ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 13.14-23
Եւ երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15 եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16 եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու: 17 Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին: 18 Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: 19 Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի: 20 Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճացնէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, որոնց ընտրեց, կարճացրեց այդ օրերը: 21 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ “Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”, չհաւատա՛ք. 22 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի՝ նոյնիսկ ընտրեալներին: 23 Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ: Ողջունում եմ ձեզ ամեն օրվա պես և մաղթում եմ խաղաղ օր՝ Տիրոջ կամքի համաձայն: Մարկոսի Ավետարանի տասներեքերրորդ գլուխը ամբողջությամբ պատմում է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմում գտնված օրերի իրադարձությունների մասին: Առաջին համարներում արձանագրված են Տաճարում կատարված դեպքերը, այնուհետև նկարագրում է, թե ինչպիսի հիացմունքով աշակերտները մատնացույց են անում տաճարի գեղեցկությունը, որը իրենց համար շատ շքեղ կառույց էր այդ օրերի համար, քանի որ գալիլիացիները ապրում էին ցածրահարկ տներում, իսկ տաճարը մի հսկա կառույց էր: Պատմիչների վկայությամբ այդ հսկա տաճարի վրա գործածվել են քարեր, որոնք կշռել են մոտ վեց հարյուր տոննա:
Իսկ Հիսուս Քրիստոս ասում է, որ այդ գեղեցիկ շինության քարը քարի վրա պիտի չթողնվի, որ չքանդվի:
Սիրելիներ, մենք արդեն սովորել ենք Տէր Հիսուս Քրիստոսի պատասխանները լսել, որոնք այդ պահին կարծես թե չեն առնչվում հարցի հետ, բայց վերլուծություններից հետո հասկանալի է դառնում Նրա հեռահար ակնարկները տվյալ երևույթի մասին:
Աշակերտներն էլ մեզ պես անմիջապես ուզում են իմանալ, թե ե՞րբ է քանդվելու տաճարը, կամ ի՞նչ նշաններ կլինեն դրանից առաջ: Նրանց այս հարցին էլ Հիսուս այսպես է պատասխանում.- զգույշ եղեք, որ ձեզ ոչ ոք չխաբի, քանի որ շատերն են գալու իմ անունով և փորձելու են մոլորեցնել: Կրոնների պատմությունն ուսումնասիրելիս համոզվում ենք, որ բոլոր խոշոր կրոններում էլ եղել են հարանվանություններ, որոնք բաժանվել են բուն կրոնից և առանձի խմբավորումներ են կազմել: Այսդպիսի երևույթ նկատվել է նաև հուդայականության մեջ՝ նրանից հետո, և մինչև մեր օրերը: Սրանք պատճառ են Աստվածաշունչը սխալ հասկանալու և սխալ մեկնաբանելու: Օրվա կրոնական առաջնորդների՝ Քրիստոսին չընդունելու պատճառներից մեկն էլ սա էր, որովհետև այնքան շատ էին սուտ մարգարեները, որ նրանք կարծեցին, թե Հիսուսն էլ այդպիսի մի կեղծ մարգարե է:
Մարդիկ կարդում են Աստվածաշունչը, կարծելով, թե հասկացել են և սկսում են մեկնաբանել իրենց տրամաբանությամբ և իրենց իշխանւոթյամբ, անտեսելով իրենցից առաջ գրվածքներն ու հայրերի մեկնությունները: Այսօր էլ կան հարանվանություններ, որոնք Առաքելական եկեղեցուն մեղադրում են ավանդությունները պահելու, հայրաբանությանը պահպանողաբար հետևելու համար: Մինչդեռ Աստվածաշունչը պետք է բացատրել Իր Հեղինակի բացարձակ իշխանությամբ և Նրա տրված շնորհով: Աշակերտներին Տէր Հիսուս զգուշացնում էր հետագա և գալիք փորձություններից խուսափելու համար, քանի որ տեսնում էր նրանց հետաքրքրությունը սպասվող իրադարձությունների նկատմամբ և նշանների սպասելիքներով էին կամենում որոշել, թե ե՞րբ է պատահելու տաճարի քանդվելը: Դրա համար է Տէր Հիսուս ասում է, որգույշ եղեք, որ ձեզ չխաբեն, որովհետև սուտ մարգարեները իրենց անունն ու համբավը տարածելու համար պատրաստ են ամեն սուտ ասել և ձեզ ծուղակը գցել: Իսկ դուք քանի որ դեռ տկար եք ձեր հավատքի մեջ, կարող եք լսել նրանց և հետևել: Մեկը կգա կասի ես քրիստոսն եմ, և դուք կհավատաք նրան, ու կհետևեք: Դուք պետք է հետևեք ո՛չ թե սուտ լուրերին, նշաններին, սովին ու պատերազմներին, այլ ձե՛զ հետևեք, քանի որ դուք եք քարոզելու Ավատարանը, դուք պետք է անվերջ արթուն լինեք, քարոզելու համար: Որովհետև ձեզ հալածելու են Ավետարանի քարոզության համար, դատարաններ են քարշ տալու: Դուք պետք է հոգեպես հզոր լինեք: Ձեր համար վախճանը ավելի արագ կլինի քան մյուսներինը: Ձեր վկայության ժամանակ է, որ Սուրբ Հոգին գործելու է ձեր միջոցով և ձեր միջով: Ինչ որ կասվի ձեզ, այն կխոսեք: Դուք ատելի կլինեք բոլորից՝ Իմ պատճառով, որովհետև ընտանիքներում բաժանումներ կլինեն Իմ անվան համար:
Եղբայրը եղբորը կսպանի իմ անվան համար: Քրիստոսին հետևողին ավելի շատ են ատելու, քան եթե մի հրեա իսլամ ընդունի:
Ամեն ինչ կախված է նրանց թե ինչպես եք պատրաստված դուք ներքնապես: Բոլոր նախազգուշացումները, որ Հիսւոս Քրիստոս անում է աշակերտների համար, այն բանի համար են, որպեսզի երբ նեղությունները վրա հասնեն, աշակերտները ամուր լինեն հոգերպես և կարողանան ուղղորդել չիմացող մարդկանց: Իսկ եթե աշակերտները նշաններով տարվեն ու մոլորվեն, ապա ի՞նչ կլինի պարզ և հասարակ մարդկանց վիճակը:
Տէր Հիսուսի արտաբերած ամեն խոսք և համեմատություն ավելի հասկանալի էր իր ժամանակի հրեայի համար, քան հետագայում Սուրբ Գիրքը կարդացող մեկ այլ ազգի, որովհետև երբ ծանոթանում ենք հրեական ավանդություններին, Աստվածաշունչը ավելի պարզ ու հասկանալի է դառնում իր փոխաբերական իմաստներով, համեմատություններով և այլն:
Մեր Տէրն ասում է,- երբ տեսնեք սարսափելի պղծությունը այնտեղ, որտեղ չպետք է լիներ, փախեք լեռները: Մեկնաբանները ասում են, որ Տէր Հիսուս Սրբություն Սրբոցը նկատի ունես այս ասելով: Կամ ասում է, ով տանիքի վրա է, թող տուն չմտնի այնտեղից բան վերցնելու համար: Եթե մենք չիմանանք հրեական տների կառուցվածքը, կմտածենք, որ վտանգի պահին մարդը պետք է մնա տանիքի վրա և այնտեղ մեռնի ու չիջնի: Բայց Տէր Հիսուս Քրիստոս մեկ կորած ոչխարի համար թողնում էր 99 ին, ինչպե՞ս կարող է մարդու համար այպիսի վատ պայմաններ ստեղծել: Հրեական տների տանիքները հարթ են եղել և օգտագործվել են ամենատարբեր կարիքների համար: Այնտեղ ցորեն են փռել չորացնելու համար, լվացք են փռել, լավ եղանակի դեպքում օգտագործել են որպես ամառային խոհանոց: Այս պատճառով Տէր Հիսուսն էլ գիտեր, որ տանիքների վրա շատ մարդ կարող է լինել այն չսպասված պահին: Դեպի տանիք բարձրացող երկու աստիճան է եղել, մեկը դրսից, իսկ մյուսը տան միջից դեպի տանիք: Երբ ասում է տանիքից մի իջիր տուն՝ այնտեղից մի բան վերցնելու, նկատի ունի, որ դրսի աստիճանից իջիր ներքև ու փախիր դեպի լեռները: Նույն բանը պատվիրում է արտի մեջ գտնվողներին, որ տուն չվերադառնան՝ որևէ բան վերցնելու: Մեր օրերում էլ երբ արտակարգ իրավիճակ է լինում, մարդկանց տարհանում ենք իրենց բնակավայրերից, որպեսզի չվնասվեն:
Բայց այս ամենի մեջ մի ուշագրավ բան կա, որ Տէր Հիսուս ասում է.- Աղոթեցեք, որ ձմեռ ժամանակ չլինի դա:
Քանի որ ձմռանը ճանապարհները շատ վատ է ամեն տեղ: Այստեղ առավել աղոթքի զորության և անհրաժեշտության մասին է խոսում: Ճշմարիտ աղոթքով կարելի է նույնիսկ Աստծու որոշումը փոխել, տարվա եղանակը փոխել: Իսկ մենք աղոթքի նկատմամբ այս աստիճան ակնածանք չունենք: Երբ մեզ վրա մի պատուհաս է գալիս, մենք միաբանվում ենք և սկսում ենք Աստծուն հանձնարարություններ տալ իրավիճակի փոփոխության վերաբերյալ, մոռանալով մեր ներքին չար մարդուն, մեր արտաքին կեղծ դրսևորումները, ամբողջովին մոռանում ենք, որ ատելությունը բույն է դրել ամեն քրիստոնյայի սրտում: Տիրոջ զգուշացումը այսպիսի աղոթքի մասին չէ: Նա աշակերտներին ասում է հետևեք ձեզ ու ձեր ներքին մարդուն փոխեք, որպեսզի կարողանանք ընդունել ձեզ ասված Տերունական խոսքերը:
Մեզնից շատ շատերը նույնիսկ Աստվածաշունչ չեն կարդում: Նրանք չգիտեն, որ այսպիսի տողեր կա գրված աղոթքի մասին, կամ գալիք մեծ նեղությունների մասին, որոնց նմանը չի եղել և չի էլ լինելու: Այդ մարդիկ ինչպե՞ս են տեղեկանալու պատուհասի պահին: Իսկ Քրիստոնյային պատիվ չի բերում, Աստվածաշունչ չկարդալը, բացի դրանից մեծ վտանգ է անտեղյակությունը և առավել ևս մեծ խուճապի ու տագնապի առիթ: Գրված է, որ Տէրը այդ սարսափելի օրերը կրճատել է Իր ընտրյալների պատճառով, այլապես ոչ մի մարդ չէր ազատվի: Մեր անելիքը շատ է սիրելիներ,- մեր մնացած ժամանակը մեզ հայտնի չէ, իսկ ամեն ինչի մասին մեզ զգուշացված է շատ վաղուց: Այդ պատճառով է ասվում,- այսօր է փրկության օրը, վաղը ուշ կլինի:
Պողոս առաքյալը երբ տեսնում է Պետրոս առաքյալի մեղադրելի ընթացքը, ի սեր Քրիստոսի, ուղղում է նրան, ասելով,- «Եթէ դու, որ հրեայ ես, հեթանոսի նման ես ապրում եւ ոչ՝ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն»: Ուրեմն առավել ևս մենք՝ քրիստոնյաներս, որ Քրիստոսի անունն ենք կրում, չի կարելի, որ հեթանոսի պես ապրենք:
Երբեմն մեր աղոթքները անպատասխան են մնում, և մենք արդրադարձ չենք ունենում, թե ինչո՞ւ է այդպես;
Մնացեք սիրով՝ այսօ՛ր փնտրելով փրկության ճանապարհը, այսօ՛ր որոշում կայացնել հավիտենականության համար:
Այսօրվա հարցը այսպիսին է. Դու պատրա՞ստ ես մեծ նեղության օրերը դիմավորելու:
Աղօթենք միասին
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ: Խորտակի՛ր, Տե՛ր, սատանայի բռնությունը, հատի՛ր ու դե՛ն նետիր նրա զորությունը, արգելի՛ր նրա հարձակումն ինձ վրա, որպեսզի, մարմինս ընդունայն վարելով՝ չտանի ընդարձակ ճանապարհով, որը կորստյան ու ապականության է մատնում:
Իմ զբաղված ու մոռացկոտ մտքին հիշեցրո՛ւ, Տե՛ր, Քո ահավոր գալուստն ու անաչառ դատաստանը, արդարների պատիվն ու
փառքը և մեղավորների աններելի տանջանքները: Նրանցով զարհուրեցնելով՝ դողացրո՛ւ իմ մարմինը, որ աչքիս առջև մահը տեսնեմ շարունակ:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, սատանայի գաղտնաձիգ նետերից, որ, բազում մեքենայություններով պատելով՝ պաշարում է ինձ:
Հափշտակելով միտքս` գերեվարում է մեղքերի ցանկությամբ՝ թշնամիներիս կողմից ենթարկելով ինձ ծաղր ու ծանակի: