ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 13.24-37
Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ: 25 Եւ աստղերը երկնքից վար պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն: 26 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 27 Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից՝ երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը: 28 Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29 նոյնպէս եւ՝ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է՝ դռների առջեւ: 30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 31 Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: 32 Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33 Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը. 34 ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը եւ դռնապանին կպատուիրի, որ արթուն լինի: 35 Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: 36 Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: 37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, Աստծու բարի լույսը թող ամեն առավոտ զվարճացնի մեր սրտերը և մեր մտքերը լիցքավորենք Աստծո իմանալի լույսով, քանի որ Ավետարանն ասում է, այդ օրերին արեգակը պիտի խավարի և լուսինն իր լույսը չպիտի տա: Մարկոս Ավետարանիչը նախորդ համարներում մանրամասն նկրագրեց, թե ինչ պատահելու մեծ նեղության ժամանակ: Ինչպես են տանիքներից իջնելու և փախչելու, թե ինչ մեծ դժվարություն է լինելու հղիների և կերակրող մայրերի համար: Հատկապես եթե հանկարծ ձմեռ ժամանակ պատահի այդ բոլորը: Երբեմն- երբեմն երբ լուրերը հայտնում են, որ այսինչ օրը լինելու է արևի խավարում, և բոլորս միայն հետաքրքրությունից դրդված հետևում ենք, որ նկատենք այդ երևույթը, ինչը անբնական է բոլորիս աչքին: Պատկերացրեք, որ օրերից մի օր առավոտյան արթնանում ենք, և լույսը չի բացվում ուղղակի, այսինքն արեգակը իր լույսը չի տալիս, որովհետև խավարել է: Անշուշտ մեծ տագնապի ու խուճապի առիթ է նույնիսկ նրանց համար, որոնք կարդացել են Ավետարանում այս մասին: Իսկ թե ի՞նչ խուճապ կլինի նրանց համար, որոնք չգիտեն, որ այս երևույթը պիտի լինի, որպեսզի դրանից հետո կատարվելիք բաները կատարվի: Այսինքն այդ ժամանակ է, որ պիտի տեսնեն Մարդու Որդուն ամպերի վրայով եկած՝ Իր զորությամբ և փառքով: Գուցե դա չլինի մեր ապրած ժամանակներում, բայց երբ էլ որ լինի, այդ ժամանակաշրջանի մարդկությունը պիտի տեսնի: Աստված կամենա, որ նրանք մեզ պես գաղջ կյանքով ապրելիս չլինեն:
Գուցե արեգակն ու լուսինը խորհրդանշական է գրված, բայց մենք գիտենք, որ մեր Տէր Հիսւոս Քրիստոս հոգևոր լույսի մասին է խոսում, որ չի լինի, հոգևոր արթնության մասին է զգուշացնում, որ կսպառվի ու կանհետանա մարդկանց մեջ:
Մի ուրիշ կարևոր լուր էլ է տալիս Հիսուս Քրիստոս՝ այդ ժամանակվա վերաբերյալ: Իր հրեշտակների պիտի ուղարկի և երկրի երեսից պիտի հավաքեն ընտրյալներին: Հստակ է, որ երկրի չորս ծագերում միայն ընտրյալները չեն, որ ապրում են, քանի որ ասում է հավաքելու է Իր ընտրյալներին: Այդ ժամանակ միայն հայտնի կլինի, թե ովքեր են ընտրյալները՝ Տիրոջ առջև:
Միայն այդ ժամանակ հասկանալի կլինի Հիսուս Քրիստոսի այն խոսքը, որ ասում է,- եթե տանը երկու հոգի են, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի: Եթե երկու կին երկանքի վրա աղում են, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:
Ամեն ինչ հստակ բացատրում է Տէր Հիսուս և վերջում էլ ասում է, որ, ոչ ոք չգիտի, թե այս բոլորը ե՞րբ է տեղի ունենալու: Նույնիսկ Որդին չգիտի, այլ միայն Հայրը: Մենք՝ ժամանակակից քրիստոնյաներս, որ ամեն ինչ ուզում ենք ժամանակից շուտ իմանալ, հայտնաբերել և տեղեկանալ, կարո՞ղ ենք արդյոք աղոթքով դիմել Երկնավոր Հորը՝ իմանալու համար, թե դա ինչպե՞ս կպատահի, կամ ե՞րբ կպատահի: Այո, իհարկե կարող ենք խնդրել: Բայց Երկնավոր Հոր պատասխանը արդեն գրված է Ավետարանում, թե՝ Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը, Դրա՛ն լսեցեք: Իսկ մենք լսե՞լ ենք Նրան: Իհարկե Ո՛չ: Որդին ասում է,- սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ ցիրեցի: Սիրո՞ւմ ենք միմյանց: Իհարկե ոչ:
Չսիրելուց բացի, ուժգին ատում ենք:
Ավետարանները աշխարհի վախճանի մասին մեզ բոլոր տեղեկությունները տվել են, այլևս նոր բան չկա, որ Աստված պետք է անի մեզ համար: Ամեն ինչ կատարյալ է ստեղծել մեզ համար, կատարյալ պատվիրաններ ու օրենքներ է տվել ապրելու համար, Հստակ զգուշացրել է, թե՝ չպահելու դեպքում ինչ կունենանք, իսկ պահելու դեպքում խոստումը ինչ է: Նույնիսկ մեզ զգուշացված է, որ մեր գործերը Տիրոջ աչքի առջև են, բայց դեռ ժամանակ ունենք դրանք շտկելու համար: Մի պահ մտովի թերթենք Հայտնության գիրքը և հիշենք յոթ եկեղեցիներին ուղղված նամակները: Յոթ նամակներում էլ ասում է Տէրը եկեղեցիներին, - Գիտեմ քո գործերը… Ուրեմն ումի՞ց ենք թաքնվում մենք.
Մի՞թե այսքան պարզ բացատրություններից հետո էլի կա մի բան, որ մենք չենք հասկանում:
Երբ լսում ենք, որ մի երկիր պատերազմում է մյուսի դեմ, անմիջապես պատվեր ենք տալիս Աստծուն, որ դադարեցնի պատերազմները, որպեսզի մարդիկ չզոհվեն: Այո, ամեն զոհի կորուստ անդառնալի ցավ է Ինչո՞ւ այդ պահին չենք մտածում, որ Աստծո Միածին Որդին է զոհվել համայն մարդկության համար; Իսկ մարդկությունը այդ մասին լավագույն դեպքում հիշում է Հարության տոնին: Հետևաբար, սիրելիներ աշխարհի բոլոր հարցերը մեր մեջ է, մեր պատճառով է, և մեր ձեռքով է կատարվում ամեն անօրենություն: Նայեք աշխարհին և տեսեք, մի՞թե խավար չի տիրում աշխարհում, առանց արեգակի խավարման: Մի՞թե մարդիկ չարի գործակիցներ չեն նաև այսօր:
Այնուհետև Հիսուս Քրիստոս բերում է մեկ այլ օրինակ մեր սիրելի թզենու ծառից, որը ծառերի մեջ ամենաշուտն է զգում գալիք ջերմությունը և նրա ոստերը կակղում են, ու զգալով ջերմության ապահովությունը արդեն դուրս են գալիս տերևները: Հասկանում ենք, որ ամառը մոտ է: Տէր Հիսուս մարդկանց համեմատում է թզենու հետ: Առաջին դեպքում պտուղ էր ակնկալում թզենուց, քանի որ թզենին պտղի համար է: Իսկ այս դեպքում՝ համեմատական է տանում թզենու զգայունության և նախապատրաստման հետ: Ուզում է, որ մենք էլ հոգևոր արթնություն ունենանք, զգայուն լինենք և երբ որ այս բաները տեսնենք, իմանանք , որ Տիրոջ Գալուստը մոտ է: Ոչ թե խուճապահար լինենք, ինչպես որ անում ենք, այլ վերլուծենք իրադարձությունները միայն Աստվածաշնչի լույսի ներքո, ոչ թե մարդկային աստղագուշակություններով և կեղծ մարգարեություններով, կամ որ ավելի հատկանշական է՝ ինքնախաբեությամբ: Քանի որ թզենու հետ համեմատելուց հետո ասում է,- «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»: Բոլոր ժամանակներում էլ եղել են մարդիկ, որոնք անվերապահ հավատացել են Հիսուս Քրիստոսին, դրանք Աստծո ընտրյալներն են, որոնց պիտի հավաքի Իր Երկրորդ Գալուստին: Այս ընտրյալ սերնդի մասին է խոսքը, որը բոլոր ժամանակներում պահել է Աստծու խոսքը: Քանի որ ասում է, երկինք ու երկիր կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի, որովհետև մենք տեսել ենք, թե որքան մարդ է նահատակվել Քրիստոսի խոսքի պահպանման համար, բայց փոխանցել է սերնդից սերունդ, և դեռ որքան էլ պիտի նահատակվի, քանի որ գրված է, ձեզ կսպանեն Իմ պատճառով:
Երբ աշակերտները առանձին Հիսուսին հարցրին, թե,- Ասա մեզ, ե՞րբ կլինի այդ, կամ ի՞նչ կլինի նշանը, երբ կատարվեն այս բոլորը, Տէր Հիսուս նրանց հորդորեց զգույշ լինել, քննել իրենց անձերը, հարատև աղոթքի մեջ լինել: Հատկապես աշակերտներին և առավելապես մեզ՝ լսողներիս պատվիրում է հոգևոր արթնություն: Պատվիրում է, չհիմնվել նշանների վրա, այլ զբաղվել յուրաքանչյուրն իր գործով, ուր որ կանչված է: Եթե ամենքդ ձեր գործն անեք արդարությամբ և սիրով, ձեզ նույնիսկ հետաքրքիր էլ չի լինի, թե երբ է գալու աշխարհի վախճանը, քանի որ դուք միշտ արթուն եք, միշտ աղոթող եք, ձեր նմանի հկատմամբ գութ ունեք, և Տիրոջ Գալուստը ձեզ միայն ուրախություն կպատճառի: Իսկ նրանք, որոնք ագահությունից ու փառքից մղված պատերազմներ են մղում, ազգեր են կոտորում, տներ ու եկեղեցիներ են ավերում, նրանց համար ամեն օր աշխարհի վախճան է, քանի որ Տիրոջը չեն ճանաչում և պիտի կորստյան մատնվեն, եթե ճապաշխարեն ու դարձի չգան, ինչպես Տէրն է ասում:
Քրիստոնյան պետք է պատրաստ լինի ինչպես երեկոյան, այնպես էլ կեսգիշերին, աքլորականչին ու առավոտյան:
Մեզ, նույնպես սիրելիներ, թող չհետաքրքրի ժամերն ու ժամանակները, քանի որ յուրաքանչյուրիս կյանքի տևողությունը հենց այդ ժամանակն է, որում պետք է պատրաստենք մեր անձերը՝ Տիրոջ առջև հնարավորինս պարզերես կանգնելու:
Համայն մարդկությունը առավելագուն փափագ ունի իմանալու աշխարհի վախճանի մասին, բայց նվազագույն ցանկություն չունի իմանալու իր պարտականությունների կատարման մասին: Ահա, այսքանն էր, որ կամեցա փոխանցել ձեզ, սիրելի հայրենակիցներ: Մնացեք ինչպես միշտ՝ սիրով, ինչպես միշտ՝ ձեր պարտականության մեջ արթուն, և աղոթքի մեջ նախանձախնդիր:
Այսօրվա հարցը ձեզ՝ այսպիսին է: Դո՞ւ էլ ես հետաքրքրված ժամերով, ժամանակներով, ու նշաններով:
Աղօթենք միասին
Տե՛ր, ընդունի՛ր, ունայնախոս աղոթքներս, որ դատապարտված կանգնած եմ Քո առջև՝զգաստությունից ծուլացած, մտքի լույսից
խոտորված ու երկյուղից ունայնացած: Բերանս անկապ բաներ է բարբաջում, աչքս նայում է ապշահար, և միտքս` թափառում:
Չեմ աղոթում անզբոս մտքով ու չեմ խնդրում ողջ սրտով, չեմ կանչում Քեզ հավատով ու չեմ գոչում երկյուղով, արցունքներով չեմ
հայցում և չեմ դողում ու սարսում պատասխանատվության օրվա համար:
Եվ այժմ, Տե՛ր, մի՛ հանդուրժիր ծուլությունս, այլ անհապաղ նետի՛ր ապաշխարության մաքրագործող հրի մեջ` սրբելով ու
զատելով մեղքերից: Տո՛ւր ինձ աղոթքի մեծ ջերմեռանդություն ու հորդաբուխ արտասուք և իմ մեջ պատկերի՛ր նախկին լուսավոր կերպարանքը:
Տե՛ր, ողորմի՛ր, բազմամեղիս, ապաշխարության դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ արքունական փառքի մեջ:
Առաջնորդի՛ր Քեզ մոտ գալ վերնային ճանապարհով, որովհետև եթե Դու չառաջնորդես, ես գալ չեմ կարող,
քանզի Դու իսկ ասացիր. «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չձգի նրան»:Ամեն.