ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 10.1-7
Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ մեր եթերաժամի բոլոր ներկաներին և մաղթում եմ ձեզ ամենայն ուշադրություն՝ ողջ եթերի ընթացքում: Քանի որ չարը առավել ուշադիր է իր գործի մեջ և Աստծո խոսքը լսողների միտքը կենտրոնացնում է մի հաճելի թեմայի վրա, որպեսզի ձախողի լսողի համար օգտակար թեմայի վերլուծությունը: Այս երևույթ ավել շատ կրկնվում է աղոթքի պահին, երբ քրիստոնյան փորձում է կենտրոնանալ իր աղոթքի վրա: Սիրելիներ, քանի որ այսօվա Ավետարանի ընթերցվածքը կրկնվում է, և մենք խոսել ենք աշակերտների ընտրության և առաքելության մասին, որոշեցի ձեզ խոսեմ քրիստոնյայի կյանքի վերաբերող հարցերի մասին:
Քրիստոնյայի համար շատ կարևոր զենք են կարճ, սակայն անընդմեջ կրկնվող աղոթքները: Հատկապես այդպիսի աղոթքը գործուն է չարի հարձակումների ժամանակ: Օրինակ՝ երբ առանձնության մեջ աղոթում ես, և հանկարծ ինչ որ ձայներ են լսվում այն կողմից, որտեղ ոչ ոք չկա, և վախ է առաջանում մոտդ,(իհարկե այդ վախը կարող է առաջանալ նաև ձայների բացակայության դեպքում ևս) այդժամ պետք է դադարեցնես սովորական աղոթքդ, և կրկնես Տիրոջ անվամբ աղոթքը՝ “ Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր մեղավորիս”, այս աղոթքն ասելով ջանա թույլ չտալ, որպեսզի վախն ամբողջովին մտնի մեջդ: Այդ ժամանակ Աստծու ողորմությամբ թշնամին կչքվի և վախն ու դողը կանցնեն: Կարող ես նորից շարունակել աղոթքդ, ինչ որ աղոթում էիր:
Հայրերը խորհուրդ են տալիս, որ սաղմոսներից ընտրենք մեզ համար սիրելի տողեր և այսպիսի իրավիճակներում աղոթքով հարվածել թշնամուն; Այստեղ մի վտանգ կա, որի մասին ուզում եմ զգուշացնել: Շատ է պատահում, երբ արդեն աղոթքի մեջ հմտանում են, չարին հաղթելու առումով և մարդկանց մեջ հպարտություն է առաջանում իր անձի նկատմամբ: Այս վտանգից խուսափելու համար, գործածենք սաղմոսի այս տողերը. (Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին։ Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ։ Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր։ Հանապազ Աստուծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անուանը): Այս կարճ աղոթքները հարկ է անգիր իմանալ և վարժեցնել անձըդ դրանք անընդմեջ ասելու՝ հնարավորինս ուշադրությունը սևեռելով բառերի վրա: Երբ վարժ լինես, էլ երկար չես մտածի, թե ինչպես վարվես, այլ միանգամից այդ աղոթքը որպես պատրաստի զենք կսկսի գործել: Այս կարճ աղոթքները առավել կարևոր են ու օգտակար, օրինակ՝ երբ վիրավորում են, կամ նախատում, կարող ես լռել և մտքումդ Հիսուսի անվան աղոթքներն անել: Կարելի է օգտագործել նաև երբ դիվական զորությամբ բռնված մեկի կողմից ինչ որ չար ներգործություն ես զգում:
Իսկ երբ չարը չի կարողանում աղոթողին վախեցնել, կամ գցել զգայական և երևակայական պատրանքների մեջ, այդ ժամանակ սկսում է պատերազմել այլ կերպերով, որոնցից մեկը ձանձրույթն է: Երբ ձանձրույթի ոգին աղոթքի պահին գլուխ է բարձրացնում, իսկ աղոթական կարգը նոր է սկսվել, սա ստիպում է, որ արագ- արագ աղոթես վերջացնես, որպեսզի աղոթքդ անպտուղ լինի:
Այս երևույթ շատ հաճախ պատահում է Պատարագի ժամանակ: Եթե լսես սրան, ապա շատ ծանր ու տհաճ կերպով կանցկացնես աղոթքդ: Միայն այն միտքը, որ դեռ բավական երկար ժամանակ կա մինչև Պատարագի ավարտը, մեծ տրտմության պատճառ է դառնում, և միայն մի կերպ հասնում ես վերջին, արդեն ջախջախված ու վհատված, որևէ լավ բանի չարժանացած: Այսպիսի դեպքերում ոչ թե պետք շտապել, այլ հակառակը՝ ավելի ուշադրություն դարձնել աղոթքի բառերի վրա: Եթե պետք լինի, մի քանի անգամ կրկնիր աղոթքի բառերը, սա վճռականություն է պահանջում և ինքնանպատակ արվող մի քայլ չէ: Այդ ժամանակ կամաց- կամաց մեջդ սկսում է հոգևոր ջերմություն առաջանալ աղոթքի նկատմամբ և չես ցանկանում որ աղոթքը շուտ ավարտվի:
Լավ բաները միշտ էլ դժվարություն են պահանջում ձեռք բերելու ժամանակ: Ինչպես որ Ավետարանն է ասում,- փնտրեք ու պիտի գտնեք: Իսկ եթե ամեն հասարակ պատճառից հրաժարվենք աղոթքից, կամ ձանձրնանք աղոթել, ապա կթուլանանք և կդառնանք խոցելի, ինչը որ չարի միակ նպատակն է: Այս երևույթը շատեր հետ է պատահում, հատկապես եկեղեցում՝ աղոթքի կանգնելիս: Ուղղակի մենք սովոր չենք հաշվի առնել աներևույթ ուժերը, մենք վախենում ենք միայն տեսանելի չարերից; Տարբերությամբ, որ տեսանելի չարից ուղղակի կարող ես հեռու մնալ, իսկ անտեսանելի չարը անպայման ուզում է հասնել իր նպատակին՝ այն է՝ մեղքը գործել տալ, հետո ցույց տալ որ դա մեղք էր, իսկ զղջալու ցանկությունը ամբողջովին վերցնում է, մարդուն թողնելով մոլորված վիճակում:
Եվս մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը գրավել, սիրելի հավատացյալներ: Հարկ է իմանալ, որ երբ քրիստոնյան ցանկանում է առաջադիմել հոգևոր կյանքում, նրա վրա սաստկանում է պատերազմը, և չարի բանակն ամեն բան անում է, որպեսզի քրիստոնյային հետ պահեն այդ բարի մտադրությունից, և նա մնա իր նախկին գաղջության մեջ: Հնարավոր է այդ պայքարի ընթացքում քրիստոնյան ընկնի ինչ որ մեղքի մեջ և, դրանից օգտվելով՝ հուսահատության ոգին հարձակվի նրա վրա, այդ դեպքում պետք է ամուր մնալ, և ուղղակի զղջալով արածի համար՝ մեղա գալ Տիրոջ առջև՝ ասելով,- ՙՙՈղորմիր ինձ Աստված՚՚ սաղմոսը: պատահում է որ հոգեշահ գրքեր ընթերցելու ժամանակ չարի ներգործությամբ տվյալ միտքը սխալ է հասկացվում և ընթերցողն ընկնում է հուսահատության մեջ, մտածելով, թե իր համար այլևս փրկություն չկա: Իհարկե պետք չէ հուսալքվել, այլ նորից կարդալ և ավելի լավ է խորհրդակցել մի բանիմաց հոգևոր անձի հետ:
Եղել են դեպքեր, երբ գործած մեղքն այնքան ծանր է եղել, որ հուսահատությունց դրդված՝ մեկը հեռացել է վանքից, մյուսն ընդհանրապես ուրացել է քրիստոնեությունը, մեկ ուրիշը ինքնասպանություն է գործել և այլն: Նման մեղանչումների ժամանակ, ինչպես արդեն ասացի, առաջնահերթ պետք է պայքարել հուսահատության չարանենգ ոգու դեմ, և հուսալով Տիրոջ ողորմությանը, ջանալ հասնել զղջման: Աչքի առաջ ունենալով Հուդայի գործած ամենածանր մեղքը և հուսահատության օրինակը:
Հարկ է պայքարել մինչև վախճան, իսկ վիրավորվելիս մտածել ապաքինության մասին, քանզի այստեղ, այս կյանքում, պատերազմը վերջ չունի: Հայր Եսային իր մասին ասում է.- Ես նման եմ մի թռչնակի, որին բռնել է մի տղա և ոտքին թել կապել: Երբ տղան թուլացնում է թելը, թռչունը կարծելով, որ ազատվել է, իսկույն թռչում է, սակայն տղան ձգում է թելը, և թռչնակը ընկնում է գետին: Այսպիսին եմ ես համարում ինձ: Ես այս ասում եմ, որպեսզի ցույց տամ, որ ոչ ոք իր փրկության համար մինչև իր վերջին շունչը չպիտի ցուցաբերի անհոգություն և հեղգությում:
Մենք պարտավոր են ամեն վիշտ ու նեղություն Տիրոջ ձեռքից գոհությամբ ընդունելու մեջ առաջանալ: Ճիշտ է, լինում են իրավիճակներէ ծանր հիվանդություն, գործերի անհաջողություն, և այլ տարբեր վշտեր, որոնց ժամանակ տրտնջալով և դժգոհելով՝ միայն մի բան ենք փնտրում՝ շուտափույթ ազատվել այդ վիճակներից: Սակայն միևնույն է, նման վարվելակերպով մենք չենք կարճում այդ փորձություններից ազատվելու ժամկետը: Այնպես որ, լավ է, որ մեզ ստիպենք այդ վիճակներում՝ թեկուզև դժվարությամբ, հաճախակի կրկնելով Հովհան Ոսկեբերանի խոսքն առ Աստված: Այս մեծ Հայրապետը մեծագույն տառապանքների ժամանակ, աքսորավայրում ասում էր,- Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, ամեն ինչի համար, Տէր, փառք Քեզ: Այս խոսքերն ասելով թե կփառավորենք Սատծուն, թե ամոթահար կանենք թշնամուն, և թե առավել հեշտությամբ կազատվենք փորձություններից:
Սրանք են սիրելիներ, քրիստոնյայի կյանքի ճանապարհի հանդիպող փորձություններից մի քանիսը, որոնց մասին կամեցա խոսել ձեզ համար: Փորձությունները անխուսափելի են, սակայան մենք ունենք դրանց դեմ պայքարի լավագույն միջողներ. Որոնցից մեկը ուշադիր աղոթքն է: Առհասարակ հոգևոր կյանքի մեջ ուշադրությունը կարևոր գործոն է, ինչը և մաղթեցի ձեզ եթերի հենց սկզբին:
Մնացեք սիրով և ամենայն ուշադրությամբ ձեր հոգևոր կյանքի նկատմամբ;
Այսօրվա հարցը հետևյալն է. Դու գիտե՞ս գաղտնիքը՝ չարի դեմ պայքարելու.
Աղօթենք միասին
Վա՜յ ինձ, Տե՛ր, քանզի տարակուսանքի ծփանքն է ինձ պատում և ալեկոծում սիրտս:
Չգիտեմ, թե ինչ աղոթեմ: Սաղմոսում եմ ու չեմ հասկանում, շուրթերս են լոկ բարբառում,
իսկ միտքս ճողոպրելով այս ու այն կողմ է հածում. չի ենթարկվում իմ կամքին ու, չի հանդարտվում,
աներևույթ շրջում է և անորսալի մնում. չարչարվում եմ ու չեմ օգտվում. պղնձի ու ծնծղայի
ձայնի պես թափուր և ունայն եմ համարվում և անպտուղ լինում բոլոր բարիքներից:
Տե՛ր, ընդունի՛ր, մոլորվածիս, որ լեռներն եմ փախել՝ հանցանքի պատճառով տիրոջից հալածված չար
ծառայի պես: Եվ հրաժարված եմ սուրբ եղբայրներից, հեռացած` սուրբ ծառայությունից, քանզի մեղքն էի
սիրում և նախատինք էի կրոնավորների համար: Անհագորեն զրկում էի ու խախտում պատվիրանները,
անգութ էի աղքատների և հակառակվող` սպասավորների հանդեպ, անողորմ էի հիվանդների և անմխիթար`
նեղվածների նկատմամբ, անգամ արժանի չէի ճգնավորների մեջ լինելու: Եփրեմ Ասորի