, հիվանդությունների ցավերի մեջ, կեղեքվածները իրենց իրավունքների ոտնահարման մեջ: Սուրբ Հոգով լի և հոգու զորությամբ մեկը հայտնվել էր իրենց մեջ, խոսում էր իրենց հաճելի բաների մասին, բոլորը իրենց հայացքները սևեռել էին Նրա վրա, զարմացած էին Նրա իմաստության և արտաբերած մտքերի վրա: Սակայն մի շղարշ ծածկում էր նրանց միտքը, և կասկած էր հարուցում Նրա խոսքի իսկության հանդեպ: Քանի որ միմյանց հարցնում էին,- Սա Հովսեփի Որդին չէ՞:
Հիմա, սիրելիներ, մի պահ վերադառնանք մեր նախորդ խոսքերին, որ վերաբերվում էր փորձություններին, որպեսզի օրինակը առարկայական լինի մեզ համար, և պատկերավոր: Սատանան տեսավ, որ Հիսուսին չկարողացավ փորձության ենթարկել, եկավ Նրան լսողների մոտ և տեսավ, որ հավաքվածները ճիշտ մեզ պես Աստծու խոսքից անտեղյակ մարդիկ են: Նրանց մտքում կասկած առաջացրեց Հիսուսի խոսքի հանդեպ, որպեսզի հավանե՛ն, հիանա՛ն, բայց չհավատա՛ն, քանի որ իրենք ճանաչում են Նրա ծնողներին:
Սա սատանայի գործելաոճն է, եթե ասողին չի՛ հաղթում, փորձում է հաղթե՛լ լսողին: Իսկ եթե լսողն էլ անտեղյակ է Աստծու խոսքից, ուրեմն սատանայի համար դառնում է մի յուղալի պատառ՝ հոշոտելու համար;
Հիսուսին լսող ներկաները գիտեին, որ Նա Կափառնայումում բավական զորավոր գործեր էր արել, սակայն նորից հրաշքներ էին ուզում տեսնել իրենց աչքով: Հիացած էին Նրա խոսքով, զարմացած էին Նրա գիտության վրա, բայց երբ ժողովարանում փարիսեցիները և օրենքի ուսուցիչները բարկացան Նրա խոսքերից, և Նրան տաճարից ու քաղաքից դուրս հանեցին և տարան մի լեռան վրա, որպեսզի գահավեժ անեն, այդ հավանություն տվողներից ո՛չ մեկը չընդդիմացավ, ասելով, թե ճի՛շտ է ասում, ինչո՞ւ եք պատժում: Սատանան այսպես է կուրացնում մարդկանց աչքերը, միտքը և հոգին, որ մինչև հիմա դեռ չեն կարողանում հավատալ, որ իրենց մեջ ծնվածը հե՛նց Մե՛սիան էր, որին չընդունեցին: Եթե Աստծու Որդու փորձությունը անապատում կարևոր մի բան չլիներ, այն տեղ չէր գտնի ավետարաններում, և մենք էլ չէինք իմանա: Եթե սատանան Աստծու Որդուն փորձեց, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կանի մեզ հետ, որ ամեն հասարակ բանից խաբվում ենք: Անկախությունից այս կողմ մեզ խաբում են և մենք խաբվում ենք, արդեն երեսուն տարի, դրանից առաջ խորհրդային տարիներին խաբում էին, մենք դարձյալ խաբվում էինք: Սատանայի գործակալները, արբանյակները, կամակատարները շատ են, բայց Հիսուս Քրիստոսի խոսքն է հեղինակությունն և հաղթող ուժը: Մեզ շատ քիչ բան է պետք իմանալ խաղաղ ապրելու և չտարուբերվելու համար: Աստվածաշնչի գիտությո՛ւն, խո՛րը հավատք և խոսքի կատարում ու տարածում: Ահա քրիստոնյայի պարտականությունը՝ փորձություններով լի մեր օրերում:
Մնացե՛ք սիրով՝ տեղեկացե՛ք այս երեք թորձություններին և նրանց տարատեսակներին:
Այսօրվա հարցը այսպիսի՛ն է. Կարո՞ղ ես այսօր խնդրել Աստծուն, որ քեզնից վերցնի քո սիրելի մեղքի ցանկությունը:
Աղօթենք միասին
Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով խափանում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից: Խավարեցնում է աչքերիս լույսը և ապականելով գերում միտքս՝ ինձ մղելով հանցանքների չար ծառայության, և մատնում է անօրեն դահիճների ձեռքը, տանում դեպի չարչարանքի վայրը և նետում մահվան կապանքների բանտը, դնում է խավարասեր սպասավորների մեջ ու կապում մեղքերի պարաններով: Արդ, ի՞նչ կլինեմ ես` եղկելիս, եթե չօգնես ինձ, Տե՛ր:
Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ` անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան: Բա՛ց իմ սրտի խավարած աչքը և բժշկի՛ր հիվանդ հոգիս, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Ջնջի՛ր անթիվ չարիքներս և տո՛ւր բարի շնորհները: Ամեն.