ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6.13-19
13 Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: 17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. Մենք կրկին միասին ենք Հանապազօրյա Հացի ուղիղ եթերում, ողջունում եմ ձեզ և գոհություն եմ հայտնում Աստծուն՝ ամեն օրվա այս հնարավորության համար: Եթե Աստված չկամենա, զուր կլինեն մեր բոլոր ջանքերն ու գործերը: Այսօրվա ընթերցվաքով մեզ հետ է Ղուկաս ավետարանիչը, որը պատմում է մեզ Հիսուս Քրիստոսի ծառայության սկզբի մասին, թե ինչպես էր հավաքագրում իր աշակերտներին, ինչպես էր նրանց անվանափոխում, ուսուցանում, որպեսզի սկսի Իր հսկայածավալ աշխատանքը: Նաև այսօր մեր եկեղեցին հիշատակում է չորս Ավետարանիչներ՝ Մատթևոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Սուրբ անունները: Նաև անվանական եկեղեցիներում մատուցվում է հիշատակության Սուրբ Պատարագ:
Ավետարանիչների անունը կրող հայորդիներին շնորհավորում եմ անվանակոչության օրվա առթիվ: Այս գեղեցիկ սովորությունն էլ աստվածաշնչյան է, երբ մկրտության ժամանակ ենթակային տալիս են մի սրբի անուն, որն էլ իր համար դառնում է առիթ բարեխոսության և նրա առաքինություններին հետևելու համար: Տէր Հիսուս էլ աշակերտներին անվանափոխում էր հաճախ:
Սուրբ Գրքում Առաքյա են կոչվում Աստծո կողմից առաքված մարդիկ, իսկ հատկապես՝ Հիսուս Քրիստոսի տասներկու աշակերտները, որոնց Նա ուղարկեց աշխարհի տարբեր ծայրերը՝ քարոզելու Իր ավետարանը: 12 առաքյալներն են Պետրոսը և Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը, Փիլիպպոսը և Բարդուղիմեոսը, Թովմասը և Մատթեոսը, Հակոբոս Ալփյանը և Թադեոսը, Սիմոն Կանանացին և Հուդա Իսկարիովտացին, որը և մատնեց Տիրոջը. նրա փոխարեն հետագայում ընտրվեց Մատաթիան:
Բոլորն առաքյալներն էլ ընտրվել են Տիրոջ կողմից: Բացառություն չի կազմում և Մատաթիա առաքյալը, որի ընտրությունը վիճակահանությամբ կատարվել է Աստծո կամքով:
Առաքյալները, Սուրբ Հոգով ներշնչված, իշխանություն են ունեցել հրաշքներ գործելու և փոխանցելու հոգևոր շնորհներ: Նրանց հավասար առաքելական պատվի և շնորհների է արժանացել նաև Պողոսը, որը թեև սկզբում Տիրոջ և Նրա հետևորդների թշնամին էր, սակայն Աստծո հրաշքով դարձի գալով՝ ընտրվեց Հիսուսի կողմից իբրև հեթանոսների առաքյալ:
12-ից և Պողոսից բացի՝ առաքյալ են անվանում նաև Քրիստոսի 70 աշակերտներին, որոնք, սակայն, չեն եղել Տիրոջ գործերի մշտական ականատեսն ու վկան, ինչպես նաև ամբողջությամբ չեն ունեցել այն իշխանությունն ու զորությունը, որով օժտված էին տասներկուսը:
Իմաստության Գիրքն ասում է,- Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:
Ընտրեց Իր համար տասներկուսին, իմաստություն, շնորհ և զորություն տվեց, որպեսզի Իր վարդապետության տարածման մեջ նեղություն չունենան, Ավետարանը տարածելու համար բոլոր պայմանները ստեղծեց նրանց համար, բայց երբեք չասաց, որ ձեր կյանքը ապահովագրում եմ վտանգներից, այլ հակառակը՝ ասաց, որ ձեզ կսպանեն, կհալածեն և կբանտարկեն Իմ անվան համար: Աշակերտները սիրով ընդունեցին այս մարտահրավերը և լծվեցին գործի: Նրանց կյանքի մանրամասների մասին մեզ շատ սահմանափակ տեղեկություններ են հասել այն պարզ պատճառով, որ գլխավոր շեշտը դրվել է նրանց նպատակի և գործերի արդյունքի վրա, քան իրենց անձի: Մինչ Ավետարանիչների կյանքին անդրադառնալը, հիշենք մի դրվագ Բարդուղիմեոսի կյանքից:
Ավանդության մեջ մի գեղեցիկ իրողություն է արձանագրվել Բարդուղիմեոս առաքյալի կյանքից, որը ծնվել է Գալիլիայի Կանա քաղաքում: Կոչվել է նաև Նաթանայել: Նա քարոզել է փոքրասիական երկրներում Փիլիպպոսի հետ միասին, այնուհետև՝ Արաբիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և Մեծ Հայքում: Թադեոս առաքյալի հետ մեկտեղ նա համարվում է Հայաստանում քրիստոնեական Եկեղեցու հիմնադիրը: Նահատակվել է 66 թ. հայոց Սանատրուկ թագավորի հրամանով:
Պատմում են, որ Նաթանայելը ճիշտ Հիսուսի հասակակից է, և երբ Հերովդեսի հրամանը եղավ կոտորել մինչև երկու տարեկան բոլոր արու զավակներին, Նաթանայելի մայրը նրան դնում է մի զամբյուղի մեջ և թաքցնում է թզենու ծառի տակ: Վտանգը անցնում է, Հերովդեսը մահանում է, տղան տարիք է առնում և մայրը նրան պատմում է այդ մասին, և դա լինում է գաղտնիք իր և իր մոր միջև: Իսկ արդեն մեծ տարիքում, երբ Հիսուս Քրիստոս աշակերտներ էր ընտրում, Փիլիպոսը գտնում է Նաթանայելին և ասում է,- գտանք Նրան՝ Հիսուսին, Հովսեփի և Մարիամի որդուն, ում մասին Մովսեսի օրենքի գրքում և մարգարեների գրվածքներում գրված է: Նաթանայելը նրան ասում է,- իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա: Փիլիպոսը ասում է, - Արի և տես: Երբ Հիսուս Նաթանայելին տեսավ, ասաց,- Ահա մի իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա: Նաթանայելը զարմացավ, թե որտեղից է իրեն ճանաչում: Հիսուսի պատասխանը, թե՝ քեզ տեսա թզենու տակ, մինչև Փիլիպոսի կանչելը, ցնցեց Նաթանայելին, երբ լսեց իր գաղտնիքի մասին, որ գիտեին ինքն ու մայրը: Միանգամից բացականչեց,- Ռաբբի, դու ես Աստծու Որդին, Դու ես Իսրայելի Թագավորը: Եվ Հիսուս նորից է հիշեցնում թզենին, և ասում է, դրա՞ համար հավատացիր, որ ասացի թզենու տակ տեսա քեզ, այսուհետև ավելի զորավոր բաներ կտեսնեք դեռ:
Ավետարանիչների անունները փոխելով Հիսուս Քրիստոս կամենում էր նրանց ասել, որ ձեր էությունը պետք է փոխվի ձեր անվան հետ և դուք նոր մարդ պետք է դառնաք, չեք կարող հին էությամբ իմ խոսքերը կատարել: Իսկ եթե դուք չկարողանաք կատարել իմ խոսքերը, որևէ մեկին փոխանցել չեք կարող:
Ղուկաս Ավետարանիչն ասում է, որ Հիսուս լեռ բարձրացավ աղոթելու և մի ողջ գիշեր անյտեղ անցկացրեց Աստծուն աղոթելով: Երբ լույսը բացվեց կանչեց աշակերտներին և ընտրեց նրանց և առաքյալներ անվանեց: Մեկ անվամբ կոչեց բոլորին՝ առաքյալ ասելով, որովհետև բոլորի առաքելության նպատակը մեկն էր՝ հասցնել Իր խոսքը ամբողջ աշխարհին: Տէր Հիսուս Քրիստոս, որ Աստված էր, ողջ գիշեր աղոթեց առաքյալ ընտրելու համար, որքան առավել մեր օրերում պետք է աղոթել քահանայական ձեռնադրությունից առաջ: Ավազանի անունը փոխելով որքան կարևոր է, որ ձեռնադրվողը փոխվի էությամբ, և մոռանա հին մարդուն, որպեսզի Քրիստոսին քարոզի Քրիստոսի հագուստով և Քրիստոսի հոգով:
Հիշո՞ւմ եք, Պետրոս ուրանալուց հետո, Տէր Հիսուս նրան հին անունով դիմեց, ասելով,- Սիմոն, որդի Հովնանի…
Հիսուս կամեցավ ասել, Պետրոս, որ եթե քո հին մարդը չփոխվի, դու կարող ես ինձ դարձյալ ուրանալ:
Մենք նույնպես, սիրելիներ, չենք կարող հին անունով, հին բնավորությամբ, հին մարդը մեր ներսում՝ Քրիստոսի խոսքը հասկանանք, առավել ես կատարենք ու փոխանցենք այլոց: Նոր գինին հին տիկի մեջ չի պահվի, ասաց մեր Տէրը այս առումով:
Հիմա համառոտ ձեզ ներկայացնեմ չորս ավետարանիչների կյանքից շատ կարևոր փաստեր: Նրանք ոչ միայն բանավոր քարոզեցին, այլև Սուրբ Հոգու ներշնչմամբ գրեցին Ավետարաններ՝ մեզ հասցնելու համար:
Մատթեոս ավետարանիչը իր Ավետարանը գրել է Երուսաղեմում որպես ականատես և վկա՝ տեղի Եկեղեցու խնդրանքով: Նրա խորհրդանիշը թևավոր մարդն է:
Մարկոս ավետարանիչը, ըստ ավանդության, մեկն էր այն կույրերից, որոնք բժշկվել էին Քրիստոսի ձեռքով: Եվ այն վերնատունը, որը Հիսուսի և Նրա աշակերտների համար եղավ իբրև օթևան և աղոթատեղի, պատկանում էր Մարկոսի ծնողներին, որոնք, որպես երախտագիտության արտահայտություն, այն տրամադրել էին նրանց: Մարկոսը Քրիստոսից հետո աշակերտել է Պետրոս և Պողոս առաքյալներին, եղել նրանց քարտուղարը և թարգմանիչը: Պողոսի հետ շուրջ 10 տարի նա քարոզել է Անտիոքում, Կիպրոսում, այնուհետև Հռոմում: Պողոսի և Պետրոսի նահատակությունից հետո Մարկոսը մեկնել է Եգիպտոս և Ալեքսանդրիայում հիմնել Եկեղեցի: Այստեղ էլ նահատակվել է հեթանոսների ձեռքով:
Մարկոսը համարվում է Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը: Ավանդության համաձայն՝ նա իր Ավետարանը գրել է Ալեքսանդրիայում՝ Պետրոս առաքյալի պատմածների հիշողությամբ: Մարկոս ավետարանչի խորհրդանիշն է թևավոր առյուծը:
Ղուկաս ավետարանիչը ծագումով հույն էր՝ Սիրիայի Անտիոք քաղաքից: Նա բժիշկ էր, պատմիչ և նկարիչ: Աշակերտել է Պողոս առաքյալին, եղել նրա հավատարիմ գործակիցը: Պողոսի նահատակությունից հետո սկսել է քարոզել նախ Իտալիայում, Գաղղիայում, Դաղմատիայում, ապա անցել է Մակեդոնիա, որտեղ և նահատակվել է:
Համաձայն ավանդության՝ իր Ավետարանը նա գրել է Անտիոք քաղաքում՝ Պողոս առաքյալի քարոզչության հիման վրա: Ավանդությունը պատմում է նաև, որ առաջին անգամ Ղուկասն է նկարել ս. Մարիամ Աստվածածնի սրբապատկերը: Ղուկասի խորհրդանիշն է թևավոր ցուլը:
Հովհաննես ավետարանիչը իր Ավետարանը գրել է 90-ական թթ. Եփեսոս քաղաքում՝ Ասիայի Եկեղեցու խնդրանքով:
Բնակվում էր Բեթսայիդա քաղաքում և զբաղվում ձկնորսությամբ: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտում էր ս. Հովհաննես Մկրտչին: Հովհաննեսը Փրկչի ամենասիրելի աշակերտն էր: Նա էր, որ հետևեց Հիսուսին Գեթսեմանիից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Տերը նրա՛ն հանձնեց Իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Հավանաբար Քրիստոսի հանդեպ այդպիսի բոցավառ սիրո և նախանձախնդրության պատճառով էլ Ավետարանում նրան, եղբոր հետ, կոչում են Որոտման որդի:
Պետրոսի և իր եղբայր Հակոբոսի հետ Հովհաննես առաքյալը եղել է Երուսաղեմի Եկեղեցու երեք սյուներից մեկը: Հետագայում նրա գործունեության վայրը դարձավ Եփեսոս քաղաքը, որտեղից էլ նա ղեկավարում էր իր հիմնած փոքրասիական 7 Եկեղեցիները:
Տիրոջ կամքով՝ Հովհաննեսը մյուս առաքյալներից ավելի երկար ապրեց և խաղաղությամբ ննջեց մոտ 95 տարեկանում՝ 100 թ.: Երբ նա արդեն շատ ծեր էր, քարոզելիս շարունակ կրկնում էր. «Զավակնե՛րս, սիրեցե՛ք միմյանց»: Երբ նրան հարցնում էին, թե ինչու է այդքան հաճախ ասում այդ բառերը, պատասխանում էր. «Դա Տիրոջ պատվիրանն է: Եթե սեր ունեք, որևէ այլ բանի կարիք չեք ունենա»: Նա գրել է իր Ավետարանը, 3 ընդհանրական թղթերը և Հայտնությունը: Նրա խորհրդանիշն է արծիվը:
Սիրելիներ այսօր ձեր նյութը բավական ծավալուն եղավ, բայց շատ կարևոր է, որ դուք իմանաք այս պատմությունները:
Մնացեք սիրով՝ Աստվածաշնչի հետ սերտ կապված, և Քրիստոսի սիրո մեջ՝ առաքյալների նախանձախնդրությամբ:
Այսօրվա հարցն այսպիսին է. Աստվածաշունչը քեզ համար բացարձակ հեղինակությո՞ւն է քո գործերում.
Աղօթենք միասին
Լցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով ու զղջմամբ, արտասուքներով ու հառաչանքներով, սիրով և սրբությամբ,
շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ ու բոլոր առաքինություններով:
Ջնջի՛ր մեղքերիս բազմությունը, Տե՛ր, և թոթափի՛ր հանցանքներիս դառը մրուրը, պարարի՛ր սիրտս
Սուրբ Հոգուդ արբեցմամբ և իմ փշաբեր մարմինը լցրո՛ւ շնորհներով, աճեցրո՛ւ և պտղաբե՛ր դարձրու:
Ցո՛ւյց տուր Քո ծառային, Տե՛ր, Քո շնորհները` գութն ու ողորմությունը, ինձ տաճա՛ր դարձրու, որ`
բնակարան լինեմ Ամենասուրբ Հոգուդ, և մի՛ թող, այլևս, որ ծառայեմ մեղքին ու ապականությանը: